«Ոսկու աշխարհ»-ը սկսել է աշխատել

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարությամբ և «Վաղարշ և որդիներ կոնցեռն» ՍՊԸ համապատասխան դիմումի հիման վրա տեսչական մարմնի մասնագետներն ուսումնասիրություն են իրականացրել Երևանի Մ․Խորենացու փողոց 24 հասցեում գտնվող «Վաղարշ և որդիներ կոնցեռն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում՝ տեսչական մարմնի կողմից կայացրած որոշման և սահմանված կարգադրագրի պահանջների կատարումը պարզելու նպատակով։

Արդյունքում պարզվել է, որ ՏՄ-ի կողմից նախկինում տրված կարգադրագրի կետերից վերացվել են արձանագրված այն խնդրահարույց խախտումները, որոնք տեսչական մարմնի կողմից ներկայացվել էին անհապաղ և ամբողջական շտկման, իսկ կարգադրագրում նշված մյուս խախտումները վերացվել են մասամբ, և ներկայումս տնօրինության կողմից դրանց վերացման ուղղությամբ կատարվում են մեծածավալ և ինտենսիվ աշխատանքներ։

Տեսչական մարմինը, ուսումնասիրելով վերոնշյալ հանգամանքները և հաշվի առնելով, որ կատարված աշխատանքների արդյունքում ներկայումս վերացել է հրդեհների առաջացման անմիջական և ուղղակի սպառնալիքը, որոշում է կայացրել թույլատրել «Վաղարշ և որդիներ կոնցեռն» ՍՊԸ հետագա գործունեությունը, ինչպես նաև արձակել նոր կարգադրագիր՝ դեռևս չվերացված խախտումների վերաբերյալ՝ դրա համար սահմանելով հստակ ժամանակացույց։

Վլադիկավկազ-Լարս մայրուղու վրա արգելել են ՌԴ-ից ծանր բեռնատարների ելքը

Ծանր տրանսպորտային միջոցների համար արգելվել Է երթևեկությունը Վլադիկավկազ-Լարս մայրուղու՝ Ռուսաստանի Դաշնությունից ելքի ուղղությամբ։ Դա պայմանավորված է սահմանակից Վրաստանում վատ եղանակով, հաղորդել են Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Հյուսիսային Օսիա-Ալանիայի Հանրապետության հարցերով գլխավոր վարչության մամուլի ծառայությունում, փոխանցում է ТАСС գործակալությունը։

«Վրաստանի տարածքում եղանակային պայմանների վատթարացման, տրանսպորտային միջոցների անվտանգ երթևեկությունն ապահովելու անհնարինության պատճառով, ինչպես նաև հաշվի առնելով Վրաստանի սահմանապահ ոստիկանության հանձնարարականները՝ 2023 թ. փետրվարի 12-ի ժամը 23:55-ից արգելված Է ծանր տրանսպորտային միջոցների երթևեկությունը Վլադիկավկազ-Լարս հատվածում՝ Ռուսաստանի Դաշնությունից ելքի ուղղությամբ», — ասված Է հաղորդագրության մեջ:

Հաղորդագրությունում նշվում է, որ երթևեկությունը կվերականգնվի հատուկ կարգադրությամբ: Ավելի վաղ Վրաստանում ձյան տեղումների պատճառով ծանր բեռնատարների համար փակվել էր նաև Գուդաուրի-Կոբի մայրուղին, որը Ռազմավիրական ճանապարհի մի մասն է:

Սիսիանի հիվանդանոցից Երևան տեղափոխվելու ճանապարհին 13-ամյա աղջնակը շտապօգնության ավտոմեքենայում մահացել է․ shamshyan

Երեկ՝ փետրվարի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամը 06։30-ի սահմաններում «Սիսիան» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Սիսիանի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին, Երասխ գյուղի վարչական տարածքում, իրենց բժշկական կենտրոնից Երևան տեղափոխվելիս, շտապօգնության ավտոմեքենայի մեջ երեխան մահացել է։

Բժիշկը ոստիկաններին ու քննիչներին հայտնել է, որ երեխան ունեցել է «Սուր շնչառական անբավարարվածություն 3-րդ աստիճանի, թոքերի նուկրովիզցիտ, կիստոֆիբրոզ, ցնցումային համախտանիշ» հիվանդություններ։ Դեպքի փաստով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Շղթայական ճանապարհատրանսպորտային պատահար Ստեփանակերտում. մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

Փետրվարի 12-ին ժամը 08:50-ին ոստիկանության ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ «Մենք ենք, մեր սարերը» հուշահամալիրի դիմացի ճանապարհահատվածում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել:

Դեպքի վայր մեկնած ավագ հետաքննիչ Մ. Բաբայանը պարզել է, որ նույն օրը ժամը 08:35-ի սահմաններում, Մաշտոց փողոցի թիվ 12/2 հասցեի դիմացի ճանապարհահատվածում իրար են բախվել Ստեփանակերտ քաղաքի 61-ամյա Ս. Բ.-ի վարած «Նիսսան իքստրաիլ» և Ասկերանի շրջանի Խնձրիստան գյուղի 31-ամյա Է. Ղ.-ի վարած «ՎԱԶ-210740» ավտոմեքենաները։

Այնուհետև, «Նիսսան իքստրաիլ» ավտոմեքենան դուրս գալով հանդիպակած երթևեկելի գոտի` բախվել է ճանապարհի աջ հատվածում կայանված «ԳԱԶ-3110» ավտոմեքենային, ինչի հետևանքով վնասվել են նույն վայրում վերադասավորված կայանված վիճակում գտնվող «ՎԱԶ-21074», «ՈՒԱԶ-3962», «ՎԱԶ-21093» և «ՎԱԶ-210740» ավտոմեքենաները։

Պատահարի հետևանքով «Նիսսան իքստրաիլ» ավտոմեքենայի ուղևոր 64-ամյա Գ.Գ.-ն. մարմնական վնասվածքներով տեղախոխվել է հանրապետական բժշկական կենտրոն։
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը։

Երկիր Նաիրի, երկիր դատախազություն. Վահե Հովհաննիսյան

Հայաստանը վերածվել է մի մեծ դատախազության, մի անվերջանալի քրեական գործի։ Այս իշխանության «Երկիր Նաիրիի» բովանդակությունը հանգեց «երկիր-դատախազությանը»։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը:

Նա նաեւ նշել է. «Հայկական Օրակարգ»-ի շրջանակներում օրերս շատ հետաքրքիր քննարկում ծավալվեց դատաիրավական ամենաթողության և ելքերի շուրջ։ Այսօրվա հայաստանյան գործընթացներին խոշորացույցով հետևող իրավաբաններ էին՝ Լուսինե Սահակյան, Ռոբերտ Հայրապետյան, Ռուբեն Մելիքյան, Բենիկ Գալստյան, Էլինար Վարդանյան։ Ընդհանրական հետևությունն էր.

Նոր ծավալների է հասնում դատաիրավական անօրինականությունը

Պետք է պայքարել։ Դա թակելու է բոլորի դուռը և որևէ կերպ չի սահմանափակվելու իշխանության ցայտուն ընդդիմախոսներով։

Դատաիրավական հրեշը բոլոր երկրներում, բոլոր ժամանակներում ունի ինտենսիվ աճելու հատկություն։ Այն չի սահմանափակվելու «նախկին թալանի» շրջանակներում, դառնալու է (դարձել է) ցանկացած հարց լուծելու գործիք՝ ներիշխանական, ներբիզնեսային, անձնական վատություն անելու և այլն՝ այդպես հասնելով յուրաքանչյուրին։ Դատաիրավական հրեշի անզուսպ աճը միշտ վերջանում է ողբերգությամբ, արյունով ու չմոռացվող թշնամանքով։

Ինչպես պայքարել, ինչպես կասեցնել

Իրավական համայնքի  բազմաթիվ անդամներ անդադար պայքարի մեջ են։ Ոչ միայն լավ մասնագետներ, այլև՝ լավ քաղաքացիներ։ Բայց ինչպես ճակատագրական սխալ է՝ պետության անվտանգությունը միայն բանակի վրա թողնելը, ճիշտ այդպես էլ ռեպրեսիվ համակարգի դեմ պայքարը չի կարելի թողնել միայն իրավական համայնքի վրա։ Դա կարող է բերել ընդամենը կա´մ լոկալ հաջողությունների, կա´մ հերոսական պարտության։ Հրեշին կանգնեցնելու համար, իսկ դատաիրավական ամենաթողությունն ամենաիսկական հրեշն է, պետք է պայքարի և դիմադրության լուրջ համակարգեր ստեղծել՝ քաղաքական, քաղաքացիական, մեդիա, հանրային բազմաթիվ այլ շրջանակներից։

Բայց այստեղ ծագում է հարցը՝ 2018 –ից արդեն անցել է 5 տարի, դա բավարար ժամանակ էր լուրջ համակարգեր ստեղծելու համար. ինչո՞ւ արված չէ։

Անձնակա՞ն, թե՞ համակարգային

Դատաիրավական բեսպրեդելի առաջին ակնառու դրսևորումը Ռ. Քոչարյանի բանտարկությունն էր։ Հեղափոխական վարչապետը հանրահավաքում նշանակում է մեղավոր, հրապարակը ողջունում է, և թափանիվը սկսում է գործել. ՀՔԾ, դատախազություն, իշխանական մեդիա, cheers team-եր, փողով լացողներ, դատավորներ և այլն։ Եվ իհարկե՝ մեծ անվանացանկ մարդկանց, որոնք հասկանում էին ամեն ինչ, բայց խիզախություն չունեցան ճիշտ պահին լինել քաղաքացի և լռեցին։ Այդ հետո, շատ ավելի ուշ, իրավիճակը փոխվելուց հետո նրանցից շատերը հայտնվեցին Քոչարյանի կողքին և փոխադարձ համաձայնությամբ դարձան  համախոհներ, իսկ դժվար պահին հրաժարվում էին կոնտակտի դուրս գալ, ձայն  հանել։ Բայց խոսքը հիմա ավելի կարևոր բանի մասին է։

Ռ. Քոչարյանի բանտարկությունից հետո սկսվեց դատաիրավական հանցագործությունների հաղթարշավը՝ ընդգրկելով արդեն ամենևին ոչ «նախկինների», այլ հաճախ՝ շարքային քաղաքացիների, որոնք համարձակություն են ունեցել ընդդիմանալ գործող իշխանության քայլերին։ Այդ արշավը շարունակվում է առ այսօր։ Հրեշի ընթացքը ողբերգական էր. ճանապարհին տալով մահեր՝ այն ավելի կարծրացավ՝ ձեռք բերելով համակարգային հրեշի կայուն հատկանիշներ։ 

Ինչո՞ւ հինգ տարում չի ստեղծվել այս հրեշի դեմ պայքարի լուրջ համակարգ։ Ինքս այս հարցի պատասխանի վրա երկար եմ մտածել ու հանգել եմ եզրակացության.

2018-ից, երբ սկսվեց դատաիրավական ամենաթողությունը, ամեն մեկը մտածում էր բացառապես իր պաշտպանության մասին։ Յուրաքանչյուրը մտածում էր միայն իր անձնական պաշտպանական համակարգի ստեղծման մասին։ Եվ մարդիկ, ովքեր ունեին թե´ ռեսուրսներ, թե´ բավարար գրագիտություն և այլ հատկանիշներ, այդպես էլ չհանգեցին այն գիտակցությանը, որ պետք է ստեղծել ոչ միայն սեփական անձի պաշտպանության համակարգ, այլև՝ դատաիրավական հրեշի դեմ միասնական դիմադրության։ Ընտրվեց անձնական պաշտպանության, և ոչ՝ միասնական դիմադրության տարբերակը։ Եթե նկատել եք՝ ում դեմ ռեպրեսիաները թուլանում են, ում հարցը այս կամ այն կերպ լուծվում է, դադարում է մտածել ընդհանուր պրոբլեմի մասին։ Սա այն նույն կենցաղային հայի մտածողությունն է, թե՝ իմ դրսի պոլի շորից այն կողմ՝ ինձ չի հետաքրքրում, իմը այդքանն է։ Հենց այդ պատճառով է, որ 5 տարում որևէ լուրջ համակարգ չկարողացանք ստեղծել։ Ու ոչ միայն դատաիրավական բեսպրեդելի դեմ, այլև՝ քաղաքական համակարգ չստեղծվեց, քաղաքացիական կառույցներ չստեղծվեցին։ Մեծ հաշվով, ոչ մի միասնական համակարգ չստեղծվեց։ Ո՞նց կարող է հինգ տարի թափ հավաքել բեսպրեդելը, ու չստեղծվի դրան արդյունավետ դիմակայող համակարգ՝ այն դեպքում, երբ բոլոր ռեսուրսները դրա համար կան։

Շարունակելի

«Համեր»-ի վարորդին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

Քննչական կոմիտեն Հանրապետության հրապարակում երթեւեկության կանոնները կոպտորեն խախտած «Համեր» մակնիշի մեքենայի 25-ամյա վարորդին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան։

Հիշեցնենք, որ փետրվարի 10-ին՝ ժամը 23։00-ի սահմաններում, Երևանի կենտրոնում «Համեր» մակնիշի մեքենայի վարորդը կոպիտ կերպով խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները, չի ենթարկվել պարեկների օրինական պահանջներին, մեքենան վարել է ոստիկանների և քաղաքացիների ուղղությամբ, նրանց կյանքի և առողջության համար վտանգավոր գործողություններ կատարել: Մեքենայի ընթացքը կանգնեցնելու նպատակով գործադրվել է հրազեն անվադողերի ուղղությամբ:

Ավելի ուշ քննչական կոմիտեն հայտնել էր, որ վարորդը պարեկներից գումար էր ուզել՝ մեքենան լիցքավորելու համար, այնուհետեւ սկսել էր անկանոն վարել Հանրապետության հրապարակում: Ավելի ուշ վարորդը ձերբակալվել է:

«Համերի» վարորդը Արարատի մարզի Արարատ քաղաքի բնակիչ 25-ամյա Գեղամ Սահրադյանն է:

Արցախցիները մեծ զոհողությունների գնով շարունակում են կանգուն մնալ, չեն հանձնվում` դրանով խառնելով շատերի խաղաքարտերը. Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանը փորձում է Արցախում իրավիճակը քաղաքականից, տնտեսականից, հումանիտարից բացի հոգեբանական ճգնաժամի հասցնել, այս մասին գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Մեկուսացում, արտաքին աշխարհից տարանջատում, շարժի էական սահմանափակումներ, դեղորայքի, սննդի, վառելիքի բարդություններ, որոնք այսօր արցախցիների առօրյայի ուղեկիցն են դարձել:

Ստեղծված իրավիճակում մարդիկ բավականին նրբազգաց են բոլոր հարցերում` իրենց նկատմամբ ուշադրությունից մինչև արդարության զգացում:

Կողքից մի տեսակ հեշտ է ասել, բայց սա էլ հաղթահարելի է, եթե թունելի վերջում լույսը տեսանելի լինի:

Հայաստանի իշխանության տխմարությունների և միջազգային հանրության ոչ բավարար ջանքերի հետևանքով դիմակայելու, հաղթահարելու ողջ սպասումն ու դժվարություններն արցախցիների ուսերին են:

Արցախցիները մեծ զոհողությունների գնով շարունակում են կանգուն մնալ, չեն հանձնվում` դրանով խառնելով շատերի խաղաքարտերը:

Արցախցիները շարունակում են ապրել իրենց պապենական օջախում, իսկ Արցախը շարունակում է մնալ հայկական ու դա նրա շնորհիվ, որ արցախցու համար հողը սրբություն է, այդ հողի վրա ապրելը ոչ միայն առաքելություն է, այլև հարգանք բոլոր այն նահատակների նկատմամբ, ովքեր ապրել, կռվել ու պայքարել են հանուն այդ հողի», — Facebook-ում գրել է ընդդիմադիր պատգամավորը։

Հնարավորինս տնտեսել էլեկտրաէներգիան, հակառակ դեպքում առաջանում են լուրջ խնդիրներ. «Արցախէներգո»

Ստեփանակերտի մի շարք հատվածներում էլեկտրացանցի շղթայական վթարներ են` կապված գերծանրաբեռնվածության հետ։

«Արցախէներգո» ընկերությունը վթարներից խուսափելու համար հորդորում է տնտեսել էլեկտրաէներգիան:

«Ստեփանակերտ քաղաքի հարգելի բաժանորդներ, քաղաքի մի շարք հատվածներում շղթայական վթարներ են՝ կապված գերծանրաբեռնվածության հետ։ Խնդրում ու հորդորում ենք հնարավորինս տնտեսել էլեկտրաէներգիան, հակառակ դեպքում առաջանում են լուրջ խնդիրներ։ Այս արագությամբ աճող վթարների քանակը ուղղակի անհնարին է դարձնում գոնե հովհարային ժամանակացույցով էլեկտրաէներգիայի մատակարարումը», — ասվում է ընկերության տարածած հաղորդագրությունում։

Արագածոտնի մարզում թունավորումով հիվանդանոց է տեղափոխվել 10 քաղաքացի․ նրանցից 4-ը՝ երեխա. shamshyan.com

Երեկ՝ փետրվարի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ինչպես հաղորդում է shamshyan.com-ը, Սասունիկ գյուղի 33 փողոցի տներից մեկից «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բրիգադները թունավորումով «Աշտարակ» ԲԿ են տեղափոխել 10 քաղաքացու։

Աղբյուրի հաղորդմամբ՝ հիվանդանոց տեղափոխվածներից 4-ը երեխաներ են, 6-ը՝ միջին տարիքի քաղաքացիներ, և նրանք վաղը պիտի մասնակցեին հարսանեկան արարողության։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են հիվանդանոց տեղափոխված անձանց ինքնությունը, ինչպես նաև ինչ հանգամանքներում են նրանք թունավորվել։

Հաղորդվում է, որ հիվանդանոց են տեղափոխվել՝ 35-ամյա Ալիսա Ա․-ն, 9-ամյա Միլենա Մ․-ն, 17-ամյա Սևակ Մ․-ն, 9-ամյա Կարեն Մ․-ն, 16-ամյա Լյովա Մ․-ն, 46-ամյա Քրիստինե Մ․-ն, 45-ամյա Սոնյա Մ․-ն, 39-ամյա Ռիտա Մ․-ն, 35-ամյա Լիլիթ Մ․-ն և 38-ամյա Ծաղիկ Մ․-ն:

Դեպքի փաստով Արագածոտնի մարզի քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Տեառնընդառաջը

Տեառնընդառաջը (Տրնդեզ) Հայ առաքելական եկեղեցու անշարժ տոներից է և նշվում է փետրվարի 13-ին՝ Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնից 40 օր հետո:

Ըստ եկեղեցական ավանդության, երբ Հիսուսին բերում են տաճար, դրա արևելյան կողմի դռները, որոնք նախկինում չէին բացվել, ուժեղ դղրդյունով բացվում են, և մարդիկ իրենց ճրագներով դուրս են գալիս տներից` տեսնելու` ինչու է այսպիսի աղմուկ բարձրացել:

Նրանք ակամայից իրենց ճրագներով լուսավորում են Հիսուսի ճանապարհը դեպի տաճար: Այստեղից էլ առաջացել է «Տեառնընդառաջը», որը նշանակում է Տիրոջն ընդառաջ: Տոնի խորհուրդն էլ Տիրոջն ընդառաջ գնալն է:

Տեառնընդառաջի ծիսական արարողակարգն սկսվում է փետրվարի 13-ի երեկոյան. եկեղեցական օրացույցի համաձայն՝ երեկոյան ժամերգությունից հետո փոխվում է օրը, և փետրվարի 14-ն սկսվում է փետրվարի 13-ի երեկոյից:

Եկեղեցական կարգի համաձայն` տոնի նախօրեին` երեկոյան ժամերգությունից հետո, կատարվում է նախատոնակ, որն ազդարարում է տոնի սկիզբը: Կանոնի համաձայն՝ նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի կարգ` աշխարհի չորս ծագերի, արտերի և այգիների օրհնություն:

Անդաստանին հաջորդում է մոմերի օրհնության արարողությունը: Օրհնված մոմի կրակով էլ վառում է Տեառնընդառաջի խարույկը` որպես Քրիստոսի լույսի խորհրդանիշ: Այդ օրը սովորաբար եկեղեցիների բակում մեծ խարույկ են վառում:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ Տեառնընդառաջի պատարագից հետո Հայոց եկեղեցիներում տեղի է ունենում Նորապսակների օրհնության կարգ: Տեառնընդառաջի տոնին Հայաստանյայց բոլոր եկեղեցիներում մատուցվում է սուրբ պատարագ: