ՊԵԿ-ը կանխել է կեղծ փաստաթղթերով տրանսպորտային միջոցի ներմուծումը

Օրերես ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Շիրակի տարածաշրջանային բաժնի Բավրայի բաժանմունքի աշխատակիցները Հյուսիսային մաքսատուն-վարչության Բավրայի մաքսային կետ բաժնի աշխատակիցների հետ համատեղ մաքսային հսկողության են ենթարկել Վրաստանից Հայաստանի Հանրապետություն ժամանած, Ռուսաստանի Դաշնության գրանցում ունեցող պետհամարանիշերով մարդատար ավտոմեքենան։ Զննման արդյունքում պարզվել է, որ ավտոմեքենան փաստացի տեղափոխող սեփականատիրոջ լիազոր անձի կողմից ՌԴ սահմանային անցակետում լրացված ուղևորային մաքսային հայտարարագիրը հանդիսանում է հին ձևանմուշ և չի համապատասխանում Ռուսաստանի Դաշնության մաքսային ծառայության պաշտոնական կայքէջում տեղադրված և գործող օրենսդրությամբ սահմանված ձևաթղթին։

Պարզվել է նաև, որ տրանսպորտային միջոցի տարբեր հատվածներում առկա չեն եղել նախատեսված նույնականացման համարի գործարանային համապատասխան պիտակավորումը:
Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից օպերատիվ կապ է հաստատվել ինչպես ՌԴ մաքսային ծառայության գործընկերների, այնպես էլ՝ Վրաստանի մաքսային ծառայության գործընկերների հետ և բանավոր կերպով ստացվել է տեղեկատվություն առ այն, որ վերոնշյալ տրանսպորտային միջոցը իրականում ներմուծվել է Վրաստան Թուրքիայի Հանրապետությունից չեխական պետհամարանիշերով, իսկ ՌԴ Վերին Լարսի անցակետում նման համարով ուղևորային հայտարարագիր չի լրացվել։

Այսինքն, տվյալ մեքենան վարող քաղաքացին, տրասնպորտային միջոցը ՀՀ պետական սահմանով տեղափոխելիս, խաբեությամբ օգտագործել է մաքսային և այլ փաստաթղթեր, իսկ տրանսպորտային միջոցը չի ունեցել ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակ։
Փաստի առթիվ «ՀՀ մաքսային կարգավորման մասին» օրենքի 315-րդ հոդվածի իրավախախտման հատկանիշներով, այն է՝ ՀՀ պետական սահմանով ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխումը` մաքսային և այլ փաստաթղթերը կամ մաքսային նույնականացման միջոցները, խաբեությամբ օգտագործելով, նախապատրաստվել են նյութեր, որոնք տրամադրվել են ՊԵԿ իրավաբանական վարչություն:

Միաժամանակ, իրավախախտումը հայտնաբերելուց հետո, իրակաանցվել է ուսումնասիրություն վերոնշյալ տրանսպորտային միջոցի և դրա սեփականատիրոջ սահմանահատումների մասով: Հավաքագրվել են նմանօրինակ հնարավոր խախտումներ պարունակող դեպքերի ամփոփ տվյալներ՝ ՀՀ տարբեր սահմանային կետերով ներմուծված 11 տրանսպորտային միջոցի մասով, որոնց վերաբերյալ, ինչպես Ռուսաստանի Դաշնային, այնպես էլ` Վրաստանի Հանրապետության մաքսային ծառայություններին ուղարկվել են համապատասխան հարցումներ։

Շնորհակալ եմ, որ եկել եք, բայց այս անձրևի տակ պետք չէ կանգնել. Սերժ Սարգսյան

Շատ շնորհակալ եմ, որ եկել եք, բայց էս անձրեւի տակ պետք չի կանգնել: Այս մասին այսօր՝ մարտի 9-ին, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրի մոտ դիմելով իր աջակիցներին, ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նրանք Սերժ Սարգսյանին առողջություն ցանկացան: Ի պատասխան Սերժ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց ու նստեց մեքենան:

Նշենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, այսօր՝ մարտի 9-ին շարունակվել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով հերթական դատական նիստը:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ եւ Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, Սամվել Գալստյանի ու Գեւորգ Հարությունյանի օժանդակությամբ, Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամ:

Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը։

Երրորդ նախագահն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, նրա պաշտպաններն էլ այս գործընթացը որակում են որպես քաղաքական հետապնդում։

«Բռնությանն արդարացում չկա»․ Տոյվո Կլաարն անհանգստացած է ԼՂ-ում վերջին զարգացումներից

Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը անհանգստացած է ԼՂ-ում վերջին ողբերգական ընդհարումից և փոխհրաձգության մասին նոր հաղորդումներից:

«Բռնությանն արդարացում չկա։ Բոլոր հարցերը պետք է լուծվեն միայն բանակցությունների միջոցով։

Տարածաշրջանը բավականին տուժել է ռազմական գործողություններից։ Հիմա ժամանակն է միասին աշխատելու՝ հանուն հարատև ու արդար խաղաղության», — թվիթերյան միկրոբլոգում գրել է նա։

Վարդենյաց լեռնանցքում, Գեղարքունիքի մարզում, Սարավան-«Զանգեր» ճանապարհին տեղում է ձյուն

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքում, Գեղարքունիքի մարզում, Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին տեղում է ձյուն։

Երեկ Հրազդանում վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխվածները Ռազմիկ Դավոյանի հարազատներն են. shamshyan.com

Մարտի 8-ին, Կոտայքի մարզում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորները երջանկահիշատակ բանաստեղծ, հասարակական գործիչ Ռազմիկ Դավոյանի և նրա որդու՝ գրող, լրագրող, խմբագիր Մհեր Դավոյանի ազգականներն են։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ պարզվել է՝ Nissan X-Trail-ը վարել է Երևանի բնակիչ 31-ամյա Ռազմիկ Դավոյանը, վիրավորներն են՝ նրա կինը՝ Երևանի բնակիչ 27-ամյա Ինեսա Մակարյանը և նրանց երեխաները՝ 6-ամյա ու 2-ամսական երեխաները։

Երկու օրում ոստիկանությունը բացահայտել է 116 հանցագործության դեպք. Գրանցվել է 16 ավտովթար, վիրավորվել է 41 մարդ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 7-ից 9-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 116 դեպք, որոնցից 10-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 32, խարդախության՝ 15, մարմնական վնասվածք պատճառելու և անձնական ունեցվածքի գողության՝ 10-ական, ֆիզիկական ներգործության՝ 7, բնակարանային գողության ու թմրանյութի իրացման՝ 4-ական, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու՝ 3, հոգեկան ներգործության և վստահված գույքը հափշտակելու՝ 2-ական, խոշտանգման, մարդու առևանգման, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, համակարգչային հանցագործության, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, զենք-զինամթերքի առգրավման, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, պատմության և մշակույթի հուշարձաններ կամ առանձնակի արժեք ունեցող առարկաներ կամ փաստաթղթեր ոչնչացնելու կամ վնասելու, աշխատանքային անվտանգության կանոնները խախտելու, ապօրինի կերպով քաղաքացիական ողորկափող հրազեն, գազային, օդաճնշիչ, սառը կամ նետողական զենք կրելու, առողջությանը թեթև վնաս հասցնելու, փաստաթղթի կեղծիքի ու երեխայի առուվաճառքի՝ 1-ական դեպք

Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 3 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 8, մարմնական վնասվածք պատճառելու և պետական-հասարակական ունեցվածքի գողության 1-ական դեպք։

Անցած 2 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 16 պատահար. 41 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Նոր պայմաններ են սահմանվել մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի իրավունքի իրացման շրջանակում

Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 9-ի նիստում փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշման մեջ՝ ««Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի ընդունմամբ պայմանավորված։

Հիմնավորման համաձայն՝ օրենքով նոր պայմաններ են սահմանվել մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի իրավունքի իրացման շրջանակում։ Ըստ այդմ՝ առաջարկվում է տարանջատել տարածքային բաժնի կողմից խնամքի նպաստ նշանակելը մերժելու դեպքերը՝ ծնողի կատեգորիայով պայմանավորված (մինչև 2023 թ. ծնված երեխայի դեպքում՝ աշխատող և գյուղաբնակ և 2023 թ. հունվարի 1-ին և դրանից հետո ծնված երեխայի խնամքի կապակցությամբ):
Սահմանվել է, որ բացի ինքնաշխատ եղանակից խնամքի նպաստի չափը փոխվում է նաև այն դեպքում, երբ ներկայացվել է ծնողի վերաբերյալ տեղեկատվությունը որպես ՀՀ օրենսդրությամբ սահմանված սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն լինելու վերաբերյալ տեղեկանքը, կամ գործատուն գրանցման հայտով ճշտել է խնամքի արձակուրդն ավարտվելու (ընդհատվելու) մասին տեղեկատվությունը։

Սահմանվել է նաև, որ ծնողի մահվան դեպքում երեխայի մյուս ծնողին նշանակվում է խնամքի նպաստ, եթե դիմումը ներկայացնելու ամսվա 1-ի դրությամբ այդ ծնողն ունի խնամքի նպաստի իրավունք:

Զինվոր է մահացել

Մարտի 8-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Անդրանիկ Կարոյի Օհանյանի մարմինը:

Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն, հայտնում են Պաշտպանության նախարարությունից։

Երեխային պահելուց չարամտորեն խուսափելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է

Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարտի 7-ին Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 41-ամյա Շիրազ Ս.-ն, որը 2021 թ. մայիսի 25-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 173-րդ հոդվածի (Ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելը) մեղադրանքով:

Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:
Խափանման միջոցը՝ ստորագրություն: