Սիրիայում երկրաշարժից հետո փրկված փոքրիկ Այան ապահով ձեռքերում է

Անցյալ շաբաթ տեղի ունեցած երկրաշարժից հետո, իր տան փլատակներում ծնված սիրիացի երեխան, ում մայրը ծննդաբերելիս մահացել է, տեղափոխվել է «անվտանգ վայր»:

Աֆրինի առողջապահության վարչությունը նախազգուշական միջոցներ է ձեռնարկել՝ պաշտպանելու փոքրիկ Այային հնարավոր առևանգումից և որդեգրման խարդախությունից, BBC-ին հայտնել է աղբյուրը։

Երկուշաբթի օրը միջադեպ էր տեղի ունեցել ընդդիմության կողմից վերահսկվող շրջանի հիվանդանոցում, որտեղ բուժվում էր երեխան:

Տղամարդ բուժակը, երկու զինված տղամարդկանց ուղեկցությամբ իբրև ծեծել է մենեջերին։ Առողջապահության տնօրինության ղեկավար, դոկտոր Ահմադ Հաջ Հասանը հերքել է սոցցանցերում տարածված այն պնդումները, թե դա Այային առևանգելու ձախողված փորձ է:

«Առևանգման մեղադրանքները թյուրիմացություն էին: Սա հիվանդանոցի հետ կապված ներքին խնդիր էր և որևէ կապ չուներ երեխայի հետ», – ասել է նա BBC-ին:

Անցյալ շաբաթ հազարավոր մարդիկ էին առաջարկել որդեգրել երեխային այն բանից հետո, երբ նրա պատմությունը լայնորեն տարածել էին տեղական և միջազգային լրատվամիջոցները։

Այայի մայրը ծննդաբերել է Ջինդերիս քաղաքումտան ավերումից անմիջապես հետո։

Սոցցանցերում տարածվեցին նաև կադրեր, թե ինչպես է տղամարդը տանում փոշու մեջ ծածկված երեխային՝ փլատակներից հանելուց հետո:

Աղետի հետևանքով զոհվել են նաև Այայի հայրը, չորս եղբայրները, քույրերն ու մորաքույրը։

Կովկասյան ազնվացեղ եղջերուները շփոթված են և զբոսնում են Դիլիջան քաղաքից դեպի թունել տանող ճանապարհահատվածում․ ՇՄՆ-ն հորդորում է վարորդներին զգոն լինել

Այսօր համացանցում տեսանյութեր և լուսանկարներ են հայտնվել, որտեղ երևում է, թե ինչպես են բնություն բաց թողնված Կովկասյան ազնվացեղ եղջերուները զբոսնում Դիլիջան քաղաքից դեպի թունել տանող ճանապարհահատվածում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։

«Հորդորում ենք հատկապես գիշերային ժամերին տվյալ ճանապարհահատվածում երթևեկելիս լինել առավել ուշադիր և զգոն։ Կենդանիները շփոթված են և կարող են հայտնվել ճանապարհի վտանգավոր հատվածում։

Այս պահին «Դիլիջան» ազգային պարկի «Ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոնի» աշխատակիցները հասարակական կազմակերպությունների և բնապահպանական հանրության ներկայացուցիչները տեղում փորձում են տարածքից հեռացնել կենդանիներին»,- ասվում է նախարարության տարածած հաղորդագրությունում։

Երևանի վարչության, Նոր Նորքի, Քանաքեռ-Զեյթունի և Մաշտոցի բաժինների քրեական հետախույզները համատեղ միջոցառումներով պարզել են՝ ովքեր են առաջին հարկի բնակարանից շինարարական գործիքներ գողացել

Փետրվարի 11-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ փետրվարի 6-ի ժամը 18.00-ից փետրվարի 11-ի ժամը 12.31-ն ընկած ժամանակահատվածում Բագրևանդի փողոցի իր կիսակառուց շինությունից գողացել են շինարարական գործիքներ:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Նոր Նորքի, Քանաքեռ-Զեյթունի և Մաշտոցի բաժինների ծառայողները համատեղ միջոցառումներով փետրվարի 15-ին պարզել են գողությունը կատարողների ինքնությունը, որոնցից մեկը՝ Արթիկի, երկուսը երևանի բնակիչ են: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նույն օրը, ժամը 01.30-ին, նրանք Դավիթաշեն թաղամասում հայտնաբերվել, ձերբակալվել և, «Օպել» մեքենայով հանդերձ, տեղափոխվել են Նոր Նորքի բաժին, որտեղ տվել են խոստովանական ցուցմունք:

Քրեական վարույթի շրջանակում ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նրանք փետրվարի 15-ին, ժամը 01.00-ի սահմաններում, պատուհանի ապակին կոտրել, մտել էին Առինջ գյուղի Տերյան թաղամասի շենքերից մեկի առաջին հարկի բնակարան և գողացել շինարարական գործիքներ, որոնք հատուկ պահպանվող տարածք տեղափոխված «Օպելի» մեջ էին:

Քրեական վարույթը շարունակվում է:

Առանց սահմանադրական փոփոխությունների երկիրը կարող է հայտնվել աղետալի վիճակում. Դավիթ Բաբայան

Արցախում սահմանադրական փոփոխությունները միանգամայն անհրաժեշտ են, առանց նման փոփոխությունների երկիրը կարող է հայտնվել աղետալի վիճակում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը:

Նա նաեւ նշել է. «Պետք է առանձնացնել նախագահի ինստիտուտը խորհրդարանից, որը 2017 թվականի սահմանադրական բարեփոխումներից հետո փաստացի վերածվել է «սիամական երկվորյակների»։

Սակայն այստեղ շատ կարևոր է այդ բարեփոխումների ժամկետները։ Շտապողականությունն ու զգացմունքայնությունը շատ վտանգավոր են։ Մեզ ահնրաժեշտ է պատասխանատու, համապարփակ և իմաստուն մոտեցում»։

Կարմիր խաչի օժանդակությամբ Արցախից 8 հիվանդ տեղափոխվել է Հայաստանի հիվանդանոցներ

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային հիվանդություներով, վիրահատական միջամտություններ և հետինպլանտացիոն համուղղում պահանջող ախտաբանությամբ 8 անձ այսօր՝ փետրվարի 16-ին, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։

Արցախի առողջապահության նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ 4 բուժառուներ, ովքեր պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։

ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։

«Արևիկ» բուժմիավորումում 3 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:

«Հանրապետական բժշկական կենտրոն»ՓԲԸ-ում 8 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 5-ը ծայրահեղ ծանր վիճակում է։

Մինչ այսօր «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 105 հիվանդ։

«Վերջ տվեք Սիրիայի դեմ պատժամիջոցներին». Արամ Ա-ն Սիրիայից դիմել է միջազգային հանրությանը

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջին Հալեպ կատարած հովվապետական այցի ընթացքում լրատվամիջոցների համար հանդես է եկել հայտարարությամբ։ Այս մասին գրում է «Գանձասարը»։

Նա նշել է, որ իր համար միշտ հատուկ ուրախություն է լինել Սիրիայում, մի երկիրը, որը Ցեղասպանությունից հետո ընդունել է ջարդերից փրկված հայ ժողովրդի զավակներին և իր հայրենիքը, հացն ու ջուրը կիսել նրանց հետ։

«Աշխարհով մեկ սփռված մեր ժողովրդի զավակները երբեք չեն մոռանա Սիրիայի ժողովրդի ցուցաբերած սերը, վստահությունն ու զորակցությունը հայ ժողովրդի նկատմամբ։

Այսօր, սակայն, վշտաբեկ սրտով ու ցավով եմ այցելել Սիրիա և ականջալուր ու ակատես եմ երկրաշարժի հետևանքով ահավոր ավերածություններին ու մարդկային զոհերին, ինչպես նաև անտուն մնացած բազմաթիվ ընտանիքներին։ Փաստորեն, ահավոր ողբերգության մեջ է այսօր գտնվում Սիրիան։ Երկրաշարժի ծանր հետևանքները կարող է ավելի ծավալվել, եթե շուտափույթ միջոցներ չձեռնարկվեն։

Հետևաբար, միջազգային համայնքը չի կարող անտարբեր մնալ մարդկային այս ահավոր ողբերգության նկատմամբ։ Նման իրավիճակում անհրաժեշտ է մի կողմ դնել քաղաքական մոտեցումներն ու դիրքորոշումները և որպես մարդկային նույն ընտանիքին պատկանող անձեր ու ազգեր, անհրաժեշտ է իրար օգնել։ Ինչպես Աստվածաշնչում է ասվում. երբ մարմնի մի մասը ցավում է, ամբողջ մարմինն է ցավում (Ա.Կր 12.26)։ Այսօր միջազգային համայքն ու նրան պատկանող բոլորն ազգերն ու երկրները կոչված են օժանդակելու Սիրիային։

Արդ, իմ ձայնը միացնելով Սիրիայի եկեղեցիների հոգևոր պետերի հավաքականին ձայնին՝ կոչ եմ ուղղում միջազգային համայնքին՝ վերջ տալու Սիրիայի դեմ հաստատված պատժամիջոցներին և շուտափույթ օժանդակել Սիրիայի ժողովրդին, որպեսզի տնտեսական վատ վիճակում գտնվող սիրիացի ժողովուրդը կարողանա դուրս գալ ներկա ահավոր վիճակից»։

Հոսանքի տատանումների պատճառով Արցախում ավելացել են խափանված վերելակների մասին կանչերը

Հոսանքի տատանումների պատճառով ճգնաժամային կառավարման կենտրոնում ավելացել է վերելակների խափանումների մասին ահազանգերը: Հոսանքի հաճախակի անջատումների գրաֆիկին չհետևելը հաճախ ստեղծում է անցանկալի իրավիճակ:

Փետրվարի 15-ին ժամը 19:03-ին Ստեփանակերտ քաղաքի բնակչից ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Մաշտոց 1 շենքի խափանված վերելակում մարդ է մնացել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ժամը 19:05-ին արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը մեկնել է կանչի վայր և տեխնիկական միջոցներով բացել վերելակը, օգնություն ցուցաբերել վերելակում մնացած քաղաքացիներին:

Խափանված վերելակի մասին մեկ այլ հաղորդում գրանցվել է այսօր առավոտյան ժամը 08:00-ին՝ Ստեփանակերտ քաղաքի Թումանյան 121 շենքի բնակչից: Փրկարարները մեկնել են կանչի վայր և ցուցաբերել համապատասխան օգնություն:

Ծառայությունը հորդորում է բոլոր բնակիչներին՝ հոսանքի հովհարային անջատումների ժամանակ՝ ուղիղ ժամերին, չօգտվել վերելակներից, դրանով բացառել անցանկալի պատահարները:

Ադրբեջանն օգտագործում է այս մարտավարությունը՝ ստեղծելու վախ, անբնակելի պայմաններ․ Վարդանյանը՝ գազամատակարարման խափանումների մասին

Ադրբեջանն օգտագործում է այս մարտավարությունը՝ հասնելու Արցախի բնիկ հայ բնակչության բռնի տեղահանմանը, անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախի գազամատակարարման խափանումներին՝ թվիթերյան մկրոբլոգում գրել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը .

«Ձմեռային ցրտաշունչ ջերմաստիճանի պայմաններում և գերբեռնված էներգացանցով Ադրբեջանն օգտագործում է այս մարտավարությունը վախ, անորոշություն և անբնակելի պայմաններ ստեղծելու համար, որպեսզի հասնի իր վերջնական նպատակին՝ Արցախի բնիկ հայ բնակչության բռնի տեղահանմանը», — նշել է նա։

Արցախում արդեն 252 երեխա ծնվել է շրջափակման մեջ

Արցախի կառավարությունը հրապարակել է շրջափակման 67-րդ օրվա տեղեկագիրը փետրվարի 15-ի դրությամբ:

3 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:
9 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում է։
Արդեն 252 երեխա ծնվել է շրջափակման մեջ:
Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 650 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից։
Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 97 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։
755 տնտեսվարող սուբյեկտ (ընդհանուրի 17,7%-ը) շրջափակման պայմաններում աշխատելու անհնարինության պատճառով կասեցրել է իր գործունեությունը, իսկ մնացած տնտեսվարողները գործում են մասնակի ծավալով կամ պետական աջակցությամբ։
Ստեղծված տնտեսական բարդ իրավիճակի պատճառով նախնականորեն առնվազն 5 100 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը։
Ավելի քան 26 400 տոննա կենսական նշանակության ապրանքներ կմակատարարվեին Արցախ, եթե չլիներ շրջափակումը, որի ընթացքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից մատակարարվել է դրա միայն չնչին մասը: