Եթե ձեզանից որևէ մեկը օրվա ավարտին գլխացավ ունենա, խնդրում եմ ցավազրկող դեղահաբը կուլ տալիս հիշել, որ Արցախում 120.000 հայ դեղամիջոցները գրեթե չունի

Ելույթս ԵԽԽՎ լիագումար նիստին
«Հարգելի’ գործընկերներ,
Ձեր դեմքերի արտահայտությունը խոսում է այն մասին, որ կանխատեսում եք, որ հայերն այժմ կխոսեն ադրբեջանական ագրեսիայի, գերիների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին, իսկ Ադրբեջանի պատվիրակությունը, ի պատասխան, ծանրաբեռնելու է ձեզ կեղծ հակադարձումներով։ Բայց թույլ տվեք ինձ բացատրել, թե ինչու ենք պարտավոր բարձրաձայնել Լաչինի միջանցքի ադրբեջանական շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար աղետի և վերը նշված այլ թեմաների մասին։ Խնդրում եմ՝ իմ խոսքերն ընկալել ոչ թե որպես քաղաքական ելույթ, այլ որպես խորհելու նյութ։
Օրինակ՝ մեզանից ոմանք այս նիստից հետո կայցելեն Ստրասբուրգի ռեստորաններից մեկը։ Ես խնդրում եմ ձեզ ընթրիքի ընտրության ժամանակ նկատի ունենալ, որ Լեռնային Ղարաբաղում 120.000 մարդ կարող է իր ընտրությունն անել միայն սովորական մակարոնեղենի կամ հնդկաձավարի միջև՝ ո’չ բանջարեղեն, ո’չ միրգ, ոչ ուրիշ այլ բան:
Եվ երբ դուք, հարգելի’ գործընկերներ, կհասնեք ձեր հարմարավետ ու տաք հյուրանոցային համարները՝ սառը քամուց թաքնվելու և նորություններ դիտելու համար, խնդրում եմ հիշել, որ 120.000 հայ օրական 6-8 ժամ չունի գազ և էլեկտրականություն։
Ձեզանից նրանց, ովքեր երեխաներ ունեն, խնդրում եմ պատկերացնել, թե ինչ կանեիք, եթե աշխարհում ինչ-որ մեկը խոչընդոտեր ձեր երեխային կրթություն ստանալ։ Եթե դասասենյակներում այնքան ցուրտ լիներ, որ դպրոցները ստիպված գրեթե մեկ ամսով փակվեին։
Եվ եթե ձեզանից որևէ մեկը օրվա ավարտին գլխացավ ունենա, խնդրում եմ ցավազրկող դեղահաբը կուլ տալիս հիշել, որ Արցախում 120.000 հայ դեղամիջոցները գրեթե չունի։
Եվ երբ պարոն Սեիդովը կսկսի պատմել, որ ինքնահռչակ ակտիվիստներն օգտվում են իրենց խոսքի ազատության իրավունքից, թեպետ «խոսքի ազատությունն Ադրբեջանում» նախադասությունն ինքնին օքսիմորոն, խնդրում եմ հիշել, որ Ադրբեջանը Յեյլի համալսարանի բնապահպանական արդյունավետության ինդեքսում 104-րդն է, և ես չեմ հիշում, որ Ադրբեջանում երբևէ էկոլոգիական թեմայով բողոքի որևէ զանգվածային ցույց տեղի ունեցած լինի։ Չնայած քիչ առաջ ականատես եղանք, թե ինչպես է ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչը կասկածի տակ դնում ֆրանսիական ժողովրդավարությունը:
Կարող եք պատկերացնել, որ 1989 թվականի նոյեմբերի 9-ից հետո՝ Բեռլինի պատի փլուզումից հետո Եվրոպայում կլինի մի վայր, որտեղ ընտանիքներն ու հարազատները միմյանցից բաժանված կլինեն։ 21-րդ դարում երեխաները մեկուկես ամսից ավել չեն կարողանա հանդիպել իրենց ծնողներին։ Բայց հանկարծսխալ կարծիք չկազմեք. մենք չենք կարող 30 տարի սպասել. Լաչինի միջանցքը պետք է հիմա ապաշրջափակվի։ Եվ ինչպես մի քանի շաբաթ առաջ հայտարարեց Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը. «Աշխարհը պետք է անհապաղ գործի` կանխելու Հայոց երկրորդ ցեղասպանությունը»:
Շնորհակալություն և կոչ եմ անում կողմ քվեարկել հայկական պատվիրակության առաջարկած փոփոխություններին:»

ԵՄ առաքելության տեղակայումը Հայաստանում կարող է միայն աշխարհաքաղաքական առճակատման հանգեցնել և սրել առկա հակասությունները․ ՌԴ ԱԳՆ

Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելություն տեղակայելու որոշման վերաբերյալ ՌԴ ԱԳ նախարարությունը հանդես է եկել մեկնաբանությամբ, որում նշված է՝  Երևանը, տրամաբանական ավարտին չհասցնելով ՀԱՊԿ առաքելության ուղղությամբ աշխատանքը, նախընտրել է ընտրություն կատարել հօգուտ ԵՄ-ի։

ՌԴ ԱԳՆ մեկնաբանությունում ընդգծվում է, որ  Անդրկովկասում արտատարածաշրջանային գործոնի ամրապնդման հարցի շուրջ Ռուսաստանի սկզբունքային դիրքորոշումը չի փոխվել

«Եթե Բրյուսելը անկեղծորեն շահագրգռված լիներ Անդրկովկասում խաղաղությամբ, իր առաքելության աշխատանքի պայմանները կհամաձայնեցներ Ադրբեջանի հետ։

ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի կցորդի վերածված և ԱՊՀ-ում առճակատման քաղաքականություն վարող ԵՄ ներկայացուցիչների հայտնվելը  Հայաստանի սահմանամերձ շրջաններում  կարող է միայն աշխարհաքաղաքական առճակատում բերել տարածաշրջան և սրել առկա հակասությունները։ ԵՄ առաքելության «քաղաքացիական» հռչակված  բնույթը չպետք է մոլորության տեղիք տա, այն ձևավորվում է ԵՄ  անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության շրջանակներում՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։

Ամեն գնով  Հայաստանում ամրապնդվելու, Ռուսաստանի միջնորդական ջանքերը  ստվերելու ԵՄ փորձերը կարող են վնաս հասցնել տարածաշրջանի խաղաղ զարգացմանը վերադառնալու՝ հայերի և ադրբեջանցիների ջանքերին։ Համոզված ենք, որ տարածաշրջանում կայունության և անվտանգության առանցքային գործոնը տեսանելի ապագայում մնում է ռուսական խաղաղապահ զորախումբը, որը տեղակայված է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության հիման վրա, ինչպես նաև Հայաստանի սահմաններին ծառայող ռուս սահմանապահները։ Նրանք կարձագանքեն ԵՄ դիտորդների պահվածքին՝ հաշվի առնելով «գետնի վրա» իրադարձությունների զարգացումը։

Արձանագրում ենք, որ Երևանը, տրամաբանական ավարտին չհասցնելով ՀԱՊԿ առաքելություն ուղղությամբ աշխատանքը, նախընտրել է ընտրություն կատարել հօգուտ ԵՄ-ի։ Եթե հայ դաշնակիցների մոտ պահպանվում է շահագրգռվածությունը ՀԱՊԿ ներուժն օգտագործելու հարցում, ապա ՀԱՊԿ առաքելությունը կարող է օպերատիվորեն տեղակայվել Հայաստանում»,- նշված է հայտարարությունում։

Այցելուն ներքնազգեստում թաքցրած թմրամիջոցը փորձել է փոխանցել կալանավորին

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողները, իրացնելով նույն բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունները, 2023 թվականի հունվարի 25-ին՝ ժամը 12:50-ի սահմաններում, անձնական խուզարկության են ենթարկել կալանավորված անձի մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացուն:

Քրեակատարողական ծառայությունից  հայտնում են, որ Խուզարկության արդյունքում վերջինիս ներքնազգեստում նախապես պատրաստված թաքստոցից հայտնաբերվել է փայլաթիթեղով փաթեթավորված մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 12,8 գրամ ընդհանուր քաշով դեղնականաչավուն զանգված:

Կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Աննա Գրիգորյանին պատկանող հացի արտադրամասում (Շիրակի մարզ, ք. Գյումրի): Պարզվել է, որ այն գործում է սանիտարահիգիենիկ սահմանված նորմերի խախտումներով:

ՍԱՏՄ-ից  հայտնում են, որ մասնավորապես՝ ապահովված չէ պարենային հումքի և սննդամթերքի խաչաձև աղտոտումը բացառող տեխնոլոգիական գործընթացը, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները, գործիքները, բեռնարկղերը չեն ենթարկվել պատշաճ մաքրման և ախտահանման, չեն եղել նորոգ և բարվոք վիճակում, արտադրական շինությունն ապահովված չի եղել մեխանիկական օդափոխության միջոցներով, հատակը, պատերը և առաստաղը պատրաստված չեն եղել լվացվող նյութերից, չի եղել անձնակազմի համար նախատեսված հանդերձարան:

ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ խախտումները վերացնելու համար:

«Ապօրինի չեմ հարստացել, նշված գույքերն ինձ չեն պատկանում». Սեյրան Օհանյանն առաջարկել է նորից ուսումնասիրել հայցը

Հակակոռուպցիոն դատարանում այսօր՝ հունվարի 26-ին, ընթացել է Պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի եւ նրա ընտանիքի ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով դատական նիստը:

Նշենք, որ դատական նիստին Սեյրան Օհանյանը առանց իր հետ փոխկապակցված անձանց եւ փաստաբանների էր ներկայացել:

Դատախազ Գեւորգ Քոչարյանը ներկայացրել է հայցը, որով պահանջում է բռնագանձել Օհանյանի ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքերը:

Սեյրան Օհանյանն առարկել է հայցի դեմ, նա նաեւ միջնորդել է դատարանին՝ հետաձգել նիստը, քանի որ ինքը չի տիրապետում գործի նյութերին, եւ, որ իր փաստաբանները ներկա չեն դատական նիստին: Դատարանը, սակայն, մերժեց Սեյրան Օհանյանի միջնորդությունը:

«Նշված փաստերը չեմ ընդունում: Ապօրինի չեմ հարստացել, նշված գույքերն ինձ չեն պատկանում: «Ապօրինի զավթել» բառակապակցությունն անընդունելի է ինձ համար, մնացած բոլորն էլ թողեցին, որ ես ապօրինի զավթե՞մ։ Առարկում եմ եւ դրա համար առաջարկում եմ հավանության տալ սկզբնական միջնորդությանը` կրկին հայցը ուսումնասիրել, որպեսզի հաջորդ նիստերի ժամանակ փաստաբանները լուրջ ուսումասիրեն բոլոր ընթացքը, քանի որ բաներ կան, որոնք ինձ համար նորություն են եւ անընդունելի»,- դատարանում ասել է Օհանյանը:

Տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել են լիցքավորված ատրճանակ և դանակ

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, հունվարի 25-ին Փափազյան փողոցի 2-րդ նրբանցքում հայտնաբերել, զենք, զինամթերք ապօրինի պահելու և կրելու համար ձերբակալել և ոստիկանության Արաբկիրի բաժին են տեղափոխել 37-ամյա մի տղամարդու: Բաժնում անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են թմբուկավոր ատրճանակ՝ լիցքավորված 9 փամփուշտով, և բարդ փականով, 9 սմ շեղբով դանակ:

Նա ներկայացվել է Արաբկիրի քննչական բաժին։

Կատարվում է նախաքննություն:

Բելառուսում Տիխանովսկայայի գրասենյակը ծայրահեղական կազմավորում են ճանաչել

Բելառուսի ընդդիմության համակարգող խորհուրդը, Բելառուսից հեռացած երկրի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի գրասենյակը եւ նրան մոտ կանգնած այլ կառույցներ Բելառուսում ճանաչվել են ծայրահեղական կազմավորումներ, հաղորդում է երկրի ՆԳՆ-ի կայքը:

Ծայրահեղական կազմավորումների ցանկում, որը հրապարակվել է նախարարության կայքում, ներառված է «Սվետլանա Տիխանովսկայայի թիմ» կազմավորումը՝ դրա մեջ մտնող «Սվետլանա Տիխանովսկայայի գրասենյակ», «Սվետլանա Տիխանովսկայայի ներկայացուցիչների կաբինետ», «Սվետլանա Տիխանովսկայա» կառույցներով։  

Ծայրահեղական կազմավորում ճանաչելու եւ այդ կառույցների կողմից միավորված քաղաքացիների գործունեությունն արգելելու մասին որոշումը ՆԳՆ-ն ընդունել է հունվարի 26-ին: Պարզաբանվում է, որ քաղաքացիների այս խումբը «ծայրահեղական գործունեություն է իրականացնում»։ Որոշման համաձայն՝ արգելքի տակ են հայտնվել այդ կառույցների կայքերը, Telegram-ալիքները, սոցցանցերի օգտահաշիվները։   

Բացի այդ, ՆԳՆ հունվարի 26-ի որոշմամբ համակարգող խորհուրդը, որի ստեղծումը 2020 թվականին նախաձեռնել է Տիխանովսկայան, նույնպես ճանաչվել է ծայրահեղական կազմավորում, նրա գործունեությունն արգելված է։ Արգելքի տակ են հայտնվել նրա կայքը, Telegram ալիքը, սոցցանցերի օգտահաշիվները։

Լաչինի միջանցքի փակման պատճառով Հայաստանում մնացած ԼՂ քաղաքացիների կացության ծախսերը կփոխհատուցվեն

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 26-ի նիստում որոշեց Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Հայաստանում գտնվող Լեռնային Ղարաբաղի շուրջ 486 քաղաքացիների կացությունը ապահովելու համար հատկացնել 98 490 500 դրամ: Դրանից 11.5 մլն–ը տրվել է Երևանի քաղաքապետարանին, 87 046 500-ը` Սյունիքի մարզպետարանին։

Կառավարության որոշման մեջ նշվում է, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից սկսած Լեռնային Ղարաբաղի մի շարք քաղաքացիներ դիմել են Հայաստանի Հանրապետությունում Լեռնային Ղարաբաղի օպերատիվ շտաբ և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության գրասենյակներ` Լաչինի միջանցքի փակ լինելու հետևանքով կացություն չունենալու խնդրով։ Քաղաքացիները տեղավորվել են տարբեր հյուրանոցներում։

Այսօր ընդունված որոշմամբ կառավարությունը փոխհատուցում է ԼՂ քաղաքացիներին կացություն տրամադրած կազմակերպություններին` 2023–ի հունվարի 10-ից մինչև հունվարի 25-ը ներառյալ կատարած հյուրանոցային ծառայությունների դիմաց։

Ավելի վաղ կառավարությունը մեկ այլ որոշմամբ արդեն փոխհատուցել էր մինչև ս.թ. հունվարի 9-ը ներառյալ կատարած ծախսերը։

Սա միակ ճանապարհն է, որը թույլ կտա պահպանել մեր հայրենիքը . Ռուբեն Վարդանյան

Արցախի Հանրապետության պետական նախարար, Օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանն այցելել է Ասկերանի շրջանի Նորագյուղ, Խնձրիստան, Պատարա համայնքներ, հանդիպումներ ունեցել ինչպես նշված գյուղերի, այնպես էլ հարակից բնակավայրերի բնակիչների հետ: Պետնախարարին ուղեկցել են ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Գալստյանը, ԱՀ Ազգային ժողովի «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանն ու Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանը:

Կարևորելով բնակչության հետ անմիջական շփումները՝ Ռուբեն Վարդանյանը նշել է, որ հատկապես այս ճգնաժամային իրավիճակում բնակչությանն առաջին ձեռքից տեղեկություններ տրամադրելը, նրանց լսելն առաջնային նշանակություն ունի ճգնաժամը համատեղ հաղթահարելու տեսանկյունից. «Կարծում եմ, սա Արցախում շփման ամենաարդյունավետ ձևն է: Մենք իսկապես մեծ դժվարությունների ենք բախվում, բայց մեծ աշխատանք է տարվում նաև դրանք հաղթահարելու համար, փորձում ենք առաջ շարժվել՝ լուծումներ գտնելով ամեն օր առաջացող նոր խնդիրներին:
Նա մանրամասն տեղեկություններ է ներկայացրել պարենային ապրանքների, բենզինի և դիզվառելիքի, էլեկտրաէներգիայի և գազամատակարարման ոլորտներում ընթացիկ իրավիճակի, շրջափակման մյուս հետևանքների և տնտեսության վրա դրա ազդեցության, ինչպես նաև Օպերատիվ շտաբի կողմից իրականացված և ձեռնարկվելիք քայլերի մասին:

Պետնախարարը նշել է, որ բոլոր միջոցներով աշխատանք է տարվում ապաշրջափակման ուղղությամբ, բայց, մյուս կողմից, կառավարությունը պարտավոր է պատրաստ լինել և հնարավոր բոլոր սցենարների պարագայում ապահովել բնակչության առնվազն նվազագույն կենսական կարիքները:

Խոսելով շրջափակման պատճառների մասին՝ նա ընդգծել է, որ Ադրբեջանն ամեն կերպ փորձում է կոտրել արցախահայության ոգին ու ճնշումների միջոցով հասնել Արցախի հայաթափմանը և նշել է, որ իրեն հպարտ է զգում՝ տեսնելով արցախահայության տոկունությունը. «Այս փորձությունների միջով ստիպված ենք անցնել՝ հանուն Արցախը հայկական պահելու և հանուն մեր հողի վրա արժանապատիվ ապրելու իրավունքի պաշտպանության: Սա դժվար ճանապարհ է. չեմ կարող խոստանալ, որ խնդիրներ չեն լինելու, բայց վստահեցնում եմ, որ սա միակ ճանապարհն է, որը թույլ կտա պահպանել մեր հայրենիքը»:

Բոլոր երեք համայնքներում հանդիպումների մասնակիցները վստահեցրել են, որ այդ ճանապարհին այլընտրանք չեն տեսնում, և այդ նպատակի համար պատրաստ են դիմակայել բոլոր դժվարություններին: Այս համատեքստում, մասնավորապես, խոսվել է գյուղատնտեսական և գարնանացանի աշխատանքները ժամանակին կազմակերպելու անհրաժեշտության մասին, ինչը կարևորվել է նաև պարենային անվտանգության տեսանկյունից: Պետնախարարը նշել է,որ հնարավոր ամեն ինչ արվելու է ինչպես գարնանացանի աշխատանքները ժամանակին կազմակերպելու, այնպես էլ գյուղատնտեսության զարգացմանն ուղղված այլ ծրագրեր իրականացնելու համար:

«Ժողովուրդ». Առաջիկայում կասեցվի նաեւ «Գնունի» շուկայի գործունեությունը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանի տարածքում գործող խոշոր առեւտրի կենտրոններում ուժեղացված վերահսկողություն է իրականացվում: Առեւտրի բոլոր կենտրոններում, այդ թվում՝ մարզայիններում, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից հրդեհատեխնիկական հետազոտություններ եւ ստուգումներ են իրականացվում:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ թերությունների հայտնաբերումից հետո տնտեսվարողին այլեւս ժամանակ չի տրվում դրանք վերացնել, այլ անմիջապես գործունեությունը կասեցնելու որոշում է կայացվում։ Խոսքը ոչ միայն առեւտրի խոշոր կենտրոնների մասին է, այլեւ փայտամշակման, տպագրական արտադրամասերի, նավթամթերքի պահեստարանների, ընդհանուր նշանակության պահեստների, այնտեղ, որտեղ կարող է լինել մարդկանց մեծաքանակ կուտակում եւ դյուրավառ միջավայր:
Նախօրեին պարզ դարձավ, որ կասեցվել է «Մալաթիա» տոնավաճառի գործունեությունը: Տոնավաճառը պետք է փակվի փետրվարի 1-ից: Նշենք, որ այս որոշման հետեւանքով գործազուրկ է դառնում ավելի քան 600 քաղաքացի:

Ի դեպ, չի բացառվում, որ առաջիկայում գործունեությունը կասեցնելու վերաբերյալ որոշում կայացվի նաեւ «Գնունի» շուկայի մասով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում