Շոյգուն և Հուլուսի Աքարը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր

Թուրքական կողմի նախաձեռնությամբ 2023 թվականի մարտի 22-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի և Թուրքիայի Հանրապետության Ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի միջև։ Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ-ն։

Բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են «Սևծովյան նախաձեռնության» իրականացման արդյունքները, սիրիական և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր, ինչպես նաև փոխգործակցության փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ուղղություններ:

Երասխի հատվածում հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվել

Մարտի 22-ին՝ ժամը 16:20-ի սահմաններում, Երասխի հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային մահացու վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Արշակ Սերյոժայի Սարգսյանը, տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,- նշված է հաղորդագրությունում:

ԵԽԽՎ հանձնաժողովը Ադրբեջանին կոչ է անում անհապաղ կատարել Արդարադատության միջազգային դատարանի և ՄԻԵԴ-ի կողմից իրեն ուղղված միջոցները

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հրապարակել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի իրավական և մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի հայտարարությունը Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ․

«Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի իրավական և մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովը մեծապես անհանգստացած է Լաչինի միջանցքի շարունակական արգելափակման հետևանքով առաջացող հումանիտար ճգնաժամով։

Լաչինի միջանցքը Լեռնային Ղարաբաղի բնակիչներին Հայաստանին կապող կյանքի ճանապարհն է:

Հանձնաժողովը լիովին սատարում է խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի մոնիտորինգի գծով համազեկուցողների 2023 թվականի փետրվարի 24-ի հայտարարությունը, որը կոչ է անում «անհապաղ գործողություններ ձեռնարկել» և «անհապաղ դադարեցնել Լաչինի միջանցքի ոչ իրավաչափ և ապօրինի արգելափակումը»։

Հանձնաժողովը նաև կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին անհապաղ կատարել 2023 թվականի փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանի և 2022 թվականի դեկտեմբերի 21-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից իրենց ուղղված միջոցները, որոնց որոշումներում նշվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությամբ ստանձնած Ադրբեջանի պարտավորությունը՝ «Երաշխավորելու է Լաչինի միջանցքով երկու ուղղություններով շարժվող անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգությունը» (Եռակողմ հայտարարություն. հոդված 6):

Հանձնաժողովը նաև վկայակոչում է նույն հարցով Ադրբեջանի իշխանություններին ուղղված այլ միջազգային հայտարարություններ՝ այդ թվում․

— Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի և Արբեջանի մոնիտորինգի գծով չորս համազեկուցողների 2022թ․ դեկտեմբերի 16-ի համատեղ հայտարարությունը, որտեղ նշվում է, որ «Միջանցքի երկայնքով մարդկանց և ապրանքների տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը պետք է շտապ վերականգնվի։ Մենք կոչ ենք անում 2020թ․ նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարության բոլոր կողմերին անհապաղ ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ», և

— Եվրոպական խորհրդարանի 2023թ․ հունվարի 19-ի բանաձևը Լեռնային Ղարաբաղի շրջափակման հումանիտար հետևանքների վերաբերյալ»:

Քրեական ենթամշակույթ կրող խմբավորման 4 անդամների մասով նախաքննությունն ավարտվել է

Քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու եւ ներգրավելու դեպքի նախաքննությունը՝ խմբավորման 4 անդամների մասով, ավարտվել է։
,

Փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «օրենքով գողի» քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Է.Ջ-ի կողմից կատարված հստակ դերաբաշխման համաձայն՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամներ Ա.Ն.-ն, Կ.Ղ.-ն, Վ.Մ.- եւ Ա. Մ-ն 2021թ. դեկտեմբերի 15-ից 27-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԱՆ տարբեր քրեակատարողական հիմնարկների դատապարտյալների համար կազմակերպված՝ այսպես ասած «գրեֆի» շրջանակներում տարբեր անձանցից ստացել են մոտ 1.500 տուփ ծխախոտ, 300 տուփ թեյ եւ շուրջ 1.500.000 ՀՀ դրամ կանխիկ գումար։

Է.Ջ-ի ցուցումով Ա.Ն.-ն դրանք բաժանել է քրեակատարողական հիմնարկներում, հավաքագրված գումարից՝ այսպես կոչված որպես «գրեֆ» ուղարկել 350.000 ՀՀ դրամը, իսկ մնացած գումարը ծախսել իր սեփական կարիքների համար:

Բացի այդ, 2021թ. նոյեմբերին Ստեփանավան քաղաքի բնակիչը գումարային հարցի շուրջ վիճաբանություն է ունեցել իր նախկին մտերիմի հետ: Վերջինս իր շահերը պաշտպանելու համար դիմել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամ Ա.Ն.-ին, ով, ներկայանալով որպես «գողական տղա», փորձել է հարցին լուծում տալ:

Այն բանից հետո, երբ Ստեփանավանի բնակիչն ասել է, որ ինքը Ա.Ն.-ի հեղինակությունը չի ճանաչում Ա.Ն-ն, Կ.Ղ.-ն, Վ.Մ.-ն, Ա.Մ.-ն եւ այլ անձինք հանդիպել են նրան, ծեծի ենթարկել հնչեցրած տեսակետի համար, որից հետո Է.Ջ-ն լուծել է վեճը:

Բացի այդ, մի քանի քաղաքացիներ տարբեր չափերի պարտքով գումարի վերադարձի խնդրանքով դիմել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամ Ա.Ն.-ին եւ Կ.Ղ-ին։ Վերջիններս քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից սահմանված ու ճանաչված վարքագծի կանոններով շարժվելով, կազմակերպել են նշված գումարները վերադարձնելու գործընթացը, որոնց մի մասը, որոշ դեպքերում՝ կեսը, յուրացվել է վերջիններիս կողմից:

Բացի գումարների հետ վերադարձի կազմակերպումից, Ա.Ն.-ն իրականացրել է նաեւ տարբեր անձանց միջեւ ծագած վիճահարույց հարցերի պարզաբանումներ՝ հետեւելով, որ վերջիններս պահպանեն իրենց հասկացությամբ ճիշտ ապրելակերպի կանոնները:

2022թ. փետրվարի 7-ին Ստեփանավան քաղաքի կամրջի սկզբնամասում, կենցաղային հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, նույն քաղաքի բնակիչը դանակով երկու անգամ հարվածել է վիճաբանության մասնակցին։

Այնուհետեւ Ա.Ն.-ն եւ Կ.Ղ.-ն, վիճաբանող կողմերին լսելուց եւ քննարկումներ կատարելուց հետո հանգել են եզրակացության, որ Ստեփանավանի վերոնշյալ բնակիչը սխալ է։ Պատժելու նպատակով վերջինիս կանչել են նույն քաղաքում գտնվող նախկին հացի արտադրամասի տարածք, որտեղ որպես պատիժ՝ ապտակել են նրան:

Քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման վերոնշյալ 4 անդամների նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, ինչը բավարարվել է եւ անձանց ներկայացվել է մեղադրանք։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։

Հիշյալ 4 մեղադրյալների մասով նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին:

Քննիչի միջնորդության հիման վրա հանցախմբի պարագլուխ՝ «օրենքով գողի» քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Է.Ջ.-ի նկատմամբ եւս հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 323-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը եւ հայտարարվել հետախուզում։

Է.Ջ.-ն հայտնաբերվել է Իսպանիայի Թագավորությունում եւ ձերբակալվել։

Ձեռնարկվում են համապատասխան միջոցներ՝ ՀՀ նրա տեղափոխումը կազմակերպելու նպատակով։

ՔՊ-ում շարունակում են ի ցույց դնել իրենց ճարահատյալ վիճակը

ՔՊ-ում շարունակում են ի ցույց դնել իրենց ճարահատյալ վիճակը։ Հիմա էլ երկար փնտրտուքներից հետո ի վերջո կարողացան գտնեն ՄԻՊ/ՔՊԻՊ հարմար թեկնածու, ով իհարկե այս կապիտուլյանտական կուտոկի մշտակ սիրված ժանրի կանոններով ԽԾԲ չէր կարող չլինել: Այս անգամ ՔՊ իրավունքների պաշտպանի հաստիքը վստահվելու է գործող ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալ և համատեղությամբ դատախազի մտերիմ ընկերուհուն: Երեք ամիս փնտրտուքները արդյունք չտվեցին և փրկության հասավ ստուգված ԽԾԲ կոնֆիգուրացիան: Կապիտուլյանտմ այդ կոնֆիգուրացիայի բացարձակ «չեմպիոն» է, և սա առաջին դեպքը չէ, որ զարմանանք, բայց որ դրանք այլևս ծանրագույն վիճակում են և զբաղվում են զուտ տեխնիկական տեղափոխություններով դա անհերքելի փաստ է:

Չեմ կարծում, որ անձնական նպատակ կարող է լինել կամ գեղագիտական հաճույքի համար են զբաղվում վերոնշյալ խնդրով

ԱԺ ամբիոնից արդեն հայտարարվեց, որ ՍԴ դատավորի ձեռնարկատիրական գործունեության հետ կապված կան մասնագիտական վերլուծություններ։
Տեղի է ունեցել սահմանված կարգի խախտում, որը ունի քննարկման անհրաժեշտություն և իր հերթին ենթադրում է նպատակ առ այն, որ ամեն ինչ լինի օրենքին համապատասխան։
Եթե խախտում կա, բնականաբար պետք է բարձրաձայնել։ Ինչ է նշանակում խմբակցությունից խմբակցություն վազվզող քաղաքական թափառականներից մեկի որն է նպատակը հարցը։
Չեմ կարծում, որ անձնական նպատակ կարող է լինել կամ գեղագիտական հաճույքի համար են զբաղվում վերոնշյալ խնդրով։

Գորայք-«Զանգեր» և «Մեղրու սար» կոչվող հատվածներում մառախուղ է

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ:

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Գորայք-«Զանգեր» և «Մեղրու սար» կոչվող հատվածներում մառախուղ է:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Արտարժույթների փոխարժեքները մարտի 22-ի դրությամբ

Rate.am-ը ներկայացրել է մարտի 22-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։

ԱՄՆ դոլարի առքը միջինը 385.33 դրամ է, վաճառքը՝ 391.67 դրամ:
Եվրոյի առքը միջինը 411.33 դրամ է, վաճառքը՝ 425.50 դրամ։

Ռուբլու առքը միջինը 4.85 դրամ է, վաճառքը՝ 5.20 դրամ:

Ադրբեջանցիները տեղյակ են եղել, որ ռուս զինծառայողները մոտենում են, սակայն նրանց ուղղությամբ կրակ են արձակել. Աբրահամյան

Եղանակային վատ պայմանների հետևանքով մոլորված հայ զինծառայողը վերադարձել է առաջնագծի` մեր վերահսկողության հատված, սակայն դեռ մի շարք հարցերի պատասխան չկա: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

Նա նաեւ նշել է. «Ուշագրավ է դեպքի վայր մեկնած ռուս զինծառայողների և նրանց ուղղությամբ ադրբեջանցիների արձակած կրակահերթերի հանգամանքը, որի հետևանքով 2 ռուս զինծառայող վիրավորվել է:
Որքան գիտեմ ադրբեջանցիները տեղյակ են եղել, որ ռուս զինծառայողները դեպքի վայր են մոտենում, սակայն դա նրանց չի խանգարել ռուս զինվորականների ուղղությամբ կրակ արձակել:

Նման դեպքերում կարևոր է հասկանալ, թե գործառութային իմաստով ինչ խնդիրներ են լուծում ռուս զինծառայողներն ու ԵՄ քաղաքացիական դիտորդները:

Եթե ռուս զինծառայողների գործողություններն ընդհանուր առմամբ պարզ են` դրանք կարգավորվում են 44-օրյա պատերազմին հաջորդած ռուս-հայկական պայմանավորվածություններով, ապա դեռ հստակ չի, թե նման դեպքերում ինչպե՞ս են արձագանքելու ԵՄ դիտորդները` դրանք հետագայում տեղ են գտնելու ընթացիկ փակ զեկույցներու՞մ, թե՞ դրանք բերելու են ընթացիկ արձագանքի»:

Հիշեցնենք՝ նախօրեին ՊՆ-ից հայտնել էին, որ մարտի 21-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ զինծառայող Մ. Գ.-ն, մարտական հենակետ մեքենայով սնունդ տեղափոխելիս, վատ տեսանելիության և մառախուղի պայմաններում նախնական տվյալներով մոլորվել է տեղանքում ու մեքենայով հայտնվել ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում. «Անմիջապես մեկնարկել են որոնողափրկարարական աշխատանքներ, քայլեր են ձեռնարկվում զինծառայողի՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտնվելը հաստատելու և նրան վերադարձնելու ուղղությամբ»։

Այսօր ՊՆ-ից հայտնեցին.

«Մարտի 22-ին ՀՀ ԶՈՒ զինծառայող Մ. Գ.-ն, ով մարտի 21-ին մարտական հենակետ մեքենայով սնունդ տեղափոխելիս մոլորվել էր տեղանքում, որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է:

Զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում»։

Անտառային ճանապարհով տեղի է ունենում միայն քաղաքացիական անձանց և հումանիտար բեռների տեղափոխություն. Արցախի ՆԳՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել այն մասին, թե իբր հայկական կողմը՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, զորք և զինամթերք է տեղափոխել Ստեփանակերտ-Ղաբալիշեն-Լիսագոր անտառային ճանապարհով:

Իրականում, խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ այդ ճանապարհով տեղի է ունենում միայն քաղաքացիական անձանց և հումանիտար բեռների տեղափոխություն Արցախի բնակավայրերի միջև:

Հիշեցնենք, որ Շուշիի շրջանի որոշ գյուղերի հետ մայրաքաղաքի բնականոն հաղորդակցությունն ընդհատվել է 2022 թվականի դեկտեմբերի 12-ից՝ Ադրբեջանի կողմից Ստեփանակերտ-Գորիս միջպետական մայրուղին արգելափակելու պատճառով:

Հաշվի առնելով այդ լեռնային ճանապարհի աշխարհագրական բարդ ռելիեֆը՝ երթևեկությունը կազմակերպվում է մեծ ու բարձր մեքենաներով, որոնք ադրբեջանական կողմը փորձ է անում ներկայացնել որպես ռազմական նշանակության փոխադրումներ իրականացնող մեքենաներ:

Իսկ ռուս խաղաղապահները կատարել են իրենց գործառույթը՝ ամրագրված 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ: Հաշվի առնելով մարտի 5-ի դիվերսիոն հարձակումը Արցախի ոստիկանների վրա և առաջացած լրացուցիչ անվտանգային ռիսկերը՝ ռուսական կողմն ապահովել է քաղաքացիական անձանց ու բեռների անվտանգ տեղաշարժը: