Կապան-Տաթև ավտոճանապարհը դժվարանցանելի է բեռնատարների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է միայն կցորդիչով բեռնատարների համար։

Կապան-Տաթև ավտոճանապարհը դժվարանցանելի է բեռնատարների համար:

Սյունիքի մարզում, Ապարանի, Արագածի տարածաշրջաններում և Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Սյունիքի մարզում տեղում է ձյուն:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Կարմիր խաչի ուղեկցությամբ 9 բուժառու Արցախից տեղափոխվել է Հայաստան

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով Արցախի առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային հիվանդություններով և շտապ վիրահատական միջամտություններ պահանջող ախտաբանությամբ 9 անձ այսօր՝ փետրվարի 24-ին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։

9 բուժառուներ, ովքեր պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։
Արցախի առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։

«Արևիկ» բուժմիավորումում 5 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:

«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 6 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում է։

Մինչ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 122 հիվանդ։

Թուրքիայում կրկին երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների վարչության (AFAD) վերջին տվյալների համաձայն՝ 4․4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Դողանշեհիր շրջանում՝ ժամը 14․41-ին, 7 կմ խորությամբ։ Այն զգացվել է նաև հարակից շրջաններում։ Այդ մասին տեղեկացնում է ermenihaber-ը։

Փետրվարի 6-ին Քահրամանմարաշում տեղի ունեցած 7․7 և 7․6 մագնիտուդով երկրաշարժների հետևանքով Դողանշեհիրում առկա 12000 շինություններից 6000-ը փլուզվել էր կամ ուժեղ վնասվել։
Մալաթիայի նահանգապետարանի հայտնած տեղեկությունների համաձայն՝ Մալաթիա քաղաքում փլուզված շենքերի թիվը հասնում է 3103-ի, իսկ մեծ վնաս կրածների թիվը՝ 18029։

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով

Երևանում այսօր ցերեկը, փետրվարի 25-28-ը, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մարզերում այսօր ցերեկը Սյունիքում և Արցախում սպասվում է ձյուն:

Փետրվարի 25-28-ը, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ փետրվարի 24-ին հյուսիսարևմտյան, փետրվարի 25-28-ը, մարտի 1-ին հարավարևմտյան՝ 2-4մ/վ:՚

Օդի ջերմաստիճանը փետրվարի 26-28-ն աստիճանաբար կբարձրանա 7-9, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 12-15 աստիճանով:

Վթար՝ Ն․ Զարյան փողոցի և Ազատության պողոտայի խաչմերուկի մոտակայքում. կա տուժած

Փետրվարի 24-ին, ժամը 11:24-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ն․ Զարյան փողոցի և Ազատության պողոտայի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա մեկ տուժած։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Ford Wagon» (վարորդ՝ Ա․ Գ․, ծնված 1991 թ․) և «Kia Forte» (վարորդ՝ Է․ Մ․, ծնված 2003 թ․, ուղևոր՝ Ս․ Մ․) մակնիշների ավտոմեքենաները․ Ս․ Մ․-ն հոսպիտալացվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։

Փրկարարները հոսանքազրկել են «Kia Forte» մակնիշի ավտոմեքենան և փակել փակել գազի բալոնի փականը։

Եթե Լաչինի միջանցքը բացվի, դա Հաագայի դատարանի որոշմամբ բացվե՞ց, թե՞ Ռուբեն Վարդանյանի գնալով. Վարդան Օսկանյան

Ադրբեջանը չի բանակցում խաղաղության համար, նա բանակցում է պատերազմում ձեռք բերած իր ավարը օրինականացնելու, ֆորմալիզացնելու և դրան միջազգային ճանաչում տալու համար, «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» խորագրով գիտագործնական համաժողովի ժամանակ նման դիտարկում արեց ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը:

«Պատերազմի վախը, որը մենք մեր մեջ սերմանել ենք, Ադրբեջանի ձեռքին դարձել է զենք, որով նա մեզ սպառնում և պարտադրում է իր կամքը։ Վերջին վկայությունը հենց Ռուբեն Վարդանյանի ազատումն է։ Դրանով մենք ջրեցինք այն հաջողությունը, որը վերջին օրերին ունեցանք։
Ռուբեն Վարդանյանի գնալու, ենթադրում եմ, պայմանն այն էր, որ Ադրբեջանը պետք է սահմանը բացի, բայց նույն Ռուբեն Վարդանյանին դուրս մղելու օրը եղավ Միջազգային դատարանի որոշումը, որը պարտադրում է Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը: Հիմա, եթե Լաչինի միջանցքը բացվի, դա դատարանի որոշմամբ բացվե՞ց, թե՞ Ռուբեն Վարդանյանի գնալով: Ռուբեն Վարդանյանին աշխատանքից ազատելով՝ ջրեցինք այդ ձեռքբերումը, որ ունեցանք միջազգային դատարանում»,-ընդգծեց Օսկանյանը:

Այս իշխանության գործողությունների հետեւանքով Արցախը հայտնվել է անկլավային իրավիճակում․ Սեյրան Օհանյան

Իշխանությունն ապացուցել է, որ ձեռքերը լվացել է եւ չի կարող գնալ դեպի Արցախի ինքնորոշմանը։ Այս մասին այսօր՝ փետրվարի 24-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը։

«Արցախի միջազգային ճանաչումը հրամայական է, սակայն հրամայական է նաեւ իրողության ընդունումը, որը տեղի է ունեցել տարիներ առաջ, երբ Սովետական միության փլուզման ընթացքում Արցախը, ինչպես Հայաստանը, Ադրբեջանը եւ այլ երկրներ, ինքնորոշվել են իրենց պատմական տարածքում։ Մենք պետք է ընդունենք, որ Արցախը ինքնորոշվել է։ Այս իշխանության գործողությունների հետեւանքով է, որ Արցախը հայտնվել է անկլավային իրավիճակում, դիվանագիտական ներուժը քայքայվել է, երկիրը մտել է պատերազմի մեջ։ Իրենց դիվանագիտական աշխատանքը ոչնչացնում է բոլոր կարմիր գծերը, որոնք առաջ է քաշում ընդդիմությունը»,- ասաց Օհանյանը։
Սեյրան Օհանյանի խոսքով՝ կարմիր գծերից մեկն այն է, որ Արցախն իր պատմական տարածքում ինքնուրույն ապրելու իրավունք ունի, իսկ Ադրբեջանի հռետորաբանությունը եւ սադրանքները հուշում են, որ անհնարին է նրանց հետ ապրել նույն պայմաններում։ Հաջորդ կարմիր գիծը, ըստ Օհանյանի այն է, որ Հայաստանը, Արցախին բերելով նման անկլավային իրավիճակի, ձեռքերը լվանալու իրավունք չունի։

«Հայաստանը հանձնառություն ունի Արցախի ժողովրդի անվտանգ եւ կայուն զարգացման համար։ Մեր ողջ ընդդմադիր հանրույթը պետք է ամեն ինչ անի, որ սրանք փաստաթղթեր չստորագրեն, որոնք կվնասեն մեր պետությանը»,- նշեց Օհանյանը։

Սեյրան Օհանյանն ընդգծեց, որ չէր ցանկանա՝ ռուբեն Վարդանյանը հեռանար Պետնախարարի պաշտոնից։ Այդ հեռացումը բացասական հետեւանքներ կունենա Արցախի վրա։

«Ես Ռուբեն Վարդանյանին ճանաչում եմ որպես հաջողված գործարարի եւ բարերարի Հայաստանի ու Արցախի համար։ Ես նրա գործունեությանը Արցախում առաջին հերթին հայրենասիրական տեսանկյունից եմ նայում, թե ով եւ ինչպես է նշանակել նրան, ես տեղյակ չեմ։ Ռուբեն Վարդանյանը սկսել էր գործընթաց, որը գեներացնում էր պայքարի ոգին»,- ընդգծեց նա։

Արցախի և Ադրբեջանի միջև հակամարտության լուծման վերաբերյալ իր մոտեցումներում միջազգային հանրությունը պետք է ճանաչի անկախության օգտին Արցախի ժողովրդի կատարած ընտրության օրինականությունը. ԱԳՆ

Արցախի ԱԳՆ-ն հայտարարությամբ է հանդես եկել ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի՝ Լաչինի միջանցքի բացման պահանջով որոշման վերաբերյալ :

«Ողջունում ենք ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշումը Ադրբեջանի դեմ ժամանակավոր միջոց կիրառելու մասին, որը պարտավորեցնում է վերջինիս ձեռնարկել իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները՝ Լաչինի միջանցքով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխոչընդոտ տեղաշարժը երկու ուղղություններով ապահովելու համար։ Տվյալ վճիռը 2021 թվականի դեկտեմբերի 7-ին դատարանի կողմից ընդունված նախորդ ժամանակավոր միջոցների տրամաբանական շարունակությունն է, որոնք Ադրբեջանին պարտավորեցնում են կանխել ազգային կամ էթնիկ ծագմամբ հայերի նկատմամբ ռասայական ատելության և խտրականության հրահրումն ու քարոզչությունը, այդ թվում՝ Ադրբեջանի պաշտոնյաների և պետական կառույցների կողմից։
Կարևոր ենք համարում, այն որ ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանը գործի քննարկման ժամանակ նշել է, որ Արցախի շրջափակումը կարող է հանդիսանալ Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայով պաշտպանվող իրավունքների խախտում։ Դատարանի եզրակացությունը թույլ է տալիս Արցախի շարունակվող շրջափակումը բնորոշել որպես Ադրբեջանի իշխանությունների կողմից միտումնավոր իրականացվող խտրական գործողությունների դրսևորում։ Առանձնահատուկ նշանակություն ունի նաև Դատարանի եզրակացությունն առ այն, որ Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող շրջափակումը պարունակում է Արցախի ժողովրդի իրավունքներին անդառնալի վնաս հասցնելու իրական և անխուսափելի վտանգ։ Այսպիսով, Ադրբեջանի դեմ ժամանակավոր միջոց կիրառելով՝ Արդարադատության միջազգային դատարանն օգտագործել է իր իրավասության շրջանակներում առկա հնարավոր գործիքակազմը՝ Արցախի ժողովրդին Ադրբեջանի ռասայական խտրականությունից պաշտպանելու համար։

Դատարանի որոշումն օբյեկտիվ հաստատումն է Արցախի կողմից բազմիցս հնչեցված այն դիրքորոշման, որ շրջափակումը հերթական դրվագն է Ադրբեջանի՝ տասնամյակներ շարունակվող խտրական քաղաքականության՝ ուղղված արցախցիների վտարմանը պատմական հայրենիքից։ Արցախի ժողովրդի դեմ իրականացվող Ադրբեջանի հանցավոր քաղաքականությունը, որը կրում է լայնածավալ և համակարգված բնույթ, միջազգային իրավունքով որակվում է որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություն։

Միջազգային հանրությունն ընդհանրապես և ՄԱԿ-ի անդամ երկրները մասնավորապես ունեն իրավական և քաղաքական պարտավորություններ՝ ձեռնարկելու արդյունավետ քայլեր՝ մարդու իրավունքների նման զանգվածային խախտումները կանխելու, ինչպես նաև ոտնահարված իրավունքները վերականգնելու ուղղությամբ։

Այս համատեքստում կոչ ենք անում միջազգային հանրությանը գործուն միջոցներ ձեռնարկել՝ ապահովելու Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի գլխավոր դատական մարմնի որոշման անհապաղ և անվերապահ իրականացումը։ Միաժամանակ անհրաժեշտ ենք համարում, որ միջազգային մակարդակով համակարգված և հանգամանալից դիտարկվի Ադրբեջանի՝ Արցախի ժողովրդի իրավունքները զանգվածաբար ոտնահարող քաղաքականությունից արցախցիների իրավական պաշտպանության հարցը։

Համոզված ենք, որ Արցախի և Ադրբեջանի միջև հակամարտության լուծման վերաբերյալ իր մոտեցումներում միջազգային հանրությունը, որպես իրավական պաշտպանության արդյունավետ միջոց, պետք է ճանաչի անկախության օգտին Արցախի ժողովրդի կատարած ընտրության օրինականությունը։

Արցախի և նրա ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի իրավասության և վերահսկողության ճանաչման մասին ցանկացած քննարկում հավասարազոր է Ադրբեջանի վարած էթնիկ զտումների քաղաքականության խրախուսմանը»,- ասվում է հայտարարությունում:

Երևանում հարսանիքն ավարտվել է կրակոցներով. Խուլիգանության հեղինակը վրաերթի է ենթարկել հարսանիքի մասնակից կանանց

Երեւանում, փետրվարի 23-ին, կրակոցներ են հնչել. ժամը 23։15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն մի քանի քաղաքացիներից, րոպեների տարբերությամբ, ահազանգ է ստացվել, որ Կիևյան փողոցում գործող «ՍԱՍ» սուպերմարկետի մոտ հնչել են կրակոցներ և սպիտակ գույնի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 2 քաղաքացու։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, մինչ Ոստիկաններն ու քննիչներն աշխատում էին դեպքի վայրում, «Արմենիա» բժշկական կենտրոնից Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի, ովքեր հայտնել են, որ վնասվածքները ստացել են վրաերթի ենթարկվելուց հետո։
Հիվանդանոց մեկնած ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ վիրավորները Երևանի բնակիչներ 25-ամյա Քրիստինա Ս․-ն է և 90-ամյա Ծովինար Շ․-ն։

Ոստիկանները պարզել են, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Կիևյան 1 հասցեում գործող «ՍԱՍ» սուպերմարկետի մոտից։

Կայքի տեղեկություններով՝ ոստիկանները, պարեկներն ու քննիչները պարզել են, որ Կիևյան 1 հասցեում գործող «Լա Վիստա» ռեստորանային համալիրում տեղի ունեցած հարսանեկան արարողության մասնակիցներ՝ Երևանի բնակիչներ 27-ամյա Կարեն Մինասյանը, 37-ամյա Դավիթ Բուռնազյանը, 38-ամյա Նարեկ Դաբաղյանը անձնական հարցերի շուրջ վիճաբանել են նույն հարսանեկան արարողության մասնակիցներից Երևանի բնակիչ 29-ամյա Անդրանիկ Ասատրյանի, Արարատի մարզի բնակիչ 20-ամյա Էդգար Ասատրյանի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 25-ամյա Հակոբ Մանուկյանի հետ։ Վիճաբանությունն այնուհետև վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ փոխադարձ հնչեցրել են հայհոյանքներ, այդ կերպ կոպտորեն խախտելով հասարակական կարգը։

Վիճաբանության ընթացքում Կ․ Մինասյանն իր մոտ պահվող գազային ատրճանակից կրակոցներ է արձակել, ապա նստել իր կողմից շահագործվող Opel մակինշի ավտոմեքենան և սկսել անկանոն վարել, այդ ընթացքում վրաերթի ենթարկելով Քրիստինա Ս․-ին և Ծովինար Շ․-ին, այնուհետև հեռացել։ Հասնելով Կոմիտասի պողոտա 16 հասցե, այնտեղ ևս կրակոց է արձակել ու վերադարձել Կիևյան փողոց 1 հասցե։

Դեպքի վայրում պարեկները հայտնաբերել են վթարված Mercedes մակնիշի ավտոմեքենա, որին, ըստ օպերատիվ տեղեկությունների՝ բախվել է Կ․ Մինասյանն իր Opel մակնիշի ավտոմեքենայով։

Կիևյան 1 հասցեի դեպքի վայրում հայտնաբերվել է 1 հատ պարկուճ, Opel և Mercedes մակնիշի ավտոմեքենաներ, ինչպես նաև կոտրված ծաղկամաններ։

Opel-ի դիմապակու վրա էլ հայտնաբերվել է հող, որն ըստ տեղեկությունների՝ ծաղկամանների միջից է լցվել մեքենայի վրա, երբ մարդիկ, բարկացած, ծաղկամաններ են նետել Opel-ի ուղղությամբ։

Նշված անձինք ոստիկանության Արաբկիրի բաժնից ներկայացվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։

Վրաերթի ենթարկվածները հարսնաեկան արարողության մասնակիցներից են եղել։

«Հրապարակ». Արայիկ Հարությունյանն առաջիկայում կամուսնացնի դստերը

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն առաջիկայում կամուսնացնի դստերը։ Զույգը վաղուց է նշանված, հարսանիքը դեռ հոկտեմբերին էր ծրագրված, բայց հետաձգվել է, իսկ դեկտեմբերի 12-ից հետո՝ անհնարին դարձել: Փեսացուն փրկարար ծառայությունում է աշխատում, դստեր համակուրսեցին է եղել, Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքից է։

Արցախում լուրեր էին շրջանառվում, թե որոշել են հարսանիքն անել Հայաստանում, որ ՀՀ պաշտոնյաներ էլ մասնակցեն, եւ դրա համար է Արայիկ Հարությունյանն ամեն ինչ անում, որ Լաչինը բացվի, սակայն ընտանիքի մտերիմներից մեկը խիստ վրդովվեց մեր հարցից` ասելով.

«Բացառված է, Արցախում էլ շատ փոքր կազմով ենք անելու, եթե վիճակը չփոխվի: Իսկ եթե վիճակը փոխվի, ու ճանապարհը բացվի, մի քիչ ավելի լայն կազմով կանենք, բայց՝ մի քանի ամսից եւ անպայման Արցախում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում