Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Սիրիայի նախագահին

Փետրվարի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցել է Սիրիայի Հանրապետության նախագահ Բաշար Ալ Ասսադին՝ տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով բազմաթիվ զոհերի ու ավերածությունների կապակցությամբ:

Իր ցավակցագրում Նորին Սրբությունը մխիթարություն ու սփոփանք է մաղթել անմեղ զոհերի վշտակիր հարազատներին և շուտափույթ ապաքինում վիրավորներին։

Հայոց Հայրապետը հայցել է, որ Բարձրյալն իր օրհնության ներքո պահի բարեկամ Սիրիային՝ պագևելով խաղաղ ու ապահով օրեր:

Երուսաղեմի Հայոց պատրիարքը խնդրել է, որ Վլադիմիր Պուտինի անմիջական միջնորդությամբ հնարավորինս շուտ բացվի Բերձորի միջանցքը

Փետրվարի 6-ին Երուսաղեմի հայոց պատրիարքարան է այցելել Իսրայելում Ռուսաստանի Դաշնության դեսպան Անատոլի Վիկտորովը և հանդիպում ունեցել Ն.Ա.Տ. Նուրհան Պատրիարք Մանուկյանի հետ, այս մասին հայտնել է  Երուսաղեմի հայոց  պատրիարքարանի դիվանապետ Աղան աբեղա Գոգչյանը։

Հանդիպման ընթացքում Պատրիարք Սրբազան Հայրը դեսպանին խնդրել է, որ իր խնդրանքը փոխանցի Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, որպեսզի նրա անմիջական միջնորդությամբ հնարավորինս շուտ բացվի Բերձորի միջանցքը և Ադրբեջանից մայր հայրենիք վերադարձվեն մեր ռազմագերիները

Ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ. ՆԳՆ

ՆԳՆ սեյսմիկ ծառայությունը  ուղեցույց է մշակել, թե ինչ պետք է անել երկրաշարժի ժամանակ: 

Ուղեցույցում մասնավորապես ասվում է`

– Հիշեք‚ որ նույնիսկ ավերիչ երկրաշարժի դեպքում շենքերը միանգամից չեն փլուզվում։ Գյումրիի (9 բալ) ավերածությունների վերլուծությունը ցույց տվեց‚ որ 10 հարկանի շենքերը սկսել են փուլ գալ առաջին ցնցումից 10-12վրկ․ հետո։ Դա այն ժամանակն է‚ որի ընթացքում փրկվելու համար որոշակի գործողություններ կկարողանաք ձեռնարկել։

– Հիշեք‚ որ երեխաները‚ ծերերը և հիվանդները ձեր օգնության կարիքն ունեն։ Նրանց կարիքները հոգալով՝ դուք չեք երկյուղի ձեր կյանքի համար և կարող եք ավելի հավասարակշռված գործել։

– Հիշեք‚ ձեզ որոնում են և ձեր փրկության համար կօգտագործվեն բոլոր հնարավորությունները։

Եթե երկրաշարժի ժամանակ շենքում եք

ա․ եթե բարձրահարկ շենքի 1-ին և 2-րդ հարկերում եք‚ աշխատեք անհապաղ դուրս գալ շենքից‚ հեռացեք դեպի բաց տարածություն‚

բ․ եթե գտնվում եք 3-րդ և ավելի բարձր հարկերում‚ շենքից դուրս մի եկեք‚ աստիճաններն ու սանդղակները խցանված կլինեն խուճապահար մարդկանցով‚ վերելակները կարող են անջատվել ցանկացած պահի։ Բացի դրանից‚ առաջին հերթին‚ սովորաբար‚ փլվում են աստիճաններն ու սանդղակավանդակները։

գ․ կարելի է կանգնել շենքի միջին մասի հիմնական կրող պատերի‚ նրանցով կազմված անկյունների‚ այդ իսկ պատերում դռան բացվածքների և հենասյուների մոտ՝ գլխավերևում պահելով աթոռ‚ պայուսակ կամ այլ համապատասխան իր՝ վերևից թափվող ծեփակտորներից պաշտպանվելու համար։ Կարելի է նաև մտնել տարածքում գտնվող մահճակալի կամ սեղանի տակ‚

դ․ պատուհաններից և շենքի արտաքին պատերից հեռու մնացեք‚ դրանք փլվում են առաջին հերթին՝ փշրվող առարկաներից չվնասվելու համար‚

ե․ զգուշացեք ծանր ու մեծածավալ առարկաներից՝ պահարաններից‚ սառնարաններից‚ որոնք կարող են տեղաշարժվել և շրջվել‚

զ․ ցնցումների ավարտից հետո փորձեք դուրս գալ շենքից՝ նախապես որոշված ճանապարհով‚

է․ շենքից դուրս գալուց զգուշացեք ընկնող բեկորներից‚ կոտրատված ապակիներից‚ կտրված էլեկտրալարերից‚

ը․ փլուզումներից առաջացած փոշուց կարող եք շնչահեղձ լինել։ Այդ իսկ պատճառով շնչելիս օգտագործեք թաշկինակ‚ գլխաշոր կամ հագուստից պոկված մի կտոր։

Եթե երկրաշարժի ժամանակ գտնվում եք փողոցում

ա․ հեռացեք շենքից‚ կամուրջներից և էլեկտրասյուներից հեռու‚ դեպի անվտանգ

տարածություն,

բ․ երբեք շենք չմտնեք այնտեղ գտնվողներին դուրս բերելու համար․ դա շատ վտանգավոր է։ Մնացեք դրսում միաժամանակ փնտրեք նրանց օգնելու տարբերակներ։

Եթե երկրաշարժի ժամանակ գտնվում եք ընթացող տրանսպորտում

Երբ սկսվում է ուժեղ երկրաշարժը‚ դուք չեք կարող տիրապետել ղեկը։ Տպավորությունն այնպես է‚ կարծես թողել է մեքենայի անիվը։ Այդ ընթացքում‚ որպեսզի համոզվեք‚ որ դուք չեք հարվածել որևէ այլ մեքենայի կամ էլ ձեզ չեն հարվածել‚ դանդաղեցրեք ավտոմեքենայի ընթացքը և շարժվեք ճանապարհի աջ կողմով։ Կանգ առեք համեմատաբար բաց տարածությունում՝ կամուրջներից‚ բարձրահարկերից և էլեկտրասյուներից հեռու։ Մնացեք մեքենայում‚ հետևեք մեքենայի ռադիոընդունիչով տրվող տեղեկատվությանը և գործեք համաձայն դրա։

Բոլոր մեքենաների մուտքը դեպի աղետի գոտի խստիվ արգելվում է‚ բացի մասնագիտացված տեխնիկայից‚ փրկարարական ջոկատներից‚ հրշեջ խմբերից և շտապ օգնությունից։

Եթե մետրոյում եք

Եթե մետրոն ռմբակոծության ժամանակ ապահով ապաստարան է‚ ապա ուժեղ երկրաշարժի դեպքում այն նույնքան վտանգավոր է։

Այդ դեպքում՝

ա․ խուճապի մի մատնվեք և առաջահերթ ապահովեք ձեր անվտանգությունը,

բ․ Ցնցման ժամանակ ամուր բնռվեք որևէ առարկայից‚ օրինակ ուղեբեռի դարակից և երկաթե ձողերից այնպես‚ որ չընկնեք,

գ․ 5 բալանոց երկրաշարժի ժամանակ հոսանքը կանջատվի‚ գնացքը ժամանակավորապես կկանգնի‚ մետրոյի կանգառում ինքնաբերաբար կմիանան վթարային լամպերը,

դ․ դեպի ելքերը գնալը վտանգավոր է‚ և կարող է խուճապ առաջացնել։

Հետևեք կայարանի բարձրախոսով տրվող ցուցումներին։

 Եթե արթնացել եք ստորգետնյա ցնցումներից

ա․ Ոչ մի դեպքում չօգտվեք էլեկտրականությունից‚ չօգտագործեք լուցկի կամ գազայրիչ (գազատարը կարող է վնասված լինել)։

Օգտվեք միայն գրպանի լապտերից։

բ․ Հագնվելու վրա ժամանակ մի վատնեք‚ արագ վերցրեք ամենաանհրաժեշտ իրերով պայուսակը‚ գործեք բաժնի նախորդ կետերում նշված կանոնների համաձայն:

Եղանակը Հայաստանում

Փետրվարի 7-ին Հայաստանի շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն եւ մառախուղ, ճանապարհներին՝ մերկասառույց: Օդերեւութաբանները լեռներում կանխատեսում են բուք եւ ցածր տեսանելիություն ճանապարհներին, իսկ հովտային շրջաններում տեղումներ՝ թաց ձյան տեսքով։ Առանձին վայրերում սպասվում է հարավարեւելյան քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ։  Երեւանում սպասվում է թաց ձյուն։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի 0 + 2, վաղը ցերեկը՝ + 3 + 5։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ -3-6, ցերեկը՝ -3 + 1,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -3-5, ցերեկը՝ 0-2,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ -1+1, ցերեկը՝ +1+3,

Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ -3-8, ցերեկը՝ 0-4,

Լոռիում՝ գիշերը՝ -2-7, ցերեկը՝ -2 + 1,

Տավուշում՝ գիշերը՝ 0-4, ցերեկը՝ 0 + 4,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -3-5, ցերեկը՝ 0-3,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +1+4,

Արարատում՝ գիշերը՝ 0 + 3, ցերեկը՝ + 4 + 7,

Արմավիրում՝ գիշերը՝ -1 + 2, ցերեկը՝ + 3 + 6,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -3-5, ցերեկը՝ 0-2,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +1 + 3, ցերեկը՝ + 3 + 5,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ -1 + 3, ցերեկը՝ + 7 + 11,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ -1-3, ցերեկը՝ +2 + 6,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ -2 + 3, ցերեկը՝ + 5 + 9։

Երկրաշարժի ժամանակ մահացել է Սիրիայի վարչապետի քույրը

Սիրիայի վարչապետ Հուսեյն Առնուսի քույրը եկրաշարժի հետեւանքով մահացել է, հաղորդում է Al Watan-ը։

Հրատարակության տվյալներով՝ Նասուբ Առնուսին իր երեխաների ու թոռների հետ հայտնաբերել են Համայում փլուզված շենքի փլատակների տակ։

Սիրիայում և Թուրքիայում երկրաշարժից տուժած, օժանդակության կարիք ունեցող ՀՀ քաղաքացիների համար գործում է ԱԳՆ թեժ գիծը

Փետրվարի 6-ին Սիրիայում և Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների առկայության վերաբերյալ տեղեկատվություն ստանալու, ինչպես նաև օժանդակության կարիք ունեցող ՀՀ քաղաքացիների համար գործում է ԱԳՆ թեժ գիծը: 

Թեժ գիծը գործում է հետևյալ հեռախոսահամարով

Ֆիքսված հեռախոսահամար՝ +374 60 620 111

Բջջային (WhatsApp, Viber)` +374 55 620 111

Էլ-փոստ՝ hotline@mfa.am

Մենք գիտենք՝ Ալիևի ցանկությունն է, որ ողջ հայությունը դուրս գա Արցախից․ Սա ցեղասպանության ձև է․ Ֆրենկ Փալոն

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակը ներկայացրել է Հայ դատի Ամերիկայի Արևելյան ափի հանձնախմբի կողմից Արցախի շահերի պաշտպանությանն ուղղված գործողությունների մասին։ Մասնավորապես, Հայ դատի հանձնախմբի կողմից ձեռնարկված միջոցառումների շրջանակում փետրվարի 2-ին Կապիտոլիումի բարձունքում տեղի է ունեցել բողոքի գործողություն, որի ժամանակ ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը հայտարրարել է․ «Մենք խաղաղություն չենք կարող ունենալ, քանի դեռ վտանգ կա Արցախի ժողովրդի համար։ Արցախը հայկական է, Արցախը պետք է մնա հայկական»։

Միջոցառումների մասին ավելի մանրամասն տեղեկագիրը՝ ստորև

«Հայ դատի Ամերիկայի Արևելյան ափի հանձնախումբը փետրվարի 1-2-ն ԱՄՆ Կոնգրեսում իրականացրել է Արցախի շահերի պաշտպանությանն ուղղված լոբբիստական երկօրյա գործողություններ։ Հայ դատի կամավորներին էին միացել նաև գործընկեր համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչներ, մասնավորապես «Ամերիկա-հունական առաջնորդության խորհուրդից», «Գործողության պահանջ» և «Ի պաշտպանություն քրիստոնյաների» կազմակերպություններից։ Ձեռնարկին միացել էին նաև ցեղասպանություն հանցագործության հետազոտեղներ ԱՄՆ Արևելյան ափից։

Հայ դատի կամավորները Կալիտոլիումի բարձունքում հանդիպումներ են ունեցել և Արցախի օրինական շահերն առաջ մղել մեկ հիմնական ուղերձով՝ վերջ տալ Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան ռազմական օժանդակությանը, քանի որ շարունակվում է Բաքվի կողմից Բերձորի միջանցքի շրջափակման ցեղասպան քաղաքականությունը։ Կամավորներն օրենսդիրներին հորդորել են միանալ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում Ֆրենկ Փալոնի, Բրեդ Շերմանի և Կոնգրեսի հայկական հարցերով խմբի կողմից առաջ մղվող բանաձևի նախագծին, որը դատապարտում է Արցախում ադրբեջանական քաղաքականությունը, պահանջում դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան ռազմական օժանդակությունը, իսկ Արցախին տրամադրել մարդասիրական ուղղակի օժանդակություն։

Հայ դատի հանձնախմբի կողմից ձեռնարկված միջոցառումների շրջանակում փետրվարի 2-ին Կապիտոլիումի բարձունքում տեղի է ունեցել բողոքի գործողություն, ինչի ընթացքում ի թիվս այլոց ելույթներ են ունեցել  Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը, ՀՅԴ Արևելյան Ամերիկայի Կենտրոնական կոմիտեի անդամ Ջորջ Աղջայանը և Հայ դատի ԱՄՆ Արևելյան ափի հանձնախմբի նախագահ Արա Չալյանը։ Նրանք ներկայացրել են իրենց գործողությունների հիմնական նպատակները, կարևորել դժվարին այս օրերին Սփյուռքի պայքարն ու համերաշխություն ու զորակցություն հայտնել Արցախի ժողովրդին։

Ֆրենկ Փալոնն իր հերթին նշել է․ «Քայլերից մեկը, որ մենք իրականացնում ենք, որպես հայկական հարցերով խումբ, պետդեպարտամենտի հետ հանդիպումն է և հնարավորինս նրանց վրա մեծ ճնշում գործադրելը, որպեսզի նրանք էլ դրդեն Ադրբեջանին՝ դադարեցնելու շրջափակումը: Մենք գիտենք՝ Ալիևի ցանկությունն է, որ ողջ հայությունը դուրս գա Արցախից։ Մենք գիտենք, որ սա ցեղասպանության ձև է։ Դրա մասին ոչ մի կասկած չկա։ Մենք գիտենք, որ բնապահպանների բոլոր պատրվակները պարզապես անհեթեթություն են։ Մենք խաղաղություն չենք կարող ունենալ, քանի դեռ վտանգ կա Արցախի ժողովրդի համար։ Արցախը հայկական է, Արցախը պետք է մնա հայկական»։

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է նաև Երևանում և Գյումրիում

Փետրվարի 6-ին, տեղական ժամանակով ժամը՝ 14:24-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 10:24-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.05⁰ և արևելյան երկայնության 37.25⁰ աշխարհագրական կոորդինատներով, (Թուրքիա՝ Քահրամանմարաշ քաղաքից 60 կմ հյուսիս-արևելք) օջախի 10 կմ խորությամբ, 7․7 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ:

Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում 3 բալ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում` 3-4 բալ ուժգնությամբ։

ԱՄՆ դեսպանությունը չի գործակցում որևէ տուրիստական ընկերության հետ, վիզայի խարդախություններին մի՛ տրվեք. հայտարարություն

Այս պահին վիզայի հարցազրույցի հերթագրման համար սպասելաժամանակն արդեն մեկ տարուց պակաս է, իսկ առաջիկա ամիսներին ԱՄՆ դեսպանության հյուպատոսական բաժինը կեռապատկի սպասարկման ծավալները, ինչն էլ թույլ կտա առավել կրճատել սպասելաժամանակը։ Այս մասին ահղորդում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը:

«Թյուրընկալումներից խուսափելու համար ուզում ենք հիշեցնել, որ ԱՄՆ դեսպանությունը չի գործակցում որևէ տուրիստական ընկերության հետ։ Վիզայի խարդախություններին մի՛ տրվեք»,- ասված է հաղորդագրության մեջ: