Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքն է բերել արցախցի երիտասարդներին՝ մարտահրավերների հաղթահարման գործում ներդրվող ջանքերի և նախանձախնդիր ոգու դրսևորման համար

Փետրվարի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Երևանի տարբեր բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանող արցախցի մի խումբ երիտասարդների։

Ուսանողները Նորին Սրբությանն են ներկայացրել իրենց նախաձեռնությունները, որոնց նպատակն է մեկ անգամ ևս ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների ուշադրությունը հրավիրել Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար աղետին։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր հայրական սերն ու օրհնությունը փոխանցելով երիտասարդ արցախցիներին, իր գնահատանքն է բերել նրանց՝ Արցախի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման գործում ներդրվող ջանքերի ու նախանձախնդիր ոգու դրսևորման համար։

Նորին Սրբությունն արցախցի երիտասարդներին նաև տեղեկություններ է փոխանցել արցախյան հիմնախնդրի լուծմանը, Լաչինի միջանցքի վերաբացմանն ու Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական հոգևոր, մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից տարվող աշխատանքների մասին։

Բայդենը մեկնել է Կիեւից․ CNN

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մեկնել է Կիեւից, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան լրագրողներին։

«Նախագահ Բայդենը հեռանում է Ուկրաինայի մայրաքաղաքից»,- նշվում է հաղորդագրությունում։

Ըստ լրատվամիջոցների՝ նա Կիեւ է ժամանել առավոտյան ժամը 08:00-ի սահմաններում եւ հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, շրջել Կիեւի կենտրոնում եւ խոստացել, որ ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Ուկրաինային։

Արցախը հավերժ մնալու է հայկական՝ հայ ժողովրդի միահամուռ կամքի ու ջանքի միջոցով․ Արտակ Բեգլարյան

Շնորհավոր արցախի վերածննդի օրը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։

«Քանի դեռ մեր ժողովուրդը վերջնականորեն չի հասել Արցախյան շարժման հիմնական նպատակներին, շարժումն ու պայքարը շարունակական են, և այդ նպատակների հարցում որևէ նահանջ չի կարող լինել:

Արցախը հավերժ մնալու է հայկական՝ հայ ժողովրդի միահամուռ կամքի ու ջանքի միջոցով, իսկ արցախցին սեփական հողում երբեք չի կքելու օտար լծի տակ:

Շնորհակալություն այս 35-ամյա պայքարում ավանդ ունեցած բոլոր անձանց՝ ազատամարտիկից մինչև պետական գործիչ, մանկավարժից մինչև հողագործ:

Ամրություն և սեփական ուժերի ու ապագայի նկատմամբ հավատ եմ մաղթում հատկապես շրջափակման ներքո գտնվող իմ հայրենակիցներին»։

«Վարժական հավաքների» անվան տակ կառավարությունը քաղաքացիներին ներգրավում է մարտական խնդրի կատարման. «Թաթոյան»

«Վարժական հավաքների» անվան տակ պետությունը քաղաքացիներին փաստացի ներգավում է մեկ այլ «պարտադիր զինվորական ծառայության»` մարդու վրա օրենքից դուրս լրացուչիչ բեռ դնելով: Այս մասին հայտարարություն է տարածել Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը։

Հայտարարությունում ասվում է. «Որքան էլ, որ վարժական հավաքներն ունեն մեծ կարևորություն երկրի անվտանգության համար, միևնույն է` չպետք է անցկացվեն Սահմանադրության և օրենքի նպատակների խեղաթյուրմամբ։
Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի մասնագիտական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ «վարժական հավաքներ» անվան տակ Հայաստանի կառավարությունը փաստացի կոնկրետ քանակի քաղաքացիների նորից ներգրավում է մարտական խնդրի կատարման, այսինքն՝ պահեստազոր հաշվառված անձինք նորից փաստացի ներգրավվում են պարտադիր զինվորական ծառայության, իսկ խուսափելու դեպքում ենթարկվելու են ընդհուպ մինչև քրեական պատասխանատվության։

Ստացվում է, որ այդ քաղաքացիներն անցնում եմ փաստացի մեկ այլ բնույթի «պարտադիր զինվորական ծառայություն»։

Մասնավորապես, 2023 թվականի փետրվարի 2-ին ՀՀ կառավարությունն ընդունել է «Վարժական հավաքներ հայտարարելու և դրա ապահովման համար ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցները ներգրավելու մասին» թիվ 122-Ն որոշումը, որով հայտարարվում է պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` 2023 թվականի մարտի 1-ից մինչև մայիսի 12-ը ներառյալ։ Վարժական հավաքներին ներգրավվելու են մինչև 3281 քաղաքացի, որոնցից 2897-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 152-ը` ավագ ենթասպայական կազմի, 232-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային և հրթիռահրետանային մասնագիտություններով։

Հարցն այն է, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքը հստակ սահմանում է այն նպատակը, որը դրված է վարժական հավաքների անցկացման հիմքում։

Մասնավորապես, օրենքի 58-րդ հոդվածն ամրագրում է, որ վարժական հավաքներն իրականացվում են՝ (ա) պահեստազորի առաջին խմբում հաշվառված քաղաքացիների ռազմական ունակությունները կատարելագործելու և (բ) նրանց վերապատրաստելու նպատակով։

Այլ կերպ ասած՝ վարժական հավաքներն ունեն մեկ հիմնական նպատակ՝ կատարելագործել պահետազորում հաշվառված քաղաքացիների գիտելիքներն ու հմտությունները` ըստ զինվորական մասնագիտացման:

Մինչդեռ, Կառավարության նշված որոշմամբ, որով կարծես պետք է փոխված լիներ վարժական հավաքների փիլիսոփայությունը (ինչպես պաշտոնապես հայտարարվել էր),սահմանվել է, որ վարժական հավաքները հայտարարվում են ինչպես պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման և պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման նպատակով, այնպես էլ «մարտական հերթապահության ներգրավման նպատակով»։

Ընդ որում՝ քաղաքացիները վարժական հավաքների ներգրավվելու են 25 օրացուցային օրով, որից, ինչպես հայտարարվել էր, 7 օրը քաղաքացին անցնելու է պատրաստություն, իսկ 14 օրը՝ «մարտական հերթապահություն»։

Հիմա հարց է առաջանում. Սահմանադրության և օրենքի այդ ո՞ր դրույթներն են Կառավարությանը տվել լիազորություն քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայություն անցնելուց հետո տարիներ անց ներգրավել մեկ այլ՝ իր բնույթով պարտադիր զինվորական ծառայության այլ տեսակի՝ նրանց ներգրավելով մարտական հերթապահության։

Հիմա ի՞նչ է ստացվում՝ մեզ հմտություններով և գիտելիքներով կատարելագորված պահեստազորայիններ են պետք, թե՞ միայն կոնկրետ քանակի «դիրքապահներ»։

Իսկ ինչպե՞ս են այդ մարտական հերթապահությունն անցնելու պահեստազորում հաշվառված այն քաղաքացիները, որոնք ժամանակին ազատվել կամ տարկետում են ստացել պարտադիր զինվորական ծառայությունից օրենքով սահմանված կոնկրետ կանոնների պահպանմամբ (պաշտոնական հայտարարությունների համաձայն՝ վարժական հավաքների ներգրավվելու են բոլորն առանց բացառության)։

Ի՞նչ է՝ պարտադիր զինվորական ծառայությունից ազատված քաղաքացուն ներգրավելու են ծառայության և տալու ենք մարտական առաջադրա՞նք (չմոռանանք, որ պարտադիր զինծառայությունից և վարժական հավաքներից ազատվելու հիմքերը տարբեր են, այսինքն՝ անձը կարող է, օրինակ, իր ընտանեկան դրության բերումով ազատվել պարտադիր զինծառայությունից, բայց ենթակա լինել վարժական հավաքների, և այդ անհամաչափությունը վերանայելու մասին բազմիցս խոսել ենք)։

Որևէ մեկը գնահատե՞լ է այն ռիսկերը, որոնք կարող են առաջանալ այդ քաղաքացիների համար։ Կամ որևէ մեկը մտած՞ել է այն ռիսկերի մասին, որոնք կարող են առաջացնել տևական մարտական պատրաստություն չանցած քաղաքացիները։

Կան նաև այլ խնդիրներ, որոնք Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի պաշտոնավարման ժամանակ (2016-2022 թթ.) զորամասերում մշտադիտարկումների շրջանակում արձանագրվել էր վարժական հավաքների ներգրավված անձանց խախտված իրավունքների մասով, որոնք, ինչպես ցույց են տալիս բողոքները, ամբողջությամբ չեն լուծվել առ այսօր։

Կառավարությունը պետք է հրապարակի իր նպատակներն ու առաջ եկած իրական խնդիրները, իսկ յուրաքանչյուր խնդրի լուծումը տա բացառապես Սահմանադրության և օրենքի սկզբունքներին համահունչ։

Կառավարությունը պետք է վերանայի Հայաստանում վարժական հավաքներ անցկացնելու իր քաղաքականությունը. սա թելադրված է երկրի անվտանգության և մարդու իրավունքների գերակա շահով։

Եվ այստեղ դժվար է գերագնահատել Ազգային ժողովի ժողովրդավարական վերահսկողության դերը, որը, ցավոք, երբեմն ի սպառ բացակայում է։

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամն առաջնահերթ է համարում բանակի առաջ ծառացած խնդիրների լուծումը և իր փորձագիտական կարողությունների ու փորձի շրջանակներում մշտապես պատրաստակամ է նպաստել ոլորտում առկա խնդիրների կարգավորմանը։

Արցախի ժողովուրդն ապացուցեց, որ արժանի է միջազգային հանրության կողմից իր անկախության ճանաչմանը. Արցախի ԱԳՆ

Արցախ ԱԳՆ-ն հայտարարությամբ է  հանդես եկել արցախահայության ազգային-ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման 35-ամյակի կապակցությամբ:

«Արցախի Հանրապետությունն (Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը) այսօր նշում է արցախահայության ազգային-ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման արդի փուլի 35-ամյակը. պայքար, որն իր մեջ մարմնավորել է ժողովրդի հավաքական ձգտումը՝ վերականգնելու պատմական արդարությունը, պահպանելու ազգային ինքնությունն ու արժանապատվությունը, լիարժեք կերպով իրացնելու հայրենիքում ազատ ապրելու և զարգանալու իր անքակտելի իրավունքը: Ի պատասխան Ադրբեջանի կողմից տասնամյակներ շարունակ վարվող խտրական քաղաքականության՝ Արցախի ժողովուրդը հավաքեց իր ողջ կամքն ու միավորվեց՝ հանուն Արցախի վերածննդի և Հայաստանի հետ վերամիավորման գաղափարի:

35 տարի առաջ՝ 1988 թվականի փետրվարի 20-ին, տեղի ունեցավ ԼՂԻՄ Ժողովրդական պատգամավորների խորհրդի արտահերթ նստաշրջանը, որում որոշում կայացվեց միջնորդություն ներկայացնել Ադրբեջանական ԽՍՀ և Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդներին՝ ինքնավար մարզն Ադրբեջանի կազմից Հայաստանի կազմ տեղափոխելու վերաբերյալ։ Լեռնային Ղարաբաղի՝ Հայաստանին միանալու հարցը բարձրացվել է ժողովրդավարական, խորհրդարանական եղանակով, ժողովրդի կամարտահայտման հիման վրա, ԽՍՀՄ այն ժամանակ գործող օրենսդրության և միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչված նորմերի հետ խիստ համապատասխանությամբ:

Նստաշրջանի որոշումը, որը վերահաստատեց Արցախի ժողովրդի՝ սեփական ճակատագիրը որոշելու իրավունքը, նշանավորեց ղարաբաղյան շարժման արդի փուլը և կանխորոշեց Լեռնային Ղարաբաղի հասարակական-քաղաքական զարգացման հեռանկարները։ Այն, ըստ էության, դարձավ ԽՍՀՄ փլուզմամբ պայմանավորված պատմաքաղաքական նոր իրողություններում 1991 թ. սեպտեմբերի 2-ին ընդունված ԼՂՀ անկախության հռչակագրի նախակարապետը և սկզբնավորեց Արցախի պետական անկախության ուղին:

Արցախցիների համաժողովրդական կամարտահայտության այդ ակտն արդարացիորեն դիտարկվեց որպես հուսալի երաշխիք՝ փրկվելու Ադրբեջանի կողմից էթնիկ հայ բնակչության նկատմամբ տասնամյակներ շարունակ իրականացվող խտրական քաղաքականությունից, որն, ի վերջո, պետք է հանգեցներ նրա լիակատար ոչնչացմանը։ Հետագա իրադարձությունները հաստատեցին արցախցիների պատմական ընտրության օրինաչափությունն ու ճշմարտացիությունը։ Մարզային խորհրդի նստաշրջանից ընդամենը մեկ շաբաթ անց Ադրբեջանի իշխանությունները կազմակերպեցին հայերի դաժան ջարդեր և սպանություններ Սումգայիթում և Ադրբեջանի այլ քաղաքներում, իսկ ԽՍՀՄ փլուզումից հետո լայնածավալ պատերազմ սանձազերծեցին Արցախի դեմ: Նույնիսկ տասնամյակներ անց Արցախի ժողովրդի ոչնչացմանն ուղղված պաշտոնական Բաքվի հանցավոր քաղաքականությունը չի փոխվել։ Դրա մասին են վկայում 2016 և 2020 թվականների ռազմական ագրեսիաները, Արցախի ժողովրդի դեմ շարունակվող պետական ահաբեկչությունը, հանրապետության՝ արդեն գրեթե երեք ամիս շարունակվող տրանսպորտային և էներգետիկ շրջափակումը:

Չնայած անհավանական դժվարություններին և փորձություններին՝ Արցախի ժողովուրդը շարունակում է իր պայքարը հանուն պատմական հայրենիքում իր ազատ և անկախ գոյության՝ այդպիսով իրացնելով միջազգային իրավունքով, այդ թվում՝ ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված ժողովուրդների ինքնորշման իրավունքը։ Անցած 35 տարիները հստակ ցույց տվեցին, որ համազգային խնդիրների լուծման կարևորագույն պայմանը համաժողովրդական միասնությունն է, Հայաստանի, Արցախի և Սփյուռքի բարոյական ու հոգևոր ուժերի համախմբումը, ինչը հնարավորություն է տալիս դիմակայել ժամանակի լրջագույն մարտահրավերներին:

Ազգային արժանապատվության և պատմական հայրենիքում սեփական ճակատագիրն ազատ տնօրինելու իրավունքի համար մղվող բազմամյա պայքարով, ինչպես նաև ժողովրդավարական և կենսունակ պետության ստեղծմամբ Արցախի ժողովուրդն ապացուցեց, որ արժանի է միջազգային հանրության կողմից իր անկախության ճանաչմանը:

Այս հիշարժան օրը մենք խոնարհվում ենք բոլոր նրանց հիշատակի առջև, ովքեր իրենց կյանքը նվիրաբերեցին հանուն Արցախի ազատության և անկախության, հանուն համամարդկային իդեալների և արժեքների»,- ասվում է հայտարարությունում:

Եղանակը Հայաստանում

Փետրվարի 21-ին Հայաստանի մարզերի մեծ մասում գիշերը եւ առավոտյան ժամերին սպասվում են տեղումներ, հովիտներում՝ անձրեւի եւ թաց ձյան տեսքով, որոնք օրվա երկրորդ կեսին կշարունակվեն միայն առանձին վայրերում։ Օդերեւութաբանները կանխատեսում են նաեւ հարավարեւմտյան քամու ուժգնացում՝ որոշ տեղերում 20-25 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը մինչեւ շաբաթվա վերջ էապես չի փոխվի։ Երեւանում գիշերը եւ առավոտյան սպասվում են տեղումներ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +1+3, վաղը ցերեկը՝ +8+10 աստիճան։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ 0-5, ցերեկը՝ -3+2,

Կոտայքի լեռներում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ -2+2,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -1+1, ցերեկը՝ +4+7,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ 0-5, ցերեկը՝ -3+1, 

Լոռիում գիշերը՝ -3+1, ցերեկը՝ +3+7,

Տավուշում գիշերը՝ 0+5, ցերեկը՝ +8+13,  

Արագածոտնի լեռներում գիշերը՝ -1-4, ցերեկը՝ -3+1,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +4+7,

Արարատում գիշերը՝ +2+4, ցերեկը՝ +10+12, 

Արմավիրում գիշերը՝ +1+3, ցերեկը՝ +9+11, 

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -2-5, ցերեկը՝ -1+2,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +9+11,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +14+17,  

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -1+3, ցերեկը՝ +5+9,

Արցախում գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +12+16։

Աստծո հետ մշտական երկխոսության մեջ լինենք`դիմագրավելու մեր դեմ հառնած նեղությունները և Հայաստանն ու Արցախը դարձնելու «հույսի հայրենիք, լույսի հայրենիք». Կաթողիկոս

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուղերձ է հղել Մեծ Պահքի առիթով:

«Մուտք ենք գործում Մեծ Պահքի շրջան։ Այս ժամանակամիջոցը քրիստոնյայի կյանքում կարևոր հանգրվան է սրբության ու կատարելության աստվածապատվեր ճանապարհին: Պահքի մեջ աղոթական խոկումներով, ինքնաքննությամբ ու երկնային շնորհների հայցով զորություն ենք ստանում ի կատար ածելու Քրիստոսի հորդորն ու պատգամը. «Արդ, կատարյա՛լ եղեք դուք, ինչպես որ ձեր երկնավոր Հայրն է կատարյալ» (Մատթ. 5.48):

Կատարելության ուղին սկզբնավորվում է զղջումով ու ապաշխարությամբ, որոնցով սրբագրվում են մտքի, խոսքի և գործի սխալներն ու սայթաքումները։ Հատկապես այս խորհրդավոր շրջանում, ավետարանական առակի օրինակով (Ղուկ. 15.11-32) առ Երկնավոր Հայրը դառնալով, խնդրում ենք Տիրոջից գթությամբ ներել մեր մեղքերը, մաքուր սիրտ հաստատել մեզանում։ Հայցում ենք լուսավորել մեր միտքը, ամրացնել մեր կամքը՝ ընթանալու տերունավանդ պատվիրաններով։

Պահեցողության այս շրջանում Հայրապետիս հորդորն է ու պատգամը՝ միմյանց հանդեպ լինել առավել հոգատար, ազնիվ ու հարգալից, բարությունն ու սերը դարձնել հիմը փոխհարաբերությունների և ամուր պահել նվիրումն ու հավատարմությունը առ Աստված, ազգն ու հայրենին։

Մեր օրերում, երբ մեր հայրենիքն ու ժողովուրդը վիրավոր են մեզ պատուհասած պատերազմի արհավիրքներից, աղոթական կյանքով Աստծո հետ մշտական երկխոսության մեջ լինենք, զերծ մնանք ամեն չար ու վատ մտածումից ու գործից՝ միասնաբար նորոգելու համար հայրենական ու ազգային մեր կյանքը, դիմագրավելու մեր դեմ հառնած նեղությունները և մեր հարազատ երկիրը՝ Հայաստանն ու Արցախը դարձնելու «հույսի հայրենիք, լույսի հայրենիք»։

Աղոթենք, որ Ամենակալն Աստված Իր ողորմությունն ու պահպանությունը տարածի աշխարհասփյուռ մեր ժողովրդի վրա, պարգևի անվտանգ ու բարօր կյանք և խաղաղության մեջ պահի մեր երկիրը։ Թող Փրկիչ մեր Տերն ընդունի մեր սրտերի խնդրանքներն ու հայցը, արժանի դարձնի Իր կենսատու և փրկարար շնորհներին և զորացնի ամենքիս՝ Մեծ  Պահքի միջոցով հասնելու հուսառատ Սուրբ Հարության տոնին։

«Շնորհք, ողորմութիւն, խաղաղութիւն յԱստուծոյ ի Հօրէ եւ ի Տեառնէ Յիսուսէ Քրիստոսէ Որդւոյն Հօր, ճշմարտութեամբ եւ սիրով եղիցին ընդ ձեզ» (Բ Հովհ. 3), այսօր և միշտ. ամէն»»,- նշվում է ուղերձում:

Զինվորական «ՈՒԱԶ»-ը ձորը գլորվելու հետեւանքով երկու զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

19.02.2023թ-ին՝ ժամը 19:40-ի սահմաններում, ՀՀ N զորամասի «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայի՝ դիտակետ բարձրանալիս ձորը գլորվելու, դրա հետևանքով ավտոմեքենայում գտնվող 2 պայմանագրային զինծառայողների մահանալու, իսկ երկու ժամկետային զինծառայողների մարմնական վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ իններորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 538-րդ հոդվածի 4-րդ մասի (մարտական, հատուկ կամ տրանսպորտային մեքենա վարելու կամ շահագործելու կանոն խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ) հատկանիշներով։

Ողբերգական դեպքի հանգամանքները պարզելու համար ձեռնարկվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական և վարութային այլ գործողություններ:

ՊՆ նախկին շենքի բնակիչներից 12 ընտանիք է կացարանով ապահովվել, մյուսները 4–րդ գիշերն է՝ լուսացրել են դրսում

Պաշտպանության նախարարության նախկին շենքի բնակիչները, որոնք փետրվարի 16–ին, շենք ապօրինի ներխուժելու պատճառաբանությամբ ոստիկանության կողմից վտարվել էին, շարունակում են մնալ շենքի տարածքում։

«Չորրորդ գիշերն է՝ բնակիչներից շատերը գիշերում են դրսում, պալատկա ենք խփել, արդեն երկրորդն ենք ուզում խփել, փեջ ենք վառում, որ տաքանանք։ Մենք տեղ չունենք գնալու, բա ի՞նչ անենք, դրա համար էլ էստեղ ենք մնում»,– NEWS.am-ի հետ զրույցում ասաց բնակիչներից Անգելինա Էվանյանը:
Հիշեցնենք՝ փետրվարի 16–ին, ոստիկանությունը ՊԵԿ–ի գրության հիման վրա, ապօրինի ներխուժումը վերացնելու պահանջով, այդ շենքերում ապրող մարդկանց դուրս էր հանել շենքից։ Այդ օրը 26 անձ էր բերման ենթարկվել՝ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով (Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը):

ՊՆ նախկին շենքը 2008 թվականից է դադարել ծառայել պաշտպանության նախարարությանը։ Նախորդ տարվա ապրիլին կառավարությունը որոշեց այն ամրացնել Պետական գույքի կառավարման կոմիտեին, որն էլ հետո շենքը տրամադրեց ՊԵԿ–ին։ Այն պետք է դառնա կառույցի արտաքին տնտեսական գործունեության կենտրոնը։

Բնակիչներն էլ չեն ցանկանում շենքի տարածքը լքել, որովհետեւ իրենց խոսքով՝ տեղ չունեն գնալու։ Շենքից վտարված մարդիկ պատմում են, որ 2020 թվականի պատերազմից հետո են այստեղ բնակություն հաստատել։ Այդ մարդիկ պնդում են՝ իրենց մեջ ազատամարտիկներ, զոհված զինծառայողների հարազատներ, անապահով մարդիկ կան, որոնք տուն չունեն, վարձով էլ չեն կարողանում ապրել, լսել են, որ այս շենքերում ազատ սենյակներ կան, եկել են, իրենց ուժերով նորոգել են, ապրելու համար մինիմալ պայմաններ ստեղծել։ Քաղաքացիներն այդ շենքում հայտնվել են Լեռնիկ Պետոյանի օգնությամբ։ Նրա մասին շատ տեղեկություններ չեն հայտնում, ասում են՝ ազատամարտիկների ու անօթեւանների մասին մտածող մարդ է։

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հայտնել էին, որ նախարարությունն իր լիազորությունների շրջանակում անհրաժեշտ աշխատանքներ է իրականացնում այդ շենքում բնակվող քաղաքացիների ժամանակավոր կեցության ապահովման ուղղությամբ։

«Նախարարությունն այս պահին քննարկում է նաեւ իրականացնել վարձավճարի փոխհատուցման ծրագիր՝ չափորոշիչներին համապատասխանող քաղաքացիների կեցության ապահովման նպատակով։ Տեղեկացնում ենք նաեւ, որ նախարարության կողմից մինչ այժմ արդեն իսկ մեկնարկել էր տվյալ շենքի բնակիչների կարիքների նախնական գնահատում, սակայն ամփոփ պատկեր ստանալու համար անհրաժեշտ է վերջիններիս կողմից համագործակցություն եւս։ Հորդորում ենք ՊՆ նախկին վարչական համալիրի բնակիչներին դիմել Միասնական սոցիալական ծառայության տեղում աշխատող սոցիալական աշխատողներին կամ ՄՍԾ ցանկացած տարածքային կենտրոն»,– ասվում էր նախարարության հաղորդագրության մեջ։

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության մամուլի քարտուղար Զառա Մանուչարյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ Պետական գույքի կառավարման կոմիտեն մինչեւ օրս 12 ընտանիքի կացարանով ապահովել։

«Այդ շենքում ապրեն են ընտանիքներ, որոնք ունեցել են կեցության այլ վայր, որտեղ կարող էին տեղափոխվել, իսկ ովքեր չեն ունեցել կեցության այլ վայր, Միասնական սոցիալական ծառայության աշխատակիցների միջնորդությամբ տեղափոխվել են Պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից տրամադրված հանրակացարանային սենյակներ։ Այս օրերի ընթացքում 12 ընտանիք է տեղափոխվել հանրակացարան»,– հայտնեց նախարարության մամուլի քարտուղարը։

Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Ղարաբաղյան շարժման 35-րդ տարեդարձի առթիվ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Ղարաբաղյան շարժման 35-րդ տարեդարձի առթիվ։

«Շնորհավորում եմ ղարաբաղյան շարժման տարեդարձը։

Մեր նորագույն պատմության փառավոր էջ, մեր պետականության ապագայի ուղենիշ»,- ասված է ուղերձում: