Բախվել են Գյումրի-Երևան էլեկտրագնացքն ու մարդատար մեքենան

Մարտի 11-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, Էջմիածին-Մասիս հատվածում բախվել են ընկերության Գյումրի-Երևան էլեկտրագնացքը և «Վոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենան: ՃՏՊ-ի հետևանքով էլեկտրագնացքը ժամանակացույցով ուշացել է 1 ժամ 15 րոպե: Տեղեկանում ենք  «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության  լրատվական ծառայությունից։

Ակնհայտ է, որ մարդատար ավտոմեքենայի վարորդը անտեսել է ինքնակարգավորվող անցման լուսացույցի արգելող նշաններն ու զգուշացնող ազդանշանները, ինչով վտանգել է մարդկանց առողջությունը և նյութական վնաս է հասցրել ընկերությանը:

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հորդորում է երկաթուղային գծերով անցնելիս պահպանել երթևեկության կանոնները՝ քաղաքացիների առողջությանն ու ընկերության նյութական միջոցներին վնաս չհասցնելու համար: Ընկերությունը նաև ներողություն է խնդրում էլեկտրագնացքի ուղևորներից՝ իրենից անկախ պատճառներով տեղի ունեցած միջադեպի համար։

Ջերմաստիճանը կբարձրանա. Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում` մարտի 11-ի ցերեկը, 12-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 14-15-ը օրվա ընթացքում առանձին շրջաններում, 16-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-4 մ/վ արագությամբ, մարտի 11-15-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 12-15 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մարտի 11-12-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 4-7 աստիճանով:

Երեւանում մարտի 11-ի ցերեկը, 12-13-ը, 15-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 14-ի երեկոյան ժամերին, 15-ի գիշերը և 16-ին հնարավոր է անձրև:

Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +3+5, վաղը ցերելը՝ +17+19։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ 0 + 3, ցերեկը՝ +9 +14,

Կոտայքի լեռներում գիշերը՝ 0 +3, ցերեկը՝ +9 +12,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +3 +5, ցերեկը՝ +13 +16,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -1 +3, ցերեկը՝ +9 +12,

Լոռիում գիշերը՝ +4 +8, ցերեկը՝ +17 +20,

Տավուշում գիշերը՝ +6 +10, ցերեկը՝ +20 +24, 

Արագածոտնի լեռներում գիշերը՝ -1 +2, ցերեկը՝ +7 +11,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +3 +5, ցերեկը՝ +14 +17,

Արարատում գիշերը՝ +4 +7, ցերեկը՝ +17 +20,

Արմավիրում գիշերը՝ +3 +6, ցերեկը՝ +17 +20,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -1 +2, ցերեկը՝ +8 +11,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +3 +7, ցերեկը՝ +17 +20,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +9+9, ցերեկը՝ +21 +24, 

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +1 +6, ցերեկը՝ +15 +19,

Արցախում գիշերը՝ +6 +10, ցերեկը՝ +20 +24։

Նախկին-ներկա անելուց գոնե հասկացել եք, որ Ձեր ասած նախկինների ժամանակ բանակցային կարմիր գիծը Արցախի կարգավիճակն էր

Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր,
Սիրում է կյանքում նա իր… աթոռը:
Շատ կարճ երեկվա «հարցազրույցի» մասին:
Չախոյանը ասում է, եթե նախկինների ժամանակ խաղաղություն էր սահմանային միջադեպերի ընթացքում որքան զոհեր ունեցանք:
Ասեմ՝ նախկինների խաղաղության ժամանակ, Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին (2008-2018թթ.) ունեցել ենք 228 մարտական կորուստ, իսկ Ձեր ժամանակ միայն 2020թ.-ի պատերազմի հետևանքով զոհվել է 5000-ից ավել զինվոր, էլ չխոսեմ սեպտեմբերյան դեպքերի ու առավել ևս 2023թ.-ի հունվարի դեպքի մասին:
չախոյանին խորհուրդ կտամ կարդալ «Բանակցային առաջնագծում»
գիրքը, միգուցե առավել ճիշտ ինֆորմացված լինի ու ծիծաղելի հայտարարություններ չանի: Եթե տարիների փորձի բացակայությունը ծածկել հնարավոր չի լինում, գոնե գիրքը կարդա ու
կիմանա զիջում ու փոխզիջում բառերի տարբերություները, կիմանաս, որ Սերժ Սարգսյանը 2008թ.-ին ասում էր, որ «այդ տարածքների վերահսկումը մեզ համար ինքնանպատակ չէ, այլ ուղղված է Ղարաբաղի անվտանգությանը»:
Եթե գիրքը կարդաս կիմանաս, որ 2010թ.-ին նախագահը ասում էր, որ «երբ Արցախի ժողովուրդը ստանա իր ինքնորոշման իրավունքն իրագործելու իրական հնարավորություն, և ստեղծվեն անվտանգության և զարգազման գործնական մեխանիզմներ, հայկական կողմի փոխզիջում կարող է դիտվել Ղարաբաղի շուրջ գտնվող այդ շրջանների վերադարձն Ադրբեջանին, իհարկե, պահպանելով Արցախն ու Հայաստանը կապող միջանցքը»:
Նախկին-ներկա անելուց գոնե հասկացել եք, որ Ձեր ասած նախկինների ժամանակ բանակցային կարմիր գիծը Արցախի կարգավիճակն էր, իսկ Ձեր թեթև ձեռքով հիմա Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքը:
Ասում ես մենք Արցախից մեր ձեռքերը չենք լվացել ու ասում՝ մեզ համար կարմիր գիծ է հանդիսանում Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքը:
Անբարոյականությունն էլ պիտի չափ ու սահման ունենա:

Նոր լուսանկար Սերժ Սարգսյանի «Բանակցային առաջնագծում» գրքի շնորհանդեսից

Նոր լուսանկար Սերժ Սարգսյանի «Բանակցային առաջնագծում» գրքի շնորհանդեսից։
Հիշեցնենք, որ ՀԲԸՄ շենքում տեղի է ունեցել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի «Բանակցային առաջնագծում» գրքի շնորհանդեսը, Արցախյան հակամարտության վերաբերյալ գիրքը լույս է ընծայվել վերջերս։ Նախկին նախագահի գրասենյակը շաբաթներ առաջ հաղորդել էր, որ գրքի տպաքանակի մի մասը կներկայացվի վաճառքի, որից ստացված հասույթը կփոխանցվի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին:

Իշխանությունը ՀՀ-ն ու Արցախը որպես մատաղացու գառ մատուցել է իր արտաքին հովանավորներին․ Տիգրան Աբրահամյան

Որքան էլ փաշինյանական քարոզչամեքենան փորձի ֆոն ստեղծել, թե հակադարձում է Սերժ Սարգսյանի` Փաշինյանի բանակցային գործընթացում և մարտի դաշտում իրացրած քաղաքականության խիստ քննադատությանը, ակնհայտ է, որ նույնիսկ Փաշինյանի կողմնակիցները գիտակցում են, որ իշխանությունը տապալել է և´ անվտանգային, և´ արտաքին քաղաքական գործընթացը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Հայաստանում ու հատկապես Արցախում շատ քիչ մարդ կհանդիպի, ով ՀՀ իշխանության և, մասնավորապես, Փաշինյանի բանակցային կամ ռազմական ունակությունները բավարար կհամարի:

Որքան էլ փաշինյանական քարոզչամեքենան փորձի ֆոն ստեղծել, թե հակադարձում է Սերժ Սարգսյանի` Փաշինյանի բանակցային գործընթացում և մարտի դաշտում իրացրած քաղաքականության խիստ քննադատությանը, ակնհայտ է, որ նույնիսկ Փաշինյանի կողմնակիցները գիտակցում են, որ իշխանությունը տապալել է և´ անվտանգային, և´ արտաքին քաղաքական գործընթացը:

Հետևանքները յուրաքանչյուրս զգում ենք մեր մաշկի վրա` Արցախի, իսկ իրականում Հայաստանի շրջափակում, քաղաքական մեկուսացում, անընդհատ խոստացվող ու Ադրբեջանին արվող զիջումներ, 44-օրյա պատերազմ, ՀՀ-ի դեմ հարձակումներ, հսկայական տարածքային և մարդկային կոուստներ, ինքնիշխանության նվազագույն մակարդակ: Թվարկվող ցանկը շարունակելի է:

Արդյո՞ք բանավեճի թեմա կա փաշինյանակսն իշխանության հետ: Այլևս ոչ: Արդյո՞ք այդ մասին հասարակության հետ խոսելու, իրազեկելու խնդիր կա` միանշանակ:

Կա´, որովհետև պետք է գերիշխի այն մոտեցումը, որ այս իշխանությունը, եթե ինչ-որ հրաշքով, մեծ ցանկություն էլ ունենա, պարզապես ՀՀ անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը պաշտպանելու որևէ հնարավորություն չունի:

Ավելին, այս իշխանությունը ՀՀ-ն ու Արցախը որպես մատաղացու գառ մատուցել է իր արտաքին հովանավորներին, թուրքերին և այս պայմաններում ՀՀ գոյությունն ինքնին խիստ կասկածի տակ է:

Հայաստանն ու Արցախը, հայ ժողովուրդն այս ռեգիոնում գոյատևելու, դեռ չեմ ասում` գործոն լինելու հնարավորությունը կվերականգնեն մեկ դեպքում, եթե Փաշինյանական ռեժիմը պարզապես չլինի, հակառակ դեպքում շանս պարզապես չկա»,- նշել է նա:

«Գրել եմ մի բան, որը լավագույնս արտացոլում է իմ էությունը»․ Բրյունետը հայտնել է «Եվրատեսիլ 2023»-ում իր երգի վերնագիրն ու դրա թողարկման ամսաթիվը

«Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանի ներկայացուցիչ Բրյունետը հայտնել է, որ մրցութային իր երգը կոչվում է Future Lover։ Երգչուհին տեղեկացրել է նաեւ, թե երբ է այն ներկայացվելու հանրությանը։

«Գիտեմ, որ բոլորս շատ երկար ենք սպասել իմ երգի թողարկմանը, եւ այդ սպասմանը շատ շուտով վերջ կտրվի։ Այս ամբողջ ամիսների ընթացքում ես գրել եմ մի բան, որը լավագույնս արտացոլում է իմ էությունը՝ թե որպես արտիստ, թե որպես մարդ։ Հուսով եմ՝ այս երգը կդիպչի ձեր սրտերին, ինչպես որ իմ դեպքում է եղել։ Future Lover-ը կթողարկվի չորեքշաբթի օրը՝ մարտի 15-ին»,-ինստագրամյան իր էջում գրել է երգչուհին։

«Եվրատեսիլ»-ն այս տարի կանցկացվի Մեծ Բրիտանիայում՝ Լիվերպուլ քաղաքում։ Մրցութային օրերն են՝ մայիսի 9-ը, 11-ը եւ 13-ը։ Բրյունետը ներկայանալու է երկրորդ կիսաեզրափակչին՝ մայիսի 11-ին։

Երգչուհու իրական անունը Էլեն Երեմյան է։ Նա երգել սկսել է 4 տարեկանից, իսկ ստեղծագործում է 15-ից: Իր բոլոր երգերի երաժշտության եւ բառերի հեղինակը հենց ինքն է: Երգչուհին Project 12 խմբի անդամ է։

Ներքին Բազմաբերդ գյուղում պայթյուն է տեղի ունեցել․ տուժածներից մեկն անչափահաս է

Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն մարտի 11-ին, ժամը 09:54-ին ահազանգ է ստացվել, որ Ներքին Բազմաբերդ գյուղում տեղի է ունեցել պայթյուն․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ գյուղի տներից մեկի 1-ին հարկում գտնվող հացատանը տեղի է ունեցել գազաբալոնից արտահոսած գազի կուտակում եւ պայթյուն․ փլուզվել է պատից 2 քմ հատված, կա 3 տուժած։

Տուժածներ Ա․ Ե․-ն (ծնված 2010 թ․), Կ․ Գ․-ն (ծնված 1980 թ․) եւ Վ․ Ե․ (ծնված 1969 թ․) տեղափոխվել են Երեւանի Այրվածքաբանության ազգային կենտրոն ՓԲԸ։