Այդ դավաճաններին տոներ ու առիթներ են պետք իրենց գրպանները լցնելու համար

Նիկոլենք քաղաքացու տոն են նշում. Այն քաղաքացու, որին կարող են գցել մեքենայի տակ ու սպանել, այն քաղաքացու, որի վրա կարող են ոստիկանների միջոցով բիրտ ուժ կիրառել, այն քաղաքացու, որին կարող են ազատ արտահայտվելու համար բերման ենթարկել և աշխատանքից ազատել, այն քաղաքացու, որի վրա ալենանմանները կարող են թքել, այն քաղաքացու, որին կանգնեցրել են ցեղասպանվելու վտանգի առջև։
Քաղաքացու տոնը նշելը առիթ է նոր փողեր “լվանալու” համար, դրա համար էլ սրանք հորինեցին դա։ Թե չէ սրանք քաղաքացիներին անպատվելուց ու նվաստացնելուց բացի ոչինչ չեն կարողանում անել։ Այդ դավաճաններին տոներ ու առիթներ են պետք իրենց գրպանները լցնելու համար, իսկ իրենց իսկ կողմից չհարգված քաղաքացու տոնը այդ առիթներից մեկն է։

Հարավկովկասյան տարածաշրջանում լարվածությունը պահպանվում է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա հակասությունների պատճառով․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Աշխարհում աճում է հակամարտությունների ներուժը, ինչի բացասական ազդեցությունն զգացվում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության սահմանների ողջ երկայնքով, ՀԱՊԿ-ի հիմնադրման 20-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ հայտարարել է Կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմագամբետովը։

«Աշխարհը վերադառնում է առճակատման ժամանակաշրջան՝ հակամարտությունների ներուժի մեծացման հեռանկարով։ Բացասական տենդենցներն անմիջական ազդեցություն են ունենում ՀԱՊԿ սահմանի ամբողջ երկայնքով ստեղծված իրավիճակի վրա»,- ասել է նա։

Իմանղալի Թասմագամբետովի խոսքով՝ Հարավկովկասյան տարածաշրջանում լարվածությունը պահպանվում է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա երկարամյա հակասությունների պատճառով։ Ինչ վերաբերում է Կենտրոնական Ասիայի տարածաշրջանին, ապա այստեղ, ըստ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի, մեծացել է ծայրահեղական գաղափարախոսության և ահաբեկչական խմբավորումների ներթափանցման սպառնալիքը ՀԱՊԿ անդամ երկրների տարածք։

Ադրբեջանցի «էկոակտիվիստները» դադարեցրել են ակցիան Լաչինի միջանցքում

Դեկտեմբերի 12 -ից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ՝ Լաչինի միջանցքը փակած, այսպես կոչված, «էկոակտիվիստները» այսօր հայտարարել են, որ դադարեցնում են իրենց ակցիան։

Այսօր նրանք հրավիրվել են հանդիպման Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչների հետ։

Շուշիում Ադրբեջանի նախագահի հատուկ բանագնաց Այդին Քարիմովը «էկոակտիվիստներին» ասել է, որ ապրիլի 23-ից հետո, երբ պետական ​​սահմանային ծառայության ստորաբաժանումները անցակետ են տեղադրել Լաչինի միջանցքում, սկզբունքորեն նոր իրավիճակ է ստեղծվել, և ակցիայի մասնակիցներին խնդրել են դադարեցնել այն։

Որոշվել է 2023 թվականի ապրիլի 28-ին՝ ժամը 18:00-ից, ժամանակավորապես դադարեցնել ակցիան։

Իրական քաղաքացու տոնը և քաղաքացու հաղթանակի տոնը կլինի այն օրը, երբ փաշինյան նիկոլը և իր ծառայամիտ, սպասարկող անձնակազմը հեռանան

Այսօրվա իրականությունը նմանվել է ինչ-որ վատ բեմադրված խեղկատակության։ Դավաճանը և նրա խմբավորումը նշում են քաղաքացու օր, որը առնվազն զավեշտալի է, քանի-որ հենց այդ նույն դավաճանի ավտոշարասյունը մեկ տարի առաջ խլեց հղի կնոջ կյանք, այդ նույն դավաճանի պատճառով հազարավոր հայորդիներ այլևս մեզ հետ չեն, այդ նույն դավաճանի դրածոներից թիկնապահներով մարդկանց թև է ոլորում և թքում քաղաքացու դեմքին, և իհարկե այդ նույն դավաճանի պատճառով մեր հայրենակիցները այս պահին գտնվում գերության մեջ։ Այս ամենը նա արել է այն նույն քաղաքացու հանդեպ, որի տոնը կապիտուլյանտը և իր խունտան մեծ շուգով նշում են։
Սա նմանվում է «пир во время чумы» հասկացողությանը։ Երկրում առկա բոլոր խնդիրների և բանակցային ֆիասկոների հետ մեկտեղ դավաճանական խմբակը չի մոռանում քեֆերի և սեփական կոմֆորտի մասին, քանի-որ անպատժելիության զգացումը հասել է հնարավոր ամենաբարձր նշաձողին։ Նրանք մատը մատին չեն տալիս քաղաքացու հոգսը թեթևացնելու համար, նրանք միայն կարողանում են դրականը «քաշել» շատ մեծ արագությամբ և դժբախտություն բերել այս Ազգին։
Անդրադառնալով հենց քաղաքացու օրվան պետք է պնդեմ, որ նման տոն ինձ համար գոյություն չունի և չի ունենալու քանի-որ այդ տոնը «արտադրողները» իմ Երկրին բացառապես ցավ և դժբախտություն են բերել։ Իրական քաղաքացու տոնը և քաղաքացու հաղթանակի տոնը կլինի այն օրը, երբ փաշինյան նիկոլը և իր ծառայամիտ, սպասարկող անձնակազմը հեռանան, այդ դա լինելու իսկական տոն։

Արցախից Հայաստան է տեղափոխվել ևս 13 բուժառու

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով Արցախի առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային և սիրտ-անոթային համակարգի ծանր հիվանդություններ ունեցող 13 անձ այսօր, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։

Ինչպես տեղեկացնում են Արցախի առողջապահության նախարարությունից՝ 10 բուժառուներ, որոնք պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։

«Արևիկ» բուժմիավորումում 3 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:

«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 7 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 2-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում։

Մինչ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 378 հիվանդ։

Հայաստանի համար հարցն այդպես չի դրված՝ բանակցել Մոսկվայում, Վաշինգտոնում, թե Բրյուսելում. Միրզոյան

Մենք հարթակների միջև տարբերություն չենք դնում, խաղաղության գործընթացը մեկն է, և բանակցություններն էլ, ըստ էության, ընթանում են խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ, ԱԳՆ-ում ֆրանսիացի գործընկերոջ հետ հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

«Մենք շնորհակալ ենք բոլոր մայրաքաղաքներին, որոնք փորձում են կամրջող դեր խաղալ այս գործընթացում, բայց Հայաստանի համար հարցն այդպես չի դրված՝ բանակցել Մոսկվայում, Վաշինգտոնում, թե Բրյուսելում։ Կրկնում եմ՝ բանակցություններն, ըստ էության, նույնն են», — ասաց Արարատ Միրզոյանը՝ արձագանքելով լրագրողի հարցին, թե Հայաստանն առավել դրական է տրամադրված ամերիկյան և եվրոպական հովանու ներքո ընթացող բանակցությունների՞ն, թե՞ ռուսական հովանու ներքո ընթացող Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումներին։

Կփորձեմ ամուր կանգնած մնալ այն հողի վրա, որտեղ ապրել ու ստեղծագործել են մեր մեծերը. Սիմոն Մարտիրոսյան

Օլիմպիական խաղերի կրկնակի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը երախտագիտության խոսքով դիմել է հայ ժողովրդին։

«Երախտագիտությունս ձեզ, իմ սիրելի՛ ժողովուրդ։ Ես միշտ զգացել ու գնահատել եմ ձեր սերն ու աջակցությունը։ Հարազատներս, բարեկամներս, իմ փոքրիկ, բայց միևնույն ժամանակ հզոր ազգ, շնորհակալ եմ ձեր սիրո և անկեղծության համար։ Ես ամուր կանգնած եմ այն հողին, որտեղ ծնվել, մեծացել և ուժ եմ ստացել ձեր սիրո ու մեծահոգության շնորհիվ։

Շնորհակալ եմ իմ ճակատագրից և հպարտ ձեզանով, իմ հա՛յ ազգ, իմ ժողովո՛ւրդ։ Հարգանքներս՝ բոլորին: Եվ կրկին ու կրկին ուժեղ եմ ձեզանով և կփորձեմ ամուր կանգնած մնալ այն հողի վրա, որտեղ ապրել ու ստեղծագործել են մեր մեծերը։

Հայ ազգի զավակ՝ Սիմոն Մարտիրոսյան», — Facebook-ում գրել է Մարտիրոսյանը։

Չենք կարող թույլ տալ այն միակողմանի քայլերը, որոնք կատարվում են Ադրբեջանի կողմից. Ֆրանսիայի ԱԳՆ

Ֆրանսիան իր լիակատար աջակցությունն է ցուցաբերում Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին, Երևանում այսօր հայտարարեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնան:

«Ֆրանսիան դա անում է ԵՄ-ի, ԱՄՆ-ի կողքին, բնականաբար, կապ պահպանելով ԵԱՀԿ-ի և ՄԱԿ-ի հետ, որոնք կարող են օգտակար դեր խաղալ այս գործընթացում։

Խաղաղությունը միակ ճանապարհն է, որը հնարավորություն կտա նոր հեռանկարներ ստեղծել երկու երկրների ապագայի և երկու երկրների բնակչությունների համար», — նշեց Կոլոնան։

Ֆրանսիայի նախարարն ասաց, թե տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը նշանակում է հրաժարվել ցանկացած ուժային գործողությունից։

«Ես դա ասել եմ նաև Բաքվում։ Ադրբեջանական ուժերի առաջխաղացումներին հանդիման մենք չենք կարող թույլ տալ մի երկրի տարածքային ամբողջականությունը չհարգել։ Հակառակը կասեինք, եթե դուք առաջխաղացում ունենայիք Ադրբեջանի տարածքում։ Միջազգային իրավունքը պետք է հարգվի և դա միակ ճանապարհն է, որպեսզի երկու կողմերն էլ առաջ գնան», — հայտարարեց ֆրանսիացի նախարարը։

Նա ընդգծեց՝ չեն կարող թույլ տալ այն միակողմանի քայլերը, որոնք կատարվում են Ադրբեջանի կողմից։

28-ամյա երիտասարդը սեռական բռնության է ենթարկել 55-ամյա կնոջը, նրանից հափշտակել զարդեր՝ ասելով, որ ադրբեջանցի է

Այսօր՝ ապրիլի 28-ին, քստմնելի դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի մարզային վարչության (վարչության պետ Արթուր Մկրտչյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Սևակ Բադիրյանի) և ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Վահան Ազատյանի գլխավորությամբ, օպերատիվ հետախուզական միջոցառումների ու պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում բացահայտել են հանցագործությունը և հայտնաբերել Մեծն Նժդեհի ասած՝ հայի տականքին, գրում է shamshyan-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ ժամը 06։15-ի սահմաններում, Տավուշի մարզի գյուղերից մեկի բնակիչ 55-ամյա կինը ահազանգել է ոստիկանության Նոյեմբերյանի բաժին և հայտնել, որ իրեն անհայտ անձը գաղտնի մտել է իր տուն իր հետ հայերեն խոսելով ասել, որ ինքը թուրք է։

Նշված հասցե են ժամանել ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Ա․ Մկրտչյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Ս․ Բադիրյանը, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի պետ Վ․ Ազատյանը։ Արդեն տեղում տանտիրուհին ոստիկաններին հայտնել է, որ ժամը 04։00-ի սահմաններում անծանոթ տղամարդը մտել է իր տուն, իր կամքին հակառակ սեռական հարաբերություններ է ունեցել իր հետ, ապա ձեռքերով հարվածել իր մարմնի տարբեր մասերին և իրենից գողացել 1-ական ոսկյա և արծաթյա մատանի, 1 զույգ ոսկյա ականջօղ, ապա հայերեն ասել, որ ինքը հայ չէ, ադրբեջանցի է և որ կատարվածի մասին պետք է լռի ու աղմուկ չբարձրացնի, ապա դիմել է փախուստի։

Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության և նույն վարչության Նոյեմբերյանի քննչական վարչության խումբը՝ վարչության պետի, քննչական բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։ Տեղում աշխատել են նաև Ոստիկանության Տավուշի մարզային վարչության փորձաքրեագետները։

Մինչ դեպքի վայրի զննություն էր կատարում քննչական խումբը՝ ոստիկանության Տավուշի մարզային վարչության քրեական հետախուզության խմբի և ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, ճիշտ ու գրագետ աշխատանքի արդյունքում, տաք հետքերով՝ նշված հանցագործություն կատարելու կասկածանքով հայտնաբերել ու ոստիկանության Նոյեմբերյանի բաժին են տեղափոխել Տավուշի մարզի բնակիչ 28-ամյա Արտյոմ Ղ․-ին։

Վերջինս փաստերի ճնշման տակ ոչ միայն խոստովանել է իր կողմից կատարված քստմնելի արարքը, այլև նրա մոտ հայտնաբերվել են տուժողից գողացված զարդերը։ Արտյոմ Ղ․-ն ոստիկանության Նոյեմբերյանի բաժնից ներկայացվել է Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժին։

Ներկա դրությամբ հակառակորդը մոտ 139 քառակուսի կիլոմետր գտնվում է Հայաստանի ինքնիշխան տարածքում. ԳՇ պետ

Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնային ներկայացրել է 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքները։

2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանը Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հարձակվել է 5 ուղղություններով, որոնցից 2 ուղղությունը Սյունիքի մարզում, 2-ը՝ Գեղարքունիքի, 1-ը՝ Վայոց Ձորի։

«Ներկա դրությամբ հակառակորդը մոտ 139 քառակուսի կիլոմետր գտնվում է Հայաստանի ինքնիշխան տարածքում», — ասել է Ասրյանը։

Նրա խոսքով՝ Ջերմուկի ուղղությամբ թշնամին ՀՀ ինքնիշխան տարածք է ներխուժել 60-ից ավել քառակուսի կիլոմետր մակերեսով. ներխուժումը ճակատով կազմում է մոտ 11 կիլոմետր, խորությամբ՝ մոտ 8 կիլոմետր։