Ալեքսեյ Նավալնու դեմ ահաբեկչության մասին քրեական գործ է հարուցվել

Ռուս հայտնի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին, որը պատիժը կրում է Վլադիմիրի մարզի թիվ 2 ուղղիչ գաղութում, տեղեկացրել է, որ իր դեմ նոր քրեական գործ է հարուցվել ահաբեկչության մասին հոդվածով։ «Քննիչն ինձ ասաց, որ իմ դեմ ահաբեկչության մասին նոր գործ է հարուցվել, եւ այդ գործով ինձ դատելու է ռազմական դատարանը»,- չորեքշաբթի՝ ապրիլի 26-ին Նավալնու խոսքերը մեջբերել են ռուսական ԶԼՄ-ները։

Տեղեկությունների համաձայն՝ նոր գործն առանձնացվել է ծայրահեղականության վերաբերյալ գործից, որը Նավալնու դեմ հարուցվել էր 2022թ. հոկտեմբերին։ Ապրիլի 26-ին Մոսկվայի Բասմանյան դատարանը դիտարկում է քննության միջնորդությունը՝ այն ժամկետների սահմանափակման մասին, որոնց ընթացքում Նավալնին կարող է ծանոթանալ գործի նյութերին։ Քննչական կոմիտեի ներկայացուցչի միջնորդությամբ նիստը տեղի է ունենում դռնփակ։

«Դատավարությունը փակելու փորձով ցանկանում են սահմանափակել գործի նյութերին ծանոթանալու ժամկետն ինձ համար եւ այնպես անել, որպեսզի այդ մասին ոչ ոք չիմանա»,- ասել է Ալեքսեյ Նավալնին՝ նիստին մասնակցելով տեսակապի միջոցով։

Նավալնին նաեւ իր սոցցանցերում տեղեկացրել է, որ իրեն նորից տեղափոխել են տուգանային մեկուսարան, ընդ որում՝ այս անգամ նախորդ պատիժը կրելուց անմիջապես հետո։

«Ինձ համար չեղարկել են բանտերի երկաթե կանոնը, որը սրբորեն պահվում էր թե՛ ԽՍՀՄ-ում, թե՛ Ռուսաստանում. տուգանային մեկուսարանի «հնգօրյայից» հետո պետք է գոնե մեկ օր «բարձրացնել զոնա»՝ եւս մեկ «հնգօրյա» տալուց առաջ»,- գրել է նա։

Նախօրեին Նավալնին տեղեկացրել էր, որ իրեն չեն տալիս այն ուտելիքը, որն ինքն է գնել գաղութի ճաշարանում. «Դա այսպես է կատարվում։ Բացվում է դուռը։ Այնտեղ մենթն է՝ ձեռքին փաթեթ. «Նավալնի, ստացեք գնված մթերքները։ Այսպես, խաշած ձվեր, ստորագրեք։ Մենք դրանք դեն ենք նետում, ժամկետանց են։ Տեսեք, դեռ կարտոֆիլ ունեք եւ բրինձ։ Դեն ենք նետում։ Վաղը կչփանան։ Վաա՜յ։ Բուլկի ունե՛ք։ Տոների՞ն եք գնել։ Ստորագրեք ստացած բուլկիի համար, իսկ այստեղ՝ որ դեն ենք նետել այն։ Արագ փչացող ապրանք է»,- ասել է քաղաքական գործիչը։

Բժիշկները հայտնել են Բեռլուսկոնիի վիճակի մասին

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին, ով երեք շաբաթ է, ինչ գտնվում է Միլանի San Raffaele հիվանդանոցում՝ քրոնիկ լեյկեմիայի հետ կապված թոքերի վարակի պատճառով, կայուն է, նա լավ է արձագանքում ընթացիկ բուժմանը, չորեքշաբթի հայտնել են քաղաքական գործչին բուժող բժիշկները:

Իտալիայի քաղաքականության պատրիարքը հոսպիտալացվել է ապրիլի 5-ին։ Ավելի ուշ բժիշկներն առաջին անգամ հայտնեցին, որ 86-ամյա քաղաքական գործիչը տառապում է լեյկեմիայով։ Ապրիլի 17-ին հայտնի դարձավ, որ Բեռլուսկոնիի վիճակի կայունացումը հնարավորություն է տվել նրան վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել հիվանդասենյակ։

Բեռլուսկոնիի 33-ամյա ընկերուհին՝ Մարտա Ֆաշինան, ում հետ անցած տարվա մարտին «խորհրդանշական հարսանիք» էին կազմակերպել, հիվանդանոցում մշտապես գտնվում է Բեռլուսկոնիի կողքին։

Թռչնաբույծներն ահազանգում են՝ Վրաստանից էժան, սառեցված թռչնամիս է ներմուծվում և վաճառվում թարմի անվան տակ․ Hetq.am

Վրաստանից Հայաստան է ներմուծվում սառեցված թռչնամիս, որը վաճառվում է թարմ-պաղեցվածի անվան տակ։ Այս մասին «Հետք»-ին ահազանգում են տեղական արտադրողները:

Թարմ-պաղեցված թռչնամսի պիտանելիության ժամկետն արտադրման ավարտից սկսած կազմում է 48-72 ժամ (մասնատվածը՝ մինչև 48 ժամ, ամբողջական թռչունը՝ մինչև 72 ժամ, պահպանման ջերմային ռեժիմը՝ -1 մինչև +4c)։ Դրանից ավել պահելու համար այն սառեցվում է։ Շուկայում թարմ-պաղեցված թռչնամիսն ավելի թանկ է վաճառվում, քան սառեցվածը։

Տեղական արտադրողների մեկնաբանությամբ՝ Վրաստանից ներմուծված սառեցված հավի միսը բերվում է Հայաստան և ապասառեցվելուց հետո վաճառվում որպես թարմ-պաղեցված միս։ Արտադրողները դժգոհում են, որ Էժանագին, կասկածելի անվտանգային հատկանիշներով, խթանիչներով աճեցված, անհամեմատ բարձր քաշով սառեցված թռչնամսի ներմուծման արդյունքում իրենց համար անհավասար մրցակցային պայմաններ են ստեղծվել: Արդեն մեկ տարի է՝ շուկայում այս վիճակն է։

«Այդ թռչնամիսը Հայաստան է ներմուծվում պետության տված քվոտայի շրջանակներում, 0% մաքսատուրքով՝ առանց ավելացված արժեքի հարկի։ ԵԱՏՄ միասնական մաքսատուրքերն այստեղ չեն գործում հենց քվոտավորման շրջանակներում: Ստացվում է, որ հայկական արտադրության պաղեցված թռչնամիսն առավելագույնը երեք օրվա է, իսկ ներմուծվածը, թեև իրականում պաղեցված չէ և իրացվում է 10-15 օրում, ավելի էժան է»,- «Հետք»-ի հետ զրույցում ասել է Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը։

Ստեփանակերտի խանութներին առաքվում է միրգ և բանջարեղեն

Այսօր Ստեփանակերտի խանութներին առաքվում է միրգ և բանջարեղեն, և խաղաղապահների միջոցով իրականացվող հումանիտար բեռների ներկրման լրացուցիչ խոչընդոտների վերացման դեպքում առաջիկա օրերին հնարավոր կլինի բնականոն հուն մտցնել կտրոններով նախատեսված ապրանքատեսակների համապատասխան ծավալների մատակարարումը:

Այդ մասին հայտնում են ԱՀ պետական տեսչությունների կառավարման կոմիտեից՝ ավելացնելով, որ բոլոր այն քաղաքացիները, ովքեր չեն օգտագործել մինչև ապրիլի 25-ի համար նախատեսված կտրոնները, կարող են դրանցով շարունակել կատարել գնումներ:

Վերահաստատվել է ՌԴ-ի, ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարների միջև պայմանավորվածությունների խստիվ պահպանման կարևորությունը․ Մանրամասներ՝ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցից

Կրեմլը մանրամասներ է ներկայացրել ՌԴ նախագահի և ՀՀ վարչապետի հեռախոսազրույցի վերաբերյալ։

«Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացումը` շեշտը դնելով տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման գործնական խնդիրների լուծման վրա։ Լաչինի միջանցքում իրավիճակի ներկայիս սրման համատեքստում վերահաստատվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև հիմնարար պայմանավորվածությունների ողջ շրջանակի խստիվ պահպանման կարևորությունը։

Ռուսաստանի նախագահը համերաշխություն է հայտնել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները տարբեր մակարդակներով», — նշված է հաղորդագրությունում։

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով

Երևանի առանձին հատվածներում այսօր՝ ապրիլի 27-ի, 28-ի գիշերը և երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 29-ի ցերեկը, 30-ին, մայիսի 1-ին սպասվում է անձրև և ամպրոպ։

Ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 13-16մ/վ արագությամբ։

Մարզերի առանձին շրջաններում այսօր, ապրիլի 27-ին, 28-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 29-ի ցերեկը, 30-ին, մայիսի 1-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ։ Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ հարավարևմտյան 3-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 26-28-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։

Արցախում այսօր և վաղը սպասվում է անձրև և ամպրոպ։

Արման Թաթոյանը Վիեննայում ԵԱՀԿ բարձրաստիճան միջոցառմանը խոշտանգումների հարցով զեկույց է ներկայացրել

ԵԱՀԿ Մշտական խորհրդի նախագահի և ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) տնօրենի համատեղ անհատական հրավերով  ապրիլի 25-ին Վիեննայում Արման Թաթոյանը զեկույց է ներկայացրել «Խոշտանգումը եւ միջազգային մարդասիրական իրավունքի ու մարդու իրավունքների միջազգային իրավունքի կոպիտ խախտումները ճգնաժամային իրավիճակներում» խորագրով ԵԱՀԿ բարձրաստիճան միջոցառմանը։

Միջոցառմանը Արման Թաթոյանը զեկույց է  ներկայացրել որպես Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչ:

Վերացվել է մսամթերքի արտադրամասի գործունեության կասեցումը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է անհատ ձեռնարկատեր Լուսիկ Պապյանին պատկանող մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը (Լոռու մարզ, ք. Ստեփանավան):

ՍԱՏՄ-ից հայտնում են, որ տեսչական մարմնի Լոռու մարզայի կենտրոնի տեսուչների կրկնակի ստուգմամբ պարզվել է, որ նախկինում արձանագրված խախտումները վերացվել են:

ԵՄ առաքելությունն Ադրբեջանին տեղեկացնում է իր պարեկային երթուղու մասին, որպեսզի տեղաշարժը լարվածության առիթ չհանդիսանա. ՀՀ ԱԳՆ

ԵՄ առաքելությունն ադրբեջանական կողմին տեղեկացնում է իր պարեկային երթուղու մասին, Panorama.am-ին հայտնել են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։

«ԵՄ քաղաքացիական մշտադիտարկման առաքելությունն իր գործունեությունն իրականացնում է 2023 թ. հունվարի 23-ին ԵՄ խորհդրի կողմից ընդունված որոշմանը համաձայն և դրանով նախատեսված մեխանիզմներով՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում։

Առաքելությունն իր գործառույթների իրականացման շրջանակներում մշտական կապի մեջ է ՀՀ համապատասխան գերատեսչությունների հետ, որոնք տեղեկացված են, որ անվտանգության նկատառումներից ելնելով, ԵՄ առաքելությունն ադրբեջանական կողմին տեղեկացնում է միայն իր պարեկային երթուղու մասին, որպեսզի ԵՄ առաքելության ավտոշարասյան տեղաշարժը թյուրըմբռնման և լարվածության առիթ չհանդիսանա», — նշել են ԱԳՆ-ից։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Անցած 6 ամիսների ընթացքում վերանորոգվել է 3 շարժակազմ՝ բաղկացած 3 վագոնից. Երևանի մետրոպոլիտեն

Երևանի մետրոպոլիտենի տնտեսած դրամական միջոցների հաշվին՝ անցած 6 ամիսների ընթացքում վերանորոգվել է 3 շարժակազմ՝ բաղկացած 3 վագոնից։ Այս մասին հայտնում են Երևանի մետրոպոլիտենից:

«Այսպիսով՝ էլ․ հավաքակայանում ունենք 4 հատ 3 վագոնից բաղկացած և 9 հատ 2 վագոնից բաղկացած և 2 հատ 1 վագոնից բաղկացած շարժակազմեր, ինչն էլ էականորեն նպաստում է ուղևորների հարմարավետ ուղևորափոխադրմանը։

Մաղթում ենք բոլորին արագ, անվտանգ ու անխափան երթևեկություն»,- ասված է Երևանի մետրոպոլիտենի ֆեյսբուքյան էջում։