Ինչքա՞ն աշխատավարձ են ստանում պարեկները

ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության ծառայողների թվաքանակը կազմում է 1807, որից 1046-ը հանդիսանում են ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության մարզային գումարտակների ծառայողներ: Այս մասին NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:

Մեր այն հարցին, թե ինչքա՞ն գումար են ստանում պարեկները ըստ կոչումների, Ոստիկանությունից պատասխանել են.
«Ավագ պարեկ,ոստիկանության մայոր կոչումով, 10-15 տարվա ստաժով՝ 511283 դրամ,

Պարեկ՝

— Ոստիկանության կապիտան կոչումով, 10-15 տարվա ստաժով՝ 495692 դրամ,

— Ոստիկանության ավագ լեյտենանտ կոչումով, 5-10 տարվա ստաժով՝ 449778 դրամ,

— Ոստիկանության լեյտենանտ կոչումով, 2-5 տարվա ստաժով՝ 415047 դրամ,

Կրտսեր պարեկ, ոստիկանության ավագ ենթասպա կոչումով, 5-10 տարվա ստաժով՝ 371507 դրամ»:

Ֆրանսիայի Սենատն ընդունել է կենսաթոշակային բարեփոխումը՝  չնայած զանգվածային բողոքներին

Ֆրանսիայի Սենատը ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել կառավարության կենսաթոշակային բարեփոխմանը, հաղորդում է France 24-ը: Հեռուստաալիքի տեղեկություններով՝ այժմ վիճահարույց նախաձեռնության վերաբերյալ քվեարկությունն անցնում է Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատին, որն էլ պետք է վերջնական որոշում կայացնի:

Նշվում է, որ բարեփոխմանը կողմ է արտահայտվել 345 սենատորներից 193-ը, իսկ դեմ է քվեարկել Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատի 114 անդամ: Հինգերորդ Հանրապետության Ժողովրդական ժողովի նիստը պետք է կայանա նաեւ մարտի 16-ին, սակայն օրվա երկրորդ կեսին:
Միեւնույն ժամանակ, մի շարք սենատորներ չեն բացառում, որ բարեփոխումների համար խորհրդարանի ստորին պալատում քվեարկությունը կարող է տապալվել։ Օրինակ, ֆրանսիացի սենատոր Բռունո Ռետայոն նախագծի քննարկումը շատ ռիսկային է անվանել զանգվածային բողոքների ֆոնին։

Երևանի քաղաքապետը հրաժարական է ներկայացրել․ հայտնի է պատճառը․ ԱՂԲՅՈՒՐ

AntiFake.am–ի տեղեկություններով՝ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն այսօր՝ մարտի 16–ին, հրաժարական է ներկայացրել Երևանի քաղաքապետի պաշտոնից, որի մասին կհայտարարվի վաղը։

Մեր տեղեկություններով՝ Հրաչյա Սարգսյանի հրաժարականի պատճառը Երևան քաղաքում շուտափույթ ընտրություններ կազմակերպելու իշխանության ցանկությունն է։ Ըստ իշխանական մեր աղբյուրի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, մտադիր է մայիսին Երևանում ՏԻՄ ընտրություններ կազմակերպել, քանի որ իշխանության վարկանիշը օրեցօր գահավիժում է, հասարակությունը ժամ առ ժամ կորցնում է վստահությունը իշխող ուժի նկատմամբ և նման տեպմերով շարունակվելու պարագայում ավելի ուշ ընտրություններ տեղի ունենալու դեպքում «Քաղաքացիական պայմանագիրը» Երևանում հաղթելու շանսեր չի ունենա։ Երևանի ՏԻՄ ընտրություններում պարտությունը Փաշինյանի իշխանական առաջնորդության ավարտի հիմք կհանդիսանա։ Իսկ իշխանությունը պահելու համար, ինչպես հայտնի է, Փաշինյանը պատրաստ է ամեն ինչի։ Ուստի՝ իշխող ուժը համատեղ ուժերով արագացնում է Հանրապետության մայրաքաղաքում ընտրական գործընթացները։

Պապիկյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին ներկայացրել է ՊՆ-ի ակնկալիքները ՀԱՊԿ-ից

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր՝ մարտի 16–ին,  ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովի գլխավորած պատվիրակությանը։

Կարծիքներ են փոխանակվել միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության մի շարք հարցերի, այդ թվում՝ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի եւ Հայաստանի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրադրության վերաբերյալ:

Մասնավորապես, խոսելով սահմանային իրավիճակի մասին, Սուրեն Պապիկյանը ներկայացրել է ՀԱՊԿ հավաքական պաշտպանության մեխանիզմների գործարկման վերաբերյալ տեւական ժամանակ առկա խնդիրները եւ ՀՀ պաշտպանության նախարարության ակնկալիքները:

Դասալքության համար հետախուզվողը հայտնաբերվել է օդանավակայանում

Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության քրեական հետախույզները մարտի 15-ին «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերել, ձերբակալել և Աշտարակի բաժին են տեղափոխել 29-ամյա Վարդան Հ.-ին, որը 2022 թ. հունիսի 29-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի (Դասալքությունը) 3-րդ մասի մեղադրանքով:

Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին: Խափանման միջոց է ընտրվել կալանքը:

Գրիգորի Խաչատուրուվը 2 ամսով կալանավորվեց  

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բավարարել է բանակային 3-րդ կորպուսի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրուվի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու՝ դատախազության միջնորդությունը: 

Նշենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունը հատուկ վերանայման բողոք էր ներկայացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ խափանման միջոց կալանքի միջնորդությունը մերժելու որոշման դեմ:

Հիշեցնենք, որ Խաչատուրովի նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու միջնորդությունը Հակակոռուպցիոն դատարանը` դատավոր Տիգրան Դավթյանի գլխավորությամբ, մերժել էր:

Ըստ իրավապահների՝ փողերի լվացման մեջ մեղադրվող Խաչատուրովը, 2006-ից 2010 թվականներին զբաղեցնելով զորամասի հրամանատարի պաշտոնը, հանցավոր ճանապարհով ձեռք է բերել անշարժ գույք, ապա օրինականացրել այն։ Խոսքը Արարատի մարզի Արմաշ գյուղում տեղակայված զորամասի տարածքի մասին է: Գեներալի մեղադրանքն առնչվում է Պաշտպանության նախկին նախարար, Հայաստան խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի գործին: Ըստ քրեական գործի՝ պաշտպանության նախարար եղած ժամանակ Սեյրան Օհանյանը Արարատի մարզում գտնվող նշված երկու զորամասերի տարածքները, որոնք հանդիսացել են պաշտպանության նախարարության սեփականությունը, օտարել եւ անհամեմատ էժան գնով վաճառել է։ Ազգային ժողովում գլխավոր դատախազը հայտարարել էր, որ Գրիգորի Խաչատուրովը հանդիսանալով մեկ այլ զորամասի հրամանատար,  դրանցից մեկը գրավադրել է բանկում եւ գումար ստացել։

2023-ին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա

Կառավարությունը կիրականացնի խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման սակագների մասնակի սուբսիդավորում

Կառավարությունն ընդունել է որոշում, որն ուղղված է սպառողների կողմից «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին վճարվող խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների սակագները մեղմելուն՝ ՀՀ կառավարության կողմից սուբսիդավորման իրականացմամբ: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2022թ. կայացած նիստում հաստատել է խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման մանրածախ ծառայությունների մատուցման 2023 թ. սակագները, որի համաձայն՝ սոցիալապես անապահով բաժանորդների համար այս տարի սակագինը կմնա անփոփոխ՝ 180 դրամ, իսկ մյուս բաժանորդների համար՝ 208,419 դրամ: Ըստ հիմնավորման՝ ՀՀ կառավարությունը համարժեք սուբսիդավորմամբ կչեզոքացնի սակագնի ավելացումը խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման մանրածախ ծառայություններից բաժանորդների համար։ Արդյունքում, 2023 թվականին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա:

5․1 մագնիտուդով երկրաշարժ Իրանում. այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք շրջաններում, այդ թվում Երեւանում

Սույն թվականի մարտի 16-ին, տեղական ժամանակով ժամը՝ 15:47-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 11:47-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.32⁰ և արևելյան երկայնության 45.32⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան՝ Խոյ քաղաքից 41 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 5․1 մագնիտուդով երկրաշարժ:

ԱԻՆ-ից հայտնում են, որ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7 բալ:

Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզում 3-4 բալ, Վայոց Ձորի և Արարատի մարզերում 3 բալ, Երևանում` 2-3 բալ ուժգնությամբ։

Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ-ն հաղորդում է, որ երկրաշարժն զգացվել է նաեւ Արցախի Հանրապետությունում: 

Չեմ կարծում՝ կովիդի գործով կալանավորվածները կխոչընդոտեին քննությանը․ Անահիտ Ավանեսյան

Պետք է պահպանել անմեղության կանխավարկածը, եւ խոսել այն ժամանակ, երբ կլինի վերջին ատյանի դատական ակտը, այս պահին ընթանում է նախաքննություն։ Այս մասին այսօր՝ մարտի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Վստահ եմ՝ կալանավորված անձանց փաստաբանները կբողոքարկեն, որովհետեւ կարծում եմ նրանցից որեւէ մեկը խուսափելու կամ քննությանը խոչընդոտելու նպատակ կամ մղում չունի, կարծում եմ՝ հակառակը կնպաստեն քննությանը։ Երբ որ հաշվեքննիչ պալատը ծավալուն կերպով ներկայացրել էր իր դիտարկումները, ես մանրակրկիտ անդրադարձա բոլոր առաջ քաշվող հարցերին, բայց պետք է էտապներ լինեն, որ հասկանանք՝ նման փաստեր տեղի ունեցել են, թե՝ ոչ»,- նշեց նախարարը։

Ավանեսյանի խոսքով՝ ինքը պատրաստ կլինի գնալ հարցաքննության, եթե հրավիրվի հարցաքննության։ Նա նշեց, որ համավարակի ամբողջ ընթացքում ֆինանսակայն հատկացումներ եղել են բոլոր բժշկական կենտրոններին, այդ թվում «Մեդլայն» բժշկական կենտրոնում։

Հարցին, թե ինչու ինքը հրապարակավ չի պաշտպանում փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանին, Ավանեսյանն ասաց, որ այդ հարցով զբաղվում են նրա փաստաբանները։

Եղանակը Հայաստանում

Մարտի 17-ին Հայաստանի շրջանների մեծ մասում սպասվում է անձրեւ։ Քամին՝ հարավ-արեւելյան՝ 2-4 մ/վրկ: Երեւանում սպասվում է անձրեւ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +8+10, վաղը ցերեկը՝ +12+14։

Օդի ջերմաստիճանը մարզերում

Շիրակում՝ գիշերը՝ +2 + 6, ցերեկը՝ + 7 + 10,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +2 + 6, ցերեկը՝ + 6 + 9,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +7 + 9, ցերեկը՝ + 9 + 11,

Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ +2 + 6, ցերեկը՝ + 6 + 9,

Լոռիում՝ գիշերը՝ +3 + 8, ցերեկը՝ + 11 + 14,

Տավուշում՝ գիշերը՝ +5 + 10, ցերեկը՝ + 12 + 16,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +2 + 5, ցերեկը՝ + 6 + 8,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +6 + 9, ցերեկը՝ + 8 + 12,

Արարատում՝ գիշերը՝ +9 + 12, ցերեկը՝ + 13 + 15,

Արմավիրում՝ գիշերը՝ +9 + 12, ցերեկը՝ + 13 + 15,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +1 + 4, ցերեկը՝ + 4 + 6,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +9+11, ցերեկը՝ +11+14,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +5 + 9, ցերեկը՝ + 11 + 15,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +2 + 4, ցերեկը՝ + 8 + 13,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ +5 + 8, ցերեկը՝ + 13 + 17։