Սերժ Սարգսյանն այսօր Ծիծեռնակաբերդում էր` ժողովրդի հետ, նա չէր վախենում սեփական ժողովրդից

«Ժողովրդավարները»վախենում են սեփական ժողովրդից։ Այնքան շատ են վախենում, որ այս սուրբ օրով Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հատուկ սարքի միջոցով ստուգում էին ծաղիկները, որ իրենց ավելի ապահով զգան։
Սերժ Սարգսյանն այսօր Ծիծեռնակաբերդում էր` ժողովրդի հետ, նա չէր վախենում սեփական ժողովրդից, նրա այցից առաջ հատուկ սարքերով չէին ստուգում ծաղիկները…
Ինչպես ասում էր Սերժ Սարգսյանը` «Սեփական ժողովրդից չեն նեղանում», և, ահա այսօր նա կանգնած էր այդ ժողովրդի մեջ։

Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին՝ ծաղկեպսակ դրել հուշակոթողին և ծաղիկներ խոնարհել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:

Նիկոլը ջուր է դարձնում հայերիս արյունը՝ անկախ նրանից, թե այն երբ է թափվել`1915-ին, 1988-1994-ին, 2016-ին, 2020-ին, թե այլ ժամանակ․ Արմեն Աշոտյան

Բացարձակ անակնկալ չէ Նիկոլի դատարկ «ուղերձը» Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամ, կարծիք է հայտնել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Այն մասին, որ նա համաշխարհային գեոպոլիտիկ շուկայում ծախում է նաեւ մեր քաղաքան կարեւորության, մեր գոյութենական ինքնության, մեր ազգային օրակարգի այս հարցը, վաղուց պարզ էր։

2018-ից մինչեւ 2020-ի նոյեմբեր ցեղասպանության հարցը ֆորմալ մնացել էր Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում, սակայն դեկլարատիվ ծխածածկույթի ներքո այն հետեւողականորեն մոռացության էր մատնվում։

Որպես օրինակ՝ հիշեք Նիկոլի մինչպատերազմյան պաշտոնական ելույթները ՄԱԿ-ում եւ միջազգային այլ հարթակներում։

44-օրյա պատերազմից հետո Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը դարձավ տեսանելիորեն առավել «առեւտրային», չորրորդական, իներցիոն։

Փաշինյանի այսօրվա «ուղերձը» թուրքական պաշտոնական քարոզչության մի արտանետվածք է։

Նրանում չկան ո՛չ միջազգային ճանաչման գերակայությունը, ո՛չ Թուրքիային սեփական պատմությանն առերեսելու հրամայականը, ոչ էլ զուգահեռներ՝ Արցախի 120 000 հայության դեմ այսօր ծավալվող նախացեղասպանական թուրք-ադրբեջանական գործողությունների գնահատական։

Չար հեգնանք է Նիկոլի կատարմամբ պետական ինստիտուտների կարեւորության մասին թեզը, քանզի մի կողմից նա ջանք չի խնայում վերացնելու Արցախի պետականության գաղափարը եւ հետեւողականորեն քայքայում է Հայաստանի պետականությունը, իսկ մյուս կողմից՝ տարածում «պետության» չԱզգային, նեոլիբերալ քաղաքացիական թեզը։

Նիկոլը ո՛չ հիշում է, ո՛չ պահանջում։

Նիկոլը ջուր է դարձնում հայերիս արյունը՝ անկախ նրանից, թե այն երբ է թափվել. 1915-ին, 1988-1994-ին, 2016-ին, 2020-ին, թե այլ ժամանակ։

Հ.Գ. Չեմ զարմանա, որ պարզվի. Նիկոլի այսօրվա տեքստը համաձայնեցվել է Էրդողանի նախընտրական շտաբի հետ»,- սոցցանցի իր էջում գրել է Արմեն Աշոտյանը։

Լաչինի անցակետի հարցով Հայաստանը կդիմի Արդարադատության միջազգային դատարան. Եղիշե Կիրակոսյան

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի` Լաչինի միջանցքի վրա Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրման փաստով Հայաստանը առաջիկա օրերին դիմելու է Արդարադատության միջազգային դատարան, Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում հայտնել է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

«Անցակետ դնելը, կարծում եմ, արդեն շատ աղաղակող անհամապատասխանություն է։ Եթե մինչև այս պահը, իբրև թե էկոակտիվիստների գործողությունների նկատմամբ ազդեցություն չունենալն էր շահարկվում, որն, իհարկե, ոչ մի տեղ լուրջ չէր ընդունվում, հիմա արդեն շատ ավելի կոնկրետ գործողություններով է խախտում դատարանի որոշումը», — ասել է Կիրակոսյանը։

Հարգանքի տուրք ենք մատուցում Մեծ Եղեռնի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին ու վերստին խոստանում երբեք չմոռանալ դա. Ջո Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ուղերձ է հղել հայկական հիշատակի օրվա կապակցությամբ։

«Այսօր մենք խոնարհվում ու հարգանքի տուրք ենք մատուցում Մեծ Եղեռնի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին ու վերստին խոստանում երբեք չմոռանալ դա։

1915թ․ ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում Օսմանյան իշխանությունները ձերբակալեցին հայ մտավորականներին ու համայնքի առաջնորդներին և դրանով սկզիբ առավ հայերի դեմ բռնությունների համակարգված արշավը։ Սրան հաջորդած տարիներին տեղահանություններին, կոտորածներին և մահվան երթերին զոհ գնացին մեկուկես միլիոն հայեր. ողբերգություն, որը սերնդեսերունդ իր հետքն է թողել հայկական ընտանիքների վրա։

Հիշելով պատմության այս ցավալի դեպքերը աշխարհի տարբեր երկրների հետ՝ մենք նաև տուրք ենք տալիս հայ ժողովրդի տոկունությանն ու կամքին։ Ցեղասպանությունը վերապրածներից շատերը ստիպված էին նոր կյանք սկսել նոր վայրերում, այդ թվում՝ Միացյալ Նահանգներում։ Այստեղ և ամբողջ աշխարհում հայ մարդը ատելության չարիքին արձագանքել է հույսով։ Հայերը վերստին կառուցել են իրենց համայնքները։ Նրանք փայփայել են իրենց ընտանիքներին և պահպանել են իրենց մշակույթը։ Նրանք հզորացրել են մեր երկիրը։ Նրանք նաև իրենց և իրենց նախնիների անցած ճանապարհի մասին են պատմել, որպեսզի հիշենք ու ապահովենք, որ 108 տարի առաջ տեղի ունեցած բնաջնջման արշավի կրկնություն երբևէ չլինի։

Թույլ տվեք այսօր վերահաստատել այս խոստումը։ Եկե՛ք նորից պարտավորվենք ատելության դեմ մեր խոսքն ասել, պաշտպանել մարդու իրավունքները և կանխել վայրագությունները։ Եվ եկե՛ք միասին կրկնապատկենք մեր ջանքերը՝ կերտելու ավելի լավ ապագա, որտեղ բոլոր մարդիկ կապրեն արժանապատվորեն, կվայելեն հարգանք, կլինեն անվտանգ ու ապահով»,-նշված է ուղերձում։

«Այս օրը մենք սգում ենք հայ ժողովրդի հետ». ՀՀ-ում ՌԴ դեսպանն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը և ՌԴ դեսպանության պաշտպանական հարցերով կցորդ Իգոր Շչերբակովը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

«Ապրիլի 24-ին Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը և դեսպանության պաշտպանական հարցերով կցորդ Իգոր Շչերբակովը մասնակցել են Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղկեպսակներ և ծաղիկներ դնելու արարողությանը։ Այս օրը մենք սգում ենք հայ ժողովրդի հետ», — նշված է ՌԴ դեսպանատան գրառման մեջ:

Խորհուրդ ենք տալիս «երկար քթերը» չխոթել ուրիշի անձնական կյանքի մեջ․ Նատալյա Ռոտենբերգ

Հասարակական, քաղաքական գործիչ Նատալյա Ռոտենբերգը հայտարարություն է տարածել Լոնդոնի բարձր դատարանի՝ իրեն ձերբակալելու որոշման մասին.

«Հայտնում ենք, որ Նատալյա Ռոտենբերգը բաժանվել է իր առաջին ամուսնուց՝ Արկադի Ռոտենբերգից, 2013 թվականին, 2016 թվականին երկու կողմերը կնքել են ընտանեկան ակտիվների վերաբերյալ հաշտության համաձայնագիր, բայց որոշ ժամանակ անց, նախկին ամուսինը փոխել է իր միտքը, որից հետո շարունակվել է դատական գործընթացը:

Նատալյա Ռոտենբերգի նկատմամբ հայց ներկայացրած փաստաբանական գրասենյակը իրեն պաշտպանել է ընդամենը 1 օր դատարանում (1,5 ժամ դատարանում), ինքն անձամբ երբեք չի հանդիպել նրանց հետ և ծանոթ չէ:

Նրանց կատարած միակ աշխատանքն այն է եղել, որ նրանք դատական նիստին խնդրել են՝ դատը տեղափոխվի մեկ այլ օր: Այլևս չեն ներկայացրել գործը ոչ մի դատարանում և նիստերում։ Դա միանգամյա ծառայություն էր, որի համար փաստաբանները պահանջել են ավելի քան £100.000: Նատալյա Ռոտենբերգը համաձայն չի եղել այդ գումարի չափի հետ, քանի որ նշված չափը չի համապատասխանում մատուցված ծառայություններին:

Ինչ վերաբերում է Նատալյա Ռոտենբերգի՝ դատարան չներկայանալու մեղադրանքին, ապա դա տրամաբանական է. Անգլիան 2018 թվականից դադարել է երկարաձգել երկիր մուտք գործելու վիզան ռուսների համար, առավել ևս այնպիսի անձանց համար, ովքեր ունեն այսքան հայտնի ազգանուն, որը մտել է պատժամիջոցների մեջ։

Տրամաբանական չէ պահանջել այն, ինչ իրենք են արգելափակում ու չեն տալիս, առավել ևս նման անհեթեթ վճիռ կայացնել։ Թող նախ միջանցք բացեն, վիզա տան, թույլ տան դատարանում պաշտպանվել և ապացուցել իրենց իրավացիությունը, իսկ հետո նոր մեղադրանք առաջադրեն։

Այն, որ փաստաբանները խնդրել են £100.000, Նատալյա Ռոտենբերգն անհեթեթ է համարում և ունի նրանց նամակների և հայցերի բոլոր ապացույցները՝ թվերով: Եվ եթե հարցը ընդամենը £11.500 է, ապա դա փոխում է ամբողջ պատկերը: Ինքը ՝ Նատալյա Ռոտենբերգը, չի տեսել վերադարձի գումարի և կալանքի որոշման վերաբերյալ որոշումը, և եթե վերջին որոշումը 11.500 ֆունտ ստեռլինգի մարումն է, ապա նա պատրաստ է մարել այդ պարտքը:

Յուրաքանչյուր մարդ կարող է բախվել դատարանների հետ, և դա նորմալ է: Դրա համար էլ նրանք գոյություն ունեն, որպեսզի լուծեն նմանատիպ հարցերը, որոնք մարդիկ չեն կարողացել լուծել խաղաղ ճանապարհով։

Դրանից մեծ ողբերգություն սարքելու և ուռճացնելու անհրաժեշտություն չկա:

Խորհուրդ ենք տալիս բոլորին իրենց «երկար քթերը» չխոթեն ուրիշի անձնական կյանքի մեջ»։

Իրավիճակը հեշտ չէ, այն լրացուցիչ ջանքեր է պահանջում. Պեսկովը՝ Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետ տեղադրելու մասին

Կրեմլը հայտարարել է Լաչինի միջանցքում ադրբեջանական կողմից անցակետի ստեղծման հետ կապված լրացուցիչ ջանքեր գործադրելու անհրաժեշտության մասին։

Իրավիճակը մեկնաբանելու լրագրողների խնդրանքին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատասխանել է. «Ռուսաստանը շարունակում է իր միջնորդական ջանքերը և հիմնականում՝ իրականացնելու ավելի վաղ ստորագրված եռակողմ փաստաթղթերի բոլոր դրույթները։ Ռուսաստանը կշարունակի աշխատել այս ուղղությամբ Երեւանի եւ Բաքվի հետ»։

«Մենք շարունակում ենք շփումները։ Իրավիճակը, իրոք, հեշտ չէ, այն լրացուցիչ ջանքեր է պահանջում, և որ ամենակարևորն է, այն պահանջում է, որ նշված երկրները հասկանան, որ պայմանավորվածությունների իրագործումն այլընտրանք չունի»,- հավելել է Պեսկովը։

Չեմ հոգնելու, շարունակելու եմ պայքարել. Արթուր Վանեցյան

Կոչեր անելը գործիքներից մեկն է, որը պետք է լինի, Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

«2019 թ. սեպտեմբերից, երբ հրաժարական եմ տվել իմ զբաղեցրած պաշտոնից, մտել եմ ակտիվ պայքարի մեջ և շարունակում եմ պայքարել։ Չեմ հոգնելու։ Իհարկե, կարճ ժամանակում շոշափելի արդյունքներ կամ հանրության կողմից սպասելի արդյունքներ, ցավոք, չեն գրանցվել, բայց այս իշխանությունն էլ ամեն ինչ անում է, որպեսզի մնա իշխանության», — ասաց Արթուր Վանեցյանը։

Արցախը կանգնած է թուրք-ադրբեջանական ցեղասպան քաղաքականության նոր և իրական վտանգների առջև. պահն օրհասական է. Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ:

«Ամեն տարի ապրիլի 24-ին մենք ազգովի հիշում և ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը, մեր 1.5 միլիոն սուրբ նահատակների, որ դարձան թուրքական յաթաղանի զոհ միայն այն բանի համար, որ հայ էին:

Մարդկության դեմ ուղղված այդ հրեշավոր ոճրագործությունը վաղեմության ժամկետ չունի: Եվ քանի դեռ այն չի ճանաչվել ու դատապարտվել ամբողջ քաղաքակիրթ աշխարհի կողմից, մենք կարող ենք ականատես լինել ցեղասպանության նոր դրսևորումների ամբողջ աշխարհում:

Այսօր Արցախը կանգնած է թուրք-ադրբեջանական հայատյաց ու ցեղասպանական քաղաքականության նոր և իրական վտանգների առջև: Մեծ Եղեռնից 108 տարի անց էլ հայը շարունակում է կենաց-մահու պայքար մղել իր հայրենիքում ազատ ու անկախ ապրելու, սեփական իրավունքներն ու ազատությունները, ազգային շահերն ու արժանապատվությունը պաշտպանելու համար:

134 օր շարունակվող շրջափակման մեջ պահելով Արցախի 120 հազար խաղաղ բնակչությանը, տասնյակ հազարավոր երեխաների ու ծերերի, ոտնահարելով միջազգային իրավունքի բոլոր նորմերն ու սկզբունքները, անտեսելով միջազգային հանրության հորդորները և ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը՝ Ադրբեջանի բռնապետական իշխանությունները փորձում են ծնկի բերել մեր ժողովրդին:

Սակայն մենք անդրդվելի ենք ու վճռական Արցախը միշտ հայկական ու անառիկ պահելու ճանապարհին: Մենք այլընտրանք չունենք։ Հայը չի կարող նորից հայրենիք կորցնել, դառնալ տարագիր ու սփռվել աշխարհով մեկ: Մենք պետք է դասեր քաղենք անցյալից ու միասնաբար կերտենք հայ ժողովրդի ապագան՝ այսօր և այստեղ:

Պահն օրհասական է, լինել-չլինելու հարց է ոչ միայն Արցախի, այլև՝ հայոց պետականության համար: Այսօր քան երբեւէ պետք է խոսքից անցնել գործի։ Համազգային պատասխանատվության, արժանապատվության, պահանջատիրության պահն է՝կանգնել Արցախի կողքին և կանխել նորանոր համազգային ողբերգություններն ու ձախողումները։

Ուստի, ապավինելով Մայր Հայրենիքին, աշխարհասփյուռ հայությանը և օտարերկրյա բարեկամներին՝ մենք բոլոր կազմակերպություններին ու սրտացավ անձանց խնդրում ու հորդորում ենք կիրառել բոլոր հնարավոր գործիքակազմերը ի պաշտպանություն Արցախի մաքառող ժողովրդի՝ հանուն հայոց համազգային շահերի և համամարդկային արժեքների:

Աստված պահապան հայ ազգին»,- ասվում է ուղերձում: