Արցախի շրջափակմամբ և Ադրբեջանի կողմից Գորիս-Ստեփանակերտ մայրուղու վրա անօրինական անցակետի տեղադրմամբ հայաստանյան և միջազգային լրատվամիջոցների հասանելիությունն Արցախ ի սպառ վերացել է

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի ուղերձը՝ մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ․

«Այսօր աշխարհը նշում է մամուլի ազատության համաշխարհային օրը, որն ընդգծում է մամուլի անկախ և պաշտպանված լինելու կարևորությունը:

Արցախի ժողովրդի իրավունքների համատարած խախտումներին զուգահեռ Ադրբեջանը ջանք չի խնայում Արցախը տեղեկատվական մեկուսացման մեջ պահելու ուղղությամբ։ Պետք է հստակ արձանագրենք, որ անգամ մինչև շրջափակումն օտարերկրյա ԶԼՄ ներկայացուցիչների մուտքն Արցախ խոչընդոտվում էր, շատ քչերին էր հաջողվում մուտք գործել Արցախ, տեղում իրավիճակին ծանոթանալու և լուսաբանելու համար։ Այսօր Արցախի շրջափակմամբ և Ադրբեջանի կողմից Գորիս-Ստեփանակերտ մայրուղու («Լաչինի միջանցք») վրա անօրինական անցակետի տեղադրմամբ հայաստանյան և միջազգային լրատվամիջոցների հասանելիությունն Արցախ ի սպառ վերացել է՝ լրջագույն խնդիրներ ստեղծելով օպերատիվ և օբյեկտիվ տեղեկատվություն հաղորդելու տեսանկյունից։

Մամուլի ազատության միջազգային օրն առիթ է երախտագիտություն հայտնելու բոլոր այն լրատվամիջոցներին և լրագրողներին, որոնք թե՛ պատերազմի օրերին, թե՛ դրանից հետո իրենց օբյեկտիվում են պահել Արցախի ժողովրդի խնդիրներն ու գոյաբանական սպառնալիքները՝ երբեմն վտանգելով նաև սեփական կյանքն ու առողջությունը։ 2020թ. Արցախում պատերազմը լուսաբանող 7 լրագրողներ վիրավորվել են, և սպանվել է լրագրողներին ուղեկցող մեկ անձ: Լրագրողները թիրախավորվել են ոչ թե ռազմական գործողությունների կիզակետում, այլ քաղաքացիական բնակավայրերում իրենց մասնագիտական պարտականություններն իրականացնելու ժամանակ:

Արժանին պետք է մատուցել նաև արցախյան լրատվադաշտի բոլոր ներկայացուցիչներին, որոնք սահմանափակ հնարավորությունների պայմաններում, իրականացնում են կարևորագույն աշխատանք Արցախում առկա իրավիճակն աշխարհին հասանելի դարձնելու ուղղությամբ։

Մամուլի ազատության համաշխարհային օրը, Արցախից մեր հիմնական ուղերձն ու կոչն ուղղված է միջազգային լրատվամիջոցներին՝ ջանքեր գործադրելու Արցախում առկա հումանիտար ծանր իրավիճակն ու Արցախն էթնիկ զտման ենթարկելու ադրբեջանական հանցավոր գործողություններն ու դրանց հետևանքները միջազգայն լսարանին հասցնելու համար»։

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում կրակոցներ առավոտյան չեն հնչել. տնօրենը մինչ պարապմունքները սկսելը պատուհաններին նկատել է կրակոցի հետքեր

«Մխիթար Սեբաստացի» կրթահալիրի տնօրինությունը պարզաբանում է տարածել, որում, մասնավորապես, նշված է.

«Պարզաբանում shamshyan.com-ում 03.05.2023թ. հրապարակված «Կրակոցներ Երևանում հայտնի «Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում» նյութի, դրա հիման վրա արված հրապարակումների առնչությամբ․

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում առավոտյան կրակոցներ չեն հնչել։

Կրթահամալիրի Միջին դպրոցի տնօրեն Լուսինե Բուշը ոստիկանություն դիմել է այն հարցով, որ առավոտյան, մինչև պարապմունքների սկսվելը, պատուհաններին նկատել է կրակոցի հետքեր՝ անցքեր։ Ոստիկանության Մալաթիայի բաժնում վարում են հետաքննություն։ Հետաքննության արդյունքները մեզ հայտնի չեն»։

Լեռնային մարզերում սպասվում է մինչև -5 աստիճան ցուրտ. ձյան տեղումներ կլինեն

Մայիսի 3-ի լույս 4-ի գիշերը հանրապետության լեռնային մարզերում և Լոռիում՝ օդում սպասվում է 0-5 աստիճան ցուրտ, որը մայիսի 3-ին կուղեկցվի ձյան տեղումներով։

Երևանում այսօր կեսօրից հետո, մայիսի 6-ի երեկոյան ժամերին, 7-ին, 8-ին սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-16մ/վ արագությամբ։

Մայիսի 4-ին, 5-ին, 6-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մարզերում այսօր ցերեկը, մայիսի 7-ին, 8-ին շրջանների զգալի մասում, 4-ի գիշերը և 6-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ։

Մայիսի 3-ի ցերեկը և 4-ի գիշերը լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն ձյան տեսքով։ Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։

Մայիսի 4-ի ցերեկը, 5-ին, 6-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիսարևմտյան 3-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 3-ի ցերեկը կնվազի 3-6 աստիճանով, 4-ի ցերեկը, 5-ին, 6-ին աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։
Արցախում այսօր սպասվում է անձրև, վաղը՝ առանց տեղումների եղանակ։

Ուկրաինան գիշերը փորձել է հարվածել Կրեմլին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի տուժել

Գիշերը Ուկրաինան անօդաչու թռչող սարքերով փորձ է կատարել հարվածներ հասցնել Ռուսաստանի նախագահի Կրեմլի նստավայրին, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ Կիևի անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի տուժել։

Հաղորդվում է, որ Ռուսաստանը նաև իրավունք է վերապահում պատասխան հարված հասցնել Կրեմլի վրա անօդաչու թռչող սարքի հարվածի փորձին՝ «որտեղ և երբ հարմար գտնի»:

«Հայաստան» խմբակցությունը կմասնակցի Նիկոլ Փաշինյանի հետ հարցուպատասխանին, «Պատիվ ունեմ»-ը՝ ոչ

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը համաձայն չէ պնդումների հետ, թե ընդդիմությունը բոյկոտում էր կառավարության հետ հարցուպատասխանը: Այսօր նրանք կներկայանան կառավարության հետ հարցուպատասխանին:

«Բոյկոտ բառն այս դեպքում կիրառելի չէ, մենք կառավարության զեկույցի ժամանակ ակտիվ մասնակցություն ունեցանք ու նաև ելույթներ, նույնը շարունակվելու է նաև այսօր», — ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Մինասյանի խոսքով՝ նրանք այսօր մասնակցելու են Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը, որ շարունակեն հարցերը, որը չհասցրին տալ նրան կառավարության զեկույցի ժամանակ:

Նշենք, որ հարցուպատասխանին կմասնակցեն միայն «Հայաստան» խմբակցության պատգամավորները, «Պատիվ ունեմ»-ը կշարունակի բոյկոտը:

Սկսում ենք ստորագրահավաք՝ Բերձորում Ադրբեջանի կողմից ապօրինի տեղադրված անցակետը հանելու պահանջով. Թագուհի Թովմասյան

Այսօր՝ ժամը 15:30-ին, Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին հրավիրում եմ Թումանյան — Աբովյան փողոցների խաչմերուկում գտնվող «Կինոմոսկվայի հրապարակ», գրել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։

«Ես և արցախցի իմ օգնական Օքսանա Բալայանը սկսում ենք ստորագրահավաք՝ Բերձորում Ադրբեջանի կողմից ապօրինի տեղադրված անցակետը հանելու պահանջով: Այդ անցակետի տեղադրումը արցախահայության հիմնարար իրավունքների, ինչպես

նաև 2020 թվականի եռակողմ հայտարարության դրույթների կոպտագույն խախտման հերթական դրսեւորումն է։

Սիրելի՛ հայրենակիցներ, կխնդրեմ ակտիվ մասնակցեք ստորագրահավաքին», — գրել է պատգամավորը։

Պետական դավաճանության գործով Նիկոլ Փաշինյանը հարցաքննվե՞լ է. Վարդապետյանը չկարողացավ պատասխանել

Ընդդեմ Նիկոլ Փաշինյանի ներկայացված հաղորդումը դեռևս 2021 թվականին կցվել է 44-օրյա պատերազմին վերաբերող վարույթին և դրա շրջանակներում քննության առարկա է հանդիսացել։ Այս մասին այսօր՝ մայիսի 3-ին, Ազգային ժողովում հայտնեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։

Նա չկարողացավ պատասխանել հարցին, թե արդյոք հարցաքննվե՞լ է Նիկոլ Փաշինյանն այդ վարույթի շրջանակներում, միայն նշեց, որ քանի որ հսկող դատախազը չէ, այդ թարմ տեղեկատվություն չունի, թե վարույթով քանի անձ է հարցաքննվել։

«Կան հարցաքննության արձանագրություններ նշված պաշտոնատար անձանց մասով, բայց ես 100 տոկոս վստահություն չունեմ, թե դրանք որ դրվագներին են վերաբերվում»,–ասաց Վարդապետյանը` հավելելով, որ համապատասխան հարցման դեպքում գլխավոր դատախազությունը կարող է տեղեկություններ տրամադրել, թե ընդհանուր առմամբ քանի մարդ է հարցաքննվել քննության շրջանակներում:

Նա նաև հայտնեց, որ վարույթը քննության մեջ է։ Սկզբում հարուցվել էին բազմաթիվ վարույթներ, որոնք ավելի ուշ միացվել են մեկ ընդհանուր վարույթին։

Նշենք, որ 2021 թվականի հունիսին այժմ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը և փաստաբան Հակոբ Մարտիրոսյանը պահանջել են քրեական գործ հարուցել Փաշինյանի կողմից կատարված «ակնհայտ պետական դավաճանության» փաստով։ Փաստաբանը ներկայացրել է այն հանգամանքները, որոնք, ըստ նրանց, վկայում են թշնամական պետության օգտին և ի վնաս Հայաստանի շահերի վարչապետի գործողությունների մասին:

Կրակոցներ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում․ հայտնաբերվել է կրակոցի 20 հետք

Այսօր՝ մայիսի 3-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 11։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում կրակոցներ են հնչել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու պարեկները նշված դպրոցի պատուհանների վրա հայտնաբերել են մոտ 20-ից ավելի կրակոցի հետքեր։

Այս պահին դեպքի վայրի զննություն էկատարում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնի խումբը։

Դեպքի փաստով Մալաթիայի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են, թե ով կամ ովքեր են կրակոցների հեղինակները և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ կրակողների ինքնությունները պարզելու, նրանց և հանցագործության գործիք՝ ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ։

Իր այդ քայլով Սուքիասյանը մեծ լավություն արած կլինի և’ հայկական ավիացիային, և’ հայկական պետությանը. Վահե Հովհաննիսյան

Չավուշօղլուի հայտարարությունից հետո Թուրքիայի օդային տարածքը հայկական օդանավերի համար փակելու մասին, Խաչատուր Սուքիասյանն ունի բոլոր բարոյական իրավունքները իր FlyOne-ի օդանավի մեջ լցնելու ողջ իշխանությունը՝ իր ղեկավարով հանդերձ, և տանելու իջեցնելու ոչ եվրոպական որևէ վայրում, ասենք սուբսահարյան գոտում։ Էն իշխանությանը, որը երկրաշարժից հետո մեկ փրկարար ջոկատ Թուրքիա ուղարկելով հրճվանքով կարծում էր, թե այդպես են լուծվում միջպետական հարցերը։ Այս մասին գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը:

Նա նաեւ նշել է. «Իր այդ քայլով Սուքիասյանը մեծ լավություն արած կլինի և’ հայկական ավիացիային, և’ հայկական պետությանը։

Ի դեպ, նույն Խաչատուր Սուքիասյանը կարծիք էր հայտնել, թե շուտով կարող են, ասենք, Կարսից հիվանդներ գալ Հայաստան` բուժվելու. այդպես էր պատկերացնում հայ-թուրքական բարդ հարաբերությունների զարգացումը»։

Մյասնիկյան պողոտայում սպանություն կատարած տղամարդը հայտնաբերվել է

Ապրիլի 30-ին՝ ժամը 23.54-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ 911 ծառայություն զանգած քաղաքացին հայտնել է, որ Մյասնիկյան պողոտայի 2-րդ շենքի մուտքի մոտ անգիտակից վիճակում գետնին ընկած արնահոսող տղամարդ կա:

Նշված հասցե է մեկնել ոստիկանության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ժամը 23.00-ին նշված շենքի բակում անհայտ անձը դեռևս չպարզված հրազենից երկու անգամ կրակել է նույն շենքի 53-ամյա բնակչի ուղղությամբ, որը մահացել է:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են բջջային հեռախոս, 9 մմ տրամաչափի երկու պարկուճ և մեկ կրակված գնդակ:

Փաստի առթիվ սպանության հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել:

ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ, Երևան քաղաքի վարչության և Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցների շնորհիվ պարզվել է հանցագործությունը կատարած անձի ինքնությունը: Նրան հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում, համագործակցելով Տավուշի մարզային վարչության, նույն մարզի ՊԾ ծառայողների հետ, մայիսի 2-ին՝ ժամը 17.40-ին, Բագրատաշենի սահմանային անցակետի հարակից ավտոկայանատեղիում հայտնաբերվել, սպանություն կատարելու հիմնավոր կասկածով ձերբակալվել և ոստիկանության Կենտրոնական բաժին է տեղափոխվել Արարատի մարզի Արևշատ գյուղի 41-ամյա բնակիչը:

Ձեռնարկվում են միջոցներ՝ հանցագործության գործիք ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ:

41-ամյա տղամարդը ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:

Քրեական վարույթը շարունակվում է: