Ադրբեջանը մասնակիորեն վերականգնել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը

Ադրբեջանը մասնակիորեն վերականգնել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը, որը արգելափակել էր փետրվարի 8-ին: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:

Հաշվի առնելով մատակարարվող գազի ոչ բավարար ծավալը՝ առայժմ գազը կմատակարարվի Ստեփանակերտ քաղաքի բաժանորդ-բնակիչներին:

Գազի բավարար ճնշումը ապահովելուց հետո, ուշ երեկոյան նախատեսվում է վերականգնել մայրաքաղաքի և շրջկենտրոնների գազալցակայանների մատակարարումը:

«Արցախգազ» ընկերությունը հորդորում է լինել ուշադիր և պահպանել անվտանգության կանոնները:

Դրամական աջակցություն է ցուցաբերվում Արցախի շրջափակման հետևանքով դեկտեմբեր-հունվարին աշխատանքից զրկվածներին

Արցախի Հանրապետության կառավարության որոշման համաձայն՝ մեկնարկել է Արցախի Հանրապետության շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման 2-րդ միջոցառումը, որի պատասխանատուն Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունն է։

Գերատեսչությունը ծրագրի վերաբերյալ մանրամասներ է հայտնել․

«Շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման երկրորդ միջոցառման շրջանակներում դրամական աջակցություն կցուցաբերվի Արցախի Հանրապետությունում փաստացի բնակվող այն անձին, ով առնվազն 2022 թվականի նոյեմբերի 1-ից անընդհատ աշխատանքային կամ քաղաքացիաիրավական հարաբերությունների մեջ է գտնվել Արցախի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ոլորտներից որևէ մեկում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտի հետ և 2022թ. դեկտեմբերի 12-ից մինչև 2023թ. հունվարի 31-ը (ներառյալ) ընկած ժամանակահատվածում ազատվել է աշխատանքից կամ դադարեցվել է (լուծվել, դադարել է) քաղաքացիաիրավական պայմանագիրը»,- նշված է Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության տարածած հաղորդագրությունում։

Առևտրի կենտրոնից ջինսե տաբատ ու զգեստ է գողացել․ Քրեական հետախույզներն են բացահայտել

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները անձնական ունեցվածքի գողության վերաբերյալ օպերատիվ տեղեկություն են ստացել, որն իրացրել են  Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների հետ:

Փետրվարի 14-ին Ծիծեռնակաբերդի խճուղու առևտրի կենտրոնում հայտնաբերել, գողություն կատարելու հիմքով ձերբակալել և Մալաթիայի բաժին են տեղափոխել Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի բնակիչ, 21-ամյա մի աղջկա
Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են ջինսե տաբատ և կանացի զգեստ: Բերման ենթարկվածը հայտնել է, որ հայտնաբերվածը գողացել է առևտրի կենտրոնի խանութ-սրահից:

Բացատրական աշխատանքի արդյունքում նա հայտնել է, որ 2022 թ. դեկտեմբերին ևս նույն խանութ-սրահից գողություն էր արել, ինչպես նաև 2022 թ. ընթացքում գողություններ էր արել Արշակունյաց պողոտայի առևտրի կենտրոնից:

Կատարվում է նախաքննություն:

Բնակարանը տաքացնելուն զուգահեռ՝ չմիացնել խոշոր այլ սարքավորումներ. «Արցախէներգոն» զգուշացնում է

Արցախում էներգետիկ համակարգի ծանրաբեռնվածությունը վերջին օրերին կտրուկ ավելացել է. Ստեփանակերտի տարբեր հատվածներում շղթայական վթարներ են տեղի ունենում: Նման արագությամբ աճող վթարների քանակը ուղղակի անհնար է դարձնում հովհարային անջատումների ժամանակացույցը պահպանելը:

«Ցանցի վիճակը բավականին ծանր է, ավելի ծանր, քան նախորդ ժամանակահատվածի հետ համեմատ: Վթարների քանակը բավականին մեծացել է: Այն հիմնականում կախված է գազամատակարարման բացակայության հետ և կտրուկ աճ է արձանագրվել: Հիմնականում խոսքը գնում է Ստեփանակերտ քաղաքի մասին, շրջաններում լուրջ խնդիրներ, համենայնդեպս, չենք արձանագրել: Միայն Մարտունի քաղաքում այս պահին ունենք խոշոր վթար, վերացման ընթացքում է: Հուսով ենք կարճ ժամանակում կկարգավորվի»,-Արցախի հանրային հեռուստաընկերությանն ասել է «Արցախէներգո» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը։

Վթարների հիմնական պատճառը մալուխային տնտեսության վիճակն է: Համակարգը ի սկզբանե վատ վիճակում չէր: Սակայն, ըստ Գաբրիելյանի, այսօրվա պես ծանրաբեռնվածություն Ստեփանակերտ քաղաքում երբեւէ չի եղել: Օրական 60-70 միայն անհատական կանչ է գրանցվում, ավելի խոշոր վթարներ ևս տեղի են ունենում:

«Ստեփանակերտ քաղաքը բավականին ծանրաբեռնված է արդեն երրորդ օրը: Հատկապես ծանր էր կիրակի օրը, վթարների քանակը ահավորը շատացել էր, և հատվածներ ունեինք, որ շատ երկարատև հոսանքազրկված էր խոշոր վթարի պատճառով: Նորից պիտի կոչ անեմ բաժանորդներին, տաքացնելու հետ զուգահեռ խոշոր այլ սարքեր չմիացնել, որովհետև ուղղակի չի դիմանում ցանցը»,-նշել է նա։

Շրջափակման 2 ամսվա ընթացքում Ադրբեջանը 7 անգամ անջատել է Արցախի գազամատակարարումը: Փետրվարի 8-ից առ այսօր այն դեռ դադարեցված է մնում: Գազամատակարարման բացակայության պայմաններում և օդային գծերի բեռը թեթևացնելու նպատակով՝ հովհարային անջատումների ժամանակացույցում փոփոխություններ տեղի ունեցան: Ըստ այդմ՝ անջատումները օրական 6 անգամ են` 1-ական ժամով: Այս պահին նոր փոփոխություններ դեռ նախատեսված չեն:

«Առաջին օրերը լուրջ դրական դինամիկա էր նկատվում, մասնավորապես՝ վթարների քանակը 10 անգամ նվազել էր նախորդ գրաֆիկի համեմատ, սակայն քանի որ եղանակային պայմանները կտրուկ փոփոխվել են, նաև գազամատակարարումն է դադարեցվել, ժամանակ է պետք, որպեսզի կարողանանք հասկանանք, բայց մենք համոզված ենք, որ 1-ժամյա անջատումը ավելի թեթև է լինելու՝ և՛ բաժանորդի համար, և՛ ցանցի համար»,-ասել է «Արցախէներգո» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալը։

Հայաստանից Արցախ եկող բարձրավոլտ էլեկտրագիծը վթարված է հունվարի 9-ից, և Արցախը շարունակում է օգտագործել միայն ներքին ռեսուրսները:

«Ամեն օր մենք սպառում ենք մեր պաշարները, ինչքան բեռը բարձրանում է, այնքան քիչ է մնում մեր պաշարները հետագայի համար: Հնարավորինս տնտեսելով և հովհարային անջատումներով պիտի փորձենք ինչքան հնարավոր է երկարատև պիտի կարողանանք մնալ գոնե այս ժամանակացույցում»,-ասում է Տիգրան Գաբրիելյանը։

Գազամատակարարման ու էներգամատակարարման համակարգում առաջացած խափանումների պատճառով՝ Արցախում 120 հազար մարդ, այդ թվում՝ 30 հազար երեխա, շարունակում են ջեռուցման հետ կապված խնդիրներ ունենալ: Գազով ջեռուցվող դպրոցներում 1-8-րդ դասարանների հարկադիր արձակուրդն էլ շարունակվում է:

Ադրբեջանական կողմի կրակոցից ՀՀ ԶՈՒ զինծառայողը ձախ ուսի շրջանում ստացել է հրազենային գնդակային միջանցիկ վիրավորում. քրեական վարույթ է նախաձեռնվել

Ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից փետրվարի 14-ին մարտական հենակետում ՀՀ ԶՈւ ժամկետային զինծառայողին հրազենային վիրավորում հասցնելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։

«ՀՀ ՔԿ ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ 14.02.2023թ.՝ ժամը 18։05-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողը, ազգային, էթնիկ ծագումով, ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով կյանքից զրկելու դիտավորությամբ, կրակոց է արձակել ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի՝ Նորաբակ բնակավայրի հատվածում մարտական հենակետի ուղղությամբ:

Կրակոցի հետևանքով նույն հենակետում մարտական հերթապահության ընդգրկված պարտադիր ժամկետային զինծառայող Դ․ Պ․-ն ձախ ուսի շրջանում ստացել է հրազենային գնդակային միջանցիկ վիրավորում։

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 15-րդ կետերի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, նախաքննությամբ պարզվում են դեպքի ամբողջական հանգամանքները»,- ասվում է ՔԿ հաղորդագրությունում։

Լարսի ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Արագածոտնի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Ողբերգական դեպք Արարատի մարզում․ Արտաշատի հիվանդանոց  է տեղափոխվել է 6 ամսական աղջնակի դի. Shamshyan.com

Արարատի մարզում փետրվարի 13-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 12։30-ի սահմաններում «Արտաշատ» բժշկական կենտրոնից Ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է բերվել երեխայի դի։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արտաշատ քաղաքի բնակիչ 6 ամսական Ռոմեալա Ա․-ն է, ով նույն օրը, ըստ հարազատների՝ տանը հանկարծամահ է եղել։

Դեպքի փաստով Արարատի մարզային քննչական վարչությունում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ջերմաստիճանը կբարձրանա 8–10 աստիճանով․ առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսումը


Հանրապետության տարածքում`

Փետրվարի 15-ի ցերեկը, 16-ին առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն, լեռնային գոտիներում՝ բուք։ Փետրվարի 17-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիսարևմտյան` 4-6 մ/վ: Փետրվարի 15-20-ը սպասվում է քամու ուժգնացում` 17-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 18-20-ն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Փետրվարի 15-ի ցերեկը, 16-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է թույլ ձյուն։ Փետրվարի 16-ին սպասվում է նաև քամու ուժգնացում` 10-12 մ/վ: Փետրվարի 17-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հավելյալ 46 հազար եվրոյի գումար «Դիլիջան» ազգային պարկին՝ CNF-ի կողմից

ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության կազմում գտնվող «Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ին Կովկասի բնության հիմնադրամի /CNF/ կողմից հավելյալ գումար է հատկացվել, որը կազմել է 46 հազար եվրո։ Լրացուցիչ ֆինանսավորման անհրաժեշտությունն առաջացել էր եվրո-դրամ փոխարժեքի մեծ տատանումների հետևանքով։

Նշենք, որ մինչ այս, 184 հազար 500 եվրոյի չափով հավելյալ ֆինանսավորում ստացել էին ՇՄՆ կազմում գտնվող ևս երեք ՊՈԱԿ-ներ․ նշված գումարից 103 հազար եվրո հատկացվել էր «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին, 65 հազար եվրո՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցին և 16 հազար 500 եվրո՝ «Արփի լիճ» ազգային պարկին։

Վրաստանում 3.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Վրաստանի արևելքում՝ Թբիլիսիից 59 կմ հեռավորության վրա, 3,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Տեղեկությունը հայտնում է Վրաստանի Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնը։

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 00։02-ին։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Դմանիս քաղաքի մոտակայքում` 10 կմ խորության վրա:

Վրաստանում նախորդ երկրաշարժը գրանցվել էր փետրվարի 12-ին (3.1 մագնիտուդ)։

Վերջին շրջանում ամենաուժեղ երկրաշարժը (6,2 մագնիտուդ) Վրաստանում տեղի է ունեցել 2022 թվականի փետրվարին: