ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունն աջակցություն է տրամադրել Սյունիքում հաստատված 22 արցախցի ընտանիքի

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) Հայաստանում շարունակում է հրատապ աջակցություն տրամադրել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժածներին։

Այս անգամ, ելնելով ծրագրի շրջանակում անցկացված կարիքների գնահատման արդյունքներից, աջակցություն է տրամադրվել 2022 թ․ օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով տեղահանված և Սյունիքի մարզում հաստատված 22 ընտանիքի:
Հրատապ աջակցության ծրագրի շրջանակում ՊԳԿ-ն 8700 կգ անասնակեր է տրամադրել 5 ընտանիքի և 6200 կգ թռչնակեր՝ 17 ընտանիքի։

«Այս ծրագիրն իրականացվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ համագործակցությամբ՝ նպատակ ունենալով արագ արձագանքել առկա բացերին և աջակցել կառավարության նախաձեռնություններին»,- ասել է ՊԳԿ հայաստանյան ներկայացուցչի տեղակալ Գայանե Նասոյանը։

Հրատապ աջակցության ծրագիրը մեկնարկել է 2021 թ․ հունվարին՝ օգնելու ԼՂ-ից Հայաստան տեղափոխված խոցելի խմբերին։ Ընդհանուր առմամբ ծրագրից օգտվել է Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում բնակվող 369 ընտանիք։

Հայաստանի բազմաթիվ բնակավայրերում ձյուն է տեղում 

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 31-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Մասիսի, Արարատի, Արթիկի, Նաիրիի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Ճամբարակի, Ախուրյանի, տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Վարդենյաց լեռնանցքում, Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Թող գոնե մեկ ոստիկանի մեղադրանք առաջադրեն՝ առանց հրամանի գործողություն անելու համար. զոհվածի ծնող

Առաջին առերեսումների ժամանակ ոստիկաններից մի քանիսն ասել էին, որ Երեւանի փոխոստիկանապետ Արթուր Խուդինյանն է տվել զոհվածների ծնողներին բերման ենթարկելու հրամանը, բայց հետո արդեն Խուդինյանի հետ առերեսման ժամանակ ինքն ասաց,՝ ես չեմ տվել հրամանը: Այս մասին, այսօր՝ հունվարի 31-ին, ՔԿ-ի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց 44-օրյա պատերազմում զոհված Հակոբ Ռոստոմյանի հայրը՝ Արա Ռոստոմյանը:

Նրա խոսքով, Խուդինյանն ասել է, որ ամեն մեկը գործել է իրավիճակից ելնելով. «Մի շարք հակասություններ կային ոստիկանների ցուցմունքների մեջ: Մի մասն ասում էր Վայբերով են ստացել հրամանը, մի մասն ասում էր՝ Խուդինյանն է տվել հրամանը, մի մասն ասում էր՝ չենք ճանաչում, քաղաքացիական համազգեստով մեկն է տվել: ՔԿ-ն մեզ ասաց, որ պարտադիր է առերսումը կարմիրբերետավորների հրամանատարի հետ: Իսկ գուցե հենց ինքն է տվել բերման ենթարկելու հրամանը: Եթե նույնիսկ ինքը տված լինի, իրեն էլ մեկը պետք է տված լինի, եւ այսպես կհասներ ամենավերեւ, որտեղից իջել է հրամանը:

Մենք քննիչին առաջարկեցինք, որ առերեսում անեն ոստիկանների միջեւ, գտեք հակասությունը, որից հետո նոր առերեսում լինի մեզ հետ: Հիմա արհեստական է առերեսումը մեզ հետ, կարծես արհեստականորեն ձգձգում են, քանի որ բոլոր ոստիկանների հետ առերեսումը ամիսներ կտեւի:

Ոստիկանները խոստովանել են, որ անօրինական գործողություն է տեղի ունեցել, եւ Խուդինյանը ներողություն է խնդրել ծնողներից: Եթե անօրինականություն է տեղի ունեցել, թող գոնե մեկ ոստիկանի մեղադրանք առաջադրեն՝ առանց հրամանի գործողություն անելու համար: Մենք կտեսնենք, որ առաջ է գնում գործը, որից հետո կմտածենք՝ շարունակենք առերեսումները, թե ոչ»,-ասաց նա:

Հարցին՝ եթե ծնողներին օրինական պահանջ ներկայացվեր՝ հեռանալ «Եռաբլուրից» իրենք կհեռանայի՞ն, Արա Ռոստամյանը պատասխանեց. «Իրավիճակից է կախված: Այնպես չէ, որ որեւէ մեկը որոշում է կհեռանա, թե ոչ: Ամեն մի դեպքում մենք ծնողներով իրար հետ խորհրդակցում ենք: Մենք որեւէ խնդիր չունենք պետության հետ, երբ ինքնպատակ երկրի ղեկավարը նպատակ է դնում, որ ինքնպատակ ճեղքելով պետք է գնա «Եռաբլուր», շատ հնարավոր էր, որ եթե բարձրաստիճան ոստիկանները մոտենային մեզ եւ բանակցությունների միջոցով կոմպրոմիսի գայինք: Եթե ասեին, որ չենք մոտենալու երեխաների շիրիմներին, մենք քննարկում կունենայինք ու կորոշեինք, թե ինչ կանեինք»:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» պանթեոնում ոստիկանները բռնի ուժ կիրառելով բերման են ենթարկել զոհված զինծառայողների ծնողներին: Քրգործ է հարուցվել, տեղի են ունեցել առերեսումներ: Մասնավորապես, այսօր զոհված զինծառայողների ծնողները առերեսվել են կարմիրբերետավորների հրամանատարի հետ:

Երևան-Իջևան ճանապարհին 3 անձի մահվան ելքով ավտովթարի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ 2023 թվականի հունվարի 30-ին Երևան-Իջևան ավտոճանապարհին տեղի ունեցած՝ երեք անձի մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախնական տվյալներով՝ 2023 թվականի հունվարի 30-ին՝ ժամը 23։40-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի 20-ամյա բնակիչը, վարելով «Mercedes C 180» մակնիշի ավտոմեքենան, Երևան-Իջևան ավտոճանապարհի 53 կմ հատվածում՝ Երևանի ուղղությամբ ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել, որի հետևանքով հրդեհ է բռնկվել ավտոմեքենայում և այն ամբողջությամբ այրվել է:
Վարորդը և երկու ուղևոր տեղում մահացել են, ևս երկու ուղևոր, մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են բժշկական կենտրոններ:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 342 -րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, վերցվել են արյան նմուշներ, նշանակվել դիակի դատաբժշկական, դատաբժշկական և դատաքիմիական փորձաքննություններ: Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան բաժնի աշխատակիցներին:

Նախաքննությունը շարունակվում է:

Արցախում կտրոնային համակարգի ներդրումը որոշակի չափով մեղմել է պարենային խնդիրը. առկա է վառելիքի պաշարների սղություն

Արցախի Հանրապետության պետական նախարար, Օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ այսօր տեղի ունեցած շտաբի նիստում քննարկվել են Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող շրջափակման պայմաններում բնակչության կենսագործունեության ապահովմանը վերաբերող մի շարք հարցեր:

Ներկայացվել է պարենային ապրանքների, բենզինի և դիզվառելիքի շուկաներում, ենթակառուցվածքների ոլորտում ընթացիկ իրավիճակը:

Զեկուցվել է, որ կտրոնային համակարգի ներդրումը որոշակի չափով մեղմել է պարենային խնդիրը, սակայն շրջափակման հետևանքով բնակչությունը շարունակում է զրկված մնալ մի շարք կարևոր ապրանքատեսակներ ձեռք բերելու հնարավորությունից:

Ինչ վերաբերում է բենզինի և դիզվառելիքի շուկայում իրավիճակին, ապա նշվել է, որ առկա է պաշարների սղություն և կարևորվել է խիստ խնայողական ռեժիմի պահպանումը:

Նիստի ընթացքում քննարկվել են նաև գարնան գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստական և գարնանացանի կազմակերպման հարցեր: Պետնախարարը գարնանացանի՝ պատշաճ ժամկետներում իրականացման խնդիրը կարևոր է համարել հատկապես պարենային անվտանգության տեսանկյունից՝ նշելով, որ սերմերի տեղափոխման հետ կապված ներկայումս աշխատանքներ են իրականացվում:

Հաշվի առնելով, որ օպերատիվ շտաբի անդամներն արդեն ավարտել են համայնքներում բնակչության հետ հերթական հանդիպումների շարքը՝ պետնախարարը պատասխանատուներին հանձնարարել է ամփոփել բարձրացված հարցերը և դրանց լուծման վերաբերյալ առաջարկներ ներկայացնել:

Արցախի ՄԻՊ-ն աշխատանքային այցով գտնվում էր Թեհրանում. Նա մասնակցել է հանրահավաքի

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանի հետ միասին, Հայ առաքելական եկեղեցու Թեհրանի թեմի Թեմական խորհուրդի (Առաջնորդարան) հրավերով հունվարի 26-30-ը աշխատանքային այցով գտնվում էր Իրանի Իսլամական Հանրապետությունում։

Հունվարի 27-ին Պաշտպանը մասնակցել է Թեհրանի Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում հազարավոր իրանահայերի մասնակցությամբ տեղի ունեցած հանրահավաքին։ Իր ելույթում ընդգծելով Սփյուռքի աջակցության կարևորությունը՝ նա նշել է, որ հայությունը ոտքի է կանգնել միջազգային հանրությանն ասելու, որ անթույլատրելի է ադրբեջանական հանցավոր վարչակազմի կողմից 21-րդ դարում 120 000 մարդու կյանքը կասկածի տակ դնելը, նրանց կենսական իրավունքներից զրկելը։
Հանրահավաքին ելույթ են ունեցել նաև Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը, ԹՀԹ Թեմակալ Առաջնորդ Գերաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանը և հեռավար ուղերձով՝ Արցախի Թեմի Առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:

Այնուհետև Գեղամ Ստեփանյանը հանդիպում է ունեցել ԹՀԹ Թեմակալ Առաջնորդ Գերաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանի, ինչպես նաև Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի հայազգի պատգամավորների հետ և շնորհակալություն հայտնել Արցախի և արցախահայության իրավունքների պաշտպանության համար ձեռնարկվող բոլոր ջանքերի համար։

Հունվարի 29-ին «ՀՈՒՍԿ» հաստատության նախաձեռնությամբ Հ. Ուս. «Չհարմահալ» միության «Հովհաննես Թումանյան» սրահում տեղի է ունեցել դասախոսական երեկո «Հայաստանն ու Արցախը տարածաշրջանային աշխարհաքաղաքական իրադարձութունների կիզակետում» խորագրով։ Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի (Լաչինի միջանցք) շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը, 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ համակարգային և հետևողականորեն իրականացվող հանցագործությունները, որոնք նպատակ են հետապնդում էթնիկ զտում իրականացնելու Արցախում։ Պաշտպանը ընդգծել է, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը միջազգային ատյաններում քաղաքական օրակարգ մտցնելու հարցում Սփյուռքը կարող է ունենալ անգնահատելի դեր:

Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած այցի շրջանակներում Գեղամ Ստեփանյանն այցելել է նաև Հայկական հարցերի ուսումնասիրության կենտրոն («ՀՈՒՍԿ»), «Ալիք» օրաթերթի խմբագրություն, Հայ մշակութային «Արարատ» կազմակերպություն, Հ. Ուս. «Չհարմահալ» միություն և Հայ հասարակական միություն։

Հաստատվել են սիրողական ձկնորսության համար թույլատրելի չափաքանակները և ժամկետները

Հաստատվել է շրջակա միջավայրի նախարարի 2023 թվականի հունվարի 27-ի «2023 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության ջրածածկ տարածքներում սոցիալական նպատակներով որսի (սիրողական ձկնորսություն) համար նախատեսվող օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին» N 23-Ն հրամանը։

2023 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել Հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի համապատասխան դրույթը, համաձայն որի՝ կենսաթոշակային տարիքի անձանց համար սիրողական ձկնորսության դեպքում բնօգտագործման վճար չի գանձում։
Կենսաթոշակային տարիքի հայտատուները պետք է ներկայացնեն կենսաթոշակի վկայականը կամ կենսաթոշակի գրքույկը և անձնագրի պատճենը։

2023 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել նաև «Պետական տուրքի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը, համաձայն որի՝ կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման պայմանագրի կնքման համար սահմանվել է բազային տուրքի չափ՝ 1000 ՀՀ դրամ։

Գանձապետական միասնական հաշվի եկամտային մասում բացվել է «Կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման պայմանագրերի կնքման համար» 900005002606 հաշվեհամար։

Եղանակը Հայաստանում

Փետրվարի 1-ին Հայաստանի առանձին հատվածներում սպասվում է ձյուն եւ մառախուղ։ Քամին արեւմտյան՝ 2-5 մ/վրկ։ Երեւանում սպասվում է թույլ ձյուն։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի 0-2, վաղը ցերեկը՝ +2+4։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ -6-10, ցերեկը՝ -1-4,
Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -6-9, ցերեկը՝ -1-3,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ -2-4, ցերեկը՝ -1 + 1,

Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ -5-10, ցերեկը՝ -3 + 1,

Լոռիում՝ գիշերը՝ -2-7, ցերեկը՝ +5 + 8,

Տավուշում՝ գիշերը՝ -3 + 1, ցերեկը՝ + 8 + 11,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -7-10, ցերեկը՝ -1-3,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ -1-3, ցերեկը՝ 0 + 4,

Արարատում՝ գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +3 + 5,

Արմավիրում՝ գիշերը՝ 0-2, ցերեկը՝ + 3 + 5,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -5-7, ցերեկը՝ 0-2,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +2+5,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ -1 + 3, ցերեկը՝ + 8 + 12,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ -3-5, ցերեկը՝ +4 + 7,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ -2 + 3, ցերեկը՝ + 8 + 12։

ՄԱԿ-ի մանդատակիրները սեպտեմբերյան ագրեսիայի ընթացքում Ադրբեջանի վայրագությունների հարցով նամակ են հղել այդ երկրի իշխանություններին

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի մանդատակիրները (անկախ փորձագետներ, հատուկ զեկուցողներ) 2023թ. հունվարի 27-ին հրապարակել են Ադրբեջանի իշխանություններին ուղղված նամակը, որի պատասխանն այդպես էլ չեն ստացել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանին դիմել են արտադատական և կամայական սպանությունների հարցերով, Ֆիզիկական և հոգևոր առողջության ամենաբարձր հասանելի չափանիշների իրավունքի իրացման, Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի ու պատժի, Կանանց և աղջիկների դեմ բռնության, դրա պատճառների և հետևանքների վերացման հարցերով հատուկ զեկուցողները, ինչպես նաև Կանանց և աղջիկների դեմ խտրականության խնդիրներով զբաղվող աշխատանքային խումբը

Վերոհիշյալ նամակը վերաբերում է 2022թ.-ի սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության դեմ սանձազերծած ռազմական ագրեսիայի ժամանակ Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայ ռազմագերիներին խոշտանգումների և այլ դաժան վերաբերմունքի ենթարկելու, հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց արտադատական սպանությունների, հայ զինծառայողների, այդ թվում՝ կանանց դիերի խեղման ու պղծման, ինչպես նաև պատշաճ բուժօգնություն չտրամադրելու հետևանքով հայ զինծառայողների մահվան դեպքերին։

ՄԱԿ-ի մանդատակիրները հրապարակել են այս հաղորդագրությունը, քանի որ Ադրբեջանին ուղղված իրենց հարցմանը սահմանված ժամկետում (60 oր) պատասխան չեն ստացել:

ՄԱԿ մանդատակիրները նշում են, որ կատարվածը կարող է որակվել որպես պատերազմական հանցագործություն, քանի որ արձանագրվել են մարդու իրավունքների և միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտումներ, մասնավորապես, խոսքը գնում է 1949 թվականի Ժնևի կոնվենցիաների խախտման մասին: Նրանք հիշեցնում են, որ մարտական գործողությունների ընթացքում կամ դրա շրջանակում ռազմագերիների կամ քաղաքացիական անձանց սպանությունները, դիակների անարգանքը խստիվ արգելված է միջազգային հումանիտար իրավունքի համաձայն և համարվում է պատերազմական հանցագործություն: Ադրբեջանը խախտում է նաև Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի, Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների միջազգային դաշնագրի, Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ու պատժի դեմ կոնվենցիայի, Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի հիմնարար դրույթները:

Այսպիսով, Ադրբեջանը՝ լինելով մարդու իրավունքների վերաբերյալ ՄԱԿ-ի հիմնարար փաստաթղթերի անդամ, կոպտորեն խախտում է դրանք և չի համագործակցում ՄԱԿ մարդու իրավունքների ապահովումը վերահսկող այնպիսի կարևոր մարմինների հետ, ինչպիսիք են մանդատակիրները՝ հատուկ զեկուցողներն ու անկախ փորձագետները: Ադրբեջանը նաև հաշվի չի առնում ՄԱԿ-ի մարմինների կողմից իրեն տրված հանձնարարականները:

Հատկանշական է, որ փաստաթուղթը ստորագրած մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ մանդատակիրները խորը մտահոգություն են հայտնում ներկայացվող դեպքերի վերաբերյալ և Ադրբեջանին կոչ են անում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները դադարեցնելու նման խախտումները, կանխարգելելու դրանց կրկնությունը և ապահովելու ցանկացած անձի կամ անձանց պատժի կրումը, որոնք պատասխանատու են այս հանցագործությունների կատարման համար։

Հաղորդագրությունում նշվում է նաև, որ մանդատակիրները պատասխաններ չեն ստացել 2020թ.-ի նոյեմբերին կրակի դադարից հետո ռազմագերիների ազատ չարձակելու փաստական և իրավական պատճառների մասին։ Ադրբեջանը նաև չի պատասխանել, թե ինչ քայլեր է ձեռնարկում, որ բռնի անհետացածների հարազատները տեղեկատվություն ստանան նրանց ճակատագրի մասին։

Արցախն իր գոյության ամենադժվար ժամանակներն է ապրում, որի պայմաններում առաջին պլան պետք է գա պայքարը. Տիգրան Աբրահամյան

Արցախում մարդկանց ավելի շատ զայրացնում են որոշակի պարբերականությամբ ակտիվացող ներքաղաքական ինտրիգները, քան բուն շրջափակումով պայմանավորված բարդությունները, նման դիտարկում է արել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

Աթոռակռիվ, բամբասանք, ամբիցիաներ, ինտրիգ, արտոնությունների և դիրքի համար պայքար, անիմաստ լարվածություն և հասարակության բևեռացման մեծ վտանգ. սրանք այն երևույթներն են, որոնք հատկապես այսպիսի ծանր իրավիճակներում չպետք է տեղ գտնեն արցախյան իրականությունում:

Արցախն իր գոյության ամենադժվար ժամանակներն է ապրում, որի պայմաններում առաջին պլան պետք է գա պայքարը, համառությունը, համերաշխությունը, ուժերի գերլարումն ու ռեսուրսների համախմբումը հանուն մեկ նպատակի` Արցախի ու արցախցիների գոյության:

Արցախցին գիտի պայքարել, իր գոյությունը պաշտպանել, դիմակայել դժվարություններին, բայց տանել չի կարողանում սուտը, կեղծիքը, անազնվությունը, երեսպաշտությունն ու դավաճանությունը», — Facebook-ում գրել է նա: