Ադրբեջանի զինված ուժերը Շուշի-Լիսագոր հատվածում խախտել են ամրագրված շփման գիծը և դիրքային առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության տարածքում

Ադրբեջանի զինված ուժերը, հերթական անգամ ոտնահարելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, մարտի 25-ին Շուշի-Լիսագոր հատվածում խախտել են նույն փաստաթղթով ամրագրված շփման գիծը և որոշակի դիրքային առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության տարածքում, հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

Արցախի Հանրապետության իշխանությունները եռակողմ հայտարարության դրույթների հերթական կոպիտ խախտման մասին անմիջապես տեղեկացրել են ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ հաշվի առնելով տվյալ փաստաթղթով նրանց ստանձնած առաքելությունն ու գործառույթները: Իշխանությունները ակնկալում են խաղաղապահ զորակազմից գործնական քայլեր ձեռնարկել տվյալ խախտման հետևանքների վերացման ու նոր խախտումների կանխարգելման նպատակով

Ադրբեջանական կողմի կեղծ պնդումը Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր լեռնային ճանապարհը իբր զինամթերքի փոխադրման նպատակով կիրառելու մասին պարզապես պատրվակ է իրենց հերթական ագրեսիվ ու ապակառուցողական գործողությունների իրականացման համար: Այդ նույն պնդմամբ նրանք մարտի 5-ին հարձակվեցին ու սպանեցին ծառայողական պարտականությունները կատարող երեք ոստիկանի և վիրավորեցին ևս մեկին:

Արցախի իշխանությունները քանիցս հայտարարել են, որ դեկտեմբերի 12-ից մեկնարկած շրջափակման պայմաններում տվյալ լեռնային ճանապարհն օգտագործվում է Ստեփանակերտի և Շուշիի շրջանի չորս համայնքների միջև քաղաքացիական ու հրատապ հաղորդակցության կազմակերպման համար, ինչն իրականացվում է բարձր մեքենաներով՝ հաշվի առնելով տեղանքի խիստ բարդ ու վտանգավոր ռելիեֆը:

Իսկ Պաշտպանության բանակի գոյությունն ու բնականոն գործունեությունը որևէ վտանգ չի ներկայացնում որևէ մեկի հանդեպ, քանի որ նախատեսված է բացառապես ինքնապաշտպանության համար՝ նկատի ունենալով Արցախի ժողովրդի ֆիզիկական գոյության ու անվտանգության դեմ ուղղված իրական ու անմիջական վտանգներն ու սպառնալիքները:

Մահացել է Նարինե Հովհաննիսյանը

Կյանքից հեռացել է ԿԳ նախարարության հանրակրթության վարչության նախկին պետ Նարինե Հովհաննիսյանը։ Նարինե Հովհաննիսյանը ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետի պաշտոնը զբաղեցնում էր 2005- 2017 թվականներին։

Նարինե Հովհաննիսյանի անժամանակ մահվան կապակցությամբ իրավապաշտպան Ռոբերտ Հայրապետյանը գրել է․

«Կրթություն բառը ինձ մոտ միշտ ասոցացվել է Նարինե Հովհաննիսյանի հետ: Աշխատանքային շփումների ժամանակ հասկացա, որ բարություն ու պատրաստակամություն բառերը ևս….Աստված հոգիդ լույս դարձնի սիրելի Նարինե…»։

Ապրիլյան պատերազմի ժամանակ Ալիևն այնքան վախեցած էր հայկական բանակից, որ Ռուսաստանին խնդրեց՝ միջնորդել դադարեցնելու պատերազմը

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը, երեկ լրագրողների հարցերին պատասխանելով, պարզ հայտարարեց, որ մենք մարտական պատրաստության վրա ավելի շատ զինամթերք ենք օգտագործել, քան այս իշխանությունները ձեռք են բերել երկու տարիների ընթացքում:
Ի՞նչ էին հայտարարում այս իշխանությունները. նրանք ասում էին, որ իրենք այս երկու տարիների ընթացքում ձեռք են բերել այնքան զինտեխնիկա, որքան նախորդ տասը տարիների ընթացքում ձեռք չի բերվել:
Խոսենք փաստերով. Ապրիլյան պատերազմի ժամանակ մեր մարտական պատրաստվածությունն այնքան հզոր էր, որ Սերժ Սարգսյանը հայտարարեց. ‹‹Մենք պատրաստ ենք և՛ կրակել, և՛ բանակցել››, այսինքն մեր բանակն ուներ անհրաժեշտ քանակությամբ զինտեխնիկա՝ դիմագրավելու հակառակորդի սպառնալիքներին: Ալիևն այնքան վախեցած էր հայկական բանակից, որ Ռուսաստանին խնդրեց՝ միջնորդել դադարեցնելու պատերազմը:
Ալիևի այն պատկերացումները, որ նա կարող է հաղթել մեզ ու զավթել մեր տարածքները՝ ձախողվեցին, և ձախողվեցին նրանով, որ քառօրյա պատերազմից հետո նա հայտարարեց, որ իրեն փակ դռների ետևում ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը:
44-օրյա պատերազմի ժամանակ, եթե այս իշխանությունները բանակը հիմքից թուլացրած չլինեին, եթե ‹‹Սու-30ՍՄ›› կործանիչների հետ միասին գնեին դրա հրթիռները (հենց Նիկոլն էր ասում, որ ինքնաթիռները գնել են առանց հրթիռների), եթե հին, ոչ պիտանի ‹‹ՕՍԱ ԱԿՄ››-ի փոխարեն ձեռք բերեին հզոր զինտեխնիկա, ապա Ադրբեջանը դժվար թե կարողանար օկուպացնել Արցախի մեծ մասն ու հասներ Հայաստան:
Փաստը մնում է փաստ, որ այս իշխանությունների կողմից ձեռք բերված ահռելի քանակությամբ զինտեխնիկայի մասին կա միայն խոսակցություն, իսկ խոսակցությունը իրենց սիրած հռետորաբանությամբ է, այն է՝ ըստ օդում կախված լուրերի:

Ստեփանակերտի 2 բնակիչ Ադրբեջանին են փոխանցել գաղտնի եւ հույժ գաղտնի տեղեկություններ. նրանք կալանավորված են

Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերով քննության վարչությունում  սույն թվականի մարտ ամսում վարույթ է ընդունվել՝ ԱՀ ազգային անվտանգության ծառայությունում ԱՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործեր, որոնց նախաքննությամբ պարզվել է, որ ԱՀ Ստեփանակերտ քաղաքի երկու բնակիչ սոցիալական ցանցերի միջոցով  կապ են հաստատել Ադրբեջանի Հանրապետության հատուկ ծառայութունների ներկայացուցիչների հետ, շահեկան առաջարկության եւ պարբերաբար վարձատրության դիմաց նրանց փոխանցել գաղտնի եւ հույժ գաղտնի տեղեկություններ, ինչպես նաեւ ԱՀ քաղաքացիների անվտանգության, տնտեսության ընդհանուր վիճակի, շրջափակման պայմաններում սոցիալական ծրագրերի, կառավարության կազմում տեղի ունեցող փոփոխությունների, նախագահի հրամանագրերի, Արցախի Հանրապետության բնակչությանը վերաբերող այլ տեղեկություններ՝ կատարելով պետական դավաճանություն:

Արցախի Քննչական կոմիտեից հայտնում են, որ նշված երկու անձինք հետաքննության մարմնի կողմից ձերբակալվել են, իսկ նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ քննիչի կողմից նրանց մեղադրանք է առաջադրվել ԱՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածի 1-ին մասով, եւ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

ԱՀ քննչական կոմիտեն հորդորում եւ զգուշացնում է, հատկապես համացանցի տիրույթում ցուցաբերել ծայրահեղ զգոնություն եւ զգուշություն, չտրվել գայթակղիչ առաջարկություններին եւ նույնիսկ առաջին հայացքից աննշան տեղեկություններ չհայտնել այլ օգտատերերի։

Հիշեք, որ հատուցումն անխուսափելի է, իսկ պետության հիմքերը խարխլող յուրաքանչյուր արարքի համար բացի սեփական խղճի եւ մեր հազարավոր նահատակների հիշատակի առաջ մեղանչելուց, դուք խստագույնս պատասխանատվություն եք կրելու նաեւ օրենսդրությամբ սահմանված կարգով։

Ջերմաստիճանը կբարձրանա․ եղանակը Հայաստանում

Մարտի 26-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ մառախուղ, հնարավոր է նաեւ ամպրոպ:

Օդի ջերմաստիճանը մարտի 26-ի ցերեկը կբարձրանա եւս 2-4 աստիճանով:

Մարտի 26-ին գիշերը սպասվում է կարճատեւ անձրեւ, հնարավոր է նաեւ ամպրոպ։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +13+17,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +13+15,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +8+10, ցերեկը՝ +17+20,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +2 +5, ցերեկը՝ +12+16,

Լոռիում գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +15+18,

Տավուշում գիշերը՝ +4+9, ցերեկը՝ +17+21, 

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +12+15,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +17+22,

Արարատում գիշերը՝ +9+12, ցերեկը՝ +21+24,

Արմավիրում գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +21+23,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +13+16,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +8+11 ցերեկը՝ +20+23,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +7+11, ցերեկը՝ +20+24, 

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +14+18,

Արցախում գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +19+23։

24-ամյա կինը երեք տարի ենթարկվել է սեռական շահագործման․ թրաֆիկինգի համար մեղադրվողը կալանավորվել է

Քննչական կոմիտեում  իրականացված քննությամբ պարզվել են  Երեւան քաղաքի 24-ամյա բնակչուհուն խաբեությամբ, բռնություններով եւ դրանց սպառնալիքով սեռական շահագործման ենթարկելու դեպքի էական հանգամանքներ։ 

2023թ․ հունվարի 19-ին ին ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասի  հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ ձեռք են բերվել փաստական տվյալներ առ այն, որ Երեւան քաղաքի 45-ամյա բնակչուհի Գ․Ա․-ն, տեղեկանալով 24-ամյա կնոջ կողմից պոռնկությամբ զբաղվելու ցանկության մասին, նրան առաջարկել է իր ենթակայությամբ զբաղվել պոռնկությամբ՝ խոստանալով ապահովել հաճախորդներով, ինչին վերջինս համաձայնվել է:

Այդպիսով 2021թ․ նոյեմբերից Երեւան քաղաքի 45-ամյա բնակչուհին 24-ամյա կնոջն ամենօրյա ռեժիմով ենթարկել է սեռական շահագործման։ Վերջինիս այդ վիճակի մեջ պահելու դիտավորությամբ Գ․Ա․-ն սկսել է 24-ամյա կնոջ անունից եւ նրա համաձայնությամբ տարբեր անձանցից պարտքով ձեռք բերել հագուստ, սնունդ եւ այլ իրեր, իսկ պարտքերը պարտավորվել է մարել վերջինս: Ուռճացնելով նշված պարտքերը` Գ․Ա․-ն 24-ամյա կնոջից պահանջել է ամենօրյա ռեժիմով աշխատած գումարը տալ իրեն՝ դրանից երիտասարդ կնոջը վերադարձնելով ընդամենը կենսական կարիքները հոգալու համար բավարար դրամական միջոցներ։

Ժամանակի ընթացքում 24-ամյա կինը գիտակցելով, որ ենթարկվում է սեռական շահագործման՝ 45-ամյա կնոջը հայտնել է, որ այլեւս չի ցանկանում զբաղվել մարմնավաճառությամբ, որի կապակցությամբ վերջինիս կողմից ենթարկվել է ծեծի, պարբերաբար նրա հասցեին հնչեցվել են բռնության սպառնալիքներ։

2022թ․ նոյեմբերի 22-ից մինչեւ 2023թ․ մարտի 1-ը  Երեւանի  49-ամյա կնոջը ունեցած այսպես կոչված «պարտքի» գումարը վճարելու պարտադրանքով, 24-ամյա կինը Արցախի փողոցում յուրաքանչյուր օր, հարկադրված զբաղվել է պոռնկությամբ, իսկ վաստակած գումարը՝ օրական միջինը 50.000 ՀՀ դրամ, փոխանցել է 45-ամյա կնոջը։

Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա Գ․Ա․-ի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասով։

Նրան ներկայացվել է մեղադրանք եւ որպես խափանման միջոց՝ նրա նկատմամբ ընտրվել է կալանավորումը։

Նախաքննությունը շարունակվում է։

Ամեն ինչ էլ կար, օգտվեցին ու եկան իշխանության․ Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կոմիտասի անվան պանթեոնում հարգանքի տուրք մատուցեց Անդրանիկ Մարգարյանի հիշատակին։ Այսօր լրանում է նախկին վարչապետի, ազգային-պետական գործչի մահվան 16-րդ տարելիցը։

Լրագրողի հարցին` Անդրանիկ Մարգարյանը հայրենանվեր, պետականանվեր գործչի օրինակ էր, ինչո՞ւ են այսօր ՀՀ իշխանություններն անհաշտ այս տեսակի հետ` Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Իրենց հարցրեք»:

Մեկ այլ հարցի՝ Դուք այս իշխանության գալը պայմանավորում եք արտաքին գործոններով, արդյոք ձեր իշխանության տարիներին քաղաքական համակարգում ռիսկեր, խնդիրներ չկային, որպեսզի այս իշխանությունն օգտվեր այդ առիթից և գար՝ ՀՀ երրորդ նախագահն արձագանքեց. «Ամեն ինչ էլ կար, օգտվեցին ու եկան»:

Բիձինա Իվանիշվիլու կարգավիճակն այսօր շատ անորոշ է. Վրաստանի նախագահ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այսօր առաջին անգամ հրապարակային հայտարարությամբ հնարավոր է համարել, որ միլիարդատեր եւ «Վրացական երազանքի» հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին կարող է մինչեւ հիմա ազդեցություն ունենալ երկրում տիրող իրավիճակի վրա՝ չնայած քաղաքականությունից պաշտոնապես հեռանալուն, հաղորդում է «Նովոստի Գրուզիան»։

Ավելի վաղ Զուրաբիշվիլին խուսափում էր այդ հարցին պատասխանելուց։

«Իվանիշվիլու կարգավիճակն այսօր շատ անորոշ է այն բանից հետո, երբ նա պաշտոնապես լքել է կառավարությունը։ Հարցը, թե որտեղ են կայացվում հիմնական որոշումները, դրսից է հնչում։ Եվ ես կարծում եմ, որ այդ զգացողությունը կամ հարցը կա նաեւ հասարակության ներսում»,-ասել է նա «Փիրվելի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ երբ նման հարցեր են առաջանում, դա ինքնին վատ է քաղաքական համակարգի համար, քանի որ բնակչությունը պետք է իմանա, թե որտեղ է գտնվում պատասխանատվության կենտրոնը, ով է վաղը պատասխան տալու կայացվող որոշումների եւ հռետորաբանության համար։

Զուրաբիշվիլին ասել է, որ փորձել է հանդիպել Իվանիշվիլու հետ եւ ցանկանում է, որ այդ հանդիպումը կայանա, որպեսզի «ավելի հստակություն մտցնի վրացական քաղաքականության մեջ»։ «Կան բազմաթիվ հաղորդագրություններ արտերկրից, որոնք Իվանիշվիլին պետք է հասկանա եւ լսի, եթե նա է գլխավորը…»,-հավելել է նախագահը:

Հաղորդավարի այն հարցին, թե Բիձինա Իվանիշվիլին օլիգարխ է, նախագահը պատասխանել է բառացի․ «Գուցե, այո․․․այն իմաստով, որ նա ունի փող, լրատվամիջոցների վրա ազդեցություն եւ ազդեցություն քաղաքականության վրա։ Բայց օլիգարխիայի խնդիրն ավելին է, քան Իվանիշվիլին։ Եվ Իվանիշվիլու խնդիրն ավելի մեծ է, քան օլիգարխիան։ Մենք պետք է հասկանանք եւ իմանանք, թե որտեղ են կայացվում կարեւոր որոշումները, ինչպես կարող են փոփոխվել այդ որոշումները կամ ինչպես կարող են ազդել դրանց վրա»։

Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ական գործիչները հարգանքի տուրք մատուցեցին Անդրանիկ Մարգարյանի հիշատակին

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյան այսօր՝ մարտի 25-ին, Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի եւ ՀՀԿ–ական գործիչների հետ այցելեց Կոմիտասի անվան պանթեոն, որտեղ ամփոփված է ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի աճյունը։ Նրանք հարգանքի տուրք մատուցեցին Անդրանիկ Մարգարյանի հիշատակին․ այսօր լրանում է նախկին վարչապետի, ազգային-պետական գործչի մահվան 16-րդ տարելիցը։

ՀՀԿ-ականները ծաղկեպսակ ու ծաղիկներ խոնարհեցին Անդրանիկ Մարգարյանի շիրիմին:

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերեւութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց եւ Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից եւ ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով։