Մարտունու շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է գրանցվել

Մարտունու շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է գրանցվել. այս մասին տեղեկանոիմ ենք ՌԴ ՊՆ այսօրվա տեղեկագրից։

Նշվում է, որ զոհեր և վիրավորներ չկան։ Այս փաստով ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հետաքննություն է իրականացնում։

Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով։ Ռուս խաղաղապահները ուղեկցել են մարդասիրական բեռներով ավտոշարասյունը Գորիս-Ստեփանակերտ երթուղով։

Օդի ջերմաստիճանը կբարձրանա. եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում ապրիլի 9-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 10-14-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ։ 

Քամին՝ հարավարեւմտյան՝ 3-5 մ/վ, 11-12-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 9-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով, 10-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով։

Երեւան քաղաքում ապրիլի 9-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 10-14-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ:

Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +8 +10, վաղը ցերեկը՝ +13 +15 աստիճան։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ 0 +4, ցերեկը՝ +5 +9,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +1 +3 , ցերեկը՝ +5 +8,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +7 +9, ցերեկը՝ +11 +13,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +1 +4, ցերեկը՝ +5 +8,

Լոռիում գիշերը՝ +1 +5, ցերեկը՝ +7 +10,

Տավուշում գիշերը՝ +3 +7, ցերեկը՝ +8 +12, 

Արագածոտնի լեռներում գիշերը՝ 0 +2, ցերեկը՝ +5 +7,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +8 +10, ցերեկը՝ +11 +14,

Արարատում գիշերը՝ +10 +13, ցերեկը՝ +14 +16,

Արմավիրում գիշերը՝ +9 +11, ցերեկը՝ +13 +15,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +2 +4, ցերեկը՝ +7 +10,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +9 +12, ցերեկը՝ +14 +16,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +8 +12, ցերեկը՝ +18 +22, 

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +4 +6, ցերեկը՝ +12 +15,

Արցախում գիշերը՝ +6 +9, ցերեկը՝ +14 +18։

Որքան ծանր ու անելանելի թվա ներկա իրավիճակը, այնքան ավելի զորավոր ու հաստատուն պետք է լինի մեր հավատը. Ամենայն Հայոց Կաթողիկոս

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնի առիթով:

«Այսօր համախմբված մեր եկեղեցիների հարկերի ներքո՝ փառաբանում ենք հարուցյալ Փրկչին՝ ավետելով. «Քրիստոս յարեաւ ի մեռելոց»։ Օրհնաբանում ենք հրաշափառ Հարությունը մեր Տեր Հիսուս Քրիստոսի, Ով չարչարվեց, խաչվեց ու հարություն առավ, որպեսզի մեզ ազատի մեղքի ու մահվան իշխանությունից, Ով աստվածային անսահման սիրով, Իր փրկագործությամբ մարդկության համար բացեց հավիտենության ու երկնքի արքայության ճանապարհը։ Քրիստոս ցրեց անհուսության խավարը, հարության շնորհը պարգևեց մարդկանց, նաև զորացրեց՝ երկրային այս իրականության մեջ հառնելու տառապանքներից, չարի ներգործությամբ աշխարհն ալեկոծող աղետներից ու ավերածություններից։

Քրիստոսի խաչելությունից մինչ օրս փարիսեցիական խարդավանքները, հուդայական մատնությունները, պիղատոսյան դատավարությունները արհավիրքներ են սփռում աշխարհում, աղճատում արարչաստեղծ մարդու կերպարն ու էությունը։ Այսպիսի իրողությունների հանդիման, արդարև, նոր ուժգնությամբ է հնչում Քրիստոսի խոսքը. «Երբ մարդու Որդին գա, արդյոք երկրի վրա հավատ կգտնի՞»։

21-րդ դարը, սիրելի բարեպաշտ ժողովուրդ, լուսավորյալ նոր դարաշրջան պիտի լիներ գիտական ձեռքբերումներով, տեխնոլոգիական մեծ նվաճումներով, մարդու կյանքի, մարդու իրավունքների ու արժանապատվության պաշտպանության միջազգային նորմերով ու օրենքներով։ Բայց որքան անմեղ մարդիկ, որքան ժողովուրդներ են պատերազմների գողգոթաներում նեղությունների ու վշտերի ենթարկվում, տառապանքների խաչին գամվում՝ անարդարության, գերիշխանության մոլուցքի, խտրականության պատճառով, պայքարում գոյաբանական սպառնալիքների դեմ։ Մենք ևս անցանք 44-օրյա պատերազմի, Հայաստանի սահմանների վրա հարձակումների աղետալի իրողությունների միջով։ Մեր հայրենիքը ներքին և արտաքին մտահոգիչ մարտահրավերների պայմաններում դիմակայում է անվտանգ ու խաղաղ կյանքի ապահովման ամենօրյա փորձությունների։ Հարազատ Արցախը տևական ժամանակ շրջափակված է և դիմագրավում է անասելի դժվարությունների ու զրկանքների։ Այս անհանգստացնող, վտանգալի երևույթների հանդիման, մեր սրտերում կրելով չամոքվող վիշտը մեր նահատակ, գերեվարված, անհայտ կորած ու վիրավոր զավակների, ականատես ենք նաև ցավալի այլ իրավիճակի, թե ինչպես են թշնամանքի, ատելության դրսևորումները բաժանարար պատնեշներ դնում աշխարհասփյուռ մեր ժողովրդի կյանքում, խարխլում ազգային միաբանությունը։ Ականատես ենք, թե ինչպես են անտեսվում դարերով նվիրագործված ավանդույթները, մեր ինքնության հիմնասյունը հանդիսացող արժեհամակարգը, խաթարվում մեր ժողովրդի ազգային-հոգևոր անվտանգությունը, որը մեծապես կարևոր է մեր դեմ ծառացած լրջագույն մարտահրավերների հաղթահարման համար։

Մեր կյանքում տեղ գտած նմանօրինակ ընթացքները, հատկապես հետպատերազմյան շրջանում, ավելի են ծանրացնում կրած վշտի ու կորուստների ցավը։ Եվ այսպիսի իրադրության մեջ ամենքիս համար առավել ուժգնությամբ է հնչում Քրիստոսի հարցադրումն ու հանդիմանությունը. «Երբ մարդու Որդին գա, արդյոք երկրի վրա հավատ կգտնի՞» (Ղուկ. 18.8 ), «Ո՞ւր է ձեր հավատը» (Ղուկ. 8.25)։
Հիրավի, երբ պետական և հասարակական կյանքում արդարությունը և ճշմարտությունը դադարում են լինել առանցքը ձեռնարկումների ու իրագործումների, շարունակելու ենք առերեսվել պիղատոսականության դրսևորումների։ Փարիսեցիական խարդավանքները շարունակվելու են, քանի դեռ քինախնդրության և հիշաչարության մղումով սփռվում են զրպարտանք ու անիրավություն։ Հուդայական մատնությունները շարունակվելու են, քանի դեռ չեն դադարում ուրանալ Աստծուն ու սրբությունները, արժեզրկել հայրենիքի նվիրական գաղափարը։ Մինչդեռ պետություն, հասարակություն և ընտանիք ամուր ու զորեղ են, երբ խարսխվում են աստվածադիր պատգամների, անանց արժեքների վրա, որոնք բարօրության ուղենիշ են և առաջնորդում են երկնային զորակցությամբ արդյունավորելու ջանքերը՝ ի խնդիր ժողովրդի ապահովության, առաջընթացի ու բարգավաճման։

Սիրելիներ, հարության հավատքը հաղթանակ է փորձությունների դեմ, որին բնորոշ չէ վախի, հուսահատության, անկումի ոգին, աղետաբեր դատապարտելի հաշտվողականությունը։ Որքան ծանր ու անելանելի թվա ներկա իրավիճակը, այնքան ավելի զորավոր ու հաստատուն պետք է լինի մեր հավատը։ Հավատքը պիտի արտահայտվի յուրաքանչյուր քայլի ու արարքի մեջ՝ անձնական, հավաքական ու համազգային անդաստանում։ Հավատքով ու միաբանությամբ ենք հաղթահարել մեր պատմության ընթացքում բազմաթիվ արհավիրքներ, վերակերտել մեր անկախ պետականությունը և ստեղծագործ կյանք վերընձյուղել հայրենի հողի վրա։ Այսօր էլ Աստծո հանդեպ, մեր ուժերի հանդեպ հավատն է, որ պիտի զորացնի մեզ՝ դուրս գալու ճգնաժամային իրավիճակներից, կառուցելու լուսավոր ապագա։

Արդ, ազգովի վերանորոգենք մեր հավատը մեր Փրկչի հրաշափառ Հարության տոնախմբությամբ և մեր կյանքով, մեր ամեն խոսքով ու գործով վկայենք մեր հավատարմությունը Քրիստոսին, վկայենք մեր նախանձախնդրությունը հանդեպ մեր տերունավանդ հավատքը և կերտենք հարուցյալ նոր իրականություն Քրիստոսի հետ։

Այս մաղթանքով և «Քրիստոս յարեաւ ի մեռելոց» ավետիսով եղբայրական Մեր ողջույնն ենք հղում մեր Սուրբ Եկեղեցու Նվիրապետական Աթոռների գահակալներին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին, Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին։ Ամենայն բարյաց մաղթանքով Սուրբ Հարության հոգեպարար ավետիսն ենք բերում քույր Եկեղեցիների հոգևոր Պետերին՝ հայցելով Ամենակալ Աստծո զորակցությունը Քրիստոսապատվեր առաքելության արդյունավորման գործում։ Հայրապետական Մեր սերն ու օրհնությունն ենք հղում մեր Սուրբ Եկեղեցու ողջ հոգևոր դասին և հավատավոր Մեր ժողովրդին ի հայրենիս և ի սփյուռս։

Սուրբ Հարության այս լուսաշող օրը Մեր աղոթքն ենք վերառաքում առ Բարձրյալն Աստված և խնդրում, որ Քրիստոսի Սուրբ Հարության կենսանորոգ շնորհներով փոխակերպվի ու բարեզարդվի աշխարհը, և մարդկությունը երկնային զորակցությամբ հառնի տառապանքներից ու նեղություններից, հաստատի բարիք ու խաղաղություն։ Հարության զորացնող ուժն ենք հայցում Փրկչից հատկապես Արցախի Մեր զավակների համար, որպեսզի խիզախ ու անկոտրում լինեն ոգով և արցախցուն բնորոշ ամուր և անհողդողդ կամքով հաղթահարեն իրենց առջև ծառացած բոլոր փորձությունները։ Թող հարուցյալ Փրկիչը Իր շնորհներն ու ողորմությունը տարածյալ պահի հայրենի մեր երկրի՝ Հայաստանի ու Արցախի վրա և Իր Սուրբ Աջի հովանու ներքո ապահովության ու բարօրության մեջ պահպանի համայն մեր ժողովրդին ի սփյուռս աշխարհի այսօր և միշտ և հավիտյանս. ամեն։

Քրիստոս յարեաւ ի մեռելոց,
Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»,- նշված է պատգամում:

Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Զատիկը

Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը:

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաեւ Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից եւ վերադարձ առ Աստված:

Զատիկը Հայ Առաքելական Ս. Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Հիսուս Քրիստոսի խաչելությունից եւ մահից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ Նրա մարմինը իջեցրին խաչից եւ դրեցին վիմափոր գերեզմանի մեջ՝ փակելով մեծ քարով: Երեք օր հետո` կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը եւ Սողոմեն, գնացին գերեզման՝ անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր: Մինչ նրանք տարակուսում էին, երեւացին երկու հրեշտակ եւ ասացին. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ Հարություն առավ» (Ղուկ. 24:5-6

Հարության լուրը կանայք ավետեցին առաքյալներին, որից հետո Հիսուսը երեւաց նրանց: Քրիստոսի Հարությունը դարձավ քրիստոնեական վարդապետության եւ հավատի հիմքը: «Եթե մեռելների հարություն չկա, ապա եւ Քրիստոս հարություն չի առել: Եվ եթե Քրիստոս Հարություն չի առել, իզուր է մեր քարոզությունը, իզուր է եւ ձեր հավատը» (Ա Կորնթ. 15:13-14):

Ս. Հարության տոնի նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ, որով սկսվում են զատկական տոնակատարությունները: Առավոտյան եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա մատուցվում տոնական Ս. Պատարագ: Ս. Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց» ավետիսով, պատասխանում՝ «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»:

Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ներկված ձուն համարվում է Հարության եւ նոր կյանքի խորհրդանիշ: Կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար: Ըստ Ս. Գրիգոր Տաթեւացու՝ «Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետեւ ձուն օրինակ է աշխարհի», եւ ինչպես իմաստուններն են ասում. «Դրսի կեղեւը նման է երկնքին, թաղանթը՝ օդին, սպիտակուցը՝ ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է Քրիստոսի արյունը: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը»:

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը Հայ Եկեղեցին նշում է հիսուն օր շարունակ՝ մինչեւ Հոգեգալստյան տոն (Պենտեկոստե): Այս ընթացքը կոչվում է Հինանց շրջան կամ Հինունք, որը ծագում է «հիսունք» բառից:

Հինանց շրջանի քառասուն օրերը Հարուցյալ Քրիստոսի՝ աշակերտներին երեւալու եւ Աստծո արքայության մասին վկայություններ տալու հիշատակությունն են (Գործք 1:3), իսկ վերջին տասն օրերը նվիրված են Քրիստոսի Համբարձմանը:

Հինանց շրջանը ավարտվում է Հոգեգալստյան տոնով: Համբարձումից տասն օր հետո, ըստ Քրիստոսի խոստման, առաքյալների վրա իջավ Աստծո Ս. Հոգին, եւ զորացած առաքյալները վկայեցին Քրիստոսին ամբողջ աշխարհով:

ՔՐԻՍՏՈՍ ՅԱՐԵԱՒ Ի ՄԵՌԵԼՈՑ:

ՕՐՀՆԵԱԼ Է ՅԱՐՈՒԹԻՒՆՆ ՔՐԻՍՏՈՍԻ:

Երևան-Սևան ճանապարհին բախվել են «Volkswagen Caddy»-ն և «Toyota Fortuner»-ը. կան տուժածներ

Ապրիլի 9-ին, ժամը 05։13-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 50-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «Volkswagen Caddy» (վարորդ՝ Թ. Մ.) և «Toyota Fortuner» (վարորդ՝ Գ. Ճ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Toyota Fortuner» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ռ. Խ.-ն (ծնված 1998 թ.) և «Volkswagen Caddy» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ռ. Հ.-ն (ծնված 1994 թ.) և Ա. Խ.-ն (ծնված 1995 թ.) հոսպիտալացվել են Հրազդան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Volkswagen Caddy» ավտոմեքենայի գազի բալոնի փականը և ուղղել «Toyota Fortuner» մակնիշի ավտոմեքենան: