Մեր եկեղեցականները Դադիվանքում շարունակում են իրենց հոգևոր ծառայությունը շնորհիվ ռուս խաղաղապահների. Մայր Աթոռ

Մեր եկեղեցականները Դադիվանքում շարունակում են իրենց հոգևոր ծառայությունը շնորհիվ ռուս խաղաղապահների երախտարժան առաքելության, որով ապահովվում է վանքի անվտանգությունը։ Այս մասին NEWS.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

«Ինչ վերաբերում է Դադիվանքի աղվանական լինելու կեղծ պնդումներին, ապա պատմական անհերքելի փաստ է, որ վանքն ի սկզբանե եղել է հայկական և որևէ առնչություն չի ունեցել Աղվանից եկեղեցու հետ, առավել ևս այսօրվա նորահայտ աղվանա-ուդիական կրոնական համայնքի հետ»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ Ադրբեջանը հայ հոգեւորականներին Դադիվանքից վտարելու պահանջ է ներկայացրել։

Եղանակը Հայաստանում. ձյուն լեռներում

Հայաստանի մարզերի մեծ մասում մայիսի 3-ին սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, գիշերը լեռներում՝ ձյուն։ Տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։ Ամպրոպի ժամանակ կանխատեսվում է արեւմտյան քամու ուժգնացում մինչեւ 15-20 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կնվազի 3-6 աստիճանով։ Երեւանում սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-16 մ/վրկ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +5+7, վաղը ցերեկը՝ +14+16։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ -3 + 1, ցերեկը՝ + 6 + 9,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -3 + 1, ցերեկը՝ + 3 + 6,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +2 + 5, ցերեկը՝ + 9 + 12,

Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +3 + 6,

Լոռիում՝ գիշերը՝ -2 + 3, ցերեկը՝ + 7 + 10,

Տավուշում՝ գիշերը՝ +1 + 6, ցերեկը՝ + 8 + 12,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -3 + 1, ցերեկը՝ + 3 + 5,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +4 + 6, ցերեկը՝ + 9 + 13,

Արարատում՝ գիշերը՝ +7 + 9, ցերեկը՝ + 16 + 18,

Արմավիրում՝ գիշերը՝ +6+8, ցերեկը՝ +15+17,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -1+1, ցերեկը՝ +3+6,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +7+9, ցերեկը՝ +13+16,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +14+16,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +2 + 5, ցերեկը՝ + 4 + 7,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ +7 + 9, ցերեկը՝ + 12 + 16։

Եկեղեցին դուրս եք թողել կրթական գործընթացից, օրինախախտումն ինչպե՞ս եք վերացնելու. Թովմասյան

Տիկին նախարար, վստահաբար Ձեզ շատ են քննադատել «Հայ Եկեղեցու պատմություն» առարկան միաձուլելու համար, այնուամենայնիվ կխոսեմ հարցի իրավական կողմի մասին։ Այս մասին այսօր՝ մայիսի 2-ին, Ա-ում, դիմելով ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին, ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

Նա նաեւ նշել է. «Բայց մինչ այդ, արձանագրեմ, որ քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն առաջինն ընդունած ժողովուրդ, մենք հրաժարվում ենք առանձին ուսումնասիրել Հայ եկեղեցու պատմությունը, որն ամենևին քարոզչություն չէ, այլ մեր մաքառումների, մեր պատմության ուղիղ արտացոլանքն է, բայց դա, ինչպես ասում են, Կառավարության ճաշակն էր։

Ի՞նչ է լինելու իրավական առումով, որովհետև Ձեր որոշմամբ խախտվել է «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածը, որով սահմանվում է Եկեղեցու դերակատարումը կրթության ոլորտում, և առաջին մասի 2-րդ կետով նշվում է․ «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իրավունք ունի «մասնակցելու պետական կրթական հաստատություններում «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի ուսումնական ծրագրի և դասագրքի մշակմանը, այն դասավանդող ուսուցիչների որակավորման պահանջների սահմանմանը և դպրոցներին ներկայացնելու այդ ուսուցիչների թեկնածությունները»։

Փաստորեն այս օրենքը խախտվել է, և Եկեղեցին, Կառավարության որոշմամբ, դուրս է մնացել կրթական գործընթացից։ Ինչպե՞ս եք վերացնելու այս օրինախախտումը»:

Ճեմարանի 4-րդ հարկից 13-ամյա տղայի ցած ընկնելու դեպքով նախաձեռնվել է քրվարույթ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով

Երևան քաղաքի Արտեմ Միկոյան փողոցում գործող Շիրակացու Ճեմարանի 4-րդ հարկից 13-ամյա երեխայի ցած ընկնելու և վնասվածքներով «Սուրբ Աստվածամայր» տեղափոխվելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջաննների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի (անչափահասին ինքնասպանության հասցնելու) հատկանիշներով։ Այս մասին տեղեկացնում է ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը։

Վարույթի շրջանակներում կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, իրականացվում են հարցաքննություններ։

Դասասենյակի լուսամուտից ցած ընկած երեխայի հետ դեռևս քննչական գործողություններ չեն իրականացվել՝ հաշվի առնելով նրա առողջական վիճակը։

Անհրաժեշտ գործողությունները կատարվում են՝ կատարվածի հանգամանանքերը լիարժեք բացահայտելու համար։

ՀՀ քննչական կոմիտեն էական փաստական տվյալներ ձեռք բերելու դեպքում, թույլատրելիության սահմաններում դեպքի վերաբերյալ տեղեկատվություն կտրամադրի հանրությանը։

Սակայն հարկ եմ համարում սոցիալական ցանցերի օգտատերերին, լրատվամիջոցների իմ գործընկերներին հիշեցնել, որ դեպքը վերաբերում է անչափահասի և ուսումնական հաստատության։ Անչափահասներին վերաբերող քրեական վարույթներն ունեն քննության էական առանձնահատկություններ։

Եվ ելնելով երեխայի լավագույն շահից՝ հորդորում եմ զգուշորեն մոտենալ խնդրին՝ ինչպես բուժհաստատությունում գտնվող երեխային, այնպես էլ նրա ծնողներին, ինչպես նաև Ճեմարանի մյուս սաներին, նրա համադասարնցիներին նոր, ավելորդ սթրեսների, հոգեկան տառապանքների չենթարկելու համար։

Երթուղի է դուրս եկել «MAN» մակնիշի ավտոբուսների 2-րդ խմբաքանակը

Երթուղի է դուրս եկել «MAN» մակնիշի ավտոբուսների 2-րդ խմբաքանակը: Մինչ այդ, «Ժոնգ Թոնգ» մակնիշի ավտոբուսներով աշխատող 3-րդ ավտոբուսային երթուղու ամբողջ շարժակազմը փոխարինվել է, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Ուղեգիծը սպասարկում է Նոր Նորքի 9-րդ զանգվածի և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների բնակիչներին:

Բացի այդ, 47 համարի փոքր դասի ավտոբուսները փոխարինվել են միջին դասի «Ժոնգ Թոնգ» մակնիշի ավտոբուսներով, որոնք կսպասարկեն 48 երթուղին: Փոքր դասի ավտոբուսները կփոխարինեն 21 համարի երթուղու շարժակազմը, իսկ 18 համարն այսուհետ քաղաքացիներին կսպասարկի «Ժոնգ Թոնգ» մակնիշի ավտոբուսներով:

Միասնական տոմսային համակարգի ներդրման փորձնական աշխատանքների վերաբերյալ զեկուցվել է, որ համար 1 ավտոբուսային երթուղու 14 շարժակազմում տեղադրվել են հատուկ վճարային սարքավորումներ: Երթուղու երկայնքով բոլոր տերմինալներում ակտիվացվել է տոմս ձեռք բերելու համապատասխան կոճակը: Նախատեսվում է դրանք փորձարկել նաև բջջային հավելվածում։

Լեռնային մարզերում սպասվում է մինչև -4 աստիճան ցուրտ, ձյան տեղումներ կլինեն

Մայիսի 2-ի լույս 3-ի գիշերը և մայիսի 3-ի լույս 4-ի գիշերը հանրապետության լեռնային մարզերում և Լոռիում` օդում սպասվում է 0-4 աստիճան ցուրտ, որը մայիսի 3-ին կուղեկցվի ձյան տեղումներով։

Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքում ռենտգեն-սքաներ է տեղադրել

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Ադրբեջանը Լաչինի միջանցքում՝ Հակարիի կամրջի մոտ տեղադրած անցակետի մոտ ռենտգեն-սքաներ է տեղադրել։

Նշվում է, որ խոսքն ամերիկյան արտադրության Smiths Detection սքաների մասին է։

Հիմա բանակցային սեղանին այն լուծումն է, որը ենթադրում է Արցախի հայտնվելը Ադրբեջանի կազմում. Հայկ Մամիջանյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի գնահատմամբ՝ Բաքու-Ստեփանակերտ ուղիղ բանակցային գործընթացը չի կարող բխել Արցախի շահերից:

«Ադրբեջանը մոտենում է իր օրակարգով, որը չի բխում Հայաստանի ու Արցախի շահերից»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ չկա այնպիսի մեխանիզմ, որը հնարավորություն կընձեռի տարանջատելով Արցախյան հակամարտությունը հայ-ադրբեջանական հարաբերություններից՝ ստանալ բարենպաստ լուծում. անհնար է:

«Եթե նայեք այսօրվա կառավարիչների խոսույթը՝ բոլորը  փորձում են առաջ տանել հետևյալ թեզը՝  Հայաստանը  որևէ կերպ ներկայացվածություն չունի Արցախում,  Հայաստանի հետ հարց չունեք, գնացեք, Ստեփանակերտի հետ խոսեք:  Հիմա հրապարակային ասում են՝  ձեռքերը լվանում են Արցախից», — նշեց Մամիջանյանը:

Ըստ նրա ՝ հիմա բանակցային սեղանին այն լուծումն է, որը ենթադրում է Արցախի հայտնվելը Ադրբեջանի կազմում:

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը պնդում է՝ ղարաբաղյան  հակամարտությունը երբևէ չի հանդիսացել տարածքային վեճ, ՀՀ որևէ ղեկավար երբևէ Արցախը չի ճանաչել Ադրբեջանի կազմում:

Արագածոտնում հանրային սննդի օբյեկտը կսկսի գործել. արձանագրված խախտումները վերացվել են

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է անհատ ձեռնարկատեր Գոհարիկ Մկրտչյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը (Արագածոտնի մարզ, գ. Կոշ):

ՍԱՏՄ-ից  հայտնում են, որ տեսչական մարմնի Արագածոտնի մարզայի կենտրոնի տեսուչների կրկնակի ստուգմամբ պարզվել է, որ նախկինում արձանագրված խախտումները վերացվել են:

Հայաստանը կարող է մինչեւ օգոստոսի 21-ը ՄԱԿ դատարան ներկայացնել հակափաստարկներ Ադրբեջանի հայցի վերաբերյալ

Հայաստանը կարող է մինչեւ օգոստոսի 21-ը ՄԱԿ Միջազգային դատարան ներկայացնել հակափաստարկներ Ադրբեջանի հայցի վերաբերյալ։ Այս մասին նշվել է դատարանի պաշտոնական հաղորդագրությունում։

Ապրիլի 21-ին Ադրբեջանը գործի վերաբերյալ նախնական առարկություններ է ներկայացրել։ Դրանից հետո, դատարանի կանոնադրության համաձայն, գործի ըստ էության քննությունը դադարեցվել է ընդհուպ մինչեւ այն պահը, երբ Հայաստանը կներկայացնի իր հակափաստարկներն Ադրբեջանի առարկությունների վերաբերյալ։ Դրանից հետո դատարանը պետք է սկզբում քննի կողմերի վիճաբանությունները, իսկ հետո շարունակի հայցի ըստ էության լսումները։

Այս փուլը կարող է տեւել մինչեւ 4 ամիս, այսինքն՝ Հայաստանը պետք է ներկայացնի իր նկատառումները Ադրբեջանի առարկությունների մասին մինչեւ օգոստոսի 21-ը։

Հիշեցնենք, որ ՄԱԿ Միջազգային դատարանը փետրվարի 22-ին բավարարել էր Հայաստանի միջնորդությունը ժամանակավոր միջոցի կիրառման մասին եւ պարտավորեցրել Ադրբեջանին ապահովել քաղաքացիների, տրանսպորտի եւ բեռների՝ երկու ուղղությամբ անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ մինչեւ վերջնական որոշման կայացումը «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» հայցի վերաբերյալ։ Ադրբեջանը չի կատարում այդ որոշումը։