Վերջին շրջանում հանրության բևեռացումը հասել է ծայրահեղ մակարդակի. լայն տարածում է ստացել ատելության խոսքը. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ուսումնասիրությունները վկայում են, որ վերջին շրջանում տարատեսակ հիմքերով հանրության բևեռացումը հասել է ծայրահեղ մակարդակի, ինչի արդյունքում հանրային միջավայրում լայն տարածում են ստացել անհանդուրժողականությունը, ատելության խոսքը, վիրավորանքը, բռնությունը, վերջինիս քարոզն ու կոչերը։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը:

Նա նշել է, որ հանդուրժողականությունն անկյունաքարային նշանակություն ունի ժողովրդավար, բռնությունից և խտրականությունից զերծ հասարակություն կառուցելու հարցում։ Մինչդեռ հանրային բևեռացումը խաթարում է իրավական և ժողովրդավարական պետության հիմքում ընկած արժեքները:

Ցանկացած հարցի վերաբերյալ հանրային ազատ բանավեճը ժողովրդավարական հասարակության կարևոր ձեռքբերումներից է: Միևնույն ժամանակ, յուրաքանչյուր քննարկում պետք է ընթանա կարծիքի արտահայտման ազատության իրավունքի թույլատրելի շրջանակներում, այլոց իրավունքների և ազատությունների հարգման ու համերաշխության մթնոլորտում:

Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ ատելության խոսքի, բռնության կոչերի, վիրավորանքի, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ցանկացած դրսևորում՝ անկախ նրանից, թե ում կողմից է այն տարածվում կամ ում է հասցեագրված, անընդունելի է, լուրջ վտանգ է ներկայացնում մարդու իրավունքների պաշտպանության ամբողջ համակարգի տեսանկյունից, ուստի պետք է բացառվի հանրային խոսքից ու հանրային հարաբերությունների տիրույթից։

Մարդու իրավունքների պաշտպանի առաքելությունն է հետևել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից մարդու իրավունքների և ազատությունների պահպանմանը։ Պաշտպանի մանդատն ուղղակիորեն չի առնչվում պետական իշխանության մարմինների, պաշտոնատար անձանց միջև փոխհարաբերությունների կանոնակարգմանը, եթե խնդիրը չի հանգում կոնկրետ անհատական իրավունքի պաշտպանության անհրաժեշտությանը: Միևնույն ժամանակ, պաշտոնատար անձանց հրապարակային խոսքը, նրանց փոխհարաբերություններն ու այդ առումով առկա խնդիրները էական ազդեցություն են ունենում նաև մարդու իրավունքների պաշտպանության ընդհանուր համակարգի վրա: Այս տեսանկյունից հատկապես կարևոր է խորհրդարանում հնչող խոսքի և վարքագծի իրավաչափությունը՝ որպես հանրության լայն շերտերի համար հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ քննարկումների գլխավոր հարթակ։ Ուստի կարևոր է, որ պետական մարմինների, պաշտոնատար անձանց միջև փոխհարաբերությունները, քաղաքական և այլ հանրային գործունեության համար ընտրվող մեթոդաբանությունը համապատասխանեն իրավաչափության վերը նշված չափանիշներին: Ցանկացած քաղաքական բանավեճ կամ քննարկում պետք է ընթանա համերաշխության ու հարգանքի մթնոլորտում՝ բացառելով ոչ իրավաչափ խոսքը, այդ թվում՝ վիրավորանքը, արժանապատվության նվաստացումը, ատելության խոսքն ու բռնության քարոզը:

Հանրային պաշտոն զբաղեցնող յուրաքանչյուր անձ և հանրային ծառայող ուղղակի պարտականություն ունի պահպանելու վարքագծի կանոնները,իր խոսքով ու վարքագծով բացառելու և մեղմելու հանրային բևեռացումը, բռնությունը, ատելության խոսքը, ոչ իրավաչափ երևույթների, այդ թվում՝ բռնության ուղղակի կամ անուղղակի արդարացումը կամ խրախուսումը: Ավելին, կարևոր է, որպեսզի պաշտոնյաներն իրենց հանրային հարթակն օգտագործեն խոսքի և վարքագծի ոչ իրավաչափ դրսևորումներին, այդ թվում՝ հասարակության տարբեր խմբերին թիրախավորող արտահայտություններին ու ապատեղեկատվությանը հակազդելու նպատակով։ Մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ ձևավորելու տեսանկյունից առանցքային է, որպեսզի այդ հանգամանքը նկատի ունենան նաև հանրային ճանաչում ունեցող այլ անձինք, հասարակական ու քաղաքական գործիչները:

Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ ընդգծում է, որ մեր հասարակությունում առկա քաղաքական և հանրային բանավեճի մշակույթն ունի վերափոխման անհրաժեշտություն, ինչն առաջնահերթ խնդիր է հանրային հանդուրժողականության, համերաշխության և իրավունքի գերակայության երաշխավորման ճանապարհին:

Անվտանգության երաշխիք կարող է լինել բացառապես Արցախի կարգավիճակի խնդրի լուծումը. Սեյրան Օհանյանը՝ Շվեյցարիայի դեսպանին

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, խմբակցության պատգամավորներ Աղվան Վարդանյանն ու Արթուր Խաչատրյանն ապրիլի 27-ին հանդիպել են Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրանցի հետ: Այս մասին հայտնում են ԱԺ լրատվական ծառայությունից:

Սեյրան Օհանյանն անդրադարձել է Հայաստանի անվտանգային խնդիրներին, Լաչինի միջանցքի փակման հետեւանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամին, ադրբեջանական կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրմանը: Նա կարեւորել է եվրոպական երկրների արդարացի, թիրախային աջակցությունը մեր պետության եւ Արցախի նկատմամբ:

«Ադրբեջանի հռետորաբանությունը եւ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սադրանքները չեն խոսում հայ ժողովրդի հետ այդ երկրի հայտարարած խաղաղ համակեցությամբ ապրելու մասին»,-ասել է խմբակցության ղեկավարը եւ հավելել, որ այսօր էլ Ադրբեջանը շարունակում է սադրանքներն ու ճնշումները եւ սեղմում Արցախի շուրջ օղակը:

Նշվել է, որ արցախահայությունը չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Ճգնաժամային իրավիճակը հանգուցալուծելու հարցում ընդդիմադիր խորհրդարանականները կարեւորել են միջազգային գործընկերների դերակատարությունը:

Խոսելով արցախահայերի անվտանգային խնդիրների մասին` Սեյրան Օհանյանը նշել է, որ անվտանգության երաշխիք կարող է լինել բացառապես կարգավիճակի խնդրի լուծումը` Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը:

Շեշտվել է նաեւ ՀՀ տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերման հարցում միջազգային գործընկերների աջակցության անհրաժեշտությունը:

Սեյրան Օհանյանն ընդգծել է ՌԴ խաղաղապահների եւ Արցախի պաշտպանության բանակի համագործակցության զարգացման կարեւորությունը:

Խմբակցության ղեկավարը կարեւորել է նաեւ հայ-շվեյցարական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը, համագործակցությունը միջազգային հարթակներում:

Լուկաս Ռոզենկրանցը նշել է, որ երկու երկրների հարաբերություններում խորհրդարանական կապերի ընդլայնումը, նաեւ ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպումները էական նշանակություն ունեն: Նմանօրինակ հանդիպումները հնարավորություն են ընձեռում տեղեկանալու ներքաղաքական եւ տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ այլընտրանքային տեսակետների:

Աղվան Վարդանյանը եւ Արթուր Խաչատրյանը ներկայացրել են մեր երկրի ներքաղաքական խնդիրների վերաբերյալ իրենց տեսակետը:

Երիտասարդը թակել էր 70-ամյա կնոջ դուռը, ջուր խնդրել և այդ ընթացքում հեռախոս գողացել

Ապրիլի 11-ի ցերեկը ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում էր տվել Էջմիածնի Անդրանիկի թաղամասի բնակիչ, 70-ամյա մի կին: Նա հայտնել էր, որ անհայտ մեկը թակել է տան դուռը, ջուր խնդրել և այդ ընթացքում մտել տուն ու գողացել բջջային հեռախոսը:

Ոստիկանությունից հայտնում են, որ իրականացվեցին անհրաժեշտ գործողություններ, իսկ Վաղարշապատի քրեական հետախույզները ձեռնարկեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնք արդյունք տվին ապրիլի 25-ին: Այդ ընթացքում հաջողվեց ձեռք բերել հիմնավոր ապացույցներ, որ խաբեությամբ տուն մտել և հեռախոսը գողացել էր էջմիածինցի 30-ամյա մի երիտասարդ:

Նա հայտնաբերվել, ձերբակալվել ու տեղափոխվել է բաժին, որտեղ էլ բացատրական աշխատանքից հետո խոստովանել, որ գողությունը կատարել է ինքը: Նաև հայտնել է, որ հեռախոսը վաճառել է Էջմիածնի վաճառակետերից մեկում: Հետագա միջոցառումների շնորհիվ գնորդը հեռախոսը ներկայացրել է Վաղարշապատի քննչական բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ:

ՌԴ ԱԳՆ-ում առանձին հանդիպումներ են անցկացվել Հայաստանի և Ադրբեջանի դեսպանների հետ․ քննարկվել են Լաչինի միջանցքի շուրջ զարգացումները

ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանի և Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուի հետ առանձին հանդիպումներ է անցկացրել, տեղեկացնում են ՌԴ ԱԳՆ-ից։

«Քննարկվել են Լաչինի միջանցքում և ընդհանրապես Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի զարգացումները։ Վերահաստատվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020-2022 թթ․ ձեռք բերված համալիր պայմանավորվածությունների խստիվ պահպանման կարևորությունը»,- նշված է հաղորդագրությունում։

Տելեգրամով շոկո էր ձեռք բերել, իսկ հողամասում մարիխուանա աճեցրել. 41-ամյա քաղաքացին բռնվել է

Ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախույզները ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքն են բացահայտել։

Ոստիկանությունից  հայտնում են, որ նրանք ապրիլի 27-ի առավոտյան ձերբակալել և Չարենցավանի բաժին են տեղափոխել 41-ամյա մի տղամարդու՝ «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենայով հանդերձ։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են շոկոյի և մարիխուանայի նմանվող զանգվածներ, նաև՝ մոխրացած հետքերով կաթուցիչ։

Տղամարդու հավաստմամբ՝ շոկոն ձեռք էր բերել Տելեգրամի միջոցով, իսկ մարիխուանան պատրաստել էր իր հողամասում աճեցրած կանեփից:

Տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Չարենցավանի քննչական բաժին։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։

Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել ամերիկահայ անվանի բժիշկ-բարերար Վարդգես Նաջարյանի մահվան կապակցությամբ

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Նաջարյանների ընտանիքին՝ ամերիկահայ անվանի բժիշկ-բարերար Վարդգես Նաջարյանի մահվան կապակցությամբ:

Հեռագրում մասնավորապես ասված է.

«Խոր ցավով տեղեկացա ամերիկահայ անվանի բժիշկ-բարերար Վարդգես Նաջարյանի մահվան մասին:

Վարդգես Նաջարյանը մեր ազգային այն գործիչներից էր, որը դեռեւս խորհրդային տարիներից սկսած՝ իր ընտանիքի անդամների հետ միասին նշանակալի ավանդ է ունեցել Հայրենիքի զորացման գործում:

Բազմաթիվ են Նաջարյանների ընտանիքի բարերարությամբ Հայաստանում եւ Արցախում իրականացված ծրագրերը. մեր ժողովրդի համար ամենադժվարին պահերին՝ 1988թ. ավերիչ երկրաշարժից մինչեւ Արցախյան ազատամարտի տարիները, վտանգելով իրենց կյանքը, նրանք աշխատում էին խրամատներում եւ վրաններում՝ փրկելով հարյուրավոր զինվորների կյանքեր, մշտապես Հայրենիքին զորավիգ լինելու, Հայաստանին ու Արցախին իրենց մասնագիտական գիտելիքներով եւ կարողություններով, մեծաթիվ նվիրատվություններով աջակցելու նպատակադրմամբ:

Անմնացորդ նվիրում եւ  անսահման հոգատարություն ուներ Վարդգես Նաջարյանը հայկական բանակի հանդեպ: Նա վստահ էր՝ բանակի զորությունը առողջ, ամուր զինվորներն են, որոնց մասին պետք է հոգ տանել, ստեղծել նաեւ բուժօգնության առաջնակարգ պայմաններ:

Եվ այս համոզմունքով էր նա ապրում ու գործում:

Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման գործում անգնահատելի վաստակ ունեցող Վարդգես Նաջարյանի կորստյան ցավը, համոզված եմ,  Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում կիսում են բոլորը: Ըստ արժանվույն գնահատելով մեծ հայորդու եւ նրա ազնվազարմ տիկնոջ՝ Մերի Նաջարյանի հայրենանվեր գործունեությունը՝ տարիներ առաջ ՀՀ նախագահի հրամանագրով Նաջարյան ամուսինները պարգեւատրել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով:

Խորին ցավակցություն եւ զորակցություն եմ հայտնում Վարդգես Նաջարյանի ընտանիքիին, հարազատներին, ընկերներին եւ գործընկերներին:

Աստված թող լուսավորի Վարդգես Նաջարյանի ազնիվ հոգին եւ սփոփանք ու մխիթարություն պարգեւի նրա կորուստը սգացողներին:

Վարգես Նաջարյանի՝  ազգային մեծ բարերարի եւ առաքինի, աշխատասեր, իմաստուն ու համեստ մարդու հիշատակը մշտապես վառ կմնա սերունդների հիշողության մեջ։

Հանգչի՛ր խաղաղությամբ»:

Տավուշի մարզում բախվել են «Մերսեդեսն» ու «Օպելը». վերջինիս վարորդը մահացել է

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին, որի հետևանքով մեկ մարդ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության լրատվության բաժինը։

Նշվում է, որ վթարի մասին ահազանգ Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ստացվել է ժամը 16:58-ին։

«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ»,– նշված է հաղորդագրության մեջ։

Ահազանգով վթարի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 12-րդ կմ-ին բախվել են վարորդ Ա.Հ.–ի վարած «Opel Astra F»–ը և 26-ամյա վարորդ Գ.Խ.–ի վարած «Mercedes-Benz Sprinter»–ը: Շտապօգնության աշխատակիցն արձանագրել է «Օպելի» վարորդ Ա. Հ.-ի մահը:

Սոցցանցում կան «կերպարներ» որոնք պարզվում է ամեն ինչի մասնագետ են ու այնպիսի առոգանությամբ են կառուցում իրենց «քննադատությունը», որ սկսում ես մտածել դրանց ադեկվատության մասին

Սոցցանցում կան «կերպարներ» որոնք պարզվում է ամեն ինչի մասնագետ են ու այնպիսի առոգանությամբ են կառուցում իրենց «քննադատությունը», որ սկսում ես մտածել դրանց ադեկվատության մասին: Ցավալի է, որ այդ մարդիկ, հրապարակային խոսք ասելուց առաջ իրենց նեղություն չեն տալիս թեմային խորքային տեղեկանալ: Հատկապես, որ այն վերաբերում է երկրի անվտանգությանն ու պաշտպանական քաղաքականությանը:
Այդպիսի մի «բայրակտարագետ» էլ բայրակտարների մասին ինտերնետից արտատպած կարճ գրառում է արել, ու իրեն «հռչակելով» ռազմական գործի ականավոր գիտուն` կրկին իբրև թե «քննադատել է» նախորդ իշխանություններին:
Նման պատվիրված «ասելիքին» պետք է ասել հետևյալը: Պետության պաշտպանական քաղաքականությունն այնքան պրիմիտիվ չէ, որպեսզի մակերեսային դատողությունների տեղ թողնի: Մեր երկրի սպառազինության քաղաքականությունը մինչև 2018թ. զարգացել է համաչափ` սիմետրիկ ու ասիմետրիկ եղանակներով պատասխանելով Հայաստանի և Արցախի հիմնական սպառնալիքներին ու մարտահրավերներին: Ապրիլյան պատերազմը դրա վառ օրինակն էր, ինչը ցույց տվեց Ադրբեջանի ձեռք տակ եղած անօդաչու ավիացիայի անէֆեկտիվությունը և դրանց դեմ հայկական կողմից գործարկված հարվածային մեխանիզմները: Նույնիսկ ադրբեջանական ԶՈւ իսրայելական անօդաչուները (որոնք բավական էֆեկտիվ են համարվում) չկարողացան փոխել քառօրյա պատերազմի ընթացքը:
Հետագայում, 2017թ. մշակված ՀՀ ԶՈւ արդիականացման յոթնամյա ծրագիրը, սպառիչ պատասխանում էր ՀՀ ԶՈւ կարողությունների ավելացման հարցերին` այդ թվում նաև թուրքական բայրաքտարի և այլ միջոցների դեմ: Նախատեսված էր կարճ ժամկետներում ձեռք բերել շատ մեծ թվով (չհրապարակեմ թիվը) ԱԹՍ-եր, ժամանակակից ՀՕՊ համակարգեր և այլն: Իսկ թե ինչու՞ այն կյանքի չկոչվեց մինչև 2020թ.սեպտեմբեր, թող ֆեյսբուքյան գիտուններն այդ հարցն ուղղեն կապիտուլյանտներին: Այս մասին բազմաթիվ անգամներ ենք խոսել և անընդհատ ենք խոսելու` քանի դեռ կան մանիպուլյատիվ եղանակով նախորդ իշխանություններին անիմաստ «քննադատող» կերպարներ:
Ցավալի է, որ խոսողները չգիտեն, թե ինչը ինչպե՞ս է եղել իրականում, և առաջնորդվում են կեղծ պրոպագանդիստական, շինծու թեզերով ու մարդկանց թունավորելու մոլուցքով:
Ինչ վերաբերում է ՊՆ այլ (ոչ ռազմական) ծախսերը տվյալ «քննադատի» կողմից որպես համեմատություն մեջբերելուն, ապա դա ևս մեկ վկայություն է, որ վերջինիս ոչ թե բանակի սպառազինությունն էր հետաքրքրում, այլ էժանագին «քննադատությունը» և չարիքի վերածված պոպուլիզմը:
Այդ «բարաքտարագետին» հիշեցնեմ նաև, որ Ադրբեջանը թուրքական ԱԹՍ-երը ձեռք է բերել 2020թ., երբ մեր տխրահռչակ կապիտուլյանտը կորոնավիրոսի ժամանակ սահմանադրական բարեփոխում էր անում, իսկ Բանակը դարձրել էր կլուբնիկային PR-ի սեփական միջոց:

Անահիտ Ավանեսյանի եւ «Ուիգմոր» բուժհաստատության միջև կարող է առկա լինել շահերի բախման իրավիճակ

Հարգելի՛ քաղաքացիներ,
մամուլում շրջանառվում էին տեղեկություններ, որ Անահիտ Ավանեսյանի եւ «Ուիգմոր» բուժհաստատության միջև կարող է առկա լինել շահերի բախման իրավիճակ:
ՀՀԿ ՀԸ-ն հարցում էր ուղարկել Առողջապահության նախարարություն` պարզելու համար Անահիտ Ավանեսյանի պաշտոնավարման ժամանակամիջոցում տվյալ բուժհաստատությանը հատկացված գումարների չափը:
Տվյալները ներկայացնում ենք ստորև:
📍2019թ.- 46.788.000 դրամ (ավելի քան 110.000 ԱՄՆ դոլար)
📍2020թ.-163.941.800 դրամ (ավելի քան 380.000 ԱՄՆ դոլար)
📍2021թ. -293.449.000 դրամ (ավելի քան 690.000 ԱՄՆ դոլար)
📍2022թ.- 295.382.200 դրամ (ավելի քան 690.000 ԱՄՆ դոլար)
Ստորև տեղադրում ենք նաև փաստաթուղթը:

Թուրքիան 130 տոկոս մաքսատուրք է սահմանում ցորենի, գարու եւ եգիպտացորենի ներկրման համար

Թուրքիան մայիսի 1-ից ցորենի, գարու եւ եգիպտացորենի ներկրման համար 130 տոկոս մաքսատուրք է սահմանում, նշվում է նախագահ Թայիփ Էրդողանի ստորագրած փաստաթղթում, որը հրապարակվել է կառավարության Resmi Gazete տեղեկագրում։

Փաստաթղից հետեւում է, որ բացառություն է արվել Սինգապուրի համար, որտեղ 16,2 տոկոս մաքսատուրքը կգործի արտադրանքի մի մասի վրա եւ Բոսնիայի համար, որտեղ կպահպանվի զրոյական տոկոսադրույքը։
Ավելի վաղ Polskie Radio 24-ը, հղում անելով Բրյուսելի աղբյուրներին, հայտնել էր, որ Եվրահանձնաժողովը պատրաստ է արգելել ուկրաինական գյուղմթերքի մատակարարումը Եվրոպա։

Ռադիոկայանի տվյալներով՝ ԵՀ-ն կարող է ցորենի, եգիպտացորենի, արեւածաղկի, հլածուկի ներկրման արգելք սահմանել։ Նշվում է, որ այս հարցի քննարկումը նախատեսված է Մոսկվայի ժամանակով ժամը 17:00-ին Եվրահանձնաժողովի փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսի հանդիպման ժամանակ Լեհաստանի, Հունգարիայի, Սլովակիայի, Բուլղարիայի, Ռումինիայի եւ Ուկրաինայի ներկայացուցիչների հետ։ Բանակցություններին պետք է մասնակցի նաեւ գյուղատնտեսության հարցերով եվրահանձնակատար Յանուշ Վոյցեխովսկին։