Կարմրուկի հաստատված դեպքերն ավելացել են 35-ով

Կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը վերջին թարմացումից հետո (մարտի 13, 2023թ.) ավելացել է ևս 35-ով, տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից։

«Մարտի 29-ի դրությամբ Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 85 է:

85-ից հոսպիտալացված է 7-ը, 36-ը՝ հոսպիտալացված չէ, 42-ը՝ դուրս է գրվել: Հոսպիտալացված հիվանդների վիճակը գնահատվում է միջին ծանրության: Դեպքերից 57-ը երեխաներ են, 28-ը` մեծահասակ:

Առողջապահության նախարարությունը կարմրուկի ցուցանիշների մասին հաջորդիվ կտեղեկացնի` ելնելով համաճարակաբանական իրավիճակից»,- նշված է հաղորդագրությունում:

Այս ամենը վկայում է մի բանի մասին, որ չի կարող մի իշխանություն խոսել մարդու իրավունքների մասին

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Աշխարհում մարդու իրավունքների վիճակը 2022-2023» զեկույցը, որտեղ ներկայացված են 156 երկրների վերաբերյալ ուսումնասիրությունների արդյունքները։
Զեկույցում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի անվտանգային վիճակին:
Սեպտեմբերի 13-ին տեղի ունեցած ռազմական ագրեսիայի արդյունքում Ադրբեջանը ավելի գերիշխող ռազմական դիրքեր գրավեց և մենք կրկին անգամ ունեցանք զոհեր, անգամ հոկտեմբերին ԵՄ մշտադիտարկման երկամսյա առաքելության ընթացքում տեղի ունեցան 15-ից ավել հրադադարի խախտումներ, ինչը ցավոք չարձանագրվեց գոնե իսկ որևէ հրապարակային փաստաթղթում:
Այս ամենը վկայում է մի բանի մասին, որ չի կարող մի իշխանություն խոսել մարդու իրավունքների մասին, ով որևէ քայլ չի ձեռնարկում իր զինվորի կյանքը փրկելու կամ գերեվարված զինվորին իր հայրենիք ետ վերադարձնելու համար:

Հայաստանում արդարությունը վերականգնվելու է

Այն երիտասարդները, ովքեր մասնակցել են 44-օրյա պատերազմին և ձեռք են բերել հաշմանդամություն՝ առընչվում են հաշմանդամության կարգերի հետ կապված խնդիրների:
Հաճախ ստանում ենք ահազանգեր, որ նրանք այս իշխանության կողմից հաշմանդամ չեն համարվում և զրկվում են հաշմադամության թոշակից կամ էլ հաշմանդամության կարգ են փոխում, որ նրանց թոշակ ավելի քիչ տան:
Հարկ եմ համարում բարձրաձայնել այս հարցը, ու դիմում եմ բոլոր այն երիտասարդներին, ովքեր ունեն նման խնդիր` անպայման կապ հաստատել մեզ հետ: Մենք պատրաստ ենք բարձրաձայնել ձեր խնդիրների մասին:
Հայաստանում արդարությունը վերականգնվելու է:

Կոստյումներով և բլոկնոտներով առաքելություն իրականացնող ԵՄ դիտորդների առկայության պարագայում անգամ Հայաստանը ունենում է զոհեր ու վիրավորներ

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Աշխարհում մարդու իրավունքների վիճակը 2022-2023» զեկույցը, որտեղ ներկայացված են 156 երկրների վերաբերյալ ուսումնասիրությունների արդյունքները։ Ըստ այդ զեկույցի կոստյումներով և բլոկնոտներով առաքելություն իրականացնող ԵՄ դիտորդների առկայության պարագայում անգամ, Հայաստանը ունենում է զոհեր ու վիրավորներ։ Նիկոլի ստեղծած ժողովրդավար երկրում խաղաղ ցույցերը անցնում են բոլոր ուժային կառույցների ուղեկցությամբ ու բրիտ ուժի կիրառմամբ, նիկոլի ստեղծած ժողովրդավար երկրում լրագրողներ են վիրավորվում բողոքի ցույցերը լուսաբանելու համար, նիկոլի ստեղծած երկրում մարդկանց անհիմն մեղադրանքներ են առաջադրվում։ Այս շարքը կարելի է անվերջ շարունակել։ Հ.Գ նիկոլի այս անխոչընդոտ ընթացքը կանխվելու է անկախ հանգամանքներից։

Դա նշանակում է, որ ՀԱՊԿ-ը նույնպես կարող է ներքաշվել պատերազմի մեջ. Տիգրան Աբրահամյան

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ելույթ է ունեցել ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի և միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի նիստում` Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սանձազերծած հումանիտար ճգնաժամի վերաբերյալ քննարկմանը:

«Հարգելի գործընկերներ, ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել ՀԱՊԿ կենսական շահերի գոտում՝ Հարավային Կովկասում, տեղի ունեցող զարգացումներին։
Ինչպես գիտեք, Ադրբեջանը տարածքային պահանջներ է ներկայացնում ՀԱՊԿ հիմնադիր անդամ Հայաստանի նկատմամբ, որի չբավարարման դեպքում Ադրբեջանն, ըստ էության, սպառնում է նոր պատերազմով։

Ալիևն ուղիղ տեքստով է ասում, որ եթե Հայաստանն ուզում է խաղաղ ապրել, ապա պետք է Ադրբեջանի պայմաններով սահմանների դելիմիտացիա իրականացնի։

Իսկ դա նշանակում է ՀԱՊԿ անդամ Հայաստանի լայնածավալ տարածքների և բազում բնակավայրերի նկատմամբ ադրբեջանական ուղիղ վերահսկողություն։

Ալիևի այս սպառնալիքներն ուղեկցվում են Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սադրիչ գործողություններով։

Այսպես, վերջին մեկ շաբաթվա ընթացքում տեղի ունեցած սադրանքներից մեկի ընթացքում, ցավոք, հայ զինծառայող է զոհվել։

Իսկ մեկ այլ դեպքով ադրբեջանցիները կրակ են բացել ռուս զինվորականների մեքենայի վրա, ինչի արդյունքում նրանցից երկուսը հոսպիտալացվել են։

Լեռնային Ղարաբաղում վիճակը շատ ավելի ծանր է։

Վերջին մեկ ամսվա ընթացքում արձանագրվել են կրակահերթեր խաղաղ բնակիչների ուղղությամբ, շփման գծի հայկական հատվածում ընթացող ոստիկանական մեքենային թիրախավորում, որի հետևանքով երեք մարդ է զոհվել։

Տեղի է ունեցել նաև 2020թ. Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեկ այլ կոպիտ խախտում՝ ադրբեջանցիները հատել են շփման գիծը և առաջխաղացում ապահովել այնպիսի հատվածում՝ խափանելով Արցախի կարևոր ենթակառուցվածքներից մեկի՝ միջբնակավայրային ճանապարհի ֆունկցիոնալությունը։

Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմը ջանքեր է գործադրում իրավիճակը վերահսկելու և հրադադարի ռեժիմը պահպանելու ուղղությամբ, սակայն խնդիրը քաղաքական լուծումներ է պահանջում։

Ադրբեջանը ոչ միայն խախտում է 44-օրյա պատերազմից հետո հրադադարը հաստատող Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ընդունված եռակողմ փաստաթղթերը, դրան հաջորդած ժամանակաշրջանում տարբեր ձևաչափերով տեղի ունեցած հանդիպումների պայմանավորվածությունները, այլև հանդես է գալիս նոր առավելապաշտական պահանջներով՝ վտանգելով ՀԱՊԿ անդամ Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։

Վերջին շրջանի զարգացումների դինամիկան ցույց է տալիս, որ Ադրբեջանը տարածաշրջանում նոր ագրեսիա է նախապատրաստում, իսկ դա նշանակում է, որ ՀԱՊԿ-ը նույնպես կարող է ներքաշվել պատերազմի մեջ։

Ուզում եմ հիշեցնել 2016 թվականի հոկտեմբերի 14-ի ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների համատեղ հայտարարությունը, որում ամրագրված է Արցախի հարցի համատեքստում ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառման սկզբունքը:

Կարծում եմ՝ մեր բոլորիս խնդիրն է կանխել դեպքերի նման ընթացքը և կոնկրետ քայլերով ստիպել Ադրբեջանին ետ կանգնել նման մտահղացումներից»։

Լեռնային Ղարաբաղ եւ Լաչինի միջանցք պետք է միջազգային փաստահավաք առաքելություն գործուղել. ԱԽ քարտուղար

Աշխատանքային այցով Լատվիայի Հանրապետությունում գտնվող ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը այսօր՝ մարտի 29-ին, հանդիպումներ է ունեցել Լատվիայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրիս Տեյկմանիսի, նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Յաանիս Կաժոչնիշի, Լատվիայի արտաքին գործերի նախարարի եվրոպական հարցերով տեղակալ Ինգրիդա Լեւրենսի, ինչպես նաեւ Լատվիայի վարչապետի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մաարիս Չեպուրիտիսի հետ։

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԽ գրասենյակից, հանդիպումների ընթացքում կողմերը կարեւորել են երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված բարձր մակարդակով հանդիպումների անցկացումը, ինչպես նաեւ ԵՄ առաքելության ներկայությունը Հայաստանում։

Քարտուղար Գրիգորյանը գործընկերներին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամն ու ՀՀ անվտանգային միջավայրի մարտահրավերները, այդ թվում Ադրբեջանի հավանական էսկալացիայի վերաբերյալ մտահոգությունները: Վերոնշյալի համատեքստում ԱԽ քարտուղարն ընդգծել է Լեռնային Ղարաբաղ եւ Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու անհրաժեշտությունը:

Լատվիայի գործընկերներն Հայաստանին անվտանգային հարցերում աջակցելու եւ ԵՄ առաքելությունն ամրապնդելու հարցում իրենց պատրաստակամությունն են հայտնել:

Եղանակը Հայաստանում․ սպասվում են տեղումներ

Մարտի 30-ին Հայաստանի շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Առանձին վայրերում օդերեւութաբանները կանխատեսում են հարավ-արեւմտյան քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ, կդիտվի մառախուղ, հնարավոր է ամպրոպ։ Օդի ջերմաստիճանը ցերեկն արդեն կնվազի 5-6 աստիճանով։Երեւանում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +8+10, վաղը ցերեկը՝ +15+17։

Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում՝ գիշերը՝ -2 + 3, ցերեկը՝ + 2 + 7,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -1 + 2, ցերեկը՝ + 4 + 7,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +11+13,

Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ +1 + 5, ցերեկը՝ + 6 + 11,

Լոռիում՝ գիշերը՝ +3 + 6, ցերեկը՝ + 4 + 7,

Տավուշում՝ գիշերը՝ +4 + 7, ցերեկը՝ + 7 + 12,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -1 + 2, ցերեկը՝ + 4 + 6,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +5 + 8, ցերեկը՝ + 12 + 15,

Արարատում՝ գիշերը՝ +9 + 11, ցերեկը՝ + 18 + 20,

Արմավիրում՝ գիշերը՝ +9 + 11, ցերեկը՝ + 17 + 19,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +2 + 4, ցերեկը՝ + 10 + 12,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +17+20,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +11 + 15, ցերեկը՝ + 22 + 25,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +16+19,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ +8 + 12, ցերեկը՝ + 19 + 23։

Էստոնիայում պաշտոնյաներին կարգելեն օգտագործել Tik Tok-ը

Էստոնիայի ձեռներեցության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Քրիստյան Յարվանը հայտարարել է, որ պաշտոնյաներին կարգելվի օգտագործել Tik Tok հավելվածը պետության կողմից տրամադրված հեռախոսներում: Այս մասին նախարարը հայտնել է Eesti Paevaleht թերթին։

«Համապատասխան հրաման է եղել տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների պետական կենտրոնից։ Առայժմ խոսքը միայն TikTok-ի մասին է։ Այս ամիս կենտրոնացված կառավարվող հեռախոսներից հավելվածը կհեռացվի, իսկ տեղադրումը կարգելվի», — հայտարարել է նախարարը։

Խուլիգանություն մարզադաշտի տարածքում

Ոստիկանության Կենտրոնական բաժնի համայնքային ոստիկանները մարտի 28-ին Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտի տարածքում, խուլիգանություն կատարելու կասկածանքով, ձերբակալել և բաժին են ներկայացրել 32 և 34 տարեկան երկու երիտասարդների:

Ոստիկանությունից հայտնում են, որ պարզվել է, որ մարզադաշտի դարպասների մոտ նրանք և անվտանգության աշխատակիցը վիճաբանել են, հայհոյել, անհարգալից վերաբերմունք դրսևորել իրար նկատմամբ, իսկ անվտանգության աշխատակիցը խփել է 34-ամյա երիտասարդին:

Քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ անվտանգության աշխատակիցը ներկայացել է բաժին:

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:

ՌԴ-ն հույս ունի, որ Հայաստանի և ՀԱՊԿ-ի համագործակցության հարցերը կառուցողական լուծում կստանան


Մոսկվան ակնկալում է, որ ՀԱՊԿ-ի մյուս անդամների հետ Երևանի փոխգործակցության բնույթի վերաբերյալ վնասակար քննարկումները կդադարեն, և այդ առնչությամբ ծագած հարցերը կառուցողական լուծում կստանան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ RTVI-ին տված հարցազրույցում այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։

«Ակնկալում ենք, որ «ով որտեղից է դուրս գալիս» թեմայով վնասակար քննարկումները կդադարեն, և ՀԱՊԿ-ի շրջանակներում Երևանի հետ փոխգործակցության բոլոր հարցերը, այդ թվում՝ Հայաստանի տարածքում կազմակերպության դիտորդական առաքելության տեղակայումը, կլուծվեն կառուցողական և փոխշահավետ կերպով: Մենք բաց քննարկում ենք հայկական կողմի բոլոր մտահոգությունները ՀԱՊԿ-ում առկա փոխգործակցության ձևաչափերի շրջանակներում՝ սկսած Մշտական ​​խորհրդի նիստերից մինչև Հավաքական անվտանգության խորհուրդ, որը կազմակերպության բարձրագույն մարմինն է», — ասել է Գալուզինը։

ՌԴ փոխարտգործնախարարը խոսել է նաև ՀԱՊԿ-ի շրջանակներում առկա «դժվարությունների մասին»՝ նշելով, որ առանց դրանց չի աշխատում ոչ մի միջազգային կառույց, որն «իրական գործնական աշխատանք է կատարում՝ ելնելով իր բոլոր անդամների շահերից»:

«Այսօրվա դրությամբ Կազմակերպությունում մեկնարկել է անդամ երկրների ղեկավարների՝ 2022 թվականին կայացած հանդիպումներում ընդունված որոշումների իրականացման ինտենսիվ գործընթաց։ Հիմնականում Հայաստանի նախագահության շնորհիվ շատ բան է արվել մեր հավաքական անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները հետ մղելու ՀԱՊԿ-ի կարողությունները զարգացնելու համար: Ցանկանում եմ ընդգծել, որ ձեռք բերված արդյունքները հնարավոր չէին լինի առանց բոլոր անդամ պետությունների համակարգված, արդյունավետ և շահագրգիռ աշխատանքի», — ասել է Գալուզինը։