Տեղի ունեցավ Մայր Աթոռի Թանգարաններին հատկացված դրամաշնորհի համաձայնագրի ստորագրման պաշտոնական արարողությունը

Մարտի 17-ին, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Ճապոնիայի կառավարության կողմից Մայր Աթոռի թանգարաններին հատկացված դրամաշնորհի համաձայնագրի ստորագրման պաշտոնական արարողությունը:

Մայր Աթոռից հայտնում են, որ դրամաշնորհային ծրագիրը, որով ձեռք են բերվելու անհրաժեշտ սարքավորումները, կյանքի է կոչվելու Հայ Բարեգործական Ընդհանուր Միության միջոցով: Այդ հանդիսավոր առիթով Սուրբ Էջմիածին էին ժամանել Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Մասանորի Ֆուկուշիման, ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանը, դեսպանատան և ՀԲԸՄ-ի գրասենյակի աշխատակիցներ:

Մայր Աթոռի Ռուբեն Սևակի թանգարանում հյուրերին ընդունեց Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը` փոխանցելով Ամենայն Հայոց Հայրապետի ողջույններն ու օրհնությունը: Ինչպես նշեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների և արխիվի տնօրեն Հոգեշնորհ Տ. Ասողիկ աբեղա Կարապետյանը՝ դեռևս 2014 թվականից արդյունավետ համագործակցություն է սկսվել Ճապոնիայից ժամանած վերականգնողների հետ: Պարբերաբար իրականացվող սեմինարների ընթացքում ճապոնական կողմը բարի ցանկությամբ որոշել է աջակցել Սուրբ Էջմիածնի թանգարանների վերականգնման բաժնին: Այս հարցն արծարծվել էր նաև Վեհափառ Հայրապետի հետ հանդիպման ժամանակ, երբ տարիներ առաջ Մայր Աթոռ էր այցելել Ճապոնիայից ժամանած բարձրաստիճան մի պատվիրակություն: Այդ օրվանից ի վեր թանգարանների տնօրենությունը սկսել է աշխատել Ճապոնիայի դեսպանության հետ դրամաշնորհի հայտը ներկայացնելու առնչությամբ:

Հայաստանում Ճապոնիայի դեսպան պարոն Մասանորի Ֆուկուշիման նշեց, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դերը հայ ժողովրդի կյանքում անգնահատելի է, իսկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարաններում պահպանվող մշակութային ժառանգությունը՝ անգին։

Իր հերթին ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանն արձանագրեց, որ Հայ Եկեղեցու կատարած աշխատանքը մեր ազգի համար շատ կարևոր է, և Վերականգնողական կենտրոնը նոր սարքավորումներով համալրվելուց հետո լավագույնս կներկայանա աշխարհին իր պատմական, մշակութային ժառանգությամբ։ Ճապոնիան և Հայաստանը ունեն հարուստ հնագույն մշակույթ և մեծ սեր իրենց ազգային ժառանգության հանդեպ։ Այս ծրագրի միջոցով երկու երկրների միջև բարեկամությունն էլ ավելի կամրապնդվի։

Նշենք, որ 2012 թ. ի վեր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանները սկսել են գործվածքի ֆոնդի հինավուրց առարկաների վերանորոգությունները: Հայ վերականգնող մասնագետների աշխատանքները բարձր գնահատանքի են արժանացել Պետական Էրմիտաժի, Ճապոնիայի Սագայի համալսարանի և Նյու Յորքի Մետրոպոլիտան թանգարանի համապատասխան բաժինների վարպետ վերականգնողների կողմից:

Երեւանի քաղաքապետը հրաժեշտի երեկո է հրավիրել. ժամեր անց նա հրաժարական կտա. ՀԺ

Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն այսօր կհայտարարի իր հրաժարականի մասին: Այս մասին գրում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» կայքը:

Ըստ լրատվամիջոցի՝ երեկոյան Երեւանի քաղաքապետարան են ժամանելու վարչական շրջանների ղեկավարները, քաղաքապետարանի վարչությունների ու բաժինների պետերը, որոնց Սարգսյանը պատրաստվում է հրաժեշտի խոսք ասել:
«Մամուլում դեռ երեկվանից լուրեր են շրջանառվում Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հնարավոր հրաժարականի հետ կապված: Լուրը ո՛չ ավագանու անդամներն են հաստատում, ո՛չ լրատվական բաժինը, միայն նշում են, որ հստակ տեղեկատվություն չունեն եւ որ մինչեւ հրաժարականը պաշտոնապես չհրապարակվի՝ այդ մասով ոչինչ չեն կարող ասել:

Մեր տեղեկություններով հրաժարականի դիմումներ են ներկայացրել նաեւ Սարգսյանի նշանակած կադրերը:

Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետի ընտրությունները նախատեսված են սեպտեմբերին, արտահերթ ընտրությունների մասին այս պահին դեռ որոշում չկա»,- գրում է լրատվամիջոցը:

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի Ժ/Պ-ն ազատման դիմում է գրել․ Tert.am

Tert.am-ի տեղեկություններով Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի Ժ/Պ Սեյրան Մեջլումյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել:

Լրատվամիջոցը փորձել է տեղեկությունը ճշտել քաղաքապետարանի մամուլի ծառայությունից, որտեղից նշել են, թե տեղեկություն չունեն։

Սեյրան Մեջլումյանը քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնակատար էր նշանակվել 2022թ. հուլիսի 19-ին:

Հիշեցնենք՝ երեկվանից տեղեկություն է շրջանառվում, որ հրաժարական է ներկայացրել նաեւ Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը: Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունն այս տեղեկությունը ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել է։

«Որոշումն անհիմն է». Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշման դեմ Վճռաբեկ դատարան բողոք կներկայացվի

3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշման դեմ Վճռաբեկ դատարան բողոք կներկայացվի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Խաչատուրովի փաստաբան Հակոբ Ենոքյանը:

Նա ասաց, որ դատարանի որոշմանն իրենք ծանոթացել են. «Առնազն ապօրինի եւ անհիմն որոշում է: Պատրաստվում ենք Վռճաբեկ բողոք ներկայացնել»:

Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 16-ին, Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բավարարել էր բանակային 3-րդ կորպուսի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրուվի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու՝ դատախազության միջնորդությունը:

ՀՀ գլխավոր դատախազությունը հատուկ վերանայման բողոք էր ներկայացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ խափանման միջոց կալանքի միջնորդությունը մերժելու որոշման դեմ:

Հիշեցնենք, որ Խաչատուրովի նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու միջնորդությունը Հակակոռուպցիոն դատարանը` դատավոր Տիգրան Դավթյանի գլխավորությամբ, մերժել էր:

Ըստ իրավապահների՝ փողերի լվացման մեջ մեղադրվող Խաչատուրովը, 2006-ից 2010 թվականներին զբաղեցնելով զորամասի հրամանատարի պաշտոնը, հանցավոր ճանապարհով ձեռք է բերել անշարժ գույք, ապա օրինականացրել այն։ Խոսքը Արարատի մարզի Արմաշ գյուղում տեղակայված զորամասի տարածքի մասին է: Գեներալի մեղադրանքն առնչվում է Պաշտպանության նախկին նախարար, Հայաստան խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի գործին: Ըստ քրեական գործի՝ պաշտպանության նախարար եղած ժամանակ Սեյրան Օհանյանը Արարատի մարզում գտնվող նշված երկու զորամասերի տարածքները, որոնք հանդիսացել են պաշտպանության նախարարության սեփականությունը, օտարել եւ անհամեմատ էժան գնով վաճառել է։ Ազգային ժողովում գլխավոր դատախազը հայտարարել էր, որ Գրիգորի Խաչատուրովը հանդիսանալով մեկ այլ զորամասի հրամանատար, դրանցից մեկը գրավադրել է բանկում եւ գումար ստացել։

Չնայած աշխարհաքաղաքական հակասություններին՝ բոլոր երկրները համաձայն են Դաղստան-Ադրբեջան-Իրան երթուղու կառուցմանը. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում Ռուսաստանի արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության համագումարում ելույթի ժամանակ հայտարարել է, որ բոլոր երկրները
համաձայն են կառուցել Դաղստան-Ադրբեջան-Իրան երթուղին, չնայած աշխարհաքաղաքական դասավորվածությունների բարդությանը: Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

«Բոլորը համաձայն են՝ չնայած տարածաշրջանի երկրների աշխարհաքաղաքական դասավորվածություններին և հակասություններին, որոնք միշտ առաջանում են հարևանների միջև: Բոլորը համաձայն են, որ այդ երթուղին (Դաղստան-Ադրբեջան-Իրան) պետք է կառուցել»,- ասել է Պուտինը։

Նա նաև հավելել է, որ այժմ միայն պետք է հասկանալ, թե որքան արագ է կատարվելու երթուղու կառուցումը, որոնք են ֆինանսավորման վերջնական աղբյուրները։

Ռուսաստանի ղեկավարը նաև կոչ է արել ձեռնարկատերերին միջոցներ հատկացնել «Հյուսիս-Հարավ» միջանցքի կառուցման համար, որը պետք է Իրանի տարածքով տրանսպորտային կապ ապահովի Ռուսաստանի և Հնդկաստանի միջև։

Հայերեն է թարգմանվել Ֆրիդրիխ Հյոլդեռլինի «Հիպերիոն» վեպը

Լույս է տեսել Ֆրիդրիխ Հյոլդեռլինի «Հիպերիոն կամ ուխտավորը Հունաստանում» վեպը: Գերմաներենից թարգմանել է Հակոբ Մովսեսը, հրատարակիչը «Անտարես»-ն է:

Թարգմանությունն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Թարգմանական ծրագրեր և աջակցություն ստեղծագործողներին ու հետազոտողներին» դրամաշնորհային ծրագրի շրջանակում

«Հիպերիոն»-ը Հյոլդեռլինը (1770-1843 թթ.) մտահղացել է դեռ Տյուբինգենում ուսումնառության ժամանակ (1792 թ.): 1795 թ. նա իր մտահղացումը փորձել է շարադրել բանաստեղծությամբ, բայց շուտով անցել է արձակին: Առաջին հատորը լույս է տեսել 1797 թվականին, երկրորդը՝ 1799 թվականին:

Գործողությունները տեղի են ունենում 18-րդ դարավերջին՝ թուրքական տիրապետությունից ազատագրվելու համար հույների մղած պատերազմի ժամանակ, թեև հեղինակը պատմական ճշգրտության չի ձգտել։ Հեղինակի հիմնական թեմաներն են մահը և անմահությունը, գեղեցիկը, ամբողջը և նրա անտրոհելիութունը, հզորը և մաքուրը մարդկային պատմության մեջ սկիզբ առնող նսեմացման ու մանրացման դարաշրջանում։

Նրա հերոսներն անտիկ անուններ ունեն, ժառանգված են նախաքրիստոնեական մշակույթից, սակայն հղում են հեղինակի ապրած դարաշրջանին ու միջավայրին: Վեպի հերոսուհին՝ Դիոտիման, բացահայտորեն «արտագրված է» հեղինակի սիրուց՝ Սուտեզե Գոնտարից: Հիպերիոնը հունական դիցաբանությունում Երկնքի ու Երկրի որդի տիտաններից մեկի անունն է։

Կարմիր խաչի միջնորդությամբ այսօր Արցախից Հայաստան է տեղափոխվել 12 հիվանդ

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային և սիրտ-անոթային համակարգի ծանր հիվանդություններով 12 անձ այսօր՝ մարտի 17-ին, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։

10 բուժառուներ, ովքեր պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։

ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։

«Արևիկ» բուժմիավորումում 7 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:
«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 5 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 1-ը ծայրահեղ ծանր վիճակում։

Մինչ այսօր «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 194 հիվանդ։

Հայտնի է Հայաստան-Թուրքիայի ֆուտբոլային հանդիպմանը Հայաստանի ազգային հավաքականի ընդլայնված կազմը

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը ներկայացրեց ազգային թիմի ընդլայնված կազմը Թուրքիայի և Կիպրոսի հավաքականների հետ առաջիկա խաղերի համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպմանը Պետրակովը ներկայացրեց կազմը.

Դարպասապահներ

Ստանիսլավ Բուչնև — «Փյունիկ»
Արսեն Բեգլարյան – «Ուրարտու»
Արման Ներսեսյան – ԲԿՄԱ

Պաշտպաններ

Վարազդատ Հարոյան – «Անորտոսիս» (Կիպրոս)
Անդրե Չալըշըր – «Բրոմապոյկարնա» (Շվեդիա)
Կամո Հովհաննիսյան – «Աստանա» (Ղազախստան)
Նաիր Տիկնիզյան – «Լոկոմոտիվ» (Ռուսաստան)
Գեորգի Հարությունյան – «Կրասնոդար» (Ռուսաստան)
Տարոն Ոսկանյան – «Ալաշկերտ»
Ժիրայր Մարգարյան – «Ուրարտու»
Էրիկ Փիլոյան – «Ուրարտու»
Երջանիկ Ղուբասարյան – «Նոա»

Կիսապաշտպաններ

Էդուարդ Սպերցյան – «Կրասնոդար» (Ռուսաստան)
Խորեն Բայրամյան – «Ռոստով» (Ռուսաստան)
Լուկաս Սելարայան – «Քոլուբուս Քրյու» (ԱՄՆ)
Տիգրան Բարսեղյան – «Սլովան» (Սլովակիա)
Էդգար Բաբայան – «Ռաններս» (Դանիա)
Ժիրայր Շաղոյան – ԲԿՄԱ Սոֆիա (Բուլղարիա)
Վահան Բիչախչյան – «Պոգոն» (Լեհաստան)
Դավիդ Դավիդյան – «Փյունիկ»
Ուգոչուկվու Իվու – «Ուրարտու»
Կարեն Մուրադյան – «Արարատ-Արմենիա»
Արթուր Սերոբյան – «Արարատ-Արմենիա»

Հարձակվողներ

Նորբերտո Բրիասկո Բալեկյան – «Բոկա Խունիորս» (Արգենտինա)
Սարգիս Ադամյան – «Քյոլն» (Գերմանիա)
Հրանտ-Լեոն Ռանոս – «Բավարիա» (Գերմանիա)։

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը մարտի 25-ին Երևանում կընդունի Թուրքիայի ազգային թիմին: Հանդիպումը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում: Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 21:00-ին:

Դանակահարություն Երևանում․ բժիշկները փրկել են 21-ամյա տղայի կյանքը

Երեկ՝ մարտի 16-ին, դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։50-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից Ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ աճուկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Հիվանդանոց են մեկնել ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Երանոսյանի գլխավորությամբ։ Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ, քանի որ գտնվում է վիրահատարանում, և նրա վիճակը ծայրահեղ ծանր է։ Մինչ «Էրեբունի» բժշկական կենտրոնի բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի բնակիչ 21-ամյա Էդգար Ադամյանն է։ Ոստիկանները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել Ռոստովյան փողոցից։

Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են արնանման հետքեր։ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու շնորհիվ, պարզել են, որ Է․ Ադամյանին նշված վնասվածքը պատճառել է Երևանի բնակիչ 22-ամյա Արթուր Ղազարյանը Ռոստովյան փողոցի 27 հասցեի շենքի մոտ, վիճաբանության ժամանակ։

Փաստի առթիվ Էրեբունի և Նուբարաշեն վարական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔրՕրի 166 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ ենթադրյալ կասկածյալ Ա․ Ղազարյանին և հանցագործություան գործիք՝ դանակը հայտնաբերելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։