36 ժամով կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեների ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 9-ին ժամը 10:00-ից մինչև մարտի 10-ը ժամը 22:00-ն կդադարեցվի Երևանի Էրեբունի վարչական շրջանի՝ Էրեբունի, Նոր Արեշի 1-50, Ռոստովյան, Այվազովսկու, Թորամանյան, Մուրացանի, Խ. Դաշտենցի, Լ. Լիսինյան, Լ. Մելիքյան, Սուվորովի, Բելինսկու, Ս. Դավիթի, Միչուրինի, Կռիլովի, Չեռնիշևսկու, Լոմոնոսովի փողոցների, Աթոյան փողոցի և անցուղու, Դ. Բեկի 2-րդ նրբանցքի, Գաջեգործների և Ազատամարտիկների փողոցների՝ իրենց նրբանցքներով ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։

Կարմրուկի դեմ երկու դեղաչափ պատվաստված անձանց մոտ ձևավորվում է 97-98% իմունիտետ և պահպանվում է ամբողջ կյանքի ընթացքում

Կարմրուկը սուր վիրուսային, խիստ վարակիչ հիվանդություն է, որը բնորոշվում է արտահայտված ինտոքսիկացիայով, կատառալ և ցանային երևույթներով, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Նշվում է, որ վարակի աղբյուրը միայն հիվանդ մարդն է: Վիրուսն արտաքին միջավայր է թափանցում հազալու, փռշտալու, խոսակցության ժամանակ։ Ընկալունակությունը կարմրուկի նկատմամբ մոտ 100% է։

Կարմրուկի դեմ երկու դեղաչափ պատվաստված անձանց մոտ ձևավորվում է 97-98% իմունիտետ և պահպանվում է ամբողջ կյանքի ընթացքում:

ԼՂ իշխանությունները նույնպես ձեռքերը լվանում են անկախության հարցից․ Շարմազանով

Լեռնային Ղարաբաղի ներկայիս իշխանությունները, ինչպես եւ Նիկոլը, ձեռքերը լվանում են ԼՂ անկախության հարցից։ Այս մասին այսօր՝ մարտի 7-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Նա հիշեցրեց Լեռնային Ղարաբաղի նախագահի խոսքերն այն մասին, որ եթե ինչ-որ մեկը ցանկանում է քննարկել ինտեգրումը, ապա ազատ է դա անելու հարցում։

Նրա համոզմամբ՝ Լեռնային Ղարաբաղի անկախության հարցը քննարկման ենթակա չէ։ «Էլ ո՞նց է լինում դավաճանությունը։ Ինչպե՞ս կարելի է անցնել կարմիր գծերը»,-տարակուսանք հայտնեց Շարմազանովը։

Քաղաքական գործիչը վստահություն հայտնեց, որ այդ հայտարարությունները ենթակա են քրեական պատասխանատվության։ «Ինտեգրման մասին երկխոսությունը ադրբեջանա-թուրքական հերթական օրակարգն է։ Հայ-ադրբեջանական հակամարտության մեխը ղարաբաղյան հակամարտությունն ու Ադրբեջանում հայերի ջարդերն են։ Ինչպե՞ս կարելի է գնալ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման՝ չլուծելով Լեռնային Ղարաբաղի խնդիրը։ Լեռնային Ղարաբաղի նախագահի հայտարարությունները Նիկոլի քաղաքականության արդյունքն են, որը մեզ քննադատում էր փոխադարձ մեղադրանքներում»,-նշեց Շարմազանովը։

Նա հիշեցրեց, որ նույնիսկ ամենածանր պահին՝ 1992 թվականին, Ադրբեջանի հետ ինտեգրման մասին ոչ մի խոսակցություն չի եղել։ «Ինչո՞ւ է մարդը, որը 1990-ականներին պայքարել է Լեռնային Ղարաբաղի համար, այսօր ասում է, որ տարբերություն չկա, թե ում հանքն է լինելու Լեռնային Ղարաբաղում։ Էլ ի՞նչ տեսք ունի Հուդան: Այդ դեպքում նա պայքարել է դրա համար»,-ասաց նա։

Նա համոզմունք հայտնեց, որ եթե Լեռնային Ղարաբաղը հանձնեն, ապա Հայաստանում էլ կհայտնվեն ուժեր, որոնք կոչ կանեն նրան միանալ որեւէ երկրի։

Եղանակը Հայաստանում

Հանրապետությունում մարտի 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արեւմտյան, 3-5մ/վրկ։ Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +2+4, վաղը ցերեկը՝ +14+16 աստիճան։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ -2-6, ցերեկը՝ +6+10,

Կոտայքի լեռներում գիշերը՝ -2-4, ցերեկը՝ +6+9,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -2+1, ցերեկը՝ +11+13,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -3-7, ցերեկը՝ +6+9,

Լոռիում գիշերը՝ -1-5, ցերեկը՝ +8+11,

Տավուշում գիշերը՝ -2+3, ցերեկը՝ +10+13,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ -3-7, ցերեկը՝ +6+8,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ -2+1, ցերեկը՝ +11+15,

Արարատում գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +16+18,

Արմավիրում գիշերը՝ +1+3, ցերեկը՝ +15+17,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -3-6, ցերեկը՝ +5+8,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +1+3, ցերեկը՝ +15+18,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +15+18,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +8+11,

Արցախում գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +11+16։

Ուժեղ քամին զգալի վնասներ է հասցրել Գեղարքունիքի մարզի հանրակրթական 7 դպրոցի շենքերին

Մարտի 5-ի գիշերվա և մարտի 6-ի ցերեկային ժամերի ընթացքում գրանցված ուժեղ քամիների հետևանքով վնասվել են Գեղարքունիքի մարզի Վարդենիկի թիվ 2 հիմնական, Ծովագյուղի, Սեմյոնովկայի, Կարճաղբյուրի, Շատվանի, Այգուտի և Գեղամավանի միջնակարգ դպրոցների տանիքները։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը:

Դպրոցների տնօրեններին հանձնարարել եմ հնարավորինս արագ կազմել շինարարական թերությունների ակտերը եւ ներկայացնել Գեղարքունիքի մարզպետարան։
Դպրոցներին հասցված վնասների վերականգնման ուղղությամբ կձեռնարկվեն համապատասխան միջոցներ։

ՀՀ-ն իր արտաքին քաղաքականությունը պետք է ուղղի դեպի Մոսկվա, մի՛ նայեք, որ Մոսկվան ու Անկարան այսօր ունեն որոշակի հարաբերություններ․ Շարմազանով

Ես ինքս հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ջատագով եմ և մեկ անգամ չէ, որ ասել եմ, որ Հայաստանը իր արտաքին քաղաքականության շեշտադրումը պետք է անի նախ և առաջ դեպի Մոսկվա։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմնազանովը։

«Միաժամանակ Հայաստանը պետք է զարգացնի հարաբերությունները Պեկինի ու Թեհրանի հետ, բայց հիմնական ռազմավարական դաշնակիցը պետք է շարունակի մնալ Ռուսաստանը, սա չի քննարկվում, որովհետև Մոսկվայի այլընտրանքը Անկարան է։ Մի նայեք, որ Մոսկվան ու Անկարան այսօր ունեն որոշակի հարաբերություններ, այդ հարաբերություններից ավելի շատ ունեն հակասություններ։ Կամ Ռուսաստանը մեղավոր չէ, որ Նիկոլը իրենց գցել է, կամ Նիկոլը այսօր իշխանության է։ Նոյեմբերի 9-ից հետո Նիկոլ Փաշինյանը մնացել է իշխանության բացառապես պաշտոնական Մոսկվայի բարեհաճության արդյունքում, բունկերում պախկվել էր, ո՞ւր էր Նիկոլը։ Պատահական չէ, որ ընտրվելուց հետո, երբ գնաց Մոսկվա, Վլադիմիր Պուտինը իրեն չշնորհավորեց, այլ ասաց հուսով եմ՝ տվածդ խոստումները կկատարես»,- ասաց նա։

Շարմազանովը նշեց, որ Հայաստանի դաշնակից ու գործընկեր երկրները լուրջ չեն վերաբերվում Հայաստանին, ինչը անդրադառնում է Հայաստանի արտաքին քաղաքականության վրա։

Ադրբեջանի դիվերսիոն խմբի հարձակման հետևանքով վիրավորված ծառայողի վիճակը միջին ծանրության է

Մարտի 5-ին ադրբեջանական զինուժի դիվերսիոն խմբի հարձակման հետևանքով կրծքավանդակի հրազենային վիրավորում ստացած ՆԳՆ ոստիկանության ծառայողը շարունակում է գտնվել ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի վերակենդանացման բաժանմունքում։ 

Այս պահի դրությամբ հիվանդի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության և կյանքին վտանգ չի սպառնում։

Կառավարության ավտոբուսը բախվել է ցուցանակին ու բետոնե հատվածին․ կա 13 վիրավոր, բոլորը կառավարության աշխատակազմից են

Երեւանում, այսօր՝ մարտի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 08։50-ի սահմաններում Մոնթե Մելքոնյան-Իսակովի պողոտա ճանապարհահատվածում բախվել են BMW մակինիշի ավտոմեքենան և Hyundai մակնիշի ավտոբուսը։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 13 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Պարեկային Ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Կայքի տեղեկություններով Hyundai ավտոբուսը հաշվառված է ՀՀ կառավարության աշխատակազմի հաշվեկռում, և բոլոր ուղևորները Կառավարության աշխատակազմից են։

Կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 29-ի

Ժամը 10:00-ի դրությամբ` կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 29-ի, հոսպիտալացված է 15 քաղաքացի, 7-ը դուրս է գրվել:

Նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: 29 վարակվածից 26-ը պատվաստված չէ, 3-ը` մեկ դեղաչափով:

Հիշեցնենք, որ պատվաստումների ազգային օրացույցով կարմրուկի դեմ պատվաստումները նախատեսված են 1 և 4-6 տարեկան երեխաների համար:

Կարմրուկի դեմ պլանային պատվաստումներ չստացած երեխաների ծնողներին հորդորում ենք դիմել հաշվառման պոլիկլինիկա և պատվաստել երեխաներին: Միաժամանակ, պատվաստման են ենթակա նաև կարմրուկով հիվանդների հետ շփված այն անձինք, ովքեր չունեն կարմրուկի դեմ 2 դեղաչափ պատվաստում:

Հրազդանի, Սևանի և Գավառի տարածաշրջաններում ձյուն է տեղում

Այսօր՝ մարտի 7-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, Հրազդանի, Սևանի և Գավառի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից NEWS.am-ին հայտնում են, որ Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։