Երկրաշարժի հետևանքով Թուրքիայում մարդկային կորուստների թիվը հասել է 45.968-ի

Թուրքիայում Քահրամանմարաշ էպիկենտրոնով երկրաշարժների զոհերի թիվը հասել է 45.968-ի:Ermenihaber.am-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնել է Թուրքիայի նախագահականին կից Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը:

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն նշել է, որ զոհված սիրիացիների թիվը կազմում է 4867: Փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժերից հետո գրանցվել է 11.020 հետցնցում։

Հիշեցնենք, որ Թուքրիան ցնցած հուժկու երկրաշարժերն ավերածություններ են առաջացրել Քահրամանմարաշում, Գազիանթեփում, Շանլըուրֆայում, Դիարբեքիրում, Ադանայում, Ադիյամանում, Օսմանիյեում, Հաթայում, Քիլիսում, Մալաթիայում և Էլազըղում։

Ադրբեջանը 12 օր անկատար է թողել Արդարադատության միջազգային դատարանի պահանջը. Թագուհի Թովմասյանը դիմել է ՀՀ-ում ՄԱԿ-ի ԱԽ-ի մշտական անդամ պետությունների դեսպաններին

Ադրբեջանը 12 օր անկատար է թողել Արդարադատության միջազգային դատարանի պահանջը. ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հրատապ գրություններ է ուղարկել ՀՀ-ում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ պետությունների (ԱՄՆ, Չինաստան, Ֆրանսիա, ՌԴ, Մեծ Բրիտանիա) դեսպաններին. նրանք պետք է միջոցներ ձեռնարկեն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը:

Թագուհի Թովմասյանը հիշեցրել է, որ Արդարադատության միջազգային դատարանը 2023 թվականի փետրվարի 22-ին հրապարակել է միջանկյալ որոշում՝ պարտավորեցնելով Ադրբեջանին մինչեւ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով վերջնական որոշման կայացումը ձեռնարկել բոլոր միջոցները՝ երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը:

Պատգամավորը նշել է, որ ՄԱԿ-ի հիմնական դատական մարմնի որոշումից 12 օր անց Ադրբեջանը շարունակում է չկատարել դատարանի պահանջը: Ավելին, Ադրբեջանը նոր ագրեսիա է իրականացրել արդեն 85 օր շրջափակման մեջ գտնվող Արցախում. երեկ ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը թիրախավորել եւ կրակ է բացել Արցախի Հանրապետության ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա, որի հետեւանքով զոհվել է Արցախի ոստիկանության 3 ծառայող:

Արդարադատության միջազգային դատարանի կանոնադրության 59-րդ հոդվածի համաձայն՝ Դատարանի որոշումը պարտադիր է միայն գործին մասնակցող կողմերի համար եւ միայն տվյալ գործով: Կանոնադրության 60-րդ հոդվածի համաձայն՝ Որոշումը վերջնական է եւ ենթակա չէ բողոքարկման:

Հաշվի առնելով Արդարադատության միջազգային դատարանի որոշման իրականացման մասով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վերահսկողական հնարավորությունները՝ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը դիմել է Հայաստանում ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ պետությունների դեսպաններին, խնդրել հրապարակային արձագանքել, ցուցաբերել հետեւողականություն եւ ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ պետություններին ներկայացնել իրենց մտահոգությունները՝ նպատակ հետապնդելով հասնել Դատարանի՝ միջանկյալ միջոցներ կիրառելու որոշման կատարմանը:

Թագուհի Թովմասյանը միաժամանակ խնդրել է գնահատական Ադրբեջանի կողմից երեկ իրականացված հերթական ահաբեկչության վերաբերյալ, որի հետեւանքով հայկական կողմից կան զոհեր:

«Մինչ այսօր միայն Ֆրանսիայի Հանրապետությունն է անդրադարձել Արդարադատության միջազգային դատարանի կայացրած որոշման կատարման անհրաժեշտությանը՝ հանդես գալով հատուկ կոչով»,- նշել է հանձնաժողովի նախագահը:

Եղանակը Հայաստանում․ օդի ջերմաստիճանը կնվազի

Մարտի 7-ին Հայաստանի առանջին շրջաններում սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավային, 7-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով: Երեւանում գիշերը եւ առավոտյան սպասվում է կարճաժամկետ անձրեւ, օրվա մնացած ժամերին կդիտվի առանց տեղումների եղանակ: Մայրաքաղաքում առաջիկա գիշեր կլինի +2 +4, վաղը ցերեկը` +13 +15:

Օդի ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը՝ -1 -6, ցերեկը՝ +5 +9,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -2-4, ցերեկը՝+5+8 ,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը +1 +4,, ցերեկը՝ +9+12,

Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ -1-5, ցերեկը +5 +9,

Լոռիում՝ գիշերը՝ -4+1, ցերեկը՝ +8 +11,

Տավուշում՝ գիշերը՝ 0 +4, ցերեկը՝ +9+13,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -2-6, ցերեկը +5+8,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +10+14,

Արարատում՝ գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +14+16,

Արմավիրում՝ գիշերը՝+2+5, ցերեկը՝ +13 + 15,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -1-3, ցերեկը՝ +5 +7,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +2+5 ցերեկը՝ +12 +15,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +4 +7, ցերեկը՝ +13 + 16,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +5+9,

Արցախում՝ գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +10+15:

Փաշինյանը աշխատանքից ազատել է ՍԱՏՄ ղեկավարի տեղակալներին

Պաշտոններից ազատվել են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալները։ Այս մասին որոշումներ է ստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Մասնավորապես, պաշտոններից ազատվել են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարներ Արթուր Շատվորյանը եւ Նարեկ Հայրապետյանը:
Որոշումներն ընդունվել են ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով և «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով:

Ուժեղ քամու հետևանքով Գեղարքունքի մարզի մի շարք բնակավայրեր հոսանքազրկվել են, դասապրոցեսը՝ կասեցվել

Մարտի լույս 6-ի գիշերը Գեղարքունիքի մարզում գրանցված ուժեղ քամիների հետևանքով հոսանքազրկվել են Վարդենիս համայնքի Ախպրաձոր, Այրք, Կութ, Ջաղացաձոր, Գեղամաբակ և Մարտունի համայնքի Վարդենիկ բնակավայրերը։

Ջեռուցման բացակայությամբ պայմանավորված կասեցվել է նշված բնակավայրերի դպրոցների դասապրոցեսը։
ՀԷՑ-ի «Վարդենիս և Մարտունի» էլեկտրոցանցերը տեղեկացնում են, որ աշխատանքներ են տարվում էլեկտրաէներգիայի խափանումները շուտափույթ վերականգնելու համար։
Վերը նշված բնակավայրերի դպրոցներում բաց թողնված դասերը կլրացվեն շաբաթ օրը՝ մարտի 11-ին։

Արցախում դիվերսիայի հետևանքով վիրավոր ոստիկանի վիճակը կայուն ծանր է. ԱՀ ԱՆ

Մարտի 5-ին ադրբեջանական զինուժի դիվերսիոն խմբի հարձակման հետևանքով ՆԳՆ ոստիկանության՝ կրծքավանդակի հրազենային վիրավորում ստացած ծառայողը, ում երեկ վիրահատել էին, շարունակում է գտնվել ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի վերակենդանացման բաժանմունքում։ Այս մասին տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից:
Այս պահի դրությամբ հիվանդի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր՝ թույլ դրական դինամիկայով։

Ադրբեջանը, դժգոհ լինելով իր հարձակման արդյունքից, քննարկումների մեջ է` ի՞նչ անել, ե՞րբ անել և ո՞ր պահին․ Աբրահամյան

Հասկանալու համար, թե մարտի 5-ին տեղի ունեցած ադրբեջանական հարձակումը ինչ սպառնալիքներ էր ներկայացնում, ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հանրության ուշադրությունը սևեռում է, իր խոսքով, մեկ այլ` չքննարկված կարևոր հանգամանքի վրա։ Ֆեյսբուքյան էջում նա գրել է․

«Արցախցի ոստիկանների նկատմամբ հարձակման վայրը` «Խայփալու»-ն, Շուշի քաղաքից ուղիղ գծով մոտ 1.5 կմ-ի վրա է: «Խայփալու» տեղամասից Ստեփանակերտի ծայրամասային թաղամաս` Արմենավան, ուղիղ գծով ընդամենը 3կմ է: Մարտերի էպիկենտրոնից մինչև Ստեփանակերտի կենտրոն, պայմանական քաղաքային մարզադաշտ, ուղիղ գծով շուրջ 5.5 կմ է

Սա գրում եմ մեր այն հայրենակիցների համար, ովքեր տեղանքի առանձնահատկություններին օբյեկտիվ առումով չեն տիրապետում, իսկ սա կարևոր գործոն է հասկանալու, որ բուն վտանգավոր գոտին մայրաքաղաք Ստեփանակերտի «քթի տակ է» ու ցանկացած խնդիր ուղիղ ճանապարհ է բացելու դեպի Ստեփանակերտ:

Իրադրությունն Արցախի շուրջ բավականին լարված է, և իմ տպավորությամբ, Ադրբեջանը, ընդհանուր առմամբ դժգոհ լինելով իր հարձակման արդյունքից, քննարկումների մեջ է` ի՞նչ անել, ե՞րբ անել և ո՞ր պահին:

Սա ահաբեկելու նպատակով չեմ ասում, այլ կոնկրետ պատրաստ լինելու, որպեսզի թշնամու հնարավոր շարժն ու գործողություններն ուղղակի տեսադիտարկման համակարգով չդիտենք, այլ եղած տեխնիկական հնարավորությունն օգտագործելով՝ ժամանակին կանխենք, իսկ դա հնարավոր է»։

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր մարտի 5-ին և լույս 6-ի գիշերը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։ Այս մասին հայտնում է ՀՀ Պաշտպանության նախարարությունը:

Կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 20-ի. ՀՀ ԱՆ

Ժամը 10:00-ի դրությամբ կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 20-ի, հոսպիտալացված է 18 քաղաքացի, 1-ը դուրս է գրվել: Այս մասին հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը:

Նրանց առողջական վիճակը գնահատում է միջին ծանրության:
Հիվանդներից 19-ը պատվաստված չի, 1-ը թերի է պատվաստված (1 դեղաչափ):
Հիշեցնենք, որ պատվաստումների ազգային օրացույցով կարմրուկի դեմ պատվաստումները նախատեսված են 1 և 6 տարեկան երեխաների համար:
Կարմրուկի դեմ պլանային պատվաստումները չստացած երեխաների ծնողներին հորդորում ենք դիմել հաշվառման պոլիկլինիկա և պատվաստել երեխաներին:
Միաժամանակ, պատվաստման են ենթակա նաև կարմրուկով հիվանդների հետ շփված այն անձինք, ովքեր չունեն կարմրուկի դեմ 2 դեղաչափ պատվաստում:

Գորիս-Սիսիան ճանապարհին «BMW»-ն մոտ 50 մետր գլորվել է ձորը․ վարորդը մահացել է

Մարտի 5-ին, ժամը 23:22-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շինուհայր գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ավտովթար։

ՆԳՆ փրկարար ծառայությունից  հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհի 8-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Հ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 50 մետր գլորվել մոտակա ձորը։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը հոսպիտալացվել է Գորիս քաղաքի ԲԿ, սակայն վերջինս ճանապարհին մահացել է։

Փրկարարներն աշխատանքներ չեն իրականացրել։