Ուսման վարձի փոխհատուցում կհատկացվի նաև հեռավար ուսուցմամբ սովորողներին. ԿԳՄՍՆ

ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություն է կատարվել բուհերում նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցում (լրիվ կամ մասնակի զեղչ) և պետական կրթաթոշակ տալու կարգում:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ գործող կարգավորմամբ՝ ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցում է հատկացվում որոշակի խմբերին պատկանող ուսանողներին, որոնք սովորում են ՀՀ-ում գործող, հավատարմագրում ունեցող և ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ տեղեր ունեցող բուհերում առկա կամ հեռակա ուսուցման ձևերով: ՀՀ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում կրթությունն իրականացվում է ինչպես առկա և հեռակա, այնպես էլ հեռավար ուսուցման ձևերով: Ներկա պահին հեռավար ուսուցմամբ կրթություն իրականացնում են միայն ՀՀ պետական կառավարման ակադեմիան և ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը: ՀՀ կառավարության որոշման արդյունքում կապահովվի հեռավար ուսուցմամբ սովորող ուսանողներին ուսման վարձի փոխհատուցում հատկացնելու համար օրենսդրական հիմք:

Գործող օրենսդրական կարգավորումները հնարավորություն չեն տալիս Լեռնային Ղարաբաղի և Վրաստանի Սամցխե-Ջավախք ու Քվեմո-Քարթլի նահանգներում գրանցված և բնակվող ծագումով հայ օտարերկրյա քաղաքացիներին մրցույթային կարգով՝ բարձր գնահատականների հիման վրա, սովորելու ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ: Որոշման ընդունումը հնարավորություն կտա վերոնշյալ քաղաքացիներին մրցութային կարգով՝ հաշվի առնելով բարձր գնահատականները, ստանալու նպաստ՝ ուսման վարձի լրիվ փոխհատուցման միջոցով:

Որոշման արդյունքում շտկումներ են մտցվել կարգում առկա մի շարք այլ խնդիրներում:

Ես Վրաստանում քաղբանտարկյալ եմ եւ մահանում եմ․ Սաակաշվիլի

«Վրացական երազանք» քաղաքական կուսակցությունը, որը իշխանության եկավ իմ հեռանալուց հետո, ստեղծվել եւ շարունակում է ղեկավարվել կուլիսներում միլիարդատեր օլիգարխ Բիձինա Իվանիշվիլիի կողմից, մարդու, ով իր կարողությունը ստեղծել է 1990-ականներին Մոսկվայում եւ, ըստ ընդհանուր կարծիքի, սերտ կապեր ունի Պուտինի հետ, Politico-ին տված հարցազրույցում ասել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։

«Եվ չնյածա նրան, որ վրաց ժողովրդի ճնշող մեծամասնությունը աջակցում է ԵՄ ինտեգրացիային, «Վրացական երազանքի» կառավարությունը ավելի շատ իր համերաշխությունն է ցույց տալիս Ռուսաստանին։

Թեեւ, իհարկե, Կրեմլի բացահայտ թշնամական վերաբերմունքի հետ կապված օրինական մտահոգություններ կան ՝ հաշվի առնելով վտանգը, որին ենթարկվում է Վրաստանը, վրացիների ճնշող մեծամասնությունը պաշտպանում է ուկրաինական գործը, որը կառավարությունը փորձում է ճնշել», — ասել է Սաակաշվիլին:

Նախկին նախագահի խոսքով, երբ նա 2021 թվականի հոկտեմբերին ութ տարվա աքսորից հետո վերադարձավ հայրենիք, որպեսզի աջակցի «ազատ եւ արդար խորհրդարանական ընտրություններին», նա «առողջ, եռանդուն 54-ամյա տղամարդ էր»։

«Այնուհետեւ ես անմիջապես ձերբակալվեցի վրացական իշխանությունների կողմից եւ դրանից հետո բանտարկվեցի «իշխանության չարաշահման» չլսված եւ քաղաքական դրդապատճառներով մեղադրանքներով, որոնք միայն Կրեմլը եւ Վրաստանի ներկայիս կառավարությունն են համարում օրինական:

Եվ կալանավորված ժամանակ առողջությունս կտրուկ վատացել է. հիմա ես մեռնում եմ։

Ես պարբերաբար խոշտանգումների եմ ենթարկվել՝ ֆիզիկապես եւ հոգեպես, եւ ներկայումս իմ օրգանիզմում ծանր մետաղներով թունավորման նշաններ կան: Ես հիմա տառապում եմ ավելի քան 20 լուրջ հիվանդություններից, որոնք բոլորն էլ զարգացել են բանտարկության ժամանակ», — նշել է նա:

«Առանց Կոնգրեսի եւ Բայդենի վարչակազմի, ինչպես նաեւ ԵՄ եւ Մեծ Բրիտանիայի խորհրդարանների օգնության, ներկայիս կառավարությունը կշարունակի աչք փակել ոչ միայն ժողովրդավարության, այլեւ օրենքի գերակայության վրա եւ մարդու իրավունքների հիմնարար հիմքերը Վրաստանում կշարունակեն քայքայվել։

Նաեւ ակնհայտ է դառնում, որ ես շուտով կմեռնեմ, եթե երկրից դուրս պատշաճ բուժօգնություն չստանամ։

Ես շարունակում եմ կոչ անել ԱՄՆ-ին եւ միջազգային հանրությանը անել հնարավոր ամեն բան՝ իմ կյանքը փրկելու համար՝ դիվանագիտական ​​ճնշում գործադրելով Վրաստանի կառավարության վրա եւ տնտեսական պատժամիջոցներ սահմանելով Իվանիշվիլիի եւ նրա համախոհների դեմ։

Իմ մահը կարող է Վրաստանում քաղաքական քաոսի հանգեցնել, բայց իմ տանջալից մահը, անշուշտ, Պուտինի հաղթանակը կհամարվի՝ հզոր խորհրդանիշ այս տարածաշրջանի բոլոր առաջնորդների եւ, հավանաբար, աշխարհի բոլոր առաջնորդների համար, ովքեր չեն կարողանա դիմակայել ռուսական իմպերիալիզմին։

Սակայն, եթե ԱՄՆ Կոնգրեսը եւ Բայդենի վարչակազմը կարողանան ԵՄ-ի հետ համատեղ ապահովել իմ ազատ արձակումը՝ պատժամիջոցների, տնտեսական էմբարգոյի, ֆինանսավորման սառեցման եւ վիզային սահմանափակումների միջոցով, դա ոչ միայն եւս մեկ հարված կհասցնի Պուտինին, այլեւ ուժեղ ազդանշան կլինի այն մասին, որ ԱՄՆ-ն եւ Եվրոպան դեռեւս հավատարիմ են ժողովրդավարության, պարկեշտության եւ արդարության իդեալներին»,- եզրափակել է Սաակաշվիլին:

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները չեն կրակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն ապրիլի 7-ին` ժամը 13:20-13:45-ի սահմաններում, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է:

Հայ կին, հայ մայր տեսակն իր էությամբ սիրո ու նվիրումի, հայկական օջախների շենացման մարմնացումն է

Այսօր Ավետման օրն է՝ մայրության և գեղեցկության տոնը:
Սիրելի´ կանայք, մայրեր և քույրեր.
Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ:
Հայ կին, հայ մայր տեսակն իր էությամբ սիրո ու նվիրումի, հայկական օջախների շենացման մարմնացումն է։ Բոլոր ժամանակներում և գրեթե բոլոր հասարակություններում մայրության նկատմամբ եղել է և կա պաշտամունքի հասնող վերաբերմունք: Հայ իրականությունն ու ավանդույթները նույնպես դրա վառ արտահայտությունն են։ Ձեզ ուժ, սեր ու երջանկություն եմ մաղթում՝ հիշեցնելով Գարեգին Նժդեհի խոսքերը. «Մայրերի ափի մեջ պիտի փնտրել ազգերի ճակատագիրը»:

Սա խայտառակություն է և քաղաքական հրահանգ. ԱԺ-ն իմ դիմումը չի փոխանցել Գլխավոր դատախազին. Թագուհի Թովմասյան

Տեղի է ունեցել աննախադեպ բան. խայտառակություն: Այս մասին այսօր՝ ապրիլի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը:

«Ես 1 տարի 7 ամիս է հանձնաժողովի նախագահ եմ եւ մարդու իրավունքներին առնչվող տարբեր հարցերով օրական միջին 3-4 գրություն ուղարկում եմ պետական կառույցներին: Ապրիլի 5-ին գլխավոր դատախազին ուղարկել եմ մի գրություն Սպարտակ անունով մի քաղաքացու մասին, որին այսօր գլխավոր դատախազը շատ օպերատիվ պատասխանել է:

Նույն ձեւով գրել եմ նաեւ երեկ եւ մուտքագրել ենք ընդհանուր բաժին գլխավոր դատախազին ուղղված դիմումը, որտեղ 7 էջ շարադրված է, թե ինչ ենթադրյալ հանցանքներ է թույլ տվել ՔՊ-ի քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ապրիլի 4-ին կայացած մեր հանձնաժողովի նիստում: Այսօր գալիս եմ, պարզում եմ, որ նամակը չի գնացել: Աշխատակազմից ասում են՝ մենք չգիտեինք, որ մինչեւ հիմա հանձնաժողովի նախագահը բլանկ չունի: Մենք պետք է հանձնաժողովի բլանկ սարքենք, դրանով ուղարկեք, որովհետեւ եթե հանձնաժողովի բլանկով եք ուղարկում, պետք է հանձնաժողովի բոլոր անդամները քվեարկեն: Այսինքն ես հիմա պետք է սա ուղարկեմ ՔՊ-ին, ասեմ՝ ՔՊ-ի պատգամավորները կողմ քվեարկեն, որ Արթուր Հովհաննիսյանին պատժեն: Տաֆտալոգիա է»,-ասաց նա:

Թովմասյանը նկատեց, որ ինքը կարող է այս նամակն ուղարկել որպես պատգամավոր, բայց ինքը գրել է որպես հանձնաժողովի նախագահ, քանի որ իր լիազորությունները որպես նախագահ չի կարողացել իրացնել. «Ես չեմ կարողացել նիստը այնպես վարել, որ վիրավորանք չհնչի: Ես ներկայացրել եմ մի շարք հանցագործություններ եւ օրինախախտումներ, այդ թվում պատգամավորի էթիկայի վարքականոնի խախտումը:

Ես այս քաշքշուկը համարում եմ քաղաքական հրահանգ, եւ սա խայտառակություն է ինստիտուցիոնալ առւմով, որովհետեւ ԱԺ-ն խորհրդարանական երկրում անկախ մարմին է, երկրորդ, ԱԺ աշխտակազմն ապաքաղաքական մարմին է, նրանք չպետք է մտնեն բովանդակության մեջ ու ասեն՝ վայ, սա Արթուր Հովհաննիսյանին է առնչվում, տեսնենք ինչ խնդիր կարանք սարքենք, որ չգնա դիմումը: Այսինքն ինստիտուցիոնալ առումով մեր երկիրը գահավիժում է: Բա եթե այս խնդիրը կար, 1,5 տարի ես դատախազին ուղարկում եմ գրություններ, բա ինչի՞ չէիք ասում՝ հանձնաժողովի նխագահի բլանկով չի:

Սա նշանակում է, որ ՔՊ խմբակցությունն ուղղակի աշխատակազմին վերահսկում է, ինչը չի կարելի»,-ասաց Թագուհի Թովմասյանը:

Հանձնաժողովի նախագահը մանրամասնեց, որ այդ 7 էջում ենթադրյալ հանցագործության մասին բոլոր հղումներն են, թե քանի օրենք է խախտվել, ինչպիսի արտահայտություններ են թույլ տվել, որոնք պարունակում են սպառնալիք:

ՌԴ-ն մեզ պարտք Է մի հայրական ապտակ՝ ուղղված ադրբեջան կոչվող արհեստածին կազմակերպությանը

Հայ քաղաքական գործիչներից մեկը վերջերս հայտարարեց, որ 2020թ.-ի նոյեմբերի 9-ից հետո՝ աշխարհաքաղաքական շպագատին արդեն չդիմացող քաղաքական տարրն իշխանության մնաց բացառապես ՌԴ նախագահի ջանքերով։
Լիովին համամիտ եմ, քանզի ավանդույթի համաձայն հերթական միությունը կերտելու ճանապարհին մեր «դաշնակիցն» անպայման խառնածին թշնամուն Է նվիրում Ավետյաց Երկրի ցեղին պատկանող որևԷ հողակատոր, ինչպես եղավ Արևմտյան Հայաստանի և Նախիջևանի դեպքերում. հիմա էլ Արցախն են փորձում հանձնել, բայց չի ստացվելու։
Չնայած, հանուն արդարության պետք Է նշել, որ 2018թ.-ի հեղափոխությունից հետո պետականակործան նիկոլը շատ լուրջ սխալ թույլ տվեց՝ Վ. Պուտինի հանդեպ անհարգալից պահվածք դրսևորելով։
Բոլթոնի այցը երևի շատ Էր ոգևորել վերջինիս…
Ինչպես Մեծն Նժդեհն Է նշում՝ «մեր երկիրն արևելքի մեջ նոր Սպարտա պետք Է դառնա» և անպայման դառնալու Է…
Այս անգամ վստահ եմ չի ստացվելու, և վերջին բոլշեվիկին չի հաջողելու կերտել նոր ԽՍՀՄ-ը։
Անկախ ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքից՝ ՌԴ խաղաղապահ ուժերը դուրս չեն գալու Արցախից, ինչն այս պահին շահեկան մեզ՝ հայերիս համար։
ՌԴ-ն մեզ պարտք Է մի հայրական ապտակ՝ ուղղված ադրբեջան կոչվող արհեստածին կազմակերպությանը, ինչը կրկին դրական Է հայերիս համար, սակայն դա իրենից չի ենթադրում, որ 5000-ից ավել զոհեր ու 10000-ից ավել հաշմանդամներով պատերազմից դուրս եկած հայ ազգը պետք Է կորցնի մեր հերոսների արյան գնով պահված հայոց պետականությունը։
Հ.Գ. Հայ ԳՐՈՍՏՄԱՅՍՏԵՐԸ, փակ աչքերով հաղթելով բոլորին, այժմ շահեկան դրության մեջ Է հայտնվել ընդամենը մեկ խաղատախտակի առջև, որին անպայման հաղթելու Է…
Շախմատի հայկականն եմ սիրում, որովհետև՝
🇦🇲Է🇦🇲

Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի

Երևանում այսօր ցերեկը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 8-ին, 10-12-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև:

Ապրիլի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մարզերում այսօր ցերեկը, ապրիլի 8-ին, 10-12-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 7-ին, 8-ին հնարավոր է նաև ամպրոպ։

Ապրիլի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ արևմտյան՝ 3-5մ/վ, ապրիլի 7-ին, 8-ին, 12-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 7-ին, 8-ին աստիճանաբար կնվազի 2-5 աստիճանով։

Արցախում այսօր և վաղը սպասվում է անձրև և ամպրոպ։

Երևանի որոշ հասցեների, Լոռու մարզի Գուգարք, Փամբակ բնակավայրերի գազամատակարարումը ապրիլի 11-ին կդադարեցվի

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 11-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Արղության փողոցի թիվ 1-ից մինչև 35 հասցեների առանձնատների, Մամիկոնյանց նրբանցքի առանձնատների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն`Լոռու մարզի Գուգարք, Փամբակ բնակավայրերի գազասպառողների, «Ռոբ և Կարեն» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Ա.Ա.Բ. Պրոյեկտ» ՍՊԸ-ի և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

Մենք կանգնած ենք գոյության խնդրի առջև

Հասարակության որոշ հատված այս իշխանություններից այլևս որևէ դրական փոփոխության չի սպասում` սոցիալ֊տնտեսական բարելավումների հարցերում, իսկ մեծ մասն էլ գտնում է, որ այս իշխանությունները չեն կարողանում ապահովել երկրի անվտանգությունն ու քաղաքացիների պաշտպանությունը։
Սրանց օրոք ամեն ինչ այնքան է թանկացել, որ մարդիկ հազիվ են կարողանում իրենց աշխատավարձերով կամ կենսաթոշակներով գոյատևել։ Ամեն ինչն է թանկացել, ներառյալ` ուսում, բժկություն, բնակարաններ, լույս, գազ, ջուր։ Ամեն բան հասնում է աստղաբաշխական թվերի, բայց իրենք միայն մտածում են` էլ ինչ անեն, որ ավելի շատ փող ունենան, թեկուզ երկիր ծախելով։
Անվտանգության խնդիրը դարձել է գոյության խնդիր։ Մենք կանգնած ենք գոյության խնդրի առջև, որովհետև մեր աչքի առջև այրվում են զինվորներ, անընդհատ տեղի են ունենում նոր զիջումներ, սահմանամերձ գյուղերը դարձել են ուղիղ սահման, այդ գյուղերի բնակիչները պաշտպանված չեն, ամեն վայրկյան նրանց վտանգ է սպառնում, հակառակորդը առիթը բաց չի թողնում նոր տարածքներ օկուպացնելու համար, իսկ այս իշխանությունները խոսում են խաղաղության օրակարգից` ժողովրդին նետելով ցեղասպանվելու։
2018 թվականին Նիկոլը փողոցներով շրջելիս բղավում էր` «Սա Հայաստանի Հանրապետությունն է, ոչ թե արևմտյան Ադրբեջանը», բայց արի ու տես, որ Նիկոլի համար լրիվ հակառակն է, նա ՀՀ֊ն համարում է արևմտյան Ադրբեջան, այլապես ինչու՞ պետք է նպաստեր հակառակորդի առաջխաղացմանն ու լավ իմանալով նրա ցեղասպան քաղաքականության մասին` ամեն հարմար առիթի խոսեր խաղաղությունից։

ՀՀ քննչական կոմիտեն մեկնարկում է հանրակրթական դպրոցների աշակերտների հետ դասընթացների անցկացման ծրագիր

ՀՀ քննչական կոմիտեն սկսում է կրթադաստիարակչական, հաղորդակցային և հանրային իրազեկման նոր ծրագիր, որի շրջանակներում Կոմիտեի քննիչները դասընթացներ են վարելու հանրապետությունում գործող հանրակրթական միջին (8-9-րդ դասարան) և ավագ (10-12-րդ դասարան) ուսումնական հաստատություններում:

ՔԿ-ից  հայտնում են, որ ՀՀ քննչական կոմիտեի նախագահն ստորագրել է «Դասը վարում է քննիչը» խորագրով դասընթացների առարկայական ծրագիրը և դասընթացավարներին ներկայացվող պահանջները հաստատելու մասին հրամանը, որով փաստացի մեկնարկում է նշված նախաձեռնությունը։ Հրամանով սահմանվել են քննիչների կողմից վարվելիք դասընթացի թեմատիկ շրջանակը, անցկացման կարգը, դասընթացավարներին ներկայացվող հիմնական պահանջները։

Ծրագիրն ուղղված է մատաղ սերնդի իրավագիտակցության բարձրացմանը, օրինապաշտ վարքագծի խրախուսմանը, հանցածին հակումների իրավական հետևանքների բացատրմանը։ Հիմնական խնդիրներից է դեռահասների և երիտասարդների ներգրավման կամ թիրախավորման տեսանկյունից առավել ռիսկային հանցատեսակների դրսևորման եղանակների, դրանք ծնող պատճառների և կատարմանը նպաստող պայմանների պարզ և մատչելի  իրազեկումը։

Մասնավորապես, դասընթացների հիմնական թեմաներն են լինելու հափշտակության տեսակները, հրազենի, պայթուցիկ նյութերի և սարքերի, փամփուշտների ապօրինի շրջանառությունը, սառը զենք կրելը, թմրանյութերի ապօրինի շրջանառությունը, խուլիգանությունը և դրա հատկանիշները, քրեական ենթամշակույթը և դրա դեմ պայքարը, անչափահասին հանցանքի կատարման մեջ ներգրավելը, երեխաների թրաֆիքինգը, կոռուպցիան և դրա հասարակական վտանգավորությունը, ընտանեկան բռնությունը և դրանից պաշտպանության միջոցները, կիբեռհանցագործությունները, պարտադիր զինվորական կամ զորահավաքային զորակոչից խուսափելը և այլն։

 Քննիչները աշակերտներին կիրազեկեն ՀՀ-ում  իրավապահ, արդարադատություն իրականացնող մարմինների գործառույթների, առանձնահատկությունների մասին։  

Նախատեսվում է, որ ՀՀ քննչական կոմիտեի յուրաքանչյուր ստորաբաժանում ուսումնական տարվա ընթացքում պետք է ապահովի առնվազն 6 առարկայական թեմայի դասավանդում՝ ուսհաստատությունների վարչակազմերի հետ նախապես համաձայնեցնելով ժամանակացույցը և առարկայական ծրագիրը։ Դասընթացներն ընդգրկելու են ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ մարզերի ուսումնական հաստատությունները։ Դրանցում ներգրավվելու է նաև ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար անձնակազմը։

Դասընթացավարների ընտրության հարցում նախապատվությունը տրվելու է փորձառություն, գիտամանկավարժական գործունեության փորձ ունեցող, լսարանի հետ հաղորդակցվելու հմտություններ ունեցող աշխատակիցներին։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահը հանձնարարել է ընդգծված հետևողականություն ցուցաբերել ծրագրի իրականացման հարցում։ «Դասընթացը վարում է քննիչը» ծրագրի շրջանակներում հրամանով սահմանված պահանջների կատարումը հաշվի է առնվելու Կոմիտեի ստորաբաժանումների աշխատանքների կատարողականի գնահատման հարցում։