Երբեք որևէ փաստաթուղթ, գաղտնի գրիֆով թե ոչ, չեմ ստորագրել, որի համար հայը կարող է ամաչել. Սերժ Սարգսյան

«Երբեք որևէ փաստաթուղթ, գաղտնի գրիֆով թե ոչ, չեմ ստորագրել, որի համար հայը կարող է ամաչել». Սերժ Սարգսյան
Այսօր դիզվառելիքի շինծու գործով հերթական դատական նիստից հետո ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանեց լրագրողների մի քանի հարցերի։
«Երեկ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ իրենց ուղղված Ձեր մեղադրանքներին, թե այս իշխանությունների օրոք հայ-ռուսական հարաբերությունները փչացել են: Նա երեկ Ազգային ժողովում հակառակը պնդեց: Կասե՞ք՝ ի վերջո, ինչպե՞ս են գործող իշխանությունները փչացրել հայ-ռուսական հարաբերությունները»:
Սերժ Սարգսյանը պատասխանեց.
«Ինչպե՞ս… իրենց գժի տեղ դնելով, կոպտորեն խախտելով արարողակարգի մասին ՀՀ օրենքը, բացահայտ և իրենց կարծիքով՝ ծածուկ հակառուսական տրամադրություններ առաջացնելով Հայաստանի Հանրապետությունում։ Իր «կառուցողական» գործընկերոջ հետ սեպարատ բանակցություններ վարելով, մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ հարուցված քրեական գործով անհիմն մեղադրանք առաջադրելով ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովին… Ուզո՞ւմ եք այսպես մի 50 հատ շարունակեմ, անիմաստ է ժամանակ ծախսելը, էլ ի՞նչ պետք է աներ…»։
Լրագրողների խնդրանքով Սերժ Սարգսյանը նաև անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի՝ երեկ ԱԺ-ում արած մեկ այլ հայտարարության, որը վերաբերում էր, ինչպես Փաշինյանը նշեց՝ գաղտնի գրիֆ ունեցող նամակին։
«Դժվար է մեկնաբանել, որովհետև եթե Հայաստանի կառավարիչը ԱԺ ամբիոնից փորձում է խոսել իմ կողմից ստորագրված գաղտնի գրիֆով նամակի մասին, դե էլ ի՞նչ ասեմ։ Ես միայն կարող եմ ասել հետևյալը, որ ես երբեք որևէ փաստաթուղթ, լինի նամակ, համաձայնագիր կամ որևէ այլ փաստաթուղթ, լինի գաղտնի գրիֆով, թե սովորական՝ երբեք որևէ փաստաթուղթ չեմ ստորագրել, որի համար որևէ հայ կարող է ամաչել։ Թող անհամեստ չհնչի, ընդհակառակը՝ եթե հրապարակեն բոլոր փաստաթղթերը՝ մարդիկ կտեսնեն, թե ինչպես է պաշտպանվել հայկական շահը, հայկական պետությունների շահը։ Ես պնդում եմ՝ թող հրապարակի, այդտեղ որևէ խնդիր չկա, ինքը իրավունք ունի, եթե չունենա էլ, ապա ինքը իրեն այնպիսի իրավունքներ է վերագրում, որ սա էլ կարող է վերագրել, բայց ունի, վստահաբար ունի, կարող է գաղտնազերծել և հրապարակել։ Այնպես որ, այստեղ որևէ խնդիր չկա, ես պնդում եմ՝ թող հրապարակի, իսկ եթե չհրապարակի, ապա ինքը ստախոս է: Թեև այնքան մեղմ բառ ասացի, որ ձեզ չվիրավորեմ, ոչ թե ուրիշներին»,- պատասխանեց Սերժ Սարգսյանը։

Լարսը բաց է, ՀՀ-ում կա փակ ավտոճանապարհ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։

Փակ է Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոցից Քարի լիճ տանող ավտոճանապարհը։

Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգով պայմանավորված՝ ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է։

Ամասիայի և Արագածի տարածաշրջաններում տեղում է ձյուն:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Ինքնասպանություն Երևանում․ Դավթաշենի կամրջի տակ երիտասարդի դի է հայտնաբերվել

ապրիլի 13-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։10-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդը ավտոմեքենան կայանել է Դավիթաշեն կամրջի վրա, անցել կամրջի վտանգավոր եզրագիծն ու իրեն ցած նետել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու փրկարարները կամրջի տակ հայտնաբերել են երիտասարդ տղայի դի։

Քննություն կնշանակվի, թերացողները կերևան. ԳՇ պետը՝ Տեղ գյուղում տեղի ունեցածի մասին

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանն այսօր հակիրճ խոսել է Տեղ գյուղում տեղի ունեցած միջադեպի մասին։

Լրագրողները նրան հարց են ուղղել՝ ի՞նչ հանձնարարություն չի կատարվել, որ երեկ վարչապետը խոսում էր Տեղ գյուղում թերացումների մասին։

«Եթե վարչապետը նշել է թերացումների մասին, ուրեմն կնշանակվի քննություն, թերացողները կերևան»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է նա։

Թե ինչ հանձնարարություն է տրվել, որ չի կատարվել՝ նա պարզաբանել է. «Պետության ռազմական անվտանգությունն ապահովելու»։

Հարցին՝ իսկ ինչո՞ւ չի կատարվել՝ արձագանքել է․«Իսկ ի՞նչ գիտեք, որ չի կատարվել»։

Հիշեցնենք՝ ապրիլի 11-ին՝ ժամը 16։00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում, ադրբեջանական զինված ուժերի մի խումբ զինծառայողներ սահմանի տեղակայման կետերի ճշգրտման պատրվակով մոտեցել են ՀՀ զինված ուժերի զինծառայողներին, սադրել և հրազենային զենքերից, այնուհետև տարբեր տրամաչափի այլ զինատեսակներից կրակ վարել հայկական ԶՈւ զինծառայողների և դիրքերի ուղղությամբ:

Հայկական կողմն ունեցել է չորս զոհ և վեց վիրավոր:

Գործադիրը 480 մլն դրամ կհատկացնի Երևանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքների նորոգման համար

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է 480 մլն դրամ հատկացնել «Երևանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքների նորոգում» միջոցառման իրականացմանը:

Ըստ հիմնավորման՝ մետրոյի թունելներում տեղադրված հզոր օդափոխման համակարգը նվազեցնում է խոնավությունը թունելներում։ Հզոր օդափոխիչների բացակայության հետևանքով թունելներում առկա գրեթե ամեն ինչ ենթարկվում է կոռոզիայի։ Թունելային հզոր օդափոխության համակարգն ապահովում է արտակարգ և վթարային իրավիճակներում՝ հրդեհի կամ ծխահարության դեպքում՝ մետրոյի թունելներում և կայարաններում մաքուր օդի ներհոսքը։ Երևանի մետրոպոլիտենում տեղադրված բոլոր հզոր օդափոխիչները տեղադրվել են 1980 թվականին և ծայրաստիճան մաշված են, ֆիզիկապես սպառել են իրենց ռեսուրսները։

Եղանակը Հայաստանում

Հայաստանի մարզերի մեծ մասում ապրիլի 14-ին սպասվում են տեղումներ, ամպրոպ։ Օդերեւութաբանները տեղ-տեղ կանխատեսում են արեւմտյան քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ։ Լեռներում տեղումները կլինեն թաց ձյան տեսքով։ Օդի ջերմաստիճանը գիշերն էլ ավելի կիջնի։ Երեւանում սպասվում են տեղումներ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում մինչեւ 13-16 մ/վրկ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում սպասվում է +4+6, վաղը ցերեկը՝ +12+14 աստիճան։

Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ 0-4, ցերեկը՝ +4+8,

Կոտայքի լեռներում գիշերը՝ -3+1, ցերեկը՝ +3+6,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +9+11,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +4+6,

Լոռիում գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +11+14,

Տավուշում գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +13+16,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +2+4,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +8+12,

Արարատում գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +13+16,

Արմավիրում գիշերը՝ +5+7, ցերեկը՝ +13+16,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +3+5,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +12+15,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +14+18,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +1+5, ցերեկը՝ +10+13,

Արցախում գիշերը՝ +7+11, ցերեկը՝ +12+16։

Ադրբեջանի հետ սահմանին բանակի փոխարինումը սահմանապահ զորքերով պետք է լինի վերջնական կարգավորման մաս․ Միրզոյան

Ադրբեջանի հետ սահմանին բանակի փոխարինումը սահմանապահ զորքերով պետք է լինի վերջնական կարգավորման մաս։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Բաքուն փոխում է բանակը սահմանապահների հետ, եւ ինչի հետ է կապված վերջերս ադրբեջանցի զինվորականների ներթափանցումը ՀՀ տարածք:

Նախարարը նկատել է, որ բոլոր երկրներում սահմանների պահպանության գործառույթները վերապահված են սահմանապահներին, եւ շատ տարբերություններ կան բանակի եւ սահմանապահ զորքերի պատրաստության եւ նույնիսկ զինման միջեւ: Միրզոյանի կարծիքով՝ սահմանի պահպանության հանձնումը սահմանապահներին էապես կնվազեցնի նոր հակամարտությունների, այդ թվում՝ ներթափանցման հավանականությունը: «Սա նոր գաղափար չէ։ Մենք առաջ էլ ենք առաջարկել եւ հիմա էլ քննարկվում է զորքերի հետքաշումը։ Ես կբացահայտեմ գաղտնիքը: Սա խաղաղության պայմանագրի նախագծի մի մասն է, առնվազն մեր կողմից։ Մենք կարեւորում ենք այդ մեխանիզմի ներդրումը։ Սահմանի որոշ հատվածներում նման մեխանիզմ կա։ Փորձը ցույց է տալիս, որ այդ հատվածներում բախումների հավանականությունն ավելի ցածր է»,-ասել է Միրզոյանը։ Միեւնույն ժամանակ, նախարարն արձանագրել է Ադրբեջանի կողմից ագրեսիվ հռետորաբանության եւ քաղաքականության շարունակումը: