Կլաարը` Լաչինի միջանցքի հարցով հանդիպման մասին

Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հուսադրող լուր է համարել Լաչինի հարցով Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների և ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարի մասնակցությամբ կայացած եռակողմ հանդիպումը։

«Լավ է, որ քննարկումները, ըստ երևույթին, կենտրոնացած էին ինչպես հրատապ խնդիրների, այնպես էլ՝ ավելի լայն հարցերի վրա», — գրել է ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան։

Վրաստանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է Հայաստանում

Մարտի 1-ին, տեղական ժամանակով ժամը՝ 14:52-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 10:52-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.38⁰ և արևելյան երկայնության 43.96⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան՝ Դմանիսի քաղաքից 21 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 4․0 մագնիտուդով երկրաշարժ։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ:
Երկրաշարժը զգացվել է Շիրակի և Լոռու մարզերում՝ 3-4 բալ և Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Հանրային շենքերը մինչեւ այժմ հարմարեցված չեն հաշմանդամներին. պատգամավոր

անրային շենքերը Հայաստանում մինչեւ այժմ հարմարեցված չեն հաշմանդամներին, ինչպես դա պահանջում է օրենքը։ Այս մասին Ազգային ժողովի նիստում մարտի 1-ին ասել է կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Զարուհի Բաթոյանը՝ դիմելով  Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանին։

Նա, մասնավորապես, հիշեցրել է, որ 2021թ. հունիսին ուժի մեջ է մտել հետեւյալ պահանջը. հանրային բոլոր շենքերում պետք է տեղադրվեն հարմարանքներ հաշմանդամություն ունեցող մարդկանց համար։  «Բայց անցել է մեկ տարի 8 ամիս, իսկ այդ հարմարանքներն ինչպես չկային, այնպես էլ չկան հիմա։ Դրանց պարզապես չես հանդիպի»,- տրտնջացել է Բաթոյանը։

Ի պատասխան՝ Ղուլարյանը հայտարարել է, որ կառավարությունը հաստատել է կարեւոր շենքերի ցուցակը, որոնցում նման հարմարանքներն անհրաժեշտ է տեղադրել առաջին հերթին։ «Դրանք են՝ Հնագույն ձեռագրերի ինստիտուտ-թանգարան՝ Մատենադարանը, Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնը, Ազգային գրադարանը, խորհրդարանը, կառավարությունը եւ այլ շենքեր։ Մենք նաեւ աշխատում ենք այդ շենքերի համար պատասխանատու գերատեսչությունների հետ»,- ավելացրել է պաշտոնյան։

Արդյունաբերության աճի տեմպը շարունակում է զիջել տնտեսական ակտիվության աճին. «Լույս» հիմնադրամ

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված 2023թ. հունվարին ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումների տվյալները։

2023թ. հունվարին արդյունաբերության աճի տեմպը շարունակել է զիջել տնտեսական ակտիվության աճին՝ վատթարացնելով տնտեսության կառուցվածքը: 2023թ. հունվարին արդյունաբերության աճը կազմել է ընդամենը 1.4%, այն դեպքում, երբ ՏԱՑ-ը կազմել է 10.5%։ Դա նշանակում է, որ արդյունաբերության կշիռը նվազել է տնտեսության կառուցվածքում, ինչը երկարաժամկետում բացասական երևույթ է և կարող է հանգեցնել տնտեսության պոտենցիալի նվազմանը։

Հարկերի աճի տեմպը նույնպես զիջել է տնտեսության աճին։ Հարկային եկամուտների աճը 2023թ. հունվարին կազմել է 15.3%: Սակայն, եթե դիտարկենք տնտեսական ակտիվության անվանական աճը, այսինքն՝ հաշվի առնենք նաև գնաճի ցուցանիշը, ապա այն կկազմի 19.5%: Իհարկե, մեկ ամսվա տվյալներով հարկային եկամուտների վերաբերյալ դատողություններ անելը դժվար է, քանի որ հունվարին գեներացված հարկերը հիմնականում վճարվում են փետրվարին (բացի այդ, առկա է նաև օրենսդրական փոփոխություն՝ կապված արտահանման տուրքի հետ)։ Սակայն, հաշվի առնելով այն, որ 2022թ. արդյունքներով հարկեր/ՀՆԱ-ի բարելավում տեղի չի ունեցել (հարկեր/ՀՆԱ-ն 2022թ. մնացել է նույն մակարդակում՝ կազմելով 22.7%), ապա ստվերային տնտեսության կրճատման և հարկեր/ՀՆԱ հարաբերակցության կառավարության թիրախի (մինչև 2026թ. հարկեր/ՀՆԱ-ն պետք է լինի առնվազն 25%) իրատեսականությունը կասկած է հարուցում: Վերջինս ապահովելու համար անհրաժեշտ է ինչպես հարկային օրենսդրության, այնպես էլ վարչարարության շարունակական բարելավում, ինչը հնարավորություն կտա ապահովել հարկային եկամուտների՝ տնտեսության համեմատ առաջանցիկ աճ և կատարել կառավարության ծրագրի թիրախը։

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով: 

Արցախում ավելի քան 5000 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը

Արցախի տեղեկատվական շտաբը հրապարակել է շրջափակման 80-րդ օրվա ամփոփ տվյալները։ Ըստ տեղեկագրի՝ 7 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում է։

Արդեն 308 երեխա ծնվել է շրջափակման մեջ

Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 750 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից։

Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 135 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։

755 տնտեսվարող սուբյեկտ (ընդհանուրի 17,7%-ը) շրջափակման պայմաններում աշխատելու անհնարինության պատճառով կասեցրել է իր գործունեությունը, իսկ մնացած տնտեսվարողները գործում են մասնակի ծավալով կամ պետական աջակցությամբ

Ստեղծված տնտեսական բարդ իրավիճակի պատճառով նախնականորեն առնվազն 5,100 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը։

Ավելի քան 31,600 տոննա կենսական նշանակության ապրանքներ կմակատարարվեին Արցախ, եթե չլիներ շրջափակումը, որի ընթացքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից մատակարարվել է դրա միայն չնչին մասը:

14-ամյա պատանու մոտ գազային ատրճանակ է հայտնաբերվել. նա հայտնել է, որ գնել է List.am-ի միջոցով

Ոստիկանության Էրեբունու բաժնի համայնքային ոստիկանները, իրացնելով ստացված տվյալները, փետրվարի 28-ին, ժամը 03.20-ին, Գլինկայի փողոցում հայտնաբերել, ապօրինի զենք, զինամթերք պահելու և կրելու կասկածանքով բաժին են տարել 14-ամյա մի պատանու:

Ոստիկանությունից հայտնում են, որ նրա մոտ հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի գազային ատրճանակ՝ լիցքավորված 3 փամփուշտով: Պատանին հայտնել է, որ այն գնել է «Լիստ.ամ» կայքի միջոցով:

Կատարվում է նախաքննություն:

Բացառված է Ադրբեջանի հետ ինտեգրացիոն որևէ գործընթաց. Արայիկ Հարությունյանը ներկայացրել է Արցախի նոր պետնախարարին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ մարտի 1-ին տեղի է ունեցել կառավարության նիստ։

Արցախի նախգահի աշխատակազմից հայտնում են, որ երկրի ղեկավարը նիստի մասնակիցներին է ներկայացրել Արցախի Հանրապետության նորանշանակ պետական նախարար Գուրգեն Ներսիսյանին։ Իր խոսքում նախագահ Հարությունյանը նշել է, որ պետնախարարն ունենալու է լիազորությունների լայն շրջանակ, նրա համակարգման տակ են գործելու բոլոր նախարարությունները՝ բացառությամբ արտաքին, պաշտպանության ու ներքին գործերի նախարարությունների, իր համակարգման ոլորտներում ունենալու է կադրային քաղաքականությունը մշակելու և վարելու ազատություն։ Գուրգեն Ներսիսյանին է փոխանցվելու նաև Արցախի ներդրումային և գյուղի ու գյուղատնտեսության աջակցության հիմնադրամների հոգաբարձուների խորհուրդների նախագահությունը։

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակին՝ երկրի ղեկավարը նշել է, որ, չնայած վերջին 80 օրերի ընթացքում Արցախի ժողովուրդը ամեն օր կրում է սոցիալական, տնտեսական հսկայական վնասներ, ունենում է հոգեբանական ծանր ապրումներ, նա ամեն օր ցուցաբերում է դրանք անխոնջ հաղթահարելու մեծ կամք ու վճռականություն:

«Մեկ անգամ ևս ցանկանում եմ ընդգծել, որ անկախ դժվարություններից և մեր նկատմամբ կիրառվող տարբեր ճնշումներից՝ մենք հավատարիմ ենք մնալու Արցախյան շարժման գաղափարներին և անկախության ճանապարհից հետնահանջի ոչ մի քայլ չի լինելու: Ամենայն պատասխանատվությամբ ուզում եմ հայտարարել, որ բացառված է Ադրբեջանի հետ ինտեգրացիոն որևէ գործընթաց: Սակայն դա չի նշանակում, որ մենք խուսափելու ենք շփումներից՝ ենթակառուցվածքային և հումանիտար բնույթի խնդիրներ լուծելու համար: Իսկ հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների համար, ինչպես հայտարարել եմ փետրվարի 23-ի իմ ուղերձում, անհրաժեշտ է ապահովել որոշակի պայմաններ ու միջազգային ձևաչափ»,- ասել է նախագահը:

Արայիկ Հարությունյանը նշել է նաև, որ Կառավարությունը շարունակելու է գործադրել բոլոր միջոցները սոցիալ-տնտեսական բեռի թեթևացման և ուս-ուսի առկա մարտահրավերները միասին հաղթահարելու համար:

Այս կապակցությամբ նախագահը հանձնարարել է նոր պետնախարարին առաջիկա օրերին մշակել և ներկայացնել սոցիալական նոր ծրագրերի փաթեթ՝ ուղղված կոմունալ վճարների, ընթացիկ այլ ծախսերի, ինչպես նաև հարկային և վարկային բեռի զգալի թեթևացմանը: Դրան զուգահեռ երկրի ղեկավարը հանձնարարել է հետևողական ու արագ կերպով ջանքեր գործադրել տնտեսության ինքնաբավության մակարդակի բարձրացման ուղղությամբ՝ առաջնահերթ ուշադրությունը դարձնելով պարենի արտադրությանը:

Սրանք, մտածելով բացառապես իրենց սեփական շահի մասին քանդեցին բանակը

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հենրիխ Դանիելյանը գրում է․
Հունվարի 19֊ին տեղի ունեցած ողբերգական դեպքից` կացարանում այրված 15 զինվորի զոհվելուց մեկ ամիս անց, հայտնի է դառնում, որ այդ ամենի հիմնական պատասխանատու Սուրեն Պապիկյանը, Երևանի կենտրոնում, նորակառույց թաղամասերից մեկում ձեռք է բերել 168 հազար դոլլար արժողությամբ բնակարան։
Պապիկյանը այն ձեռք էր բերել դեռ 2022 թվականին, երբ զինվորներն ապրում էին կացարանում, որը չուներ անվտանգային համակարգ, ջեռուցման հնարավորություն և որտեղ զինվորների համար բարեխիղճ պայմաններ ստեղծված չէր։
Սրանք, մտածելով բացառապես իրենց սեփական շահի մասին քանդեցին բանակը, փոխարենը իրենց համար հարստություն դիզելով, բանակի վրա գումար ծախսելու փոխարեն իրենց համար շքեղ բնակարաններ են գնում։
Պաշտպանության նախարարը դեռ մեկ տարի է, ինչ ղեկավարում է այդ ոլորտը և բանակի համար դրական ոչինչ չի արել։
2018 թվականից մինչև այսօր մեր բանակը միայն կորուստներ է կրում և այսպես շարունակվելու է դեռ այնքան ժամանակ, քանի դեռ այս ապիկարները բանակը զինելու և բարեփոխելու փոխարեն բարեփոխում են իրենց կյանքը` դարձնելով այն առավել շքեղ։

«Ժողովուրդ». Աննա Վարդապետյանը պահանջել է «մարտի 1-ի» գործը դնել իր սեղանին

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը պահանջել է «Մարտի 1»-ի գործը Հակակոռուպցիոն կոմիտեից վերցնել եւ դնել իր սեղանին, որպեսզի այսուհետ հենց ինքը զբաղվի այս գործով:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություն ստանալ այս առիթով Գլխավոր դատախազությունից, որտեղից, ի պատասխան մեր հարցադրմանը, գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը հայտնեց. «Մոտ տասն օր առաջ գլխավոր դատախազը գործը զեկուցելու հանձնարարական է տվել»:

Նկատենք՝ մարտի մեկի ողբերգական իրադարձությունների 15-րդ տարին է լրանում այսօր: 2018 թվականի հեղափոխությունից հետո իշխանության եկած Նիկոլ Փաշինյանի տված՝ «Մարտի 1»-ը բացահայտելու խոստումը չի կատարվել, չնայած նա տարբեր առիթներով շարունակում է ասել, թե այն բացահայտված է համարում: 2018 թվականի օգոստոսի 17-ին հայտարարել էր. «Դուք բոլորդ լսել եք Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հարցազրույցները: Մենք կարող ենք ասել, որ «Մարտի 1»-ի գործը, ըստ էության, ամբողջ ծավալով բացահայտված է»:

Այս հայտարարությունից՝ գրեթե 5, եւ մարտի 1-ի դեպքերից 15 տարի անց «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում մարտի 1-ի օրը զոհված Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, հայտնեց. «Մինչեւ հիմա «Մարտի 1»-ը բացահայտված չէ, բայց քանի որ ունենք նոր դատախազ, հույս ունեմ, որ կբացահայտվի»:

Ստացվում է, որ զոհերի հարազատները Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանին արդեն չեն վստահում եւ հույսը դրել են նոր դատախազի վրա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում