Գեներալ Գրիգորի Խաչատուրովն ազատ արձակվեց

ՀՀ հակակոռուպցիոն դատարանն այսօր՝ փետրվարի 21-ին, մերժել է բանակի գեներալ, 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը:

Նշենք, որ Գրիգորի Խաչատուրովը երեկ՝ 20:00-ից ձերբակալված է եղել, նա մեղադրվում է փողերի լվացման մեջ: Ըստ իրավապահների՝ փողերի լվացման մեջ մեղադրվող Խաչատուրովը, 2006-ից 2010 թվականներին զբաղեցնելով զորամասի հրամանատարի պաշտոնը, հանցավոր ճանապարհով ձեռք է բերել անշարժ գույք, ապա օրինականացրել այն։ Խոսքը Արարատի մարզի Արմաշ գյուղում տեղակայված զորամասի տարածքի մասին է: Գեներալի մեղադրանքն առնչվում է Պաշտպանության նախկին նախարար, Հայաստան խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի գործին:

Ըստ քրեական գործի՝ պաշտպանության նախարար եղած ժամանակ Սեյրան Օհանյանը Արարատի մարզում գտնվող նշված երկու զորամասերի տարածքները, որոնք հանդիսացել են պաշտպանության նախարարության սեփականությունը, օտարել եւ անհամեմատ էժան գնով վաճառել է։ Ազգային ժողովում գլխավոր դատախազը հայտարարել էր, որ Գրիգորի Խաչատուրովը հանդիսանալով մեկ այլ զորամասի հրամանատար,  դրանցից մեկը գրավադրել է բանկում եւ գումար ստացել։

Նշենք, որ ի աջակցություն Խաչատուրովի՝ դատարանի բակում են հավաքվել հասարակական-քաղաքական գործիչներ:

ՄԻՊ ներկայացուցիչները գտնվում են Հակակոռուպցիոն դատարանում՝ Գրիգորի Խաչատուրովին տեսակցելու նպատակով

Այս պահին ՄԻՊ ներկայացուցիչները գտնվում են ՀՀ Հակակոռուպցիոն դատարանում՝ Գրիգորի Խաչատուրովին տեսակցելու նպատակով։

Այս մասին ասված է ՀՀ ՄԻՊ աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ:

Նշենք, որ Խաչատուրովի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, նա ձերբակալվել է։

Խաչատուրովի առնչվող քրեական վարույթն առնչվում է պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելուն (փողերի լվացում)։

Նույն օրը մեղադրանք է ներկայացվել Գ.Խ.-ին. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 111-րդ հոդվածով սահմանված հիմքով, այն է՝ ազատության մեջ գտնվող մեղադրյալին դատարան ներկայացնելու համար։

Եղանակը Հայաստանում

Հայաստանում փետրվարի 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդերեւութաբանները կանխատեսում են արեւմտյան քամու ուժգնացում՝ տեղ-տեղ մինչեւ 25-30 մ/վրկ։  Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ, քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի 0-2, վաղը ցերեկը՝ +11+13։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ -4-8, ցերեկը՝ +4 + 8,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -3-6, ցերեկը՝ +2 + 6,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ -1-3, ցերեկը՝ +7 + 10,

Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ -3-8, ցերեկը՝ +2 + 5,

Լոռիում՝ գիշերը՝ 0 + 4, ցերեկը՝ + 7 + 11,

Տավուշում՝ գիշերը՝ +2 + 6, ցերեկը՝ + 11 + 15,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -5-8, ցերեկը՝ +2 + 5,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ -1-5, ցերեկը՝ +7 + 11,

Արարատում՝ գիշերը՝ -1 + 1, ցերեկը՝ + 13 + 15,

Արմավիրում՝ գիշերը՝ 0-3, ցերեկը՝ + 12 + 14,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -5-7, ցերեկը՝ +2+4,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +12+14,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +16+20,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ -3 + 2, ցերեկը՝ + 8 + 13,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ +6 + 9, ցերեկը՝ + 16 + 20։

Ավտովթարի է ենթարկվել դերասան Ռաֆայել Երանոսյանը, նա վիրավոր վիճակում օգնել է մյուս վիրավորներին. Shamshyan.com

Արմավիրի մարզում, այսօր՝ փետրվարի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 13։10-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 36 կմ հատվածում, Մեծամորի վարչական տարածքում բախվել են Toyota CRH և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով «06»-ի վարորդն ու ուղևորը, որոնց առաջինն օգնության են հասել Toyota CRH-ի վարորդը և օպերատիվորեն ժամանած «Մեծամոր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Արմավիր» բժշկական կենտրոն։

Քիչ անց «Մեծամոր» բժշկական կենտրոն բժշկական հետազոտման նպատակով դիմել է Toyota-ի վարորդը։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է «06»-ի վարորդը, ով դեպի Արմավիր ընթանալիս, Toyota-ի վարորդի համար ստեղծել է վթարային իրավիճակ, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։

Toyota-ի վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ։

Կայքի տեղեկություններով՝ Toyota-ի վարորդը սիրված ու ճանաչված դերասան ու հաղորդավար Ռաֆայել Երանոսյանն է։

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ փետրվարի 21-ին՝ ժամը 15։00-ի դրությամբ, Գավառի, Մարտունիի, Ջերմուկի, Սիսիանի, Մեղրիի տարածաշրջաններում, Շինուհայր-Տաթև ավտոճանապարհին և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում։

Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ ճանապարհահատվածը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Գնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

Սպիտակի ոլորանները և Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են։
Ֆանտան-Ջրաբեր ավտոճանապարհին, Գավառի, Սիսիանի (Զանգեր կոչվող հատված) տարածաշրջաններում և Մեղրիի լեռնանցքում բուք է։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Վարորդներին խորհուրդ է տրվում լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

ՆԳՆ ներքին վերահսկողության գործադրման արդյունքում հերթական բացահայտումն է արձանագրվել․ ձերբակալվել են ՃՈ ծառայողներ

ՆԳՆ ոստիկանության ներքին անվտանգության վարչության ծառայողների ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական մի շարք միջոցառումների արդյունքում բացահայտվել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4 ծառայողի կողմից կաշառք պահանջելու և ստանալու, ինչպես նաև քաղաքացիների կողմից ճանապարհային ոստիկաններին կաշառք տալու առերևույթ հանցագործությունների դեպքեր:

Դեպքերի կապակցությամբ ներքին անվտանգության վարչությունից Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկված նյութերի հիման վրա կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ստացվել, որ 2022 թվականի դեկտեմբերից 2023 թվականի հունվարն ընկած ժամանակահատվածում ոստիկանության 4 կապիտաններ, հանդիսանալով պաշտոնատար անձինք, ճանապարհային երթևեկության խախտումներ թույլ տված վարորդների նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չկազմելու դիմաց պահանջել և ստացել են տարբեր չափերի կաշառք-գումարներ:

Ներքին անվտանգության վարչության ծառայողները նրանց ձերբակալել են։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
Նմանօրինակ ոչ օրինաչափ դեպքերի բացահայտումը գտնվում է Ներքին գործերի նախարարության ուշադրության կենտրոնում։ Յուրաքանչյուր դեպք արժանանալու է համարժեք հակազդման։

Արմավիրի մարզի 65-ամյա բնակիչը խոհանոցային դանակով հարվածել է որդու պարանոցին․ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Արմավիրի մարզի 65-ամյա բնակչի կողմից որդուն սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

ՔԿ-ից հայտնում են, որ քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2022 թվականի հուլիսի 24-ին` ժամը 17:30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Գայ գյուղի տներից մեկում 65-ամյա տղամարդու և որդու միջև ծագած վիճաբանության ընթացքում, վերջինս սկսել է կոտրել տան գույքը և հոր հասցեին սպանության սպառնալիքներ հնչեցրել: Որդու պահվածքից հոր համբերությունը սպառվել է,  և նա, խոհանոցից վերցնելով դանակը, ապօրինի կյանքից զրկելու դիտավորությամբ, խոհանոցային դանակով հարվածել է որդու պարանոցի հատվածին: Վերջինս ընկել է, որից հետո վեր կենալով վազել է փողոց և հանդիպելով համագյուղացիներից մեկին խնդրել է իրեն տեղափոխել հիվանդանոց, որտեղ էլ ստացած մարմնական վնասվածքներից մահացել է:

Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա 65-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննության առնելու։

Գրիգորի Խաչատուրովի խափանման միջոցի հարցով որոշում կայացնելու համար դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ

ՀՀ հակակոռուպցիոն դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ բանակի գեներալ, 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու միջնորդության հարցով որոշում կայացնելու: 

Նա հայտնեց, որ միջնորդության քննությունն ավարտվել եւ որոշումը կհրապարակվի ժամը 17:30-ին

Նշենք, որ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քննվող քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից 2023 թվականի փետրվարի 20-ին հսկող դատախազին միջնորդություն է ներկայացվել 2006-2010 թվականներին ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ՝ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելու (փողերի լվացում) համար. միջնորդությունը հսկող դատախազի կողմից բավարարվել է: Նույն օրը մեղադրանք է ներկայացվել Խաչատուրովին, նա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 111-րդ հոդվածով սահմանված հիմքով, այն է՝ ազատության մեջ գտնվող մեղադրյալին դատարան ներկայացնելու համար, ձերբակալվել է:

«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը

«Սիլվայի գործով» դատավոր Աննա Դանիբեկյանը հրապարակեց թարգմանիչ Սոնա Հովհաննիսյանին բացարկ հայտնելու մասին պաշտպանական կողմի միջնորդության վերաբերյալ որոշումը։

Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց բացատրելու ավելի վաղ իր կատարած գրավոր թարգմանությունը, քանի որ այն այնքան էլ հասկանալի չէր։

Թեեւ դատավորը հարցեր չուներ, հարցեր ծագեցին փաստաբան Լուսինե Սահակյանի մոտ։ Թարգմանչին ուղղված հարց ու պատասխանից պարզվեց, որ դատարանը թարգմանության համար թղթային փաստաթղթեր է ուղարկել։ Հովհաննիսյանի խոսքով, որպեսզի ամեն ինչ նորից չտպվի, տեքստը սկզբում թարգմանվել է ձայնագրության ֆորմատից, այնուհետ՝ Word-ի փաստաթղթում։

Ծրագիրը, որը չի հասկացել որոշ բառեր, օրինակ հատուկ անունները, ինչպիսին Սիլվան է, փոփոխություններ է մտցրել։ Փաստաբանի մոտ տարակուսանք առաջացրեց այն, որ ծրագիրը ոչ թե պարզապես չի հասկացել Սիլվա անունը, այլ ավելացրել է «ՍՊԸ»։ Այս տեղեկությունն առաջացրեց թարգմանչի զարմանքը, այնքան, որ նա խնդրեց ծանոթանալ փաստաթղթին։ Փաստաբանը համարեց, որ թարգմանչի բացատրությունը չհստակեցրեց խնդիրը։

«Մենք հիմա ինքներս էլ չենք հասկանում, թե ինչով ենք զբաղված», — հավելեց փաստաբանը։

Աշխատանքը համակարգելու համար՝ դատախազ Գեւորգ Բաղդասարյանը առաջարկեց վերադառնալ ավելի վաղ հրապարակված սխալ թարգմանված փաստաթղթին (թարգմանությունում անվան փոխարեն թվեր էին գրված) եւ հրապարակել ճիշտ թարգմանվածը եւ այդ ժամանակ արդեն հասկանալ՝ կան արդյոք դրա հետ կապված հարցեր։ Լուսինե Սահակյանը նկատեց, որ պաշտպանական կողմը եւս նույնն առաջարկել է։

Սակայն հարց առաջացավ, թե որը հրապարակել՝ բնօրինակը՞, թե՞ թարգմանությունը։ Դատավորն առաջարկեց հրապարակել բնօրինակը՝ թարգմանությամբ։

Դատախազ Բաղդասարյանն անցավ բանկային, հաշիվների, փոխանցումների հետ կապված նյութերի հրապարակմանը։

Գլխավոր դատախազն ԱԺ–ում զբաղված էր մանիպուլյացիաներով․ Խաչատուրովի որդու ընկերոջ պաշտպան

Եկեք մեկընդմիշտ մոռանանք զորամաս հասկացողությունը, դա անշարժ գույք է, որը 1990-ական թվականներից երբևէ որպես զորամաս չի ծառայել։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Գրիգորի Խաչատուրովի ընկերոջ՝ Էդգար Արշակյանի պաշտպան Միհրան Պողոսյանը։

«ՀՀ-ում ՊՆ-ին հատկացված բոլոր զորամասերը, ենթակառուցվածքները հատուկ նշանակության հողամասի տակ են ընգրկված եղել, դրանք իրավական հիմք են ստացել 2005թ-ին, դրանից հետո դրանք որպես զորամաս երբևէ առկա չեն եղել։ Ինչ վերաբերում է նրան, որ դրանք անօտարելի տարածքներ են եղել, թե ոչ, դրա պատասխանատուն երբևէ չի կարող հանդիսանալ Էդգար Արշակյանը, որովհետև տվյալ տարածքների օտարելիությոան պայմանը օրենքը նախատեսում է։ Դրանք անօտարելի տարածքներ չեն, օտարելի են, բայց որոշակի իրավական հիմքերի պայմաններում»,- ասաց Պողոսյանը։

Պաշտպանը նշեց նաև, որ 18 միլիոն դրամ գրավ վերցնելը ևս իրականությանը չհամապատսխանող տեղեկություն է։

«Գլխավոր դատախազն Ազգային ժողովում ուղղակի զբաղված էր մանիպուլյացիաներով, որովհետեւ տվյալ գույքի համար երբևիցե 18 միլիոն դրամ գումար չի վերցվել: 2016-ի օգոստոսի 12-ին Խաչատուրովը ձեռք է բերել բնակարան Վանաձորում, այդ ժամանակ կքնվել է հիփոթեքային պայմանագիր, որի պայմանաններում միայն այդ բնակարանը գրավադրելու համար Խաչատուրովին տրամադրվել է 18 միլիոն 484 հազար դրամի վարկային գիծ: Որոշ ժամանակ անց բանկը Խաչատուրովին խնդրել է ներկայացնել լրացուցիչ գրավ, նա էլ իր ընկերոջը՝ Էդգար Արշակյանին, խնդրել է լրացուցիչ գումարով օգնել։ Քանի որ Արշակյանն այդ տարածքը չի օգտագործել, որպես լրացուցիչ գրավ դա դրվել է բանկում, սակայն վարկային գիծը ոչ մի դրամով չի ավելացել»,- ասաց նա։:

Փաստաբանը շեշտեց, որ Էդգար Արշակյանին մեղսագրվում է մի արարք, որն օբյեկտիվ իրականությունում գոյություն չունի։

«Ասում են՝ Գրիգոր Խաչատուրովն է իրականում այդ տարածքը ձեռք բերել, որի համար որևէ փաստական հիմք չկա, և Էդգար Արշակյանը հանդիսացել է այսպես ասած՝ քողարկված անձ՝ Խաչատուրովի գործարքը թաքցնելու համար»,- նշեց Միհրան Պողոսյանը:

Ըստ նրա՝ խտրական վերաբերմունք կա Խաչատուրովի նկատմամբ, ինչը պայմանավորված է նրա անձով․

«Այսինքն՝ խնդիրը ոչ թե գործարքն ու ենթադրյալ քողարկումն է, այլ կոնկրետ նրա անձն է, որ ամեն կերպ ցանկանում են կալանքի հասնել, ինչը համոզված եմ, որ դատարանը թույլ չի տա այս պարագայում»: