Հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կնազի 2-3 աստիճանով

Հանրապետության տարածքում փետրվարի 11-ի ցերեկն առանձին լեռնային շրջաններում հնարավոր է թույլ ձյուն։ Փետրվարի 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-3 մ/վ: Փետրվարի 13-ին, 15-16-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 12-ի գիշերը կնվազի ևս 2-3 աստիճանով:

Երևան քաղաքում փետրվարի 11-ի ցերեկը առանձին հատվածներում հնարավոր է թույլ ձյուն։ Փետրվարի 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

«Համմեր»-ի վարորդը նախկինում եղել է Նուբարաշենի հոգեբուժարանում, ապա տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը, որտեղից դիմել է փախուստի. shamshyan.com

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Կառավարության շենքերի դռների մոտ երթևեկող և պարեկների օրինական պահանջներին չենթարկված՝ «Համմերի»-ի 25-ամյա վարորդը Գեղամ Սահրադյանն է:

Աղբյուրի հաղորդմամբ՝ նա նախկինում եղել է Նուբարաշենի հոգեբուժարանում, ապա երբ հոգեբուժարանից տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը, նա այդ հիվանդանոցից դիմել է փախուստի։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Արարատի մարզի բնակիչ Գեղամ Սահրադյանը հայտնաբերվել է գիշերը ժամը 03։20-ի սահմաններում Երևանի Խորենացի փողոցում, ժողովորդին հայտնի «Ոսկու աշխարհի» մոտ:

Կարմիր Խաչի միջնորդությամբ՝ շտապ վիրահատության կարիք ունեցող 7 անձ Արցախից տեղափոխվել է Հայաստան

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային և սիրտ-անոթային համակարգի ծանր հիվանդություններով, ինչպես նաև շտապ վիրահատական միջամտություններ պահանջող ախտաբանությամբ 7 անձ այսօր՝ փետրվարի 11-ին, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Այս մասին հաղորդում է Արցախի տեղեկատվական շտաբը:

1 բուժառու, ով պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել է ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողի հետ վերադարձել է Արցախ։

ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։

«Արևիկ» բուժմիավորումում 5 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:

«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 12 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում է։

Մինչ այսօր «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 90 հիվանդ։

Հայ փրկարարները Թուրքիայում փլատակներից ողջ դուրս են բերել 8-ամյա աղջկա

Հայաստանից Թուրքիայի աղետի գոտի մեկնած հայ փրկարարները թուրք փրկարարների հետ Ադըյաման քաղաքում կարողացել են փլատակներից ողջ դուրս բերել 8-ամյա աղջկա։ Այս մասին հայտնել է Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը։

«Հայաստանի փրկարար խումբը Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության խմբի հետ Ադըյամանում ութամյա աղջկա են փրկել։ Զորակցությունը կյանք է»,- գրել է Փայլանը։

Երեկվա Hummer-ը տարիներ առաջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում էր. Տեր Եզնիկը փակագծեր է բացում

Վարորդն իր Hummer մեքենայով երեկ երեկոյան հայտնվել էր Հանրապետության հրապարակում՝ կառավարության մուտքի դիմաց՝ չենթարկվելով ոստիկանության ծառայողների «կանգ առ» հրահանգին եւ մեքենան վարելով հետիոտնի համար նախատեսված վայրով: Իսկ հետեւանքը եղել է այն, որ վրաերթի է ենթարկվել Պարեկային ծառայության Երեւանի գնդի 2-րդ վաշտի հրամանատար Ռոման Միրզախանյանը, վարորդը դիտավորյալ հարվածել եւ վնասել է նաեւ պարեկային երեք եւ քաղաքացիների ութ մեքենայի։ Մեքենայի ընթացքը կանգնեցնելու համար պարեկների կողմից գործադրվել է հրազեն՝ Hummer-ի անվադողերի ուղղությամբ, իսկ վարորդը թողնելով մեքենան Ագաթանգեղոս փողոցի շենքերից մեկի կամարանցման տակ՝ դիմել էր փախուստի: Ոստիկաններն արդեն ձերբակալել են վերոնշյալ վարորդին եւ պարզել, որ Hummer-ը շահագործել է Արարատի մարզի Արարատ գյուղի 1997 թվականին ծնված Գեղամ Սահրադյանի կողմից։ Իսկ թե ով է վարորդը, «Իրավունքը» ուշագրավ մանրամասներ է պարզել Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցու հոգեւոր սպասավոր ՏԵՐ ԵԶՆԻԿ քահանա ՄԱՐԴԻՐՅԱՆԻ հետ զրույցում:

— Տեր հայր, որպես հոգեւորական, ի՞նչ կասեք երեկ երեկոյան Հանրապետության հրապարակում տեղի ունեցած միջադեպի մասին:

— Իրապես զարմացած եմ, որովհետեւ երեկվա կեսգիշերային Երեւանը հիշեցնում էր ամերիկյան մարտաֆիլմ, բայց, փառք Աստծո, որ զոհեր չունեցանք եւ առանց անդառնալի կորուստների ավարտվեց այս միջադեպը: Հետաքրքիրն այն է, որ Արարատի մարզի Արարատ քաղաքում հաշվառվված Hummer-ը սրանից տարիներ առաջ հայտնվել էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մատույցներում: Երեկվա խառնաշփոթի հեղինակի հայրը՝ Արթուր Սահրադյանն, աչքի ընկնող հակաեկեղեցական ակտիվիստներից մեկն էր, որը Մայր Աթոռի շրջակայքում, նույն Hummer-ի միջից «աղոթքներ» եւ անպատեհ խոսքեր ու արտահայտություններ էր հնչեցնում Հայոց Հայրապետի հասցեին, որի գործողություններն օրենքով այդպես էլ չպատժվեցին, իսկ հիմա նույն մեքենայի ղեկին հայտնվել է նրա որդին:

— Կբացե՞ք փակագծերը, թե ինչ նկատի ունեք եւ ի՞նչ քայլերով է ժամանակին աչքի ընկել Գեղամ Սահրադյանի հայրը:

— Երբ «Նոր Հայաստան, նոր հայրապետ» տխրահռչակ շարժումը սկսվեց Սուրբ էջմիածնի եւ Հայոց Հայրապետի դեմ, նույն Hummer-ը մասնակիցն էր այդ ցույցերի, հատկապես էջմիածին քաղաքում: Տեսանյութերը կան տեղադրված Յութուբում եւ երբ ուշադիր նայեցի, տեսա, որ երեկվա «հերոսի» վարած մեքենան եւ տարիներ առաջ Հայրապետի դեմ բողոքի ակցիա իրականացնող մասնակիցներից մեկը, որը նրա հայրն էր, նորից նույն Hummer-ով է: Այսօր առավոտյան արդեն Արարատ քաղաքում խոսում էին, որ երեկվա միջադեպի հեղինակ Գեղամ Սահրադյանի հայրը նույն մեքենայով տարիներ առաջ սանձարձակություններ էր անում Էջմիածնում ՝ «պայքարելով» Հայոց Հայրապետի դեմ, իսկ իր որդին երեկ ապօրինություն էր գործում մայրաքաղաքում: Պետք է նշել, որ Արթուր Սահրադյանը ծայրահեղ կրոնավորություն էր ցուցաբերում եւ ժամանակ առ ժամանակ այդ նույն հակաեկեղեցական խմբով մտնում էին տարբեր եկեղեցիներ ու կոնֆլիկտներ հրահրում: Փաստորեն, ստացվում է, որ «բարեպաշտ» եւ «հավատավոր» հոր պայքարը ոչ թե պիտի լիներ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, այլ՝ սեփական տանը, որպեսզի երեկվա դեպքերին ականատես չլինեինք:

— Ի դեպ, ոստիկանությունից տեղեկացնում են, որ ձերբակալված վարորդի մոտ խուզակության ժամանակ հայտնաբերվել է «Մեթանֆետամին» տեսակի թմրանյութին նմանվող բյուրեղանման զանգված:

— Այն ժամանակ էլ եղան հրապարակումներ, որ այդ հակաեկեղեցականները թմրանյութի ազդեցության տակ էին, երբ ներխուժել էին Մայր Աթոռ: Եթե այն ժամանակ ոստիկաններն ազնիվ մղում ունեցող հավատացյալների ձեռքից խմբով չպաշտպանեին այդ Hummer-ը եւ վարորդին ու մնացյալ մասնակիցներին, որոնք ուղղորդված եկել էին վնասելու ու ոտնակոխելու մեր սրբություններն, այսօր առիթ եւ կարիք չէր նկատվի այդ նույն ոստիկանների կողմից հենց այդ մեքենան հետապնդելու: Հետեւապես, եթե ժամանակին որեւէ ապօրինություն կանխվի օրենքի ուժի համաձայն, ապա հետագայում չենք ճաշակի դրա դառը պտուղները: Ժամանակի թողտվության արդյունք էր երեկվա միջադեպը, որովհետեւ եթե հոր գործած մեղքը կանխվեր, այսօր որդին չէր ընկնի նման պատմության մեջ:

«Պետք է դիմահար կրակով ոչնչացնեին հենց բարձրացավ մայթի վրա». Արսեն Թորոսյանը՝ «Համեր»-ի վարորդի մասին

Առողջապահության նախկին նախարար, ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան մեկնաբանություն է թողել, որում առաջարկում է նախօրեին աղմկահարույց միջադեպի վարորդի ուղղությամբ կրակոց արձակել:

«Պետք է դիմահար կրակով ոչնչացնեին հենց բարձրացավ մայթի վրա՝ կվիրավորվեր, թե կզոհվեր, կարևոր չի»,- ֆեյսբուքյան մեկնաբանությունում գրել է Թորոսյանը։

Փետրվարի 10-ին՝ ժամը 23.30-ի սահմաններում, «Համեր» մեքենայի վարորդը հանդիպակաց երթևեկել է Աբովյան փողոցում, չի ենթարկվել ոստիկանության ծառայողների «կանգ առ» ազդանշանին, մեքենան վարել է հետիոտնի համար նախատեսված վայրով, վրաերթի է ենթարկել պարեկի, դիտավորյալ հարվածել և վնասել է պարեկային 3 և քաղաքացիների 8 մեքենաներ։ Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:

Այս ամենը կանխելու և մեքենայի ընթացքը կանգնեցնելու համար գործադրվել է հրազեն «Համերի» անվադողերի ուղղությամբ։ Վարորդը թողնելով մեքենան Ագաթանգեղոս փողոցի շենքերից մեկի կամարանցման տակ՝ դիմել է փախուստի:

63 տարեկանում մահացել է Երևանի Պետական Տիկնիկային թատրոնի դերասան Ռոբերտ Սարգսյանը

63 տարեկանում մահացել է Երևանի Պետական Տիկնիկային թատրոնի դերասան Ռոբերտ Սարգսյանը։

Ռոբերտ Սարգսյանը ծնվել է 1960 թվականի փետրվարի 3-ին, ՀՀ Լոռու մարզի Դսեղ գյուղում: 1967-77 թվականներին սովորել է Դսեղի Հ. Թումանյանի անվան միջնակարգ դպրոցում, 1976-78 թվկաններին` Վանաձորի Հ.Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնին կից թատերական ստուդիայում: 1978-79 թվականներին աշխատել է Վանաձորի քիմիական գործարանում, 1981-83թթ` Երևանի ավտոդողերի գործարանում: 1983-87թթ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի թատերական ֆակուլտետի դերասանական բաժնում և ստացել է դրամատիկ թատրոնի և կինոյի դերասանի մասնագիտություն:

1987 թվականից աշխատում է Երևանի Հ.Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում` որպես տիկնիկավար-դերասան: 1988-89թթ թատրոնին զուգահեռ աշխատել է «Թատրոն անիվների վրա» շրջիկ թատերախմբում: 1988-95 թվականներին Հայաստանի ազգային հեռուստաընկերությամբ վարել է «Հեքիաթն է կանչում», 1988-92 թվականներին` «Ճանապարհներ» հաղորդաշարերը: 1992թ-ից աշխատում է նաև «Ունիմա» տիկնիկային գործիչների միջազգային միության հայկական կենտրոնում` որպես դերասան: Ունեցել է շուրջ 100 դերակատարումներ մի շարք ներկայացումներում, որոնցից են` Հ.Թումանյանի «Պոչատ աղվեսը», «Քեֆ անողին քեֆ չի պակսիլ», «Շունն ու կատուն», «Խոսող ձուկը», «Հայի բախտ», «Սուտլիկ որսկանը» (Պոչատ աղվես, Մունետիկ, Սպասավոր, Վեզիր, Ատաղձագործ, Կատու, Խոսող ձուկ, Տղա, Անխելք մարդ, Հադի-Հուդի), Ռ.Մարուխյանի «Ամենից լավ տունը» (Խլուրդ, Արջուկ), Ս.Զորյանի «Կարմիր արագիլը» (Ջուր վաճառող տղա), Ա.Պուշկինի «Ոսկե ձկնիկը» (Սկոմորոխ), Վ.Այգեկցու «Դում-դում իմաստունը և անգետները» (Դում-դում իմաստուն), Մ.Գորկու «Ճնճղուկը» (Վարող դերասան, Հայր ճնճղուկ), Վոլկովի «Բեթղեհեմի աստղի տակ» (Քաղաքացի, Գյուղացի, Հովիվ, Մոգ), Ս.Գասպարյանի «Ճանապարհային արկածներ» (Գայլ), Ղ.Աղայանի «Անահիտ» (Հեքիաթասաց), Վ.Շեքսպիրի «Սխալների կատակերգություն» (Ոսկերիչ, Բժիշկ), Դ.Դեմիրճյանի «Քաջ Նազար» (Ծերունի, Մունետիկ), Ա.Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» (Օձ), Պ.Զեյթունցյանի «Ոտքի, դատարանն է գալիս» (Շերիֆ փաշա), Գ.Մահարու «Ծաղկած փշալարեր» (Բժիշկ) և այլն:

Նկարահանվել է «Ընտրություն» (2000թ.), «Կիկոսի մահը» (2008թ.), «Մոսկվիչ` իմ սեր» (2012թ.), «Հատուկ բաժին-18» (2013թ.), «Հյուսիս-Հարավ» (2015թ.) ֆիլմերում: Մասնակցել է բազմաթիվ փառատոների, հյուրախաղերով հանդես եկել մի շարք երկրներում` Լատվիա, Իրան, Ռուսաստան, Բելոռուս, Բուլղարիա, Հնդկաստան, ԱՄՆ: 2006թ. արժանացել է «Ունիմա» տիկնիկային գործիչների միջազգային միության հայկական կենտրոնի պատվոգրի, 2011 թ.` ՀՀ մշակույթի նախարարության շնորհակալագրի:

Հայաստանն ու Արցախ աշխարհը հպատակեցված չեն

Ուզում եմ անդրադառնալ նաիրի հոխիկյաններին և այն լատենտ նիկոլականներին, ովքեր նիկոլի հետ միասին իրականում ստանձնել են ստի ու խաբեության, բևեռացված հասարակություն ունենալու,«ամեն ինչում նախկիններն են մեղավոր»թեզի տարածումը:
նաիրի հոխիկյանն էր, որ գալիս դոշ էր ծեծում իր ասած նախկինների հանրահավաքներին, մի քանի լայքի համար բարձրանում բեմահարթակ և «մեծ֊մեծ» ելույթներ ունենում։
Թե´ նրա գրառումներին, թե´ լայվերին հետևող մարդկանց մոտ արդարացի հարց է առաջանում.«նաիրի հոխիկյան, եթե դու ազնիվ էիր, ապա ինչու՞ այս թեզերը չէիր գեներացնում այն բեմահարթակներից, որոնց առջև կանգնած էին տասնյակ հազարավոր մարդիկ, ովքեր եկել էին փրկելու հայրենիքը կամ դիմադրելու այս դավադիր իշխանությունների ազգակործան ծրագրերին»։
Շատ չծավալվելու համար, հարկ եմ համարում նշել, նաիրի հոխիկյանները, ովքեր որդեգրել են այն թեզը, որ քաղաքականությունը պոռնկություն է և այդպես էլ ապրում են` կյանքի կոչելով այն, թող իմանան, որ կան մարդիկ, կան կուսակցություններ, ովքեր մերժում են այդ թեզը և կյանքի են կոչում այլ ուղղություններ. ուղղություն, ըստ որի Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, ուղղություն, որում Հայաստանն ու Արցախ աշխարհը հպատակեցված չեն, անկախ են և ուղղած մեջքով, ուղղություն, որը Հանրապետական կուսակցությունը որդեգրել է իր գոյության առաջին իսկ օրվանից և բոլոր հանրապետականները պայքարի ջահը ձեռքներին սերնդեսերունդ փոխանցել են այս պատգամը.«Լինել հայրենասեր, ծառայել հայրենիքին և չլքել այն խրամատը, որը պահում է Հայոց պետականությունը»։

«Համեռ»– ի վարորդը ենթադրաբար եղել է թմրանյութի ազդեցության տակ. Քննչական կոմիտեն մանրամասնում է

2023թ․ փետրվարի 11-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունից ՀՀ ՔԿ Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ փետրվարի 10-ին` ժամը 23։30-ի սահմաններում, Հանրապետության հրապարակում Պարեկային ծառայության ծառայողներին է մոտեցել «Համեռ» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը մեքենան լիցքավորելու համար գումար է ապահանջել պարեկներից։

Մերժում ստանալուց հետո, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով հասարակության նկատմամբ, վարորդը  մեքենան վարել է Աբովյան փողոցով՝ երթեւեկությանը հանդիպակաց, չի ենթարկվել ոստիկանության ծառայողների` «կանգ առ» ազդանշանին, մեքենան շարունակել է վարել Արամի, Փ.Բյուզանդի, Վ.Սարգսյանի, Ագանթագեղոսի, Տիգրան Մեծի, Ամիրյան փողոցներով, այդ թվում նաեւ` հետիոտնի համար նախատեսված վայրով՝ դիտավորյալ վնասելով փողոցներում կայանված թվով 8 քաղաքացիական մեքենաներ։ Այնուհետեւ նա երթեւեկել է ՀՀ Կառավարության վարչական շենքի հանդիպակաց՝ ոչ երթեւեկելի հատվածով, որտեղ, շարունակելով չենթարկվել պարեկային ծառայության օրինական պանաջին, վրաերթի է ենթարկել Պարեկային ծառայության աշխատակցին, դիտավորյալ վնասել Պարեկային ծառայության թվով 3 ավտոմեքենա։

Այդ գործողությունները կանխելու համար պարեկային ծառայողներն իրենց ամրակցված ատրճանակներով մոտ տարածությունից` մի քանի անգամ կրակել են վերոհիշյալ ավտոմեքենայի անվադողերի ուղղությամբ՝ փորձելով կանգնեցնել այն, սակայն վարորդը շարունակել է երթեւեկությունը, խույս տալով պարեկներից` մեքենան թողել է Երեւան քաղաքի Ագաթանգեղոս 7-րդ շենքի կամարանցման տակ եւ դիմել փախուստի:

2023թ․փետրվարի 11-ին քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով, 452-րդ հոդվածի 3-րդ մասով եւ 264-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Նախաքննության ընթացքում վերոհիշյալ փողոցներում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են կրակված պարկուճներ, «Համեռ» մակնիշի ավտոմեքենայի դիմացի հաշվառման համարանիշը, վնասված անվադողի կտորներ։ Իսկ «Համեռ» մակնիշի ավտոմեքենան, ինչպես նաեւ պարեկային ծառայության եւ քաղաքացիներին պատկանող մեքենաները զննվել ու տեղափոխվել են հատուկ պահպանվող տարածք:

Վկայի եւ տուժողի դատավարական կարգավիճակներով հարցաքննվել են պարեկային ծառայության մի շարք աշխատակիցներ:

Վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ «Համեռ» մակնիշի ավտոմեքենան պատկանում է Արարատի մարզի բնակչի, ով փետրվարի 11-ին` ժամը 01:40-ին, ձերբակալվել եւ ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:

Քննությամբ պարզվել է, որ «Համեռ» մակնիշի ավտոմեքենան վարել է վերջինիս որդին՝ Գ․Ս․-ն, ով եղել է ենթադրաբար թմրանյութի ազդեցության տակ: Տեղյակ լինելով որդու թմրամոլ լինելու մասին` հայրն ավտոմեքենայի բանալիները թաքցրել է նրանից, սակայն երիտասարդը փնտրել ու գտել է ավտոմեքենայի պահեստային բանալին, որից հետո ավտոմեքենայով մարզից եկել է Երեւան քաղաք եւ օգտագործել թմրամիջոց:

Փետրվարի 11-ին՝ ժամը 03:20-ին, Երեւան քաղաքում խուլիգանություն, պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու, գույքի դիտավորյալ վնասում կատարելու եւ թմրանյութ պահելու հիմնավոր կասկածով ձերբակալվել ու վարույթն իրականացնող մարմին է ներկայացվել Արարատի մարզի Արարատ գյուղի բնակիչ, 1997թ․ ծնված Գ․Ս․-ն:

Վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ընդհանուր 1,9 գրամ քաշով թղթի մեջ փաթեթավորած բյուրեղանման «Մեթամֆետամին» տեսակի թմրանյութին նմանվող զանգված:

Գ.Ս․-ն տվել է ինքնախոստովանական ցուցմունք։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բավրայի, Աղվանի-Տաթև, Սիսիան-«Զանգեր» ճանապարհներին մերկասառույց է. Սյունիքում և Աշոցք գյուղում մառախուղ է

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

ՆԳՆ փրկարար ծառայությունից  հայտնում են, որ փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Արագածոտնի մարզի, Բավրայի, Աղվանի-Տաթև, Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Սյունիքի մարզում և Աշոցք գյուղում մառախուղ է։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։