Հայաստանի իշխանությունների հետ ուղիղ հաղորդակցություն չունեմ․ Արցախի պետնախարար

Հայաստանի իշխանություննների կողմից արված որևէ հայտարարություն ինձ հետ չի քննարկվել որպես Արցախի իշխանությունների ներկայացուցիչ, ինչպես հայտնում է 168․am-ը, Արցախի ԱԺ-ում հայտարարել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը՝ պատասխանելով պատգամավոր Մետաքսե Հակոբյանի դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը մշտապես հայտարարում է, թե Արցախի իշխանությունները տեղեկացված են իրենց կողմից Արցախի մասով կատարվող բոլոր գործընթացներին։

Պետնախարարը հայտարարել է, որ ինքը Հայաստանի իշխանությունների հետ ուղիղ հաղորդակցություն չունի։

«Պարբերաբար շփումների մեջ եմ իրավական գործընթացներում ներգրավված անձանց հետ։ Այդ շփումների շրջանակներում ներկայացնում եմ իմ առաջարկները։ Ուղիղ հաղորդակցություն Հայաստանի իշխանություննների հետ չունեմ, հետևաբար հաղորդակցում եմ մեր արտաքին գործերի նախարարության հետ»,- ասել է Գուրգեն Ներսիսյանը։

Նրա կարծիքով՝ հիմա Արցախի իշխանությունները մեծ անելիք ունեն Արցախում կատարվողի մասին միջազգային հանրությանը տեղեկացնելու մասով։

Մետաքսե Հակոբյանը նկատել է, որ Արցախի իշխանությունները երբևէ չեն հակադրվել Հայաստանի իշխանությունների հայտարարություններին։

«Քանի դեռ Հայաստանի իշխանությունները Արցախի իշխանությունների համաձայնությամբ նման քաղաքականություն են վարում , հետևաբար, դուք ներսում այդքան էլ անելիք չունեք, ձեր անելիքը դրսում է»,- ասել է նա։

«Հայաստանն ու Արցախն ուրացողը մի վայրկյանում հարմար պահի կուրանա իրեն պահած Ռուսաստանին»․ Շարմազանով

Ապրիլի 26-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 122 «կողմ» ձայներով բանաձև է ընդունել ՄԱԿ-ի և Եվրոպայի խորհրդի համագործակցության մասին, որտեղ հիշատակվում է «Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիան»։

Ի թիվս այլ երկրների, բանաձևին աջակցել է նաև Հայաստանը՝ կողմ քվեարկելով դրա ընդունմանը։

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովն, արձագանքելով այս փաստին, նշել է․ «Հայաստանն ու Արցախն ուրացողը մի վայրկյանում հարմար պահի կուրանա իրեն պահած ՌԴ-ին»։

«Բա ասում էիք ՝« Никол- не предатель». դե, հիմա վայելեք ձեր Նիկոլին։

Նիկոլը մի քանի ամիս առաջ «տպավորված էր Պուտինի կողմից խնդիրներին արձագանքելու օպերատիվությամբ», իսկ այսօր նրա ներկայացուցիչը ՄԱԿ-ում քվեարկում է ՌԴ-ի նկատմամբ «ագրեսոր» ձևակերպման օգտին։

Բա որ ՌԴ-ն «ագրեսոր» է, դու ի՞նչ գործ ունեիր Մոսկվայում, Վլադիվիստոկում ու Սոչիում, երբ ՌԴ-ին ու Պուտինին «սպասիբո»- ներ էիր ասում։

Բա ագրեսորին «սպասիբո՞» են ասում, Նիկոլ։

Քիչ ես անու , ՌԴ-ին երևի հասնում է։ Թե բա ՝ «он- не предатель»:

Դե, վայելեք հիմա ձեր Նիկոլի քվեարկության արդյունքները։

Հայաստանն ու Արցախն ուրացողը մի վայրկյանում հարմար պահի կուրանա իրեն պահած ՌԴ-ին։

Սա է Նիկոլի պատասխանը նոյեմբերի 9-ից հետո իրեն պահած ռուսների հանդեպ։

Երևի արդար է։

Բայց հերթական անգամ «բորշչը» սարքեց Նիկոլը, տակը կմնա ժողիվուրդը»,- սոցցանցի իր էջում գրել է Էդուարդ Շարմազանովը։

Միրզոյան-Բայրամով բանակցությունները կարող են մի քանի օր տևել

Վաշինգտոնում շարունակվում են ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումն ու բանակցությունները՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի մասնակցությամբ։

Մինչ այդ ԱՄՆ պետքարտուղարն առանձին հանդիպումներ է ունեցել Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ։

Մամուլի համար հանդիպումները փակ են, սակայն ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը իր դիվանագիտական աղբյուրները հայտնել են, որ բանակցությունները կարող են մի քանի օր տևել։

Դիմում եմ ՀՀ քաղաքացիներին, իշխանություններին` ձեռնարկեք բոլոր քայլերը, բոլոր հնարավոր միջոցները՝ Արցախի քաղաքացիների անվտանգությունն ապահովելու, ինքնորոշման իրավունքը պաշտպանելու ուղղությամբ

Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը ներկայացրել է ստեղծված իրավիճակի վերաբերյալ Արցախի Հանրապետության դիրքորոշումը․

«Քիչ առաջ ավարտվեց ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայման վայրում նորանշանակ հրամանատարի հետ հանդիպումը:

«Հանդիպմանը արցախյան կողմից մասնակցել են Արցախի Հանրապետության նախագահը, պետական նախարարը, ներքին գործերի ու պաշտպանության նախարարները: Մեր կողմից վերահաստատվել է ստեղծված իրավիճակի վերաբերյալ Արցախի Հանրապետության դիրքորոշումը:

Իսկ մեր դիրքորոշումը հետևյալն է.

Իրավիճակի կարգավորումը պետք է հիմնված լինի 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության վրա, իսկ այդ հայտարարության 6-րդ կետն ամրագրում է հետևյալը.

— Արցախը Հայաստանի հետ պետք է կապվի 5 կիլոմետր լայնությամբ Լաչինի միջանցքով,

— Լաչինի միջանցքը պետք է գտնվի ՌԴ խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո,

— Ադրբեջանը պետք է երաշխավորի երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների երթևեկության անվտանգությունը Լաչինի միջանցքով:

Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարը մեզ լսելուց հետո հայտնեց, որ առաջիկա օրերին հանդիպումներ է ունենալու ադրբեջանական կողմի հետ և հարցին կկարողանա անդրադառնալ ու տեղեկություններ փոխանցել շաբաթվա վերջում:

Դիմում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, իշխանություններին` ձեռնարկեք բոլոր քայլերը, քաղաքական և դիվանագիտական բոլոր հնարավոր միջոցները Արցախի Հանրապետության քաղաքացիների անվտանգությունն ապահովելու, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը պաշտպանելու, Եռակողմ հայտարարության դրույթների կատարումն ապահովելու ուղղությամբ:

Դիմում եմ միջազգային հանրությանը` ապահովեք ձեր իսկ կողմից վճռված` Արցախը Հայաստանին կապող միջանցքի ապաարգելափակման Ադրբեջանի պարտավորության կատարումը: Ձեր անգործության կամ պասիվության հետևանքը Արցախի բնակիչների ամենօրյա տառապանքներն են:

Դիմում եմ աշխարհասփյուռ հայությանը` դեմքով շրջվեք դեպի Արցախը, տեսեք այն մարդկանց, ովքեր տառապանքների գնով պահում են հայկական Արցախը»,- սոցցանցի իր էջում գրել է Գուրգեն Ներսիսյանը:

Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ մարդասիրական բեռ է հասցվել Ստեփանակերտ

Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի կողմից Լեռնային Ղարաբաղում անցած մեկ օրվա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։ Այդ մասին նշված է ՌԴ պաշտպանության նախարարության տեղեկագրում։

Ըստ հաղորդագրության՝ պարեկություն է իրականացվել Մարտակերտի, Մարտունու, Շուշիի շրջաններում՝ 3 երթուղիներով։

Ռուսական խաղաղապահ զորակազմի ավտոմոբիլային շարասյունով Ստեփանակերտ է տեղափոխվել մարդասիրական բեռ։

ՌԴ խաղաղապահ զորախմբի ինժեներասակրավորական խմբերը շարունակում են նաև օբյեկտների և տարածքների ականազերծումը։

«Օրվա ընթացքում մաքրվել է 0,1 ՀԱ տարածք։ Ընդհանուր առմամբ, 2020 թվականի նոյեմբերի 23-ից ՌԴ խաղաղապահ զորախմբի ինժեներասակրավորական խմբերը ականներից և արկերից մաքրել են 2533,6 ՀԱ տարածք, 689,5 կմ ճանապարհ,1940 շենք, հայտնաբերվել և վնասազերծվել է 26791պայթյունավտանգ առարկա»,- նշված է ՌԴ ՊՆ տեղեկագրում:

Սպանություն՝ Մյասնիկյան պողոտայում, ըստ նախնական տվյալների, սպանվածը Հոլանդիայի քաղաքացի է

ՀՀ քննչական կոմիտեի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քրննություն է իրականացվում՝ բացահայտելու ապրիլի 30-ին Երևան քաղաքի Մյասնիկյան փողոցում կատարված սպանությունը։

2023 թվականի ապրիլի 30-ին` ուշ երեկոյան, քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայի շենքերից մեկի մուտքի դիմաց արնահոսող, անգիտակից վիճակում, գետնին ընկած տղամարդ կա, ով չի շնչում։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում 2023թ․ մայիսի 1-ին ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին և 335-րդ հոդվածի 1-ին մասերով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նշված շենքի շքամուտքի մոտ հայտնաբերվել է արական սեռի, գլխի շրջանում առերևույթ հրազենային վնասվածքով տղամարդու դիակ։ Պարզվել է վերջինիս ինքնությունը, ով հանդիսանում է նույն շենքի բնակիչ, վերջինս, ըստ նախնական տվյալների, Հոլանդիայի քաղաքացի է։
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է երկու հատ պարկուճ, շքամուտքի դռան վրայից առերևույթ հրազենային զենքից կրակված գնդակի բեկոր, ինչպես նաև քննությանը հետաքրքրող այլ առարկաներ:

Հարցաքննվել են բազմաթիվ վկաներ։

Դեպքի առթիվ առաջ են քաշվել մի շարք վարկածներ, որոնց շուրջ իրականացվում են լայնածավալ օպերատիվ-հետախուզական, վարույթային և քննչական գործողություններ։ Նշանակվել են դիակի դատաբժշկական, դատաձգաբանական և դատահետքաբանական համալիր փորձաքննություններ։

Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են անհետաձգելի բոլոր միջոցները՝ դեպքի հանգամանքները, հանցագործություն կատարած անձին կամ անձանց ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ։

Մեկնարկել է Միրզոյանի և Բլինքենի հանդիպումը

ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Ավելի վաղ հայտնել ենք, որ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում հանդիպում կունենա Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

Բլինքենը նախ առանձին հանդիպումներ կունենա Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ, այնուհետև տեղի կունենա Միրզոյանի և Բայրամովի հանդիպումը։

Բոլոր հանդիպումները մամուլի համար փակ են լինելու։

Լաչինի միջանցքը պետք է բաց լինի մարդկանց տեղաշարժի և առևտրի համար. Բլինքեն

Այսօր ես խոսեցի Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ՝ փոխանցելու համար իմ աջակցությունը Հայաստանի հետ խաղաղության ապահովմանն ուղղված շարունակական ջանքերին և դրան նպաստելու մեր պատրաստակամությունը, այս մասին Թվիթերում գրառում է կատարել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

«Ես կրկնեցի ԱՄՆ դիրքորոշումը, որ Լաչինի միջանցքը պետք է բաց լինի մարդկանց տեղաշարժի և առևտրի համար»,- գրել է պետքարտուղարը։

Արտակարգ դեպք Երևանում. էլեկտրաենթակայանում պայթյուն է տեղի ունեցել

Ապրիլի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթ Բեկ փողոցի 174/35 հասցեում գտնվող էլեկտրաենթակայանում հրդեհ է բռնկվել։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, oպերատիվորեն ժամանել են Փրկարար ծառայության Երևանի թիվ 9-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ էլեկտրաենթակայանում տեղի է ունեցել էլեկտրական լարերի կարճ միացում՝ առանց հրդեհի բռնկման։Ահազանգով ժամանել են նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության նշված տարածքն սպասարկող մասնաճյուղի աշխատակցիները։

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը փակ է լինելու մամուլի համար

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում հանդիպում կունենա Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, հայտնում են ԱՄՆ պետքարտուղարությունից:

Նշվում է, որ մայիսի 1-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նախ առանձին հանդիպումներ կունենա Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ, այնուհետև տեղի կունենա Միրզոյանի և Բայրամովի հանդիպումը։

Բոլոր հանդիպումները մամուլի համար փակ են լինելու։