Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը

Փետրվարի 28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, մեկնարկեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը:

Մայր Աթոռից հայտնում են, որ ժողովը բացվեց Տերունական աղոթքով, ապա Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ ԳՀԽ անդամներն աղոթեցին 1988 թվականի փետրվարի 27-29-ը Սումգայիթում իրականացված ջարդերին զոհ գնացած հայորդիների հոգիների խաղաղության և հանգստության համար:
Այնուհետև Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական և աշխարհական անդամներին իր օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը` ժողովականներին մաղթելով արդյունավետ աշխատանք:

Նորին Սրբությունը ողջունեց նաև ԳՀԽ կազմում ընդգրկված նոր անդամներ Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանին, Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին, Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Հովնան եպիսկոպոս Հակոբյանին, ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ․ Մեսրոպ վարդապետ Պարսամյանին և Տիար Հայկ Իգնաթյանին։

Ժողովի օրակարգում ընդգրկված են ազգային, եկեղեցա-վարչական, կանոնական, կարգապահական, հայեցակարգային և Եկեղեցու առաքելության արդյունավորմանն առնչված հարցեր: Քննարկման առարկա կդառնան Հայաստանում ու Արցախում ստեղծված կացությունը և առկա մարտահրավերների հաղթահարմանն ուղղված Եկեղեցու առաքելությունը, Մայր Տաճարի օծման, Մյուռոնօրհնության և հարակից այլ միջոցառումների կազմակերպչական աշխատանքները:

Մոսկվան դեմ չէ Բաքվի և Երևանի միջև երկխոսության արտաքին խաղացողներին. Լավրով

Ռուսաստանը դեմ չէ արտաքին խաղացողներին Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններում, գլխավորն այն է, որ դա չդառնա աշխարհաքաղաքական խաղերի մաս, ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք ոչինչ չունենք դեմ, որ մյուս կողմերը օգնեն լուծել այս բոլոր հարցերը, առաջին հերթին՝ համաձայնության գալ խաղաղության պայմանագրի շուրջ, բայց գիտակցելով, որ դա կարվի անկեղծորեն՝ հիմնվելով տեւական խաղաղության հաստատման շահագրգռվածության վրա», — ասել է նա։
Լավրովը նշել է, որ «երբեմն թվում է, թե իրենց ծառայություններն առաջարկող որոշ արտաքին խաղացողներ լիովին չեն առաջնորդվում այդ նպատակներով և իրավիճակը դիտարկում են որպես հերթական աշխարհաքաղաքական խաղերի պատրվակ»։

Լավրովը նաև ընդգծել է, որ Մոսկվան հավատում է Բաքվի և Երևանի միջև խաղաղության հաստատմանը։

Եղանակը Հայաստանում

Հայաստանում մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 2-4 մ/վ: Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +1+3, վաղը ցերեկը՝ +16+18։

Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում՝ գիշերը՝ -5-10, ցերեկը՝ +8 + 12,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -3-6, ցերեկը՝ +8 + 11,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +1 + 3, ցերեկը՝ + 11 + 14,

Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ -5-10, ցերեկը՝ +8 + 11,

Լոռիում՝ գիշերը՝ -3+2, ցերեկը՝ +14+17,

Տավուշում՝ գիշերը՝ +4 + 9, ցերեկը՝ + 17 + 21,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -6-10, ցերեկը՝ +7 + 9,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ 0 + 4, ցերեկը՝ + 12 + 15,

Արարատում՝ գիշերը՝ +1 + 4, ցերեկը՝ + 17 + 19,

Արմավիրում՝ գիշերը՝ -1 + 2, ցերեկը՝ + 17 + 19,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -3-5, ցերեկը՝ +8+11,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +1 + 4, ցերեկը՝ + 17 + 20,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +5 + 9, ցերեկը՝ + 20 + 24,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ -2+3, ցերեկը՝ +14+17,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ +5 + 9, ցերեկը՝ + 20 + 25։

Իրավաբանկան և ֆիզիկական անձինք թույլատվական փաստաթուղթ ստանալու հայտերն այսուհետ լրացնելու են ինքնուրույն

«ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» միասնական հարթակում (trade.gov.am) ներդրված «Թույլատվական փաստաթղթեր» (sw.gov.am) համակարգում սույն թվականի մարտի 1-ից կգործարկվի Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ենթահամակարգը, ինչի արդյունքում Տեսչական մարմնի կողմից ներկայումս կիրառվող էլեկտրոնային համակարգին օգտվողների հասանելիությունը կսահմանափակվի միայն դիտելու հնարավորությամբ։ Հետևաբար, Տեսչական մարմնի կողմից տրամադրվող համապատասխան թույլատվական փաստաթղթեր ստանալու նպատակով, անհրաժեշտ է լինելու հայտերը ներկայացնել վերոնշյալ «Թույլատվական փաստաթղթեր» (sw.gov.am) էլեկտրոնային համակարգի միջոցով։

Իրավաբանական անձինք սույն թվականի մարտի 1-ից, իսկ ֆիզիկական անձինք՝ սույն թվականի մայիսի 1-ից թույլատվական փաստաթուղթ ստանալու նպատակով ներկայացվող հայտերը «Թույլատվական փաստաթղթեր» (sw.gov.am) համակարգի միջոցով լրացնելու են ինքնուրույն (նախկինում դրանք անձանց փոխարեն լրացվել են Տեսչական մարմնի աշխատակիցների կողմից):
«Թույլատվական փաստաթղթեր» (sw.gov.am) էլեկտրոնային համակարգի միջոցով միասնական հայտերի ստեղծման և ենթահայտերի ձևավորման գործընթացին ծանոթացեք հետևյալ հղումով՝ https://sw.gov.am/hy/help:

Շուրջ 2 ամիս փակ են լինելու Թամանյան և  Իսահակյան փողոցների հատման խաչմերուկները

Մարտի 1-ից սկսվում են Երևանի համայնքային ծրագրերով նախատեսված մայրաքաղաքի Թամանյան փողոցի և Թամանյան-Իսահակյան փողոցների խաչմերուկների երթևեկելի մասի ծածկի վերատեղադրման, բարեկարգման աշխատանքները:

Քաղաքապետարանից հայտնում են, որ ըստ այդմ, մարտի 1-ից մինչև ապրիլի 29-ը փակ են լինելու Թամանյան և Իսահակյան փողոցների հատման խաչմերուկները: Պատճառված ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը:

Էստոնիա-Հայաստան խորհրդարանական խմբի անդամները հանդես են եկել Լաչինի միջանցքի արգելափակման մասին հայտարարությամբ

Էստոնիա-Հայաստան խորհրդարանական խմբի անդամները խորապես մտահոգված են Լաչինի միջանցքի արգելափակման կապակցությամբ:

Նրանք հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:

«Միջանցքը տարածաշրջանի տեղական բնակչության համար կենսական նշանակության կարևոր ճանապարհ է: Հոսանքի հաճախակի անջատումների և էլեկտրականության ու գազի բացակայության պատճառով հումանիտար ճգնաժամը տարածաշրջանում օրեցօր վատթարանում է: Բացի դրանից՝ ժողովուրդը կենսական իրերի կարիք ունի` դեղորայք և բժշկական օգնություն, սնունդ և վառելիք»,- նշել է խորհրդարանական խումբը համատեղ հայտարարարության մեջ:

Հայտարարությամբ խմբի անդամները կոչ են արել շահագրգիռ կողմերին՝ վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ` տարածաշրջանում կայունության և զարգացման ապահովմանն աջակցելու նպատակով:

«Արգելափակումը շարունակում է վնասակար ազդեցություն ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի վրա: Մենք խորապես հավատում ենք, որ հումանիտար հարցերի կարգավորումը, տեղաշարժման ազատությունը և միջանցքի անվտանգությունն ունեն չափազանց կարևոր նշանակություն` առաջընթացի ապահովման համար»,- հայտարարել են խմբի անդամները:

Հայտարարությունը ստորագրել են խորհրդարանական խմբի նախագահ Ռայվո Տամը և անդամներ Մատի Ռայդման, Միհայիլ Լոտմանը, Տարմո Կրուուսիմեն և Լեո Կունասը:

Ադրբեջանի ղեկավարությունը իրագործել է մարդկության դեմ ուղղված բազմադրվագ հանցագործություններ. Արցախի ՄԻՊ

Սումգայիթի ոճրագործությունը համակարգված, ուղղորդված ու կազմակերպված հանցագործություն էր՝ միտված կոնկրետ էթնիկ խմբի՝ հայերի ոչնչացմանը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:

Նա նաեւ նշել է. «1988թ. փետրվարի 27-29-ին Խորհրդային Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում իշխանությունների համակարգմամբ և իրավապահ մարմինների ամենաթողության հետևանքով իրականացվել է քաղաքի հայ բնակչության զանգվածային ջարդեր:
Սումգայիթում տեղի ունեցածը ցանկացած անաչառ դիտորդի մոտ պետք է ձևավորի այն համոզմունքը, որ այն համակարգային, ուղղորդված ու կազմակերպված հանցագործություն էր միտված կոնկրետ էթնիկ խմբի՝ հայերի մասնակիորեն կամ ամբողջությամբ ոչնչացմանը, ինչը միջազգային իրավունքով ունի հստակ սահմանում՝ ցեղասպանություն։

Սումգայիթյան ոճրագործությունը սկիզբ դրեց Խորհրդային Ադրբեջանի մյուս բնակավայրերում՝ Բաքվում, Կիրովաբադ-Գանձակում, Շամախիում, Շամխորում, Մինգեչաուրում և այլուր հայերի էթնիկ զտումներին և զանգվածային ջարդերին, որոնց զոհ գնացին հարյուրավոր հայեր, իսկ հարյուր հազարավոր հայեր՝ բռնի տեղահանվեցին իրենց օրրաններից։

Ադրբեջանի կողմից սկիզբ առած ցեղասպանական գործողությունները նպատակ ունեին ճնշելու Արցախի ժողովրդի՝ իր հայրենիքում ապրելու և սեփական ինքնությունը որոշելու անօտարելի իրավունքի իրացումն ու դրա համար սկիզբ առած քաղաքակիրթ պայքարը։

Համամարդկային այս իրավունքների իրացման հայ ժողովրդի պարզագույն ու ընկալելի ձգտմանն ադրբեջանական ղեկավարությունը պատասխանեց հավաքական պատժի քաղաքականությամբ՝ իրագործելով մարդկության դեմ ուղղված բազմադրվագ հանցագործություններ։

Սումգայիթից հետո էթնիկ ատելության ու խտրականության դրսևորումները ոչ միայն չպատժվեցին Ադրբեջանում, այլև դարձան պետության կողմից խրախուսվող քաղաքականություն, որով ադրբեջանական իշխանությունները շարունակում են թունավորել սեփական հասարակությանը։

Ոճիրի առերևույթ արդարացումն ու դրանց իրականացման համար պատասխանատվության բացակայությունը հիմք հանդիսացան էթնիկ հայերի նկատմամբ ադրբեջանական իշխանությունների շղթայական հանցագործությունների համար, ինչպիսիք են արցախյան ազատամարտի տարիներին Մարաղայի և այլ բնակավայրերի խաղաղ բնակչության ջարդերը, հայ սպա Գուրգեն Մարգարյանի դաժան սպանությունը, ինչպես նաև 2016 թվականի ապրիլյան և 2020 թվականի 44-օրյա ագրեսիվ պատերազմները և դրանց ընթացքում իրագործված բազմաթիվ պատերազմական հանցագործությունները։

Հրադադարի հաստատումից հետո պարբերաբար իրականացվող հանցավոր գործողությունները և Արցախի 79 օր շարունակվող անօրինական շրջափակումը ամենավառ ապացույցն են այն բանի, որ մարդու իրավունքների կոպտագույն խախտումների անպատիժելիությունը կանաչ լույս է վառում ագրեսորի համար՝ մղելով նրան նորանոր հանցագործությունների։

Հաշվետվողականության և արդարության ապահովման համար խիստ կարևոր է միջազգային հանրության հասցեական իրավական ու քաղաքական գնահատականը ադրբեջանական ավտորիտար իշխանությունների հանցավոր վարքագծին, և այն զսպելու համար գործնական քայլերի իրականացումը։

Հենց նման պայմաններում է, որ իրավունքի գերակայությամբ առաջնորդվող պետությունների հանրությունը պետք է ապացուցի մարդու իրավունքներին իր հավատարմության իսկությունը՝ ապահովելու համար, որ մեղսակցությանը հավասարազոր անտարբերության և լռության պատճառով մարդկության դեմ նոր հանցագործություններ և ցեղասպանություններ տեղի չունենան»։

Այսօր լրանում է Սումգայիթյան ջարդերի 35-րդ տարելիցը

Այսօր լրանում է Սումգայիթյան ջարդերի 35-րդ տարելիցը։
1988 թ. փետրվարի 27-29 ադրբեջանցի ազգայնականները՝ հենց իրենց կառավարության ակնհայտ աջակցությամբ, կատարեցին հերթական ոճրագործությունը հայերի նկատմամբ։Դա փորձ էր կանխելու նոր սկիզբ առնող Ղարաբաղյան շարժումը։
Սակայն, դա չկոտրեց հայերի ոգին և դրդեց էլ ավելի մեծ թափով ներգրավվել ազատագրական շարժմանը։ Որպես հայ և որպես մեր երկրի պատվախնդիր քաղաքացի մեր պարտքն է աշխարհին հիշեցնել մեր նկատմամբ տեղի ունեցած հերթական ցեղասպանության մասին։
Ինչպես ցույց տվեց պատմությունը Ադրբեջանի իշխանությունները և հենց այնտեղ ապրող մարդկանց ցեղասպանական նկրտումները դեռ չեն փոխվել հայերի հանդեպ։
Հ.Գ. Մենք Երիտասարդներս պարտավոր ենք հիշել և Պահանջել

Երևանում բախվել են Mercedes E320-ն ու Nissan Tida-ն. վարորդները հոսպիտալացվել են․ Shamshyan.com

Երեւանում, այսօր՝ փետրվարի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. Ժամը 01։20-ի սահմաններում Զաքարիա Սարկավագի փողոցի թիվ 117 շենքի դիմաց բախվել են Mercedes E320 և Nissan Tida մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 45-ամյա Արեն Սողոմոնյանն ու 32-ամյա Հովսեփ Ավետիսյանը հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Բախման հետևանքով Nissan-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել մայթեզրին։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, դադարեցրել Nissan-ի գազաբալոնի արտահոսքը և տեղում կատարել հերթապահություն։

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են Պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Պարեկային Ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների ինքնությունը։