Ռուսաստանին եւ Հայաստանին գժտեցնելու բոլոր փորձերն ապարդյուն են․ ՌԴ ՆԳ նախարար

Ռուսաստանին եւ Հայաստանին գժտեցնելու ոչ բարեկամական երկրների ցանկացած փորձ կմնա ապարդյուն, իսկ երկու երկրների իրավապահ մարմինների համագործակցությունը համակարգված կզարգանա, հաղորդում է ՌԴ ՆԳՆ մամուլի կենտրոնը՝ վկայակոչելով գերատեսչության ղեկավար Վլադիմիր Կոլոկոլցեւի խոսքը։

Մամուլի կենտրոնի հաղորդմամբ՝ երկուշաբթի Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի ՆԳ նախարար Վահե Ղազարյանի եւ ՌԴ ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցեւի հանդիպումը։

«Վլադիմիր Կոլոկոլցեւը վստահություն է հայտնել, որ Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերություններում երկպառակություն մտցնելու ոչ բարեկամական երկրների ցանկացած փորձ կմնա ապարդյուն, իսկ ներքին գործերի նախարարությունների փոխգործակցությունը համակարգված կզարգանա՝ ի շահ երկու պետությունների ժողովուրդների», — նշվում է հայտարարության մեջ։

Միաժամանակ, ռուսական գերատեսչության ղեկավարն իր գործընկերոջ ուշադրությունը հրավիրել է «բազմաբեւեռ աշխարհակարգի ձեւավորման դժվար պատմական ժամանակաշրջանի վրա»։

«Մեր երկրի դեմ «հավաքական Արեւմուտքի» հիբրիդային դիմակայության գործիքներից մեկը հետխորհրդային տարածքի պետություններում ռուսաֆոբական տրամադրությունների զարգացումն է»,- ​​նշել են մամուլի կենտրոնում։

Ավելին, Կոլոկոլեւը նշել է ՀԱՊԿ ձեւաչափում հայ գործընկերների ակտիվ փոխգործակցությունը։

Գյումրիում բար-ռեստորանի մոտ վեճի ժամանակ անհայտ անձը դանակով հարվածներ է հասցրել 22-ամյա երիտասարդին

Ապրիլի 2-ը նոր էր սկսվել, երբ ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնում ստացվեց հաղորդում. որովայնի ծակած-կտրած թափանցող վերքով «Գյումրի» բժշկական կենտրոն էր դիմել 22-ամյա մի երիտասարդ:

Ոստիկանությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ Չերազի փողոցի բար-ռեստորանի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ անհայտ անձը դանակով հարվածներ էր հասցրել 22-ամյա երիտասարդին: Մինչ կպարզվեր այդ հանգամանքը, Շիրակի պարեկները Չերազի փողոցից Կումայրիի բաժին են տեղափոխել գյումրեցի 23-ամյա և 21-ամյա երկու երիտասարդի: 23-ամյա երիտասարդը դեմքի վնասվածքով էր. նա շտապօգնության մեքենայով տեղափոխվեց հիվանդանոց: Նրանք նույն վիճաբանության մասնակիցներ էին:

Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ:

Կումայրիի քրեական հետախույզների և Շիրակի պարեկների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվեց, որ բար-ռեստորանի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ դեմքի վնասվածքներ ստացած 23-ամյա երիտասարդն էր դանակի հինգ հարված հասցրել հիվանդանոց տեղափոխված երիտասարդին, իսկ նրան ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցրել ու մարմնական վնասվածքներ էին պատճառել 21 և 22 տարեկան վիճաբանողները:

Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Անցած շաբաթ Արցախում սահմանային խախտման 4 դեպք է արձանագրվել․ Ադրբեջանը կրակ է բացել խաղաղ բնակիչների ուղղությամբ

Մարտի 27-ից ապրիլի 3-ն ընկած ժամանակահատվածում Արցախի ՆԳՆ ոստիկանության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների հերթապահ մասերում հանցագործությունների և իրավախախտումների վերաբերյալ գրանցվել է 51 հաղորդում, որից 25-ը՝ հանցագործության վերաբերյալ: Դրանցից 22-ը ոստիկանության ծառայողների կողմից բացահայտվել և քննության փուլում է:

Դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու 5 դեպք է արձանագրվել: Ոստիկանության ծառայողների կողմից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության և գույքի դիտավորությամբ ոչնչացման մեկական դեպքեր, ապօրինի ծառահատման 2, ինչպես նաև նախկինում կատարված 2 հանցագործություն: Միջոցներ են ձեռնարկվում այլ հանցատեսակների նախականխման, կանխման, հանցագործությունների բացահայտման և խափանման ուղղությամբ:

Ոստիկանության քրեական հետախուզության վարչությունը՝ տարածքային ստորաբաժանումների ծառայողների հետ համատեղ, շարունակում են թմրամիջոցների, դրանց ապօրինի շրջանառության, աճեցման և իրացման դեմ պայքարը: Անցած շաբաթվա ընթացքում բացահայտվել է 3 դեպք:

Յոթ օրվա ընթացքում սահմանային խախտման 4 դեպք է արձանագրվել: Ադրբեջանական զինուժը մարտական դիրքերից կրակ է բացել Արցախի խաղաղ բնակիչների ուղղությամբ: Վերջիններս Մարտունու շրջանի Թաղավարդ, Կարմիր Շուկա և Բերդաշեն համայնքների հողատարածքներում զբաղվում էին գյուղատնտեսական աշխատանքներով: Ոչ ոք չի տուժել: Հերթական անգամ դադարեցվել է գյուղատնտեսական աշխատանքները:

Մարտի 31-ին Ստեփանակերտ քաղաքի Թումանյան փողոցի հյուրատներից մեկում հայտնաբերել է 1950 թվականին ծնված տղամարդու դի: Ոստիկանության ծառայողները պարզել են, որ նրա առողջական վիճակը կտրուկ վատթարանալու հետևանքով նշված հյուրատան խոհանոցում հանկարծամահ է եղել: Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է ՃՏ 10 պատահար, որից 6-ը նյութական վնասով, 4-ը՝ մարմնական: Բուժհաստատություն է դիմել 6 քաղաքացի:

Նշված ժամանակահատվածում առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց է շահագործել 9 վարորդ, 9-ը եղել է անսթափ վիճակում, 2 վարորդ գերազանցել է սահմանված արագությունը:

Ոստիկանության պետի հրամանով` կենտրոնական և տարածքային ստորաբաժանումների ծառայողների մասնակցությամբ, համակարգում շարունակվում են ամենամյա դասընթացներն ու պարապմունքները, որոնք միտված են կատարելագործելու ոստիկանության ծառայողների մասնագիտական գիտելիքներն ու ունակությունները:

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով

Հանրապետության տարածքում ապրիլի 3-ի ցերեկը, 4-ի գիշերը, 5-8-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Ապրիլի 4-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ապրիլի 5-8-ն առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 3-5-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։

Երևանում ապրիլի 3-ի երեկոյան ժամերին, 5-8-ը հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 4-ին, 5-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

ԱՄՆ-ում տորնադոյի զոհերի թիվը հասել է 32-ի

ԱՄՆ-ի տասնմեկ նահանգներում տորնադոների մի շարք զոհերի թիվը հասել է 32-ի։

Փոթորիկը շրջել է մեքենաներ, արմատախիլ արել ծառեր և ավերել մի քանի շենքեր։ Ամենաշատ տուժած նահանգներից են Ալաբաման, Արքանզասը, Ինդիանան, Միսիսիպին և Թենեսին: Կիրակի երկրի հյուսիս-արևելքում ավելի քան 230 հազար տուն մնացել է առանց էլեկտրականության, հաղորդում են լրատվական գործակալությունները:

Արքանզասի նահանգապետ Սառա Հակաբի Սանդերսը արտակարգ դրություն է հայտարարել և օգնություն է խնդրել Ազգային գվարդիայից։

Աղետից տուժած շենքերի թվում է նաեւ մեկ եկեղեցի։ Նահանգապետը ավերածությունների լուսանկար է հրապարակել Twitter-ի իր միկրոբլոգում։

Իլինոյս նահանգի Բելվեդերում տորնադոն տապալել է թատերական կենտրոնի տանիքը, որտեղ պետք է համերգ կայանար։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոստացել է, որ դաշնային օգնություն կտրամադրվի տուժած շրջանների վերականգնման համար։

Մարտի վերջին ԱՄՆ Միսիսիպի նահանգում տորնադոյի հետևանքով զոհվել է առնվազն 23 մարդ։ Տասնյակ մարդիկ վիրավորվել են:

ըստ ԱՄՆ Մարդահամարի բյուրոյի ուսումնասիրության, 2022 թվականին 3,3 միլիոն չափահաս ամերիկացիներ ստիպված են եղել լքել իրենց տները փոթորիկների, ջրհեղեղների, հրդեհների, տորնադոյի կամ այլ բնական աղետների պատճառով:

Քոչարի փողոցում մահվան ելքով վրաերթ կատարած վարորդը հայտնաբերվել և ձերբակալվել է

Ապրիլի 1-ին, ժամը 03.40-ին, Երևանի Երվանդ Քոչարի փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 51-ամյա Կարեն Խաչատրյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ մահացել էր:

Ոստիկանությունից հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Կարեն Խաչատրյանին մահվան ելքով վրաերթի էր ենթարկել «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենայի վարորդը: Նա և երկու ուղևորները Գրիբոյեդովի փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղ ուղևորներից մեկի մոտ հայտնաբերվել է ծալովի դանակ: Նրանք ներկայացվել են վարույթն իրականացնող մարմին: «Ռենջ Ռովերը» տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք:

Կատարվում է նախաքննություն։

«Գիտակցեք՝ դրված է մեր լինել-չլինելու հարցը». ԱԱԾ պահեստազորի սպաները կոչ են անում համախմբվել հանուն հայրենիքի

ԱԱԾ պահեստազորի սպաները ողջախոհության կոչով են հանդես եկել։

«Մենք խորությամբ հասկանում և գիտակցում ենք, որ երկրի խնդիրներով մտահոգ հանրությունն այլևս խոսքերի, չեզոք կամ պաթետիկ մտքերի կարիք չունի։ Ամեն ինչ ասված է, խոսելը՝ ժամանակավրեպ։

Մարդիկ ձգտում են կոնկրետության, գործողությունների, որոնք կարող են հանգեցնել երկրում  բեկումնային փոփոխությունների, ազգային արժանապատվության և անվտանգային համակարգը վերականգնելուն, ինչի հետ լիովին համակարծիք ենք։

Միջազգային, տարածաշրջանային հարթակներում տեղի ունեցող գործընթացները, Ադրբեջանի կողմից լայնամասշտաբ ռազմական էսկալացիայի հավանականությունը, ՀՀ ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ պաշտոնական Երևանի հարաբերությունների շարունակական  վատթարացումը, Հայաստանն աշխարհաքաղաքական բախումների թատերաբեմ դարձնելու վտանգավոր հեռանկարը և այս ամենի պայմաններում ՀՀ իշխանությունների վարած քաղաքականության անարդյունավետությունը ստիպում են մեզ այսօր ևս մեկ ու վերջին անգամ ողջախոհության կոչով դիմել բոլորին, այլապես վաղն ուշ է լինելու։

Գիտակցեք՝ դրված է մեր լինել-չլինելու հարցը։ Հնարավոր չէ ագրեսորին կանգնեցնել  զիջումների, թողտվության հաշվին։ Դրանով միայն բորբոքվում է նրա ախորժակը։ Հիշեք Ադոլֆ Հիտլերին, ում Անգլիայի ու Ֆրանսիայի ղեկավարները 1937-1939 թվականներին փորձում էին կանգնեցնել տարածքներ անվերջ զիջելու հաշվին։ Այնինչ դա չհաջողվեց և հանգեցրեց Երկրորդ համաշխարհային պատերազմին, որի ընթացքում Փարիզը նվաճվեց, իսկ Լոնդոնը փրկվեց միայն Ուինսթոն Չերչիլի նախաձեռնած դիմադրության և հմուտ ղեկավարման շնորհիվ։  Ընդ որում Ֆրանսիան առ այսօր կաշկանդված է այդ ժամանակ թշնամուն չդիմադրելու, հանձնվելու բարդույթով։ Այսպիսի օրինակները բազմաթիվ են:

Վերը նշված սպառնալիքները հաշվի առնելով՝ կոչ ենք անում՝

1․ հրաժարվել վախվորած, կործանարար այս մոտեցումից, ներքին ու արտաքին պարտվողական քաղաքականությունից,
2․ կուսակցական ու խմբային շահերը մի կողմ թողնելով՝ համախմբվել հանուն հայրենիքի,
3․  ամեն գնով ձերբազատվել  թշնամու շահը ներսում սպասարկողներից՝ պետական դավաճաններից,
4․ վերականգնել ռազմավարական դաշնակցի հետ մեր հարաբերությունները և փոխվստահությունը,
5․ երկրի կառավարումը, կարգապահությունն ուժեղացնել՝ վերջ տալով յուրայինների ամենաթողությանը և այլախոհների նկատմամբ հետապնդումներին, այլ կերպ ասած՝ ընտրովի արդարադատությանը»,- ասվում է հայտարարությունում։

«Հայրենիք» կուսակցության անդամը դատարանում հաղթել է ՔՊ-ական պատգամավորին

«Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Նիկողոսյանը դատարանում հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Միքայել Թումասյանին։

«Ուզում եմ տեղեկացնել, որ գրեթե 2 տարվա դատավարությունից հետո ավարտվեց ինձ դատի տված Դավթաշենի նախկին թաղապետ, ներկայումս ՔՊ պատգամավոր Միքայել Թումասյանի դատական գործը:

Ասեմ, որ դատարանը ամբողջությամբ մերժել է պատգամավորի հայցը։

Ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ փաստաբան Անահիտ Սարգսյանին` դատավարությանը փայլուն մասնակցության և մինչև վերջ իմ կողքին կանգնելու համար: Արդարությունը միշտ հաղթանակում է, իսկ մեր ժամանակներում արդարությունը ամենաուժեղ զենքն է։

Հ. Գ. Միանշանակ, մենք պետք է գործենք, որպեսզի հաղթենք ներքին թշնամուն, իսկ այսօր ներքին թշնամին ավելի վտանգավոր է, քան արտաքին թշնամին: Ստերի և դավաճանների վերջը գալու է։ Ժամանակի հարց է…», — Facebook-ում գրել է Արսեն Նիկողոսյանը։

Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ Նիկոլը եկել է ոչնչացնելու մեր հաղթանակները

Երեկ` ապրիլի 2֊ին քառօրյա պատերազմի օրը, ոչ կառավարությունը, ոչ Ազգային ժողովը ծաղկեպսակ չուղարկեցին Եռաբլուր։
Սա խոսում է նրա մասին, որ այս իշխանությունները չեն ընդունում մեր հաղթանակները, չնայած պատերազմ պարտվածներից ու շարունակ պարտվողական քաղաքականություն վարողներից ի՞նչ պետք է սպասեինք։
Բացի դրանից, Նիկոլը չէր կարող Ալիևին հակառակվեր, չէ՞ որ Ալիևը նրան կպատժեր` ծաղկեպսակ ուղարկելու համար։
Սրանք չեն սիրում հաղթողներին, սրանք սիրում են դավաճաններին, պարտվածներին, հայրենավաճառներին, այսինքն` իրենք իրենց են սիրում։
Նիկոլը ապրիլյան պատերազմը չէր համարում հաղթանակ, իսկ եթե իսկապես հաղթանակ չհամարեր, վստահ լիներ, որ պատերազմը պարտվել ենք, ապա առանց մտածելու` Ալիևի ուղղորդմամբ ծաղկեպսակ կուղարկեր Եռաբլուր, նույնիսկ ինքն անձամբ կայցելեր։
Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ Նիկոլը եկել է ոչնչացնելու մեր հաղթանակները։