Լարսը բաց է․ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Թբիլիսիի վերաքննիչ դատարանը մերժել է առողջական վիճակի հետ կապված ազատ արձակել Սաակաշվիլուն

Թբիլիսիի վերաքննիչ դատարանը մերժել է առողջական վիճակի հետ կապված ազատ արձակել  Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլուն։ Այս մասին Facebook-ում գրել է նրա աջակից Եկատերինա Հերհեուլիձեն։  

«Վերաքննիչ դատարանը հեռակա կարգով քննել է Միխայիլ Սաակաշվիլու գործը (առողջական վիճակի պատճառով ազատ արձակվելու մասին) եւ ուժի մեջ է թողել առաջին ատյանի դատարանի որոշումը»,-գրել է նա։ 

18-ամյա փարաքարցին կտրող-ծակող դանակով խփել էր 24-ամյա համագյուղացու որովայնին

Փետրվարի 28-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ ժամը 20.00-ի սահմաններում Փարաքար գյուղի Երևանյան փողոցում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են 24 և 18 տարեկան երկու երիտասարդ, որի ընթացքում 18-ամյա փարաքարցին կտրող-ծակող գործիքով խփել էր 24-ամյա համագյուղացու որովայնին՝ պատճառելով մարմնական վնասվածք:

Ոստիկանությունից հայտնում են, որ Վաղարշապատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 1-ին 18-ամյա երիտասարդը ներկայացել է բաժին: Նա տեղափոխվել է նախաքննական մարմին, որտեղ տվել է խոստովանական ցուցմունք:

Կատարվում է նախաքննություն:

Պապիկյանը հանձնարարել է բարձրացնել կարգապահության մակարդակը հատկապես մարտական հերթապահների շրջանում

Դիրքեր կատարած այցից հետո պաշտպանության նախարարը շրջել է զորամասում, ծանոթացել մշտական տեղակայման վայրի շենքային պայմաններին, շարահրապարակում հետևել է ստորաբաժանումների շարային պատրաստությանը, առաջիկա օրերին մարտական հերթափոխի համար շարված գումարտակների նախապատրաստական աշխատանքներին:

ՊՆ-ից հայտնում են, որ շրջայցից անմիջապես հետո պաշտպանության նախարարը առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ:

Զորամասի սպաները խոսել են ծառայության կազմակերպման, ստորաբաժանումների ղեկավարման, ներդաշնակման, ուսումնական փուլով նախատեսված դասընթացների մասին:

Առանձնազրույցի ընթացքում Սուրեն Պապիկյանը հետաքրքրվել է սպաների սոցիալ-կենցաղային, բնակարանների ապահովման պայմաններով: Պաշտպանության նախարարը հորդորել է լրացուցիչ մարզումներով բարելավել ֆիզիկական վիճակը, մարտավարամասնագիտական հմտությունները՝ ատեստավորման քննություններում առավելագույն միավորներ վաստակելու համար:

Նախարարը բոլոր ստորաբաժանումների հրամանատարներին հորդորել է բարձրացնել կարգապահության մակարդակը բոլոր օղակներում, հատկապես մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների շրջանում:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հորդորել է բարոյահոգեբանական զրույցների միջոցով զորքերից արմատախիլ անել արատավոր բարքերն ու ոչ կանոնադրային հարաբերությունները:

Բազմադրվագ խարդախություններ՝ բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի կողմից. ՔԿ

Ավարտվել է բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի կողմից խարդախությամբ խոշոր չափերով մի քանի դրվագ հափշտակություններ կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

ՔԿ-ից  հայտնում են, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում միացված վարույթով իրականացված քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ «Արիս» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը 2022թ. հունիսին ծանոթացել է հագուստի առքուվաճառքով զբաղվող մի ընկերության տնօրենի հետ և, ներկայանալով որպես բարեգործական հիմնադրամի նախագահ, հասարակության շրջանում հեղինակություն վայելող անձնավորություն, առաջարկել է նշված ընկերությանը պատկանող խանութից ձեռք բերել տարբեր տեսակի հագուստներ՝ գումարը հետագայում վճարելու պայմանով, ինչին ընկերության տնօրենը համձայնել է: Սակայն չարաշահելով վերջինիս վստահությունը՝ հետագայում, գումարները վճարելու կեղծ խոստումներով, նա խանութից վերցրել է 3.148.800 ՀՀ դրամի հագուստ, սակայն որևէ վճարում չկատարելով՝ խաբեությամբ հափշտակել է դրանք՝ ընկերությանը պատճառելով խոշոր չափերի գույքային վնաս:

Բացի այդ, հանդիսանալով հագուստի և ներքնազգեստի խանութների առքուվաճառքով զբաղվող ընկերության խանութների մշտական հաճախորդ, օգտագործելով բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ լինելու հանգամանքը, ծանոթ լինելով նշված ընկերության գլխավոր մենեջերի հետ՝ նույն անձը վերջինիս մոտ առաջացրել է վստահություն և հետագայում գումարներ վճարելու կեղծ խոստումներով 2020թ. մայիս ամսվա ընթացքում ընկերությանը պատկանող խանութներից վերցրել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 4.412.110 ՀՀ դրամ արժողության տարբեր տեսակի հագուստ,սակայն որևէ վճարում չկատարելով՝ նա խաբեությամբ հափշտակել է նշված հագուստները՝ ընկերությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:

Պարզվել է նաև, որ նշված անձը 2018թ. ամռանը ծանոթացել է Կոտայքի մարզի Զովք գյուղի բնակչուհու հետ, ում հայտնել է, որ հանդիսանում է «Արիս» բարեգործական հիմնադրամի հոգբարձուների խորհրդի նախագահ։ Վերջինիս մոտ առաջացրել է վստահություն և Շիրակի մարզի Բայանդուր գյուղում մկրտություն կատարելու համար արծաթյա շղթաներ, խաչեր և այլ իրեր տրամադրելու անհրաժեշտության ներկայացմամբ, հիմնադրամում բարեգործական ներդրումներ կատարած անձանց ոսկյա զարդեր նվիրելու կեղծ պատրվակով, հիշյալ բնակչուհու տանը, վերջինիս վստահությունը չարաշահելու և խաբեության եղանակով, նրանից ստացել ու հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 3.713.000 ՀՀ դրամ արժողության տարբեր տեսակի ոսկյա զարդեր, արծաթյա խաչեր, շղթաներ և այլ իրեր։ Այդ կերպ Զովք գյուղի բնակչուհուն պատճառել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:

Ձեռք բերված փաստերի հիման վրա բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետին (2 դրվագ) և 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում հիշյալ անձն իր կողմից պատճառված վնասից վերականգնել է 1 900 000 ՀՀ դրամը:

 Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերն ուղարկվել են դատարան:

Կկարգավորվեն նախադպրոցական տարիքի առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպման հարցերը

Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 2-ի նիստում հավանություն է տվել «Նախադպրոցական կրթության մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Նախադպրոցական կրթության մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2020 թվականի մայիսի 6-ի օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին:

Նախագծի ընդունմամբ ակնկալում է կարգավորել նախադպրոցական կրթական աստիճանում կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպման հետ առնչվող հարցերը, ինչպես նաև մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրումը։

Խոսքը, մասնավորապես, տարբեր մակարդակներում գործառույթների և պատասխանատվությունների հստակ բաշխման, կրթական առանձնահատուկ պայմանների կարիքի առավել հասցեական սահմանման և գնահատման մեխանիզմների ներդրման մասին է։

Նախադպրոցական ուսումնական հաստատությունների խմբերի և հաստիքների թվով պայմանավորված, մանկավարժական աշխատողների թվի տարբեր լինելու հանգամանքը հաշվի առնելով՝ առաջարկվում է հստակեցնել նաև պարտադիր վերապատրաստման՝ հինգ տարին մեկ լինելու հանգամանքը:

Բնակարանային հարցեր․ ո՞ր դեպքում կհեռացվի Նիկոլ Փաշինյանը. Անդրանիկ Թևանյան

Բնակարանային հարցեր․ ո՞ր դեպքում կհեռացվի Նիկոլ Փաշինյանը. Բուլգակովի հայտնի վեպում ասվում է, որ մոսկվացիներին փչացրել է բնակարանային հարցը։ Դա շատ բազմաշերտ ձևակերպում է։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր  Անդրանիկ Թևանյանը:

Նա նաեւ նշել է. «Մեր «թավշյա» տղաներին ու աղջիկներին նույնպես փչացրել է բնակարանային հարցը (թեև՝ շատերը մինչև իշխանության գալն արդեն փչացած էին ու տառապում էին «բնակարանային հարցով»)։

Իշխանությունը զավթելուց հետո նիկոլենց ամբողջ թիմը նույն բանն է անում։ Փող է աշխատում։ Ու գրեթե բոլորը նույն ճանապարհն են անցնում՝ ամեն մեկն իր ստացած պաշտոնի, թալանի հնարավորության, ունեցած պարգևավճարի և այլ հնարավորությունների չափով։ Նաև՝ դաստիարակության ու կարդացվածության չափով։

Սրանք նախ իրենց տեսքն ու հագուստը փոխեցին։ Սկսեցին սանրվել կամ փոխել սանրվածը, ներկեցին մազերը, թանկարժեք կոստյում գնեցին, փողկապ կապել սովորեցին։ Հետո անցան ավտոմքենա գնելու գործին։ Դրան հաջորդեց բնակարանի հարցի լուծումը։ Զուգահեռաբար սկսեցին ամուսնանալ, ամուսնացածները՝ սիրուհի կամ սիրեկան պահել։ Այս ամենից ազատ ժամանակ  «շարիկովները» սկսեցին քննարկել Էնգելս–Կաուտսկի նամակագրությունը։

Իշխանությունը «թավշյաների» համար կյանքի, լինել–չլինելու խնդիր է։  Իրենք չեն ուզում իշխանությունից հեռանալ ու վերադառնալ նախկին կյանքին։ Քանզի նախկին կյանքում իրենցից շատերը անլվա ու անխնամ էին, չունեին ավտոմեքենա, իսկ բնակարանը, այն էլ՝ մեծ բնակարանը կամ առանձնատունն անիրականանալի երազանք էր։

Հիմա իրենց համար ամեն ինչ կա, բայց այն երկիրը, որ կառավարում են «թավշյա» տղաներն ու աղջիկները, չլինելու եզրին է։ Բայց դա իրենց չի հետաքրքրում։ Իրենք աղքատությունն են հաղթահարում իրենց գրպաններում։ Ու ինչքան էլ արհավիրք ու ողբերգություն են բերել, միևնույն է ինքնակամ չեն հեռանում, քանզի վախի ու ագահության գործոններով պայմանավորված գերմոտիվացված են իշխանությունը պահելու հարցում։ Ու հանուն դրա անգամ դրսում են փնտրում հովանավորներ, այդ թվում ու առաջին հերթին ի դեմս Թուրքիայի։ Վերջինս նույնպես գերմոտիվացված է Հայաստանում այսպիսի իշխանություն լինելու հարցում։ Գերմոտիվացվածների շահերը 100 տոկոսով համընկել են։

«Թավշյա» տղաների ու աղջիկների այդ գերմոտիվացիան պայմանականորեն կարելի է անվանել թրքաբոլշևիկյան։

Թրքաբոլշևիկյան գերմոտիվացիային կարող է հաղթել միայն անձնական ու պետական գոյաբանական խնդրի առաջ կանգնած գերմոտիվացիան․ լինել–չլինելու հարցով գերմոտիվացիան։

Ասել է թե՝ թրքաբոլշևիկյան մահապարտին կարող է հաղթել միայն հայաստանակենտրոն մահապարտը, որն ունի իշխանությունը վերցնելու անհաղթահարելի ցանկություն և չունի բնակարանային հարց (բառիս բուն և փոխաբերական իմաստներով)»։

Շուռնուխ և Որոտան բնակավայրերի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին օգնության տրամադրումը երկարաձգվել է մինչև հուլիս ամիսը ներառյալ

Կառավարության որոշմամբ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելու պատճառով Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերում հաշվառված կամ այդ հասցեում փաստացի բնակված, ՀՀ բնակության այլ վայրի հասցեում հաշվառված բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին օգնության տրամադրումը երկարաձգվել է մինչև 2023 թ. հուլիս ամիսը՝ ներառյալ։

Միջոցառման շրջանակում 2021 թ. փետրվարից մինչև 2022 թ. նոյեմբերը ներառյալ՝ շահառուներին տրամադրվել է միանվագ (300,000.0 դրամ) և ամենամսյա (68000 դրամ) դրամական օգնություն։

Ըստ հիմնավորման՝ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Շուռնուխ բնակավայրում բնակելի թաղամասի կառուցման աշխատանքների կատարման վերջնաժամկետ էր սահմանվել 2022 թ. սեպտեմբերի 30-ը, սակայն նշված ժամկետում պայմանագրով նախատեսված աշխատանքներն ամբողջ ծավալով չեն իրականացվել և վերջնաժամկետ է սահմանվել 2023 թ. հունիսի 30-ը:

Հաշվի առնելով, որ բնակելի թաղամասի կառուցման աշխատանքները երկարաձգվել են՝ առաջարկվում է միջոցառման շրջանակում հատկացվող օգնության տրամադրման ժամկետները ևս երկարաձգել:

Մեկնարկում են «Վստրեչի» կամրջի դեֆորմացիոն կարերի վերանորոգման աշխատանքները

Մարտի 6-ից սկսվում են Երևանի համայնքային ծրագրերով նախատեսված՝ Գարեգին Նժդեհի ուղետարի («Վստրեչի» կամրջի) դեֆորմացիոն կարերի վերանորոգման աշխատանքները: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Ըստ այդմ՝ մարտի 6-ից մինչև մայիսի 6-ը՝ ժամը 22:00-06:00-ը, ուղետարը փակ է լինելու:

Որպես այլընտրանքային ճանապարհ առաջարկվում է երթևեկել Քրիստափորի փողոցով:

Քաղաքապետարանը պատճառված ժամանակավոր անհարմարության համար հայցում է քաղաքացիների ներողամտությունը:

Ռիհաննան Puma-ի հետ նոր հավաքածու կներկայացնի

Երգչուհի Ռիհաննան կրկին վերադառնում է գերմանական Puma սպորտային հագուստի ապրանքանիշի հետ համագործակցությանը: Նրանք համատեղ կթողարկեն Fenty X Puma հավաքածուն։ Այս մասին հայտնում է WWD-ն։

Ռիհաննան Puma-ի հետ սկսել է աշխատել որպես կանացի հագուստի հավաքածու ստեղծագործական տնօրեն 2014թ.-ից։ Երգչուհու կողմից ոգեշնչված որոշ իրեր, օրինակ՝ Puma Creepers թավշյա սպորտային կոշիկները սպառվել են ընդամենը երեք ժամում: Սակայն 2018 թվականի գարնանը Ռիհաննայի եւ Puma-յի համագործակցությունն ավարտվեց։

«Ռիհաննայի վերադարձը, ամենայն հավանականությամբ, օգտակար կլինի բրենդի սպորտային հագուստի համար, որը հայտարարեց 2022 թվականի ֆինանսական ռեկորդային արդյունքների մասին, բայց նաեւ կանխատեսեց հաջորդ տարի տեմպի նվազեցում», — գրում է WWD-ն:

Ռիհաննան նախկինում համագործակցել է Armani, Adidas, River Island, Manolo Blahnik եւ Dior ապրանքանիշերի հետ։ Այժմ երգչուհին ունի իր սեփական կոսմետիկ ապրանքանիշերը՝ Fenty Beauty-ն եւ Fenty Skin-ը, ինչպես նաեւ Fenty X Savage ներքնազգեստի բրենդը։