Շրջափակման պայմաններում 7 երեխա և 12 չափահաս գտնվում են Արցախի հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքներում․ Վիրահատման կարիք ունի 550 քաղաքացի

Շրջափակման մեջ գտնվող Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով 550 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից։

Շրջափակման պայմաններում 7 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:

12 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 5-ը ծայրահեղ ծանր վիճակում է։

Արդեն 190 երեխա է ծնվել   շրջափակման մեջ:

Մինչև այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 58 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։

Ավտովթարի են ենթարկվել Ավետիք Չալաբյանն ու Արմեն Խաչիկյանը․ shamshyan․com

Կոտայքի մարզում, այսօր՝ փետրվարի 1-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտոթար է տեղի ունեցել. Երևան-Սևան ավտոճանապարհի Չայնիի ոլորաններում ճանապարհն սպասարկող ճանշինի անգործության և փնթի աշխատանքի հետևանքով բախվել են Lexus RX և Opel մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկություների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Պարեկային Ծառայությոնը պարզում է վարորդների ինքությունը։

Կայքի տեղեկություններով՝ Lexus-ի մեջ եղել են «Արար» հիմնադրամի համահիմնադիր, քաղաքական ու հանրային գործիչ, ճանաչված Ավետիք Չալաբյանը և «Արար» հիմնադրամի տնօրեն սիրված ու ճանաչված հասարակական գործիչ Արմեն Խաչիկյանը։

Նախնական տվյալներով, վթարի պատճառը եղել է ճանապարհի մեկասառույցը։ Ու Opel-ը, հայտնվելով մերկասառույցի մեջ, չի կարողացել կառավարել ավտոմեքենան և բախվել է Lexus RX-ին, որն էլ բախվել է բետոնե հայտվածին։

Opel-ի վարորդին առաջին օգնության են հասել Ա․ Չալաբյանն ու Ա Խաչիկյանը։

Կանգնեցրեք այս տեռորը. Երևացի կանանց ակցիան՝ ԵՄ պատվիրակության դիմաց՝ հաջակցություն Արցախի մայրերի

Մի քանի տասնյակ կանայք այսօր՝ փետրվարի 1-ին բողոքի ակցիա են իրականացրել Հայաստանում ԵՄ պատվիրակության դիմաց՝ հաջակցություն Արցախի կանանց և աղջիկների։ Արցախցի կանայք օրեր առաջ բաց նամակ էին հղել Եվրամիության հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և պահանջել, որ նա իր գործողություններով նպաստի Արցախի ապաշրջափակմանը։

Խաղաղ ակցիայի նախաձեռնողներից մեկը` Արաքսյա Գրիգորյանը հայտնեց, որ իրենք միանում են արցախցի մայրերին, նրանց մտահոգություններն ու խոսքերը ձևակերպել են և նամակով կհանձնեն ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին։
«Սա միասնության ու համերաշխության նախաձեռնություն է։ Մենք այստեղ ենք՝ արցախցի կանանց նամակը մեր ձեռքով հանձնելու ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինին և խնդրել նրան նամակը Եվրահանձնաժողովի նախագահին հանձնել, արցախցի մայրերի ձայնը լսելի դարձնել։ Արցախցի երեխաները հիսուն օրից ավելի է՝ մատնված են սովի, ցրտի, զրկված են դպրոցից ու մանկապարտեզից։ Կանգնեցրեք այս տեռորը, թույլ մի տվեք Ադրբեջանին գերի պահել 30 հազար երեխաների, մի դարձեք Ադրբեջանի հանցակիցը»,-ասաց Արաքսյա Գրիգորյանը՝ բարձրախոսով դիմելով ԵՄ պատվիրակության ներկայացուցիչներին։

Նամակում Անդրեա Վիկտորինին կոչ է արվում քայլեր ձեռնարկել Արցախը ապաշրջափակելու և Ադրբեջանի տեռորիստական գործողությունը դադարեցնելու ուղղությամբ։

Նախաձեռնող անդամներից մեկը Եվրահանձնաժողովի նախագահին ուղղված նամակն ընթերցեց անգլերենով, որտեղ մասնավորապես ասված է.

«Մենք սովամահ ենք լինում ու սառում ամբողջ աշխարհի աչքի առաջ։ Մենք շրջափակման մեջ ենք Ադրբեջանի կողմից, որը գողանում է մեր գազն ու էլեկտրաէներգիան։ Սա պարզապես էներգետիկ ահաբեկչություն է։

Մենք կարող ենք շատ բանի դիմանալ հանուն մեր երեխաների, բայց մեզ շտապ օգնություն է պետք, և մեզ ձայն է պետք։ Մենք թույլ չենք տա, որ մեր երեխաներին լուռ սպանեն։

Գրում ենք ձեզ որպես աշխարհի ամենահզոր կին, բայց նաև որպես մայր, ով սիրում է իր յոթ երեխաներին և խորապես փայփայում է իր թանկագին ընտանիքը: Մեր սրտի խորքից հորդորում ենք ձեզ կանգնել արցախցի կանանց ու երեխաների կողքին և անել ամեն ինչ, որպեսզի Ադրբեջանը չշարունակի իր դաժան շրջափակումը»։

ԵՄ գրասենյակի դիմաց արցախցի մայրերի պահանջների մասին բարձրաձայնող ակցիայի մասնակիցներին մի քանի գույնով հյուսած թելերով թևնոցներ բաժանեցին։

Ինչպես նշեցին կազմակերպիչները, սպիտակ գույնը խորհրդանշում է անպարտելի ոգու մաքրությունը, կարմիրը՝ հաղթանակը, մանուշակագույնը՝ մեր հիշողությունը։

Թևնոցները պատրաստել են արցախցի երեխաները, դրանք երիտասարդներին բաժանվում են որպես միասնության խորհրդանիշ։

Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ սահմանը բացվել է

Նախիջեւանում բացվել է Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ սահմանը։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ փետրվարի 1-ից թույլատրվում է մասնավոր ավտոմեքենաների անցումը Ադրբեջանի Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունում գտնվող «Սադարակ» մաքսային սահմանային անցակետով։

Հիշեցնենք, որ անցակետի փակումը բացատրվում էր կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի միջոցառումներով։

Ես չեմ բացառում վարկածը, որ զինվորների միջեւ եղել են լարված միջանձնային հարաբերություններ. Արմեն Խաչատրյան

Ես չեմ բացառում վարկածը, որ զինվորների կացարանի հրդեհի դեպքի հետ կապված կարող են միջնանձնային լարված խնդիրներ եղած լինել, որովհետեւ մի տեղ, որտեղ 30-40-50 տղաներ են ծառայում, կենցաղավարում, այնտեղ խնդիրներ հաստատ կլինեն: Այս մասին այսօր՝ փետրվարի 1-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով դիտրկմանը, որ զոհված զինվորների ծնողներից ոմանք պնդում են, որ զինվորների միջեւ միջանձնային լարված հարաբերություններ են եղել:

«Հատկապես, եթե հաշվի առնենք, թե այդտեղ հավաքվածները ինչ դաստիարակություն ունեն, ինչ սոցիալական խմբերից են դուրս եկել, այս ամենը բերում է խնդիրների: Իհարկե, հրամանատարի խնդիրն է բոլորը հարթել եւ ստեղծել այնպիսի իրավիճակ, որ միջանձնային վատ հարաբերություններ չլինեն:

Ասել, որ ամեն բան շատ հարթ է, ստորաբաժանումներում զինվորները միմյանց հետ շնորհակալությունով կամ փաղաքշական բառերով են խոսում, իհարկե, այդպես չէ: Բանակը մի տեղ է, որտեղ միջանձնային հարաբերություններում խնդիրներ լինում են, որովհետեւ այդտեղ տղաներ են ծառայում: Բայդ այդ հարաբերությունները պետք է սահման ունենան եւ չպետք է վերածվեն  այնպիսի վիճակի, որն առաջացնի հանցագործություններ, կամ այնպիսի մթնոլորտ լինի, որ զինվորները չուզենան ծառայել:

Ես վստահ եմ, որ քննչական մարմինները զբաղվում են այս հարցով՝ թիրախավորելով նաեւ այդ խնդիրը: Արդյունքները կլուսաբանվեն հանրությանը: Լավ բանակ ունենալու համար պետք է ունենանք լավ դպրոց, լավ դաստիարակված սերունդ, էլ չասեմ բարձրագույն կրթության մասին»,-ասաց պատգամավորը:

Հարցին, թե արդյոք 44-օրյա պատերազմից հետո բանակում չեն ավելացել միջանձնային հարաբերություններով պայմանավորված դեպքերը, Արմեն Խաչատրյանը պատասխանեց. «Որպես վիճակագրություն չեմ կարող ներկայացնել, թե ինչքան է թիվն ավելացել, կամ պակասել, բայց ասեմ, որ մեր զինվորների զգալի մասը մասնակցել է 44-օրյա պատերազմին եւ անձնվիրաբար կռվել է: Այդ ամենը հետք է թողնում նրանք հոգեբանության վրա: Երբեմն այդ հետքը բացասական ազդեցություն է ունենում, մարդիկ, ավելի հուզական են դառնում եւ այլն: Սրա հետ կապված, այո, կարող են որոշակի խնդիրներ եղած լինեն:

Երեւանցի եղբայրները բարում դանակի սպառնալիքով վերցրել էին աշնակցու հեռախոսն ու ոսկյա մատանին

Հունվարի 31-ին, ժամը 23.40-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել Արագածոտնի մարզի Աշնակ գյուղի 29-ամյա մի բնակիչ և հայտնել, որ Խանջյան փողոցի բարերից մեկում երկու երիտասարդի հետ գումարային հարցի շուրջ խոսակցություն է ունեցել, որի ընթացքում նրանցից մեկը դանակի սպառնալիքով վերցրել է իր բջջային հեռախոսն ու ոսկյա մատանին:

Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են երիտասարդների ինքնությունը: Մայրաքաղաքի բնակիչ, 20-ամյա եղբայրները փետրվարի 1-ին, ժամը 00.05-ին, Խանջյան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել են նախաքննական մարմին:

Կատարվում է նախաքննություն:

«Նախատեսվում է 4 ծրագիր». Արցախում շրջափակման հետևանքների մեղմմանն ուղղված միջոցառումներ կիրականացվեն

Ավարտվել է ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի և Մալաթիա տոնավաճառի տնօրինության և ներկայացուցիչների հետ հանդիպումը:

Այս առնչությամբ տեսչական մարմինը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է. «Տեղեկացնում ենք, որ այսօր ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնում տեղի ունեցավ Տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի, ՏՄ հրդեհային և տեխնիկական անվտանգության վարչության մասնագետների հանդիպումը «ՌԱՖԱՅԵԼ-ՏԱԹԵՎ» ՍՊ ըկերության (Մալաթիա տոնավաճառի) տնօրինության և այնտեղ գործունություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների հետ։

Հանդիպման ընացքում քննարկվեցին Տեսչական մարմնի կողմից արձանագրված խնդիրները և դրանց լուծմանն ուղղված աշխատանքերի իրականացման հարցը։

Ձեռք բերվեց պայմանավորվածություն, որ այսօրվանից սկսած տոնավաճառի սեփականատերը՝ Տեսչական մարմնի համապատասխան մասնագետների ներգրավմամբ, պետք է հստակ և ինտենսիվ միջոցառումներ իրականացնի արձանագրված այն խնդիրների լուծման ուղղությամբ, որոնք կարող են ուղղակի և անմիջական սպառնալիք հանդիսանալ հրդեհների առաջացման, տարածման և մարդկանց անվտանգության համար, որից հետո նոր միայն կքննարկվի տարածքում գործունեություն իրականացնելու արգելքը վերացնելու հարցը։

Տնօրինությանը ներկայացվեց նաև այն խնդիրը, որ պետք է սեղմ ժամկետում ներկայացի մնացյալ այն աշխատանքների իրականացման նախագծային փաստաթղթերը, որոնք թեև ուղղակի սպառնալիք չեն հրդեհների առաջացման համար, սակայն դրանց իրականացումը նույնպես բխում է հրդեհային անվտանգության նորմատիվ իրավական ակտերի պահանջներից։

Ընկերության տնօրենը հայտնեց, որ նշված աշխատանքներն իրականացնելու վերաբերյալ դիրքորոշում կարող է ներկայացնել միայն նախագիծ-նախահաշիվ կազմելուց և դրա արդյունքում անհրաժեշտ ներդրման ծավալը հասկանալուց հետո։

Տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը նշեց, որ եթե անհրաժեշտ ներդրում իրականացնելու մասով ընկերության տնօրինությունը հստակ ժամկետում այն իրականացնելու դրական դիրքորոշում չհայտնի, ապա տոնավաճառի գործունեությունը չի վերսկսվի»:

Նշենք, որ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ «Ռաֆայել-Տաթև» ընտանեկան տոնավաճառը, որը բոլորին հայտնի է որպես «Մալաթիա» տոնավաճառ, այսօրվանից՝ փետրվարի 1-ից փակվում է: Այսօր տոնավաճառի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացրել, ապա նաեւ տոնավաճառի տնօրենի գլխավորությամբ հանդիպել Տեսչական մարմնի ղեկավարի հետ:

Երեք փոփոխություն, որ ուժի մեջ են մտնում փետրվարի 1-ից. Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

Փետրվարի 1-ից ընտանեկան/սոցիալական նպաստների վճարման, անձի ֆունկցիոնալության գնահատման և «Հայփոստից» կենսաթոշակի անկանխիկ վճարման գործընթացներում փոփոխություններ են իրականացվում։

Առաջին անգամ հաշմանդամության սահմանման համար դիմող քաղաքացիները կանցնեն անձի ֆունկցիոնալության գնահատում։
2․ ՀՀ բոլոր քաղաքներում, 1000 և ավելի բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերում փետրվարի 1-ից հետո նշանակվող (ինչպես նաև փաստաթղթերի հետ կապված ցանկացած փոփոխություն Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն ներկայացնելու դեպքում) ընտանեկան, սոցիալական նպաստներն ու հրատապ օգնությունները կվճարվեն անկանխիկ եղանակով:

3․ Ազգային օպերատորը` «Հայփոստը», այլևս անկանխիկ եղանակով վճարումներ չի կատարի․ «Հայփոստը» կշարունակի իրականացնել միայն կանխիկ եղանակով վճարումներ։

«Մալաթիա տոնավաճառ»-ի փակվելու հետևանքով մանրածախ առևտուրն էլ ավելի կմոնոպոլացվի. Պարսյան

ՀՀ կառավարությունն որոշել է փակել «Մալաթիա տոնավաճառ»-ը հակահրդեհային անվտանգության պայմանները չբավարարելու պատճառաբանությամբ, ինչի հետևանքով իրենց տնտեսական գործունեությունն են դադարեցնելու մոտ 600 տնտեսվարողներ՝ փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներ։ Այս մասին իր հոդվածում գրել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը:

Նա նաեւ նշել է. «Մի կողմ թողնելով այդ մարդկանց քաղաքական ընտրության հանգամանքը՝ խնդիրն առաջին հերթին պետք է դիտարկել սոցիալ-տնտեսական տեսանկյունից։ Փոքր և միջին բիզնեսը ոչ միայն նպաստում է երկրի տնտեսության ճկունությանը, այլ նաև հանդիսանում է միջին խավ ձևավորման հիմնական մեխանիզմներից մեկը։ Նախկին և գործող իշխանությունների կողմից իրականացվող անհեռատես և ծայրահեղ ազատական քաղաքականության արդյունքում՝ Հայաստանի տնտեսությունը գերմոնոպոլացվում է։ Օրինակ՝ եթե 2000 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին մանրածախ առևտրի 29.6 տոկոսն էր բաժին ընկնում սպառողական ապրանքների շուկաներին(այդ թվում՝ Մալաթիա տոնավաճառին), ապա 2022 թվականի նույն ժամանակահատվածում շուկաների մասնաբաժինը կազմում է 4 տոկոս, այսինքն՝ տոնավաճառների առևտրաշրջանառության մասնաբաժինը 7,5 անգամ նվազել է։ Անշուտ, այս անկման պատճառների մեկն էլ՝ այդ շուկաների անարդյունավետ, ագահ և բիրտ կառավարումն էր։
Միաժամանակ հարկ է ընդգծել, որ եթե նախկինում մոնոպոլիաներ կային միայն այս կամ այն ապրանքի ներկրման դեպքում, ապա ներկայում խոշոր սուպերմարկետներում և մոլերում է կենտրոնացել մանրածախ առևտրի 2/3-ը։ Հետևաբար, «Մալաթիա տոնավաճառ»-ի փակվելու հետևանքով մանրածախ առևտուրն էլ ավելի կմոնոպոլացվի, որից տուժելու են նաև սպառողներն և արտադրողները, քանի որ խոշոր սուպերմարկետներն և մոլերը, օգտվելով իրենց շուկայական իշխանությունից, բարձր գներ և կամայական պայմաններ են պարտադրելու բոլորին։

Ուշագրավ է, որ 2022 թվականի երկնիշ տնտեսական աճի պայմաններում շատ համեստ աճ է գրանցել մանրածախ առևտուրը՝ ընդամենը 2,4 տոկոս, սակայն այդ փոքր աճը նույնիսկ անհամաչափ է բաշխվել մանրածախ առևտրի ոլորտում։ Մասնավորապես՝ 2022 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին խանութների(հիմնականում խոշոր սուպերմարկետների) մանրածախ առևտրաշրջանառությունն ավելացել է 3,9 տոկոսով, իսկ սպառողական ապրանքների շուկաների առևտրաշրջանառությունը նվազել է 13,7 տոկոսով, գյուղմթերքի շուկաները՝ -8,6 տոկոս, կրպակները՝ -9,2 տոկոս։

09.jpg (93 KB)

Ակնհայտ է, որ Հայաստանում վարվող ծայրահեղ ազատական տնտեսական քաղաքականության հետևանքով սպառողական ապրանքների և գյուղմթերքի շուկաները ուշ թե շուտ փակվելու են, սակայն գործող իշխանությունները, հերթական անգամ տուրք տալով իրենց հախուռն և պոպոլիստական գործելաոճին, որոշել են կացնային հարվածով վերացնել տոնավաճառները․ սա անհեռատես և անընդունելի մոտեցում է։ Հայաստանում նման պայմաններով գործող բազմաթիվ սպառողական շուկաներ կան, դրա վառ օրինակ՝ մի շարք գետնանցումներում գործող շուկաներն են, կառավարության նման խտրակ մոտեցումը կարող է բացատրվել միայն այլ շարժառիթներով։ Անշուշտ, այս իրավիճակից կփորձեն օգտվել գործող իշխանությունների հետ սերտաճած օլիգարխները, որոնք կշտապեն արտոնյալ պայմաններով իրենց մոլերում տեղավորել «Մալաթիա տոնավաճառի» վաճառականներին։

Իրավիճակը ճիշտ հանգուցալուծելու նպատակով՝ կառավարությունը և «Մալաթիա տոնավաճառի» ղեկավարությունը պարտավոր են մշակել հակահրդեհային խելամիտ միջոցառումների նոր ժամանակացույց, մինչև հակահրդեհային նոր միջոցառումների իրականացման ավարտը, անվտանգության նկատառումների ելնելով, տոնավաճառում կարել է նշանակել հրշեջների և տոնավաճառի աշխատակիցների լրացուցիչ վերահսկողություն և հերթապահություն»:

Նշենք, որ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ «Ռաֆայել-Տաթև» ընտանեկան տոնավաճառը, որը բոլորին հայտնի է որպես «Մալաթիա» տոնավաճառ, այսօրվանից՝ փետրվարի 1-ից փակվում է:

Ստեփանակերտի խանութներում արդեն իրացվում են նարինջ և մանդարին․ հորդորում են ավել չվճարել

Ստեփանակերտ քաղաքի կենտրոնական շուկայում և միրգ-բանջարեղենի խանութներում արդեն իսկ իրացվում են նարինջ և մանդարին: Ավելի վաղ մեկնարկել է գազարի իրացման գործընթացը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արցախի հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովից:

Կատարվում են աշխատանքներ ԱՀ շրջաններում նշված ապրանքատեսակների բաշխումը իրականացնելու համար: Արցախի Հանրապետությունում նշված ապրանքատեսակների առավելագույն իրացման գները և մեկ սպառողի ձեռքբերման չափաքանակը ներկայացված են աղյուսակում:

Սպառողներին հորդորում ենք զերծ մնալ հրապարակված գներից ավելի բարձր գներով նշված ապրանքատեսակները ձեռք բերելուց, իսկ նման դեպքերին առնչվելուն պես ահազանգել գործող թեժ գծերի միջոցով:

Շուկայում տարբեր ապրանքատեսակների հետագա իրացման վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:

328685846_742061470468583_6728799587488199989_n.jpg (32 KB)