Որոշակի շրջափակման մեջ է վերցվել նաև ռուսական հենակետը․ Աբրահամյան

Ադրբեջանը փորձում է ստեղծել իրավիճակ, որի պայմաններում առանց ուժի կիրառման Արցախը կհայաթափվի։ Այդ տեսակետը հայտնեց ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ Ջահերով երթի ժամանակ լրագրողների հետ զրույցում։ Նրա խոսքով՝ անցակետի առկայությունը նշանակում է, որ ՀՀ- Արցախ և հակառակ ուղղությամբ ուղևորափոխադրումն ու բեռնափոխադրումն ամբողջությամբ տեղափոխվում են Ադրբեջանի վերահսկողության դաշտ։

Ըստ պատգամավորի՝ հաշվի առնելով Ադրբեջանի հետախուզման մեծ ցուցակը, հասկանալի է՝ ինչ ծանր հետևանքներ կարող են առաջանալ ստեղծված պայմաններում․

«Ամբողջությամբ սահմանափակվել է ռուս խաղաղապահների և Կարմիր խաչի միջոցով հումանիտար բեռի փոխադրումն Արցախ։ Այս պայմաններում իրավիճակը ծայրահեղ ծանր է»։

Միաժամանակ, Աբրահամյանն ընդգծեց, որ որոշակի շրջափակման մեջ է վերցվել նաև ռուսական հենակետը։

Վարազդատ Լալայանը՝ արծաթե, Սիմոն Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր․ ԵԱ

Երեւանում անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Վարազդատ Լալայանն ու Սիմոն Մարտիրոսյանը Հայաստանի հերթական մեդալները նվաճեցին՝ արծաթե եւ բրոնզե:

Վարազդատ Լալայանը դարձավ արծաթե, Սիմոն Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր։

Այսպիսով, գերծանր քաշայինների պայքարով ավարտվեց ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը:

Հակառակորդի կրակոցից զինվոր է զոհվել․ ՊՆ

Ապրիլի 23-ին՝ ժամը 11:50-ի սահմաններում, Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքում, նախնական տվյալներով հակառակորդի կրակոցից, հրազենային մահացու վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Արտյոմ Արսենի Պողոսյանը: Այդ մասին հայտնում են ՊՆ-ից։

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը եւ զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին:

Այսօր տեղի ունեցավ Հայաստան-Ջավախք Երիտասարդական Կենտրոնի բացումը

Այսօր տեղի ունեցավ Հայաստան-Ջավախք Երիտասարդական Կենտրոնի բացումը։
Ելույթիս խոսքում երիտասարդներին փոխանցել եմ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնները։
Երիտասարդները մեծ կարևորություն ունեն Հայաստանի Հանրապետության հասարակական քաղաքական ցանկացած պրոցեսներում։
Գիտակից, հայրենասեր և գաղափարակից երիտասարդների միասնության արդյուքնում միայն կարող ենք հասնել վերջնական հաղթական արդյունքի ի շահ մեր հայրենիքի ու պետության։
Խորհրդանշական է, որ հենց Ապրիլի 23-ին հարյուրավոր երիտասարդներ պատրաստակամություն հայտնեցին համագործակցել ՀՀԿ ԵԿ-ի հետ։
Միաձայն Հայաստան-Ջավախք Երիտասարդական Կենտրոնի նախագահ ընտրվեց Արարատ Արզումանյանը։
ՀՀԿ ԵԿ-ն բաց է ՝ համագործակցելու բոլոր հայրենատեր և հայրենասեր երիտասարդական կազմակերպությունների և անհատների հետ:
Ինչպես ասել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը. «Իմ հույսը նաև երիտասարդ սերունդն է , որ հայրենասիրության կրակը միշտ վառ է պահելու

Արտակարգ իրավիճակ «ՍԱՍ» ֆուդ-կորտում․ ժամանել են մեծ թվով հրշեջներ ու պարեկներ. shamshyan.com

Այսօր՝ ապրիլի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արշակունյաց փողոտայի թիվ 11/1 հասցեում գործող «ՍԱՍ» ֆուդ-կորտի տարածքում ծուխ է նկատվում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 1 և թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատներից՝ ընդհանուր 4 մարտական հաշվարկ։ Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի պարեկները, ովքեր սահմանազատել են տարածքը, որպեսզի հրշեջ-փրկարարները կարողանան աշխատել։Դեպքի վայր են ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, որպեսզի եթե անհրաժեշտություն լինի, տեղում առաջին օգնությունը ցուցաբերեն քաղաքացիներին։

Պարզվել է՝ այրվել են ծխատար խողովակի միջի կուտակված յուղային շերտը և վառարանում կերակուր։

Զինծառայող է վիրավորվել․ MediaHub

Քիչ առաջ համացանցում լուրեր տարածվեցին, որ Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի հարակից դիրքերում հակառակորդի դիպուկահարի կրակոցից զինծառայող է զոհվել։

Լուրի իսկությունը ճշտելու համար MediaHub-ը զրուցել է Սոթքի բնակիչներից մեկի հետ, ով նշել է, որ շտապօգնությունը դեռ դիրքերում է։

«Շտապօգնության դիրքեր բարձրանալու պահին զինծառայողը ողջ էր, բայց շատ ծանր վիրավորում է ստացել, հույս չէին տալիս։ Այս պահին այլ տեղեկություն չունենք։ Հուսանք՝ կփրկվի», — ասել է Սոթքի բնակիչը։

Դեպքի մասին որևէ պաշտոնական հաղորդագրություն դեռևս չկա։

Ադրբեջանը փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը

Ադրբեջանական կողմը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները և շարունակաբար ապատեղեկատվություն տալով Հայաստանից Արցախ զենքի տեղափոխության վերաբերյալ, քիչ առաջ փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ «Լաչինի միջանցք»-ում: Այդ մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից․

«Արցախի իշխանությունները խստորեն դատապարտում են ադրբեջանական հերթական սադրանքը՝ այն համարելով Արցախի շրջափակումը խորացնող և էթնիկ զտմանը միտված հանցավոր քայլ, որը ոտնահարում է թե՛ եռակողմ հայտարարությունը, թե՛ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր կատարման ենթակա որոշումը և թե՛ միջազգային իրավունքի այլ հիմնարար նորմեր:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի հրատապ նիստ, որի ժամանակ կքննարկվեն վերջին զարգացումները և Արցախի իշխանությունների համապատասխան անելիքները:

Իրադարձությունների վերաբերյալ հետագա մանրամասները կներկայացնենք ավելի ուշ»:

Հայտնաբերվել է ժամկետանց դեղորայք․ ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են կատարել հոգեբուժական հաստատություն

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի ստորաբաժանման աշխատակիցները և փորձագետները ապրիլի 20-ին չհայտարարված այց են իրականացրել «Ակադեմիկոս Ա. Հայրիյանի անվան Արմաշի առողջության կենտրոն» ՓԲԸ:

ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ մշտադիտարկման շրջանակներում ուսումնասիրվել են հաստատությունում անձանց պահման պայմանները, նրանց իրավունքների ապահովման վիճակը, դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին, ինչպես նաև անհրաժեշտ փաստաթղթերը:

Այցի ընթացքում հոգեբուժական հաստատության աշխատակիցներն արդյունավետ համագործակցել են Պաշտպանի ներկայացուցիչների հետ, և վերջիններիս համար աշխատանքի խոչընդոտներ չեն առաջացել:

«Հարկ է ընդգծել, որ նախորդ այցի համեմատ հոգեբուժական հաստատությունում արձանագրվել են դրական տեղաշարժեր, մասնավորապես՝ կառուցվել և վերանորոգվել են սանհանգույցներ, բարելավվել է բժշկական փաստաթղթերի վարման պրակտիկան:
Միևնույն ժամանակ, այցի արդյունքում արձանագրվել են հետևյալ խնդիրները.

․հաստատությունը գերբնակեցված է, պահպանված չէ բուժառուների անձնական տարածքի համար անհրաժեշտ բնակելի մակերեսը, սենյակներում առկա են իրար կիպ կամ շատ մոտ տեղադրված մահճակալներ,
․հաստատությունն ունի վերանորոգման կարիք, սենյակների պայմաններն անբավարար են, անկողնային պարագաները հնամաշ են, առկա է կողապահարանների և պահարանների պակաս կամ բացակայություն,
․հայտնաբերվել է ժամկետանց դեղորայք,
․արձանագրվել են զսպման միջոցների կիրառման կարգի խախտումներ, օրինակ՝ հիվանդության պատմագրում չի հիմնավորվել զսպման միջոցի կիրառման անհրաժեշտությունը,
․բուժառուները հիմնականում կրել են հնամաշ հագուստ,
․արձանագրվել են հագուստի անհատականացմանն առնչվող խնդիրներ. չանհատականացվող հագուստը լվացվելուց հետո բուժառուներին բաժանվել է պատահականության սկզբունքով,
․արձանագրվել են բուժառուների լոգանքի կազմակերպման հետ կապված խնդիրներ,
․առկա է բուժառուներին զբաղվածությամբ ապահովելու անհրաժեշտություն,
․առկա է հաստատության բժշկական և ոչ բժշկական անձնակազմի վերապատրաստման անհրաժեշտություն,
․առկա են բուժառուների հոգեբանական աջակցության տրամադրման հետ կապված խնդիրներ,
․հոգեբուժական կազմակերպության աշխատակիցների աշխատանքային պայմաններն անբավարար են,
․հաստատության միակ տաքսաֆոնից հնարավոր չի եղել զանգահարել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և այլ իրավասու պետական մարմինների թեժ գծի հեռախոսահամարներին և այլն:
Արձանագրված խնդիրները Պաշտպանի ներկայացուցիչները քննարկել են հոգեբուժական հաստատության տնօրինության հետ:

Խնդիրները կամփոփվեն և դրանք արտացոլող փաստաթուղթն՝ արձանագրված խնդիրների լուծմանն ուղղված առաջարկների հետ մեկտեղ, կներկայացվի ոլորտի իրավասու մարմիններին:

Կարևոր է նկատի ունենալ, որ մարդու իրավունքների պաշտպանությունը համակողմանի գործընթաց է, որը ենթադրում է այդ գործընթացի բոլոր մասնակիցների իրավունքների երաշխավորում, նրանցից յուրաքանչյուրի նկատմամբ արժանապատիվ վերաբերմունքի, աշխատանքային և սոցիալական երաշխիքների ապահովում և փոխադարձ հարգանք երաշխավորող հարաբերությունների հաստատում: Այդ համատեքստում կարևոր է նաև, որպեսզի հոգեբուժական հաստատությունների աշխատակիցների աշխատանքային արժանապատիվ պայմաններն ու սոցիալական երաշխիքները, այդ թվում՝ աշխատավարձը, շարունակաբար բարելավվեն», — նշվում է հաղորդագրությունում:

Երևանում պարեկը ծառայողական ավտոմեքենայով բախվել է կին վարորդի Suzuki-ին, ապա դիմել փախուստի

ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության 2-րդ գումարտակի պարեկ Գրիգոր Սիմոնյանը նախօրեին ժամը 17:30-ի սահմաններում Նուբարաշենի խճուղի 16 հասցեի մոտ,  Ծաղկի փողոցում, ծառայողական ավտոմեքենայով բախվել է կին վարորդի Suzuki մակնիշի ավտոմեքենային ու անգամ չի բարեհաճել կանգնել: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: 

Կին վարորդն ահազանգել է ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և այդ մասին տեղեկացրել։

Նույն պարեկը նաև չարամտորեն կատարել է ճանապարահային երթևեկության կանոնների կոպիտ խախտում։ Շինարարներ-Աբելյան-Ջանիբեկյան փողոցների խաչմերուկում ծառայողական ավտոմեքենայով դուրս է գալիս հանդիպակաց երթևեկելի գոտի և անգամ անցնում կարմիր լույսի տակով։

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է տեսանյութ, որով երևում է, թե ինչպես է նա չարամտորեն խախտում ճանապարհային երթևեկության կանոնները, դուրս գալիս հանդիպակաց երթևեկելի գոտի և անցնում կարմիր լույսի տակով։