«Երբեք թույլ չեմ տա հետընթաց որևէ բնագավառում». ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյան

«Երբեք թույլ չեմ տա հետընթաց որևէ բնագավառում». ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյան
Այս կարգախոսով է առաջնորդվել ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը բարեփոխումների և պետականաշինության
տասը տարիների ընթացքում։
2008-2018 թվականներին կատարված աշխատանքներից կարևոր է առանձնացնել սոցիալ-տնտեսական զարգացման շրջանը։
Բնակչության սոցիալական վիճակի բարելավումը, կենսամակարդակի բարձրացումը, աղքատության հաղթահարումը եղել են պետության կողմից վարվող քաղաքականության գերակայությունների շարքում։
Տնտեսությունը դիմակայել է ֆինանսա-տնտեսական ճգնաժամին, վերականգնվել և արձանագրել է տարածաշրջանային և համաշխարհային միջին ցուցանիշներից բարձր աճ։
Բնակչության բարեկեցության առումով տնտեսական աճը կամ տնտեսության կառուցվածքային փոփոխությունները առավելապես կարևոր են դրանց՝ զբաղվածության և եկամուտների վրա ունեցած ազդեցությամբ: Այս մասով, բացի զուտ տնտեսական մեխանիզմների գործունեությունից, էական դեր է խաղացել նաև աշխատանքի շուկայի կարգավորման և եկամուտների վերաբաշխման ուղղությամբ պետության կողմից վարած քաղաքականությունը:
Տնտեսության կառուցվածքի փոփոխությունները Հայաստանում հանգեցրել են ոչ գյուղատնտեսական ֆորմալ զբաղվածության աճին և ոչ ֆորմալ զբաղվածության կրճատմանը: Նման զարգացումները բերել են վարձու աշխատողների բարեկեցության աճին: Հայաստանում վարձու ֆորմալ զբաղվածների թիվը ներկայումս կես միլիոն մարդուց ավելի է:
2016 թվականին, 2006 թվականի համեմատ, ֆորմալ հատվածում որպես վարձու աշխատող զբաղված աշխատողների թիվը ավելացել է շուրջ 100 հազար մարդով, իսկ ֆորմալ ինքնազբաղվածներինը՝ 30 հազար մարդով: Այս փոփոխություններին զուգահեռ տարեց-տարի նվազել է զբաղվածության ոչ ֆորմալության աստիճանը:
Օրենքով սահմանվող նվազագույն (զուտ) աշխատավարձը 2017 թվականին կազմել է 55,000 դրամ՝ 2006 թվականի 15,000 դրամի դիմաց: Նույն ժամանակահատվածում միջին աշխատավարձը անվանական արտահայտությամբ ավելացել է շուրջ 3 անգամ, ինչը մեծապես նպաստել է ըստ եկամուտների հաշվարկվող աղքատության նշանակալի կրճատմանը:
Տնտեսության զարգացումը, զուգակցվելով նվազագույն աշխատավարձի ուղղությամբ վարած քաղաքականությամբ, նպաստել է բնակչության միջին եկամուտների աճին և ըստ եկամուտների հաշվարկվող աղքատության մակարդակի նշանակալի կրճատմանը։
Չնայած համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությունը էապես խոչընդոտեց սոցիալական քաղաքականության արդյունավետ իրականացմանը՝ սահմանափակելով պետության ֆիսկալ հնարավորությունները, սակայն ձեռնարկված քայլերի ու իրականացված միջոցառումների արդյունքում հնարավոր է եղել պետական աջակցության օգնությամբ մեծացնել բնակչության առավել խոցելի խավերի սոցիալական պաշտպանվածությունը և ճգնաժամի սոցիալական հետևանքներին հնարավորինս դիմակայելու հնարավորությունները։