Սա քաղաքական հետապնդման դրսևորում է, ՊՆ ծառայածս 18 ամիսներից յուրաքանչյուրում բանակի համար արել եմ ավելին, քան կապիտուլյանտ ողջ վարչակազմը՝ 5 տարում․ Վիգեն Սարգսյան

Սա քաղաքական հետապնդման դրսևորում է, ՊՆ ծառայածս 18 ամիսներից յուրաքանչյուրում բանակի համար արել եմ ավելին, քան կապիտուլյանտ ողջ վարչակազմը՝ 5 տարում:

Ֆեյսբուքյան իր էջում գրել է պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը՝ անդրադառնալով իր նկատմամբ քրեական հետապնդում սկսելուն․

«Հրապարակե՛ք բնակարաններ ստացածների ցանկն` յուրաքանչյուրի մարտական ուղին և վաստակը նշելով, և նրանց ցանկը, որոնց իրավունքները հսկող դատախազի կարծիքով խախտվել են: Նողկալի է:

Տեղեկատվություն տարածվեց 2019-ի սեպտեմբերից չարչրկվող` ՊՆ բնակարանների բաշխման գործընթացում իբր առկա չարաշահումների հիմքով ինձ և ՊՆ հինգ պաշտոնյաների որպես մեղադրյալ ներգրավելու՝ հսկող դատախազի որոշման մասին:

Իմ բոլոր կարգավիճակներում, առավել ևս՝ որպես պաշտպանության նախարար, մշտապես ծառայել եմ ազնվորեն՝ առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ամրապնդման, մեր ազգային շահերի առաջմղման նպատակով: Դա հայտնի է բոլորին, ում հետ առնչվել եմ գործի բերումով:

Պաշտպանության նախարար ծառայածս 18 ամիսներից յուրաքանչյուրում Զինված ուժերի մարտունակության բարձրացման և բանակի ուժեղացման համար արել եմ ավելին, քան փաշինյանական կապիտուլյանտ ողջ վարչակազմը՝ այս հինգ տարիների ընթացքում:

Այդ 26 բնակարանների բաշխման գործառույթն, որն իմ պաշտոնական բոլոր լիազորություններից երևի թե ամենաաննշանն էր իր ծավալով և հանրային կարևորության առումով, իրականացվել է օրենքի պահանջին համապատասխան` հիմք ընդունելով բնակարան ստացողների անցած մարտական ուղին և վաստակը:

Երկարաշունչ անհեթեթության փոխարեն պետք է հրապարակել բնակարաններ ստացածների ցանկը` յուրաքանչյուրի մարտական ուղին և վաստակը նշելով, և նրանց ցանկը, որոնց իրավունքները հսկող դատախազի կարծիքով խախտվել են: Վստահ եմ, այդքանը բավարար կլինի թեման սպառված համարելու համար: Պարզապես նողկալի է:

Զավեշտ է, որ դատախազությունը, ինձ հետ կապ հաստատելու որևէ ջանք չգործադրելով, թեև ես բազմիցս հայտնել եմ իմ հեռախոսահամարի, էլ. փոստի անփոփոխ լինելու և իմ գտնվելու վայրի մասին, զրկել է ինձ օրինական իրավունքներս պաշտպանելու հնարավորությունից:

Սա ոչ այլ ինչ է, քան քաղաքական հետապնդման դրսևորում և մարդու իրավունքների բացահայտ ոտնահարում, ինչպես դա արդեն բացահայտորեն արվում է տարիներ շարունակ բոլոր ընդդիմադիրների նկատմամբ: Այս պարագայում, նաև ազդակ է երկրի պաշտպանությունը բացահայտորեն տապալած հանցագործների կողմից` իմ Հայաստան վերադառնալու անցանկալիության մասին:

Դա նոր ազդակ չէ, պարզապես թարմացվում է` առաջիկա շատ վտանգավոր զարգացումների ֆոնին»:

Հայաստանի ԱԻՆ աշխատակիցները Սիրիայում երեք մարդու են փրկել

Երկրաշարժից տուժածներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով ժամանած փրկարարները Հալեպում օգնել են երեք հոգու փրկել։

Արաբական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հայ փրկարարների գործողությունների արդյունքում փլատակների տակից դուրս է բերվել 33 մահացածի դի։

Հիշեցնենք, որ 29 հայ փրկարարներ ժամանել են Հալեպ՝ աղետի գոտում փրկարարական աշխատանքներ իրականացնելու համար։

Սամվել Ալեքսանյանի կինը պաշտոն ունի

Փետրվարի 8-ին ձևավորվել է Հայ-ռուսական գործարար խորհուրդը, որի համանախագահ Հայաստանի կողմից ընտրվել է «Երևան սիթի»-ի տնօրենների խորհրդի նախագահ Շողերինա Մկրտչյանը (հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանի կինն է-խմբ), իսկ Ռուսաստանի կողմից՝ «Wildberries» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Տատյանա Բակալչուկը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ Էկոնոմիկայի նախաար Վահան Քերոբյանը։

«Խորհուրդը ստեղծվել է գործարար ոլորտում հայ-ռուսական փոխգործակցության ընդլայնման ու դիվերսիֆիկացման, երկկողմ հարաբերություններում առկա խնդիրների վերլուծության և խոչընդոտների վերացման, համատեղ հանդիպումների ու կոնֆերանսների միջոցով երկխոսության խորացման նպատակով»,–հայտնում է նախարարը։

Եղանակը Հայաստանում․ գիշերը ջերմաստիճանը կնվազի

Փետրվարի 10-ին Հայաստանի առանձին հատվածներում սպասվում է թույլ ձյուն եւ մառախուղ։ Քամին՝ հարավ-արեւելյան՝ 2-5 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը շաբաթվա վերջին գիշերն աստիճանաբար կնվազի եւս 3-5 աստիճանով։ Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում առաջիկա գիշերը կլինի -5-7, վաղը ցերեկը՝ +1+3:

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ -15-20, ցերեկը՝ -5-9,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -15-19, ցերեկը՝ -5-7,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ -8-11, ցերեկը՝ -2+1,

Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ -15-20, ցերեկը՝ -5-9,

Լոռիում՝ գիշերը՝ -14-19, ցերեկը՝ -1-5,

Տավուշում՝ գիշերը՝ -4-8, ցերեկը՝ -1 + 3,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -17-20, ցերեկը՝ -5-9,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ -8-11, ցերեկը՝ -3 + 1,

Արարատում՝ գիշերը՝ -4-6, ցերեկը՝ +1 + 4,

Արմավիրում՝ գիշերը՝ -5-8, ցերեկը՝ +1 + 4,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -14-18, ցերեկը՝ -4-6,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ -3-7, ցերեկը՝ +1+3,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ -3-7, ցերեկը՝ 0 + 4,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ -12-17, ցերեկը՝ -2-4,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ -2-5, ցերեկը՝ 0 + 5:

Մեքսիկայի Սենատը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Մեքսիկայի Սենատը փետրվարի 8-ին ընդունել է փաստաթուղթ, որով ճանաչում է Հայոց ցեղասպանությունը՝ վկայակոչելով մարդու համընդհանուր իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը։

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Մեքսիկայում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրությունից: Միաժամանակ, Սենատը հորդորում է Արտաքին հարաբերությունների քարտուղարությանը՝ աջակցել Մեքսիկայի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչմանը։

Կարմիր խաչի միջնորդությամբ Արցախից եւս 7 բուժառու տեղափոխվել է Հայաստան

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային և սիրտ-անոթային համակարգի ծանր հիվանդություններով, ինչպես նաև շտապ վիրահատական միջամտություններ պահանջող ախտաբանությամբ 7 անձ այսօր՝ փետրվարի 9-ին, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։

ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։

«Արևիկ» բուժմիավորումում 8 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:

«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 9 բուժառու գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում են։

Մինչ այսօր «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան են տեղափոխվել ընդհանուր 83 հիվանդ։

Հնարավորություն ենք տալու, որ կանայք կամավորության հիմունքներով 6 ամիս ժամկետային զինծառայություն անցնեն. Փաշինյան

Մենք հնարավորություն ենք տալու, որ կանայք կամավորության հիմունքներով 6 ամիս ժամկետային զինծառայություն անցնեն, որից հետո էլ «Պաշտպան հայրենյաց»-ի տրամաբանությամբ կարող են անցնել ավելի երկարաժամկետ պայմանագրային զինծառայության, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կանանց զինվորական ծառայության անցնելու մասին նախագծին:

«Ճի՞շտ եմ հասկացել, որ նախագիծն արդեն շրջանառության մեջ է», — Պաշտպանության նախարարից հետաքրքրվեց վարչապետը։
«Նախագիծը շրջանառության մեջ է դրվել: Տեղադրված է e-draft համակարգում, բոլորը կարող են ծանոթանալ», — ասաց Սուրեն Պապիկյանը՝ հավելելով, որ ամեն ինչ կանեն՝ ձմեռային զորակոչին հասցնեն։

Արցախում հովհարային անջատման ժամանակացույցում փոփոխություններ կլինեն․ Արցախէներգո

Օդային գծերի վրա առկա բեռը թեթևացնելու նպատակով հովհարային անջատման ժամանակացույցում փոփոխություններ են մտցվում։ Այս մասին հայտնում է Արցախէներգո ՓԲԸ-ն։

«Տեղեկացնում ենք, որ գազամատակարարման բացակայության պատճառով, օդային գծերի վրա առկա բեռը թեթևացնելու նպատակով, փետրվարի 9-ի ժամը 16։00-ից գործող հովհարային անջատման ժամանակացույցում փոփոխություններ են մտցվում։

Նոր ժամանակացույցով կպահպանվի յուրաքանչյուր բաժանորդի օրական 6 ժամյա անջատումը, սակայն 3 անգամ 2-ական ժամ անջատման փոխարեն այսուհետ խմբերը կանջատվեն օրական 6 անգամ 1-ական ժամով։

Նոր ժամանակացույցը շուտով կհրապարակվի», — ասված է հաղորդագրության մեջ։

Վթարի պատճառով 9 ժամ ջուր չի լինելու Արարատի մարզում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 9-ին ժամը 11:00-20:00 կդադարեցվի Արարատի մարզի Մասիս քաղաքի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Երկրաշարժ Ինդոնեզիայում

Հինգշաբթի օրը 5,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ինդոնեզիայում, տեղեկացրել է Եվրոպա-Միջերկրածովյան սեյսմիկ կենտրոնը (EMSC)։

Կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժը գրանցվել է UTC ժամանակով ժամը 06.28-ին։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Ջայափուր (Պապուա ինդոնեզական նահանգ) քաղաքից 10 կիլոմետր հեռու։ Օջախը գտնվել է 43 կիլոմետր խորության վրա։

Տուժածների եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։