ՊՆ-ն հրապարակել է զոհված չորս զինծառայողների անունները

Ապրիլի 11-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով ՀՀ ինքնիշխան տարածքն անձնվիրաբար պաշտպանելիս զոհված զինծառայողներն են՝

Արթուր Ավետիսի Սահակյան (ծնվ. 1999 թ.)

Մկրտիչ Արմենի Հարությունյան (ծնվ. 1989 թ.)

Հենրիկ Վաչագանի Քոչարյան (ծնվ. 1997 թ.)

Նարեկ Գագիկի Սարգսյան (ծնվ. 1994 թ.)

Փաստացի մեր աչքի առջև տեղի է ունենում հերթական դավաճանությունը

Դեռ մի քանի օր առաջ էինք տեղեկացրել այս դավաճանների լկտի պահվածքի իրական պատճառների մասին։ Հիշեցման կարգով նշեմ, որ դրանք միտված էին ժողովրդին շեղելու սպասվող աղետներից։ Ցավոք սրտի իշխանական ծաղրածուների կրկեսային ներկայացումները շարունակական բնույթ են ունենալու, իսկ այդ ներկայացումներին համընթաց Ադրբեջանը իրականացնելու է լուրջ ու վտանգավոր քայլեր` Հայաստանի և Արցախի դեմ։
Սահմանում կրկին լարված իրավիճակ է. ունենք զոհեր և վիրավորներ։ Այս ամենի ֆոնին պետք է նշել, որ այս իշխանությունները պատրաստակամություն են հայտնել ՆԱՏՕ֊ի հետ մասնակցել զորավարժությունների , որը վտանգավոր է Հայաստանի և Արցախի գոյության համար։
Հակահայկական քաղաքականություն վարող իշխանականներն ամեն օր մի նոր բան են հնարում, օրինակ` ընդդիմադիրներին քաղաքական հետապնդումների են ենթարկում, քրեական գործեր են հարուցում, նախկինների կառուցած բանակն են փնովում, մի խոսքով անում են ամեն ինչ` մարդկանց ուշադրությունը սահմանային լարվածությունից շեղելու համար։
Պետք է նշել նաև, որ ԵՄ դիտորդների ներկայությամբ ադրբեջանցիները կարողանում են վարել ագրեսիվ քաղաքականություն, հետաքրքիր է` ո՞րն է ԵՄ դիտորդների իրական առաքելությունը…
Փաստացի մեր աչքի առջև տեղի է ունենում հերթական դավաճանությունը։

Հայկական կողմն ունի 4 զոհ, 6 վիրավոր

Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«Ադրբեջանական կողմն ունի մեծաթիվ զոհեր և վիրավորներ:

Ժամը 20:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

Իրադրության ցանկացած փոփոխության դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ»,- նշված է հաղորդագրությունում:

Ադրբեջանի տարածած տեղեկությունները, թե իբր հայկական կողմը կիրառում է իրանական անօդաչու թռչող սարքեր, չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆ

Ժամը 19:00-ի դրությամբ փոխհրաձգության ինտենսիվությունն էականորեն նվազել է: Վարդենիսի ուղղությամբ այս պահին գնդակոծության մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը, հիշյալ ուղղությամբ այս պահի դրությամբ հարաբերականորեն կայուն է, հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«Ադրբեջանական լրատվամիջոցներով տարածվող տեղեկություններն այն մասին, թե իբր հայկական կողմը կիրառում է իրանական անօդաչու թռչող սարքեր, չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ԶՈՒ սպառազինության մեջ իրանական անօդաչու թռչող սարքեր չկան: Հորդորում ենք չճշտված տեղեկություններ չհրապարակել, հետևել բացառապես պաշտոնական լրահոսին»,- նշված է հաղորդագրությունում։

«Նիկոլ Փաշինյան» անունը համարժեք է դարձել կորստին, զիջմանը և ողբերգությանը

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է․

«Իշխանությունը հասարակությանն ուզում է համոզել, թե Ադրբեջանի հետ բանակցելու, պայմանավորվելու և խաղաղություն ապահովելու հնարավորություն և ունակություն ունի:

Առանց անվտանգային շինարարարության, առանց արտաքին համարժեք քաղաքականության, առանց արդյունավետ պետական կառավարման ո´չ պայքարի, ո´չ հաղթանակի հնարավորություն չի լինելու:

Ադրբեջանի առաջ ստորանալով, զիջելով, հանդուրժելով խաղաղություն երբեք չի լինելու:

«Նիկոլ Փաշինյան» անվանումը համարժեք է դարձել կորստին, զիջմանը և ողբերգությանը:

Փառք ու պատիվ այն զինվորականներին, ովքեր այս ծանր վիճակում իրենց վրա են վերցնում իրադրության ողջ ծանրությունը և մարտ վարում:

Հավերժ փառք այս ու սրան նախորդող ժամանակահատվածում նահատակված մեր հերոսներին»:

Վիրավորվել է նաև Հատուկ բանակային կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանը․ ԶԼՄ-ներ

Մի քանի ԶԼՄ-ներ տեղեկություններ են տարածում, որ Տեղ համայնքի ուղղությամբ թշնամու ձեռնարկած սադրիչ գործողությունների հետևանքով վիրավորվել է նաև Հատուկ բանակային կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանը։

Ըստ լրատվամիջոցների հայտնած տեղեկություններին՝ նրան այժմ վիրահատում են։

Անհայրենիքները խոսում են հայրենասիրությունից, հայրենավաճառները խոսում են հայրենիքի պաշտպանությունից

Իրականում, որ ամեն խոզի ամբիոն են տալիս, դրա համար էլ այս իրավիճակն է մեր երկրում: Անհայրենիքները խոսում են հայրենասիրությունից, հայրենավաճառները խոսում են հայրենիքի պաշտպանությունից, բանսարկուները՝ իրավունքներից ու արդարադատությունից, դավաճանները՝ անդավաճան լինելուց:
Վահագն Ալեքսյանյանն ու իր նմանները, ովքեր ոչնչացրել են 30-ամյա հաղթանակները, մարդիկ, ովքեր ձևավորել են այնպիսի իրավիճակ, որ հենց հիմա ՀՀ որոշ սուվերեն տարածքներ գտնվում են ադրբեջանական օկուպացիայի մեջ, մարդիկ, որոնց պատճառով գրեթե ամեն օր նոր զոհեր ու վիրավորներ ենք ունենում, նոր տարածքային կորուստներ ենք ունենում. մարդիկ, ովքեր իրենց հռետորաբանությամբ բաժանել են հասարակությանը սևերի ու սպիտակների, մարդիկ, ովքեր անում են ամեն ինչ՝ եկեղեցու և բանակի կազմաքանդման համար, մարդիկ, ովքեր եկեղեցու պատմությունը հանեցին դպրոցներից, մարդիկ, ովքեր «ցեղասպանություն»եզրույթը փոխում կամ հանում են դասագրքերից՝ խոսում են վեհ գաղափարներից, խոսում են բանակցությունների, ռազմական գործողությունների կամ հայրենիքի պաշտպանության մասին՝ շահարկելով ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի անունը, ով Արցախի հերոս է, ով կանգնած է բանակի կազմավորման ակունքներում, այն բանակի, որը 30 տարի գրանցել է հաղթանակներ և պաշտպանել է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության սահմանները՝ տարածաշրջանում լինելով ամենամրցունակ բանակներից մեկը:

Ադրբեջանը կրակ է բացել Տեղ համայնքի ուղղությամբ․ նախնական տվյալներով հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ․ ՊՆ

Ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ: Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Նախնական տվյալներով հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ: Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:

Փոխհրաձգություն՝ Տեղ գյուղի սահմանամերձ հատվածում. կան զոհեր

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Տեղ գյուղի սահմանամերձ տարածքում ադրբեջանական կողմի հերթական սադրանքի հետևանքով փոխհրաձգություն է տեղի ունեցել։

Նախնական տեղեկություններով՝ հայկական կողմից կա 1, ադրբեջանական կողմից՝ 2 զոհ։

Ըստ տեղեկությունների՝ կրակ է բացվել ինժեներական աշխատանքներ կատարող մեր ստորաբաժանումների ուղղությամբ։ Հայկական ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների:

Ազգային ժողովի արտահերթ նիստ կանցկացվի

Ապրիլի 11-ին տեղի կունենա Ազգային ժողովի արտահերթ նիստ։ Նման առաջարկով հանդես է եկել խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը։ Ազգային ժողովի ղեկավարը, մասնավորապես, մտահոգություն է հայտնել խորհրդարանի ծավալուն օրակարգի կապակցությամբ.

Արտահերթ նիստը կսկսվի ժամը 18:30-ին եւ կտեւի մինչեւ 20:00-ն: