«Մալաթիա» տոնավաճառը փետրվարի 1-ից կփակվի

«Մալաթիա» տոնավաճառի գործունեությունն առաջիկայում կկասեցվի. տնտեսվարողը տեսչականի արձանագրած խախտումները չի վերացրել։ Տոնավաճառում չեն պահպանվում հրդեհային անվտանգության կանոնները։

«Տնտեսվարողը պաշտոնապես գրություն էր ուղարկել տեսչական մարմնին և աշխատանքը ներկայացրել կատարված։ Իրավիճակը տեղում ուսումնասիրել է տեսչական մարմինը և գնահատել ոչ բավարար։ Անցած ուրբաթ օրը ծանուցվել է, որ կատարված աշխատանքը բավարար չէ, և անհրաժեշտ է դադարեցնել գործունեությունը»,- ասել է ՔՏՀԱ տեսչական մարմնի իրազեկման բաժնի պետ Ելենա Զոհրաբյանը։

Որոշումն ուժի մեջ կմտնի փետրվարի 1–ին։

Հիշեցնենք, որ հունվարի 20-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի արտահերթ աշխատանքային խորհրդակցության ժամանակ մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի կողմից տրվել է հանձնարարական սեղմ ժամկետներում իրականացնել  հրդեհատեխնիկական հետազոտություններ և վերահսկողական խիստ գործառույթներ հանրապետության   տարածքում գործող քաղաքացիական բոլոր խոշոր օբյեկներում՝ մասնավորապես՝ առևտրի խոշոր կենտրոններում, փայտամշակման, տպագրական արտադրամասերում, նավթամթերքի պահեստարաններում, ընդհանուր նշանակության պահեստներում, բազաներում և հասարակական նշանակության այն օբյեկտներում, որտեղ կարող է լինել մարդկանց մեծաքանակ կուտակումներ։

Ռոնալդուի որդին սկսել է մարզվել Սաուդյան Արաբիայի ակադեմիաներից մեկում

«Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի որդին սկսել է մարզվել Սաուդյան Արաբիայի ակադեմիաներից մեկում։ Ըստ The Sun-ի՝ 12-ամյա Կրիշտիանու կրտսերն ընդունվել է Սաուդյան Արաբիայի ազգային սպորտային կենտրոն, որը գտնվում է Էր Ռիադում։ Ընդ որում, նա մարզվում է իր տարիքից բարձր ֆուտբոլիստների խմբում։

Դեկտեմբերին հաղորդվում էր, որ Կրիշտիանու կրտսերը վերադառնալու է Մադրիդի «Ռեալի» ակադեմիա։

Արարատ Միրզոյանն առաջին անգամ խոստովանեց, որ Հայաստան-Ադրբեջան բանակցություններն Արցախի հարցից տարանջատելու առաջարկն արել է Ադրբեջանը, և պաշտոնական Երևանը համաձայնել է․ Աշոտյան


ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրել է․

«Երեկ Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստի օրակարգում ներառված էր նաև հանդիպում-քննարկում ՀՀ ԱԳ, այսպես կոչված, նախարար Արարատ Միրզոյանի հետ:

 

Հատկանշական էր, որ այդ հանդիպումն իրականացվեց փակ ձևաչափով, և մեզ հասանելի է միայն Արարատ Միրզոյանի ելույթի սղագրությունը, որը տեղադրված է ԱԳՆ պաշտոնական կայքում:

Ցավոք, եվրախորհրդարանականների հետ հարցուպատասխանի հատվածը հրապարակված չէ, ինչը, իհարկե, բազմաթիվ ենթադրությունների տեղիք է տալիս:

Բայց այս գրառմանս առիթը դա չէ. ծանոթանալով Արարատի ելույթին՝ աչք ծակեց այն հատվածը, որտեղ Արարատ Միրզոյանն առաջին անգամ խոստովանում է, որ Հայաստան-Ադրբեջան բանակցություններն Արցախի հարցից տարանջատելու առաջարկն արել է Ադրբեջանը, և պաշտոնական Երևանը համաձայնել է Ադրբեջանի այդ առաջարկին:

 

Դեռևս ամիսներ առաջ և առ այսօր մենք աղաղակում էինք այն մասին, որ այդպիսի տարանջատում իրականացնել չի կարելի, որ չի կարելի Արցախին թողնել Ադրբեջանի հետ դեմ-հանդիման, որ այդպիսի բանակցային մարտավարությունն Արցախին դավաճանելու հերթական դիվանագիտական արարն է և չի բխում Հայաստանի և Արցախի շահերից:

Իշխանության ոհմակի ներկայացուցիչներն այդ գաղափարը սկզբից ներկայացնում էին որպես սեփական նախաձեռնություն՝ ամիսներ առաջ Արմեն Գրիգորյանի, Նիկոլ Փաշինյանի և այլ մանր-մունր ուսապարկերի շուրթերով, հետո փորձում էին ակնարկել, որ այդպիսի մարտավարություն են որդեգրել, քանի որ կա միջազգային խաղացողների նման նախատրամադրվածություն:

Եվ ահա, վերջապես, երեկ Արարատ Միրզոյանը խոստովանեց այն, ինչի մասին կռահում էինք բոլորս։ Պաշտոնական Երևանը, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, շարունակում է պարել Իլհամ Ալիևի տրոմբոնի տակ:

Եվ, բնականաբար, այդ ռեգիոնալ և աշխարհաքաղաքական պորտապարը, որն իրականացնում է Նիկոլը, արվում է Հայաստանի, հայ ժողովրդի երկարաժամկետ շահերի հաշվին»:

Ուրախ ենք տեղեկացնել, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներից 2-ը հաղթել են մրցույթում

2022 թվականին հոկտեմբերին տեղի է ունեցել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Կոմունիստական կուսակցության 20-րդ համագումարը։
Չինաստանի Եվրոպական և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի քաղաքական կուսակցությունների առաջնորդների հետ փոխըմբռնումն ու բարեկամությունն ամրապնդելու և միևնույն ժամանակ ՉԺՀ Կոմունիստական կուսակցության մասին ունեցած գիտելիքներին տեղեկանալու համար ՝ Կոմունիստական կուսակցությունը համագումարի շրջանակում հայտարարել էր «Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը նոր դարաշրջանում. իմ հեռանկարը» խորագրով էսսեների ու կարճ տեսանյութերի մրցույթ։
Մրցույթին մասնակցում էին տարբեր երկրների քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները։ Դրանց թվում էին նաեւ Հայաստանի Հանրապետական կուցակցությունը ներկայացնող մի քանի երիտասարդներ։
Ուրախ ենք տեղեկացնել, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներից 2-ը՝ ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀԿ ԵԿ քարտուղար Հասմիկ Ափյանն ու ՀՀԿ ԵԿ անդամ, ՀՀԿ վերստուգիչ հանձնաժողովի անդամ Սյուզան Թորոսյանը հաղթել են մրցույթում, քանի որ նրանց ներկայացրած էսսեները ճանաչվել են լավագույնն ու արժանացել մրցանակների։
Շնորհավորում ենք մեր գործընկերներին ու շնորհակալություն հայտնում մեր կուսակցության անունը բարձր պահելու համար։
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կարևորում է եւ շարունակելու է սերտ համագործակցությունը տարբեր միջազգային կառույցների ու կուսակցությունների հետ՝ ի շատ Հայաստանի Հանրապետության։

Երեւանյան շենքերից մեկի նկուղում զենք էին պահում. 4 երիտասարդներ ձերբակալվել են

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, հունվարի 24-ին Ալեք Մանուկյան փողոցում հայտնաբերել, ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով ձերբակալել և, իր վարած «Մերսեդեսով» հանդերձ, ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել Արմավիրի մարզի Գրիբոյեդով գյուղի 37-ամյա մի բնակչի:

Ոստիկանությունից հայտնում են, որ նրա ձեռքի պայուսակում հայտնաբերվել է առանց գործարանային համարի ատրճանակ՝ լիցքավորված 4 փամփուշտով, և մոխրացած հետքերով ապակե գլանակ:

Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք: Տղամարդը ներկայացվել է քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են:

Նույն օրը Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզել են, որ Ֆրունզեի փողոցի շենքերից մեկի նկուղում մի խումբ երիտասարդներ պահում են զենք-զինամթերք: Քրեական հետախույզները նշված նկուղում հայտնաբերեցին «Ֆ-1» տեսակի նռնակ՝ պայթուցիչով: Այնուհետև նույն նկուղում ձերբակալվեցին և բաժին տեղափոխվեցին 19-20 տարեկան չորս երիտասարդ: Նրանցից մեկը հայտնեց, որ նռնակն իրենն է:

Նախաձեռնվել է քրեական վարույթ: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ նռնակի ձեռք բերման հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Սննդի սղության պատճառով Արցախում փակվել են 41 մանկապարտեզ, 56 նախադպրոցական խումբ

Արցախի կառավարության տեղեկագրում հրապարակվել է շրջափակման 45 օրվա վիճակագրությունը.

11 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:
10 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 3-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում։
Արդեն 164 երեխա է ծնվել շրջափակման մեջ:
Արցախի առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով 500 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից։
Մինչ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 46 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։
Ստեղծված տնտեսական բարդ իրավիճակի պատճառով նախնականորեն առնվազն 4700 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը։
Ավելի քան 17600 տոննա կենսական նշանակության ապրանքներ կմակատարարվեին Արցախ, եթե չլիներ շրջափակումը, որի ընթացքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից մատակարարվել է դրա միայն չնչին մասը:

Շրջափակման պայմաններում սննդի սրացող սղության պատճառով հունվարի 9-ից ամբողջությամբ կամ մասամբ փակվել են 41 մանկապարտեզ, 56 նախադպրոցական խումբ։
6828 երեխա այլևս չի կարողանում մանկապարտեզ, նախակրթարան և երկարօրյա դպրոց հաճախել՝ զրկվելով համապատասխան խնամք, սնունդ և կրթություն ստանալու հնարավորությունից:
Հունվարի 18-ից ջեռուցման ու էլեկտրամատակարարման խնդիրների պատճառով դադարեցվել է Արցախի բոլոր 118 դպրոցների աշխատանքը՝ ավելի քան 20000 երեխայի զրկելով կրթություն ստանալու իրավունքից:

Ատրճանակ ու նռնակ. զենք-զինամթերքի հայտնաբերումներ՝ մայրաքաղաքում

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, հունվարի 24-ին Ալեք Մանուկյան փողոցում հայտնաբերել, ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով ձերբակալել և, իր վարած «Մերսեդեսով» հանդերձ, ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել Արմավիրի մարզի Գրիբոյեդով գյուղի 37-ամյա մի բնակչի: Նրա ձեռքի պայուսակում հայտնաբերվել է առանց գործարանային համարի ատրճանակ՝ լիցքավորված 4 փամփուշտով, և մոխրացած հետքերով ապակե գլանակ:
Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք: Տղամարդը ներկայացվել է քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են:

Նույն օրը Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզել են, որ Ֆրունզեի փողոցի շենքերից մեկի նկուղում մի խումբ երիտասարդներ պահում են զենք-զինամթերք: Քրեական հետախույզները նշված նկուղում հայտնաբերեցին «Ֆ-1» տեսակի նռնակ՝ պայթուցիչով: Այնուհետև նույն նկուղում ձերբակալվեցին և բաժին տեղափոխվեցին 19-20 տարեկան չորս երիտասարդ: Նրանցից մեկը հայտնեց, որ նռնակն իրենն է

Նախաձեռնվել է քրեական վարույթ: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ նռնակի ձեռք բերման հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Հետաքրքիր է նաև, որ, բացի արևմտամետ ռեսուրսներից, նման քաղաքականություն են վարել նաև իշխանամետ որոշ լրատվամիջոցներ.Արման Ղուկասյան

2022 թվականն առանձնացավ հայ-ռուսական հարաբերությունների շուրջ կեղծ ու մանիպուլյատիվ տեղեկատվական հոսքերի ակտիվությամբ: Դրանց հիմնական նպատակն է ստվերել ՀՀ-ՌԴ դաշնակցային հարաբերությունները, թիրախավորել Երևանի և Մոսկվայի միջև երկկողմ օրակարգը, հարցականի տակ դնել ինտեգրացիոն գործընթացների թեման՝ եվրասիական ինտեգրման և ՀԱՊԿ-ի հետ կապված։ Եվ այս ամենում կարևոր դերակատարում ունեն պրոարևմտյան ուղղվածություն ունեցող ԶԼՄ-ներն ու փորձագիտական շրջանակները:
Այս մասին ասուլիսում հայտարարեց քաղաքագետ, «Ժողովրդի ձայն»-ը միջազգային փորձագիտական ակումբի փորձագետ Արման Ղուկասյանը՝ ներկայացնելով «Տեղեկատվական մանիպուլյացիաներ ռուս-հայկական հարաբերությունների շուրջ. տարվա արդյունքներ և ընթացիկ միտումներ» թեմայով զեկույցը:
Փորձագետը նշում է՝ առանձին տեղեկատվական ռեսուրսները, որոնք հազիվ թե կարելի է ԶԼՄ անվանել, և դրանք նույնացվում են որպես հակառուսական քարոզչության գործիք, հեռարձակել են միայն արևմտամետ հասարակական և քաղաքական գործիչների կարծիքներն ու մեկնաբանությունները, և երկկողմ ու բազմակողմ օրակարգի բազմաթիվ կարևոր հարցեր կողմնակալ կերպով ներկայացրել հանրությանը։
“Հետաքրքիր է նաև, որ, բացի արևմտամետ ռեսուրսներից, նման քաղաքականություն են վարել նաև իշխանամետ որոշ լրատվամիջոցներ։ Հաճախ արևմտամետ օրակարգն ավելի հաճախ էր հեռարձակվում նաև մերձիշխանական լրատվամիջոցների հարթակներում, այդ թվում՝ Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ՞,-ասաց նա։
Հակառուսական մանիպուլյացիաների հիմնական թեզերը վերաբերում են հետևյալ թեմաներին՝ հայ-ադրբեջանական հարաբերություններ և տարածաշրջանային գործընթացների կարգավորման գործընթացը, Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին, երկկողմ ռուս-հայկական օրակարգ, Հայաստանի անդամակցությունը Միութենական պետությանը:
Ի դեպ, վերջինի մասին. Դեկտեմբերին սկսվեց ակտիվորեն շրջանառվել ապատեղեկատվություն, թե, իբր, ՌԴ-ն է նպաստել, որպեսզի ադրբեջանցիները փակեն Լաչինի միջանցքը, որպեսզի ՀՀ-ն զիջումների գնա Միութենական պետությանը միանալու հարցում ։ Այս թեման, հիշեցրեց փորձագետը, քննարկվում էր դեռևս Լաչինի միջանցքի փակվելուց առաջ, և այսօր օգտագործվում է Լաչինի շուրջ իրադարձությունների համատեքստում, որպեսզի ՌԴ-ին մեղադրեն այն ամենում, ինչ կատարվում է: Եվ անմասն չեն մնում նաև ՀՀ պաշտոնյաները՝ իրենց ոչ կոմպետենտ ու անհիմնո հայտարարություններվ: Նույն Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ ՀՀ-ին ստիպում են անդամակցել ՄՊ-ին, այնուհետև ՀՀ վարչապետն իր ասուլիսում հայտարարեց, որ Երեւանը Միութենական պետությանն անդամակցելու առաջարկներ չի ստացել։
«Այս մանիպուլյացիայի նպատակն է վարկաբեկել ռուս-հայկական հարաբերությունները եւ, մասնավորապես, ՌԴ-ն, որն, իբր, մտադիր է ՀՀ-ին ինքնիշխանությունից զրկել։ Ամենակարևորն այն է, որ ՄՊ-ն հայ հասարակության մեջ դիրքավորվում է արևմտամետ ուժերի կողմից որպես ձևաչափ, որի շրջանակներում ՀՀ-ն կարող է իսպառ զրկվել ցանկացած անկախությունից և դառնալ ՌԴ մաս”,-նշեց փորձագետը։
Հաջորդ մանիպուլյացիան՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթաց ։ Հաճախ հնչում են թեզեր, թե ՌԴ-ն հակամարտություն է հրահրում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, իբրև Մոսկվան ցանկանում է տիրանալ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքին։ Այս կեղծ թեզը հեռարձակում է ՀՀ ողջ արևմտամետ հասարակական-քաղաքական և փորձագիտական հանրությունը։ Ղուկասյանը հիշեցրեց, որ այն առաջ է քաշել նաեւ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթը, որտեղ բազմիցս հրապարակվել են նմանատիպ բովանդակությամբ վերլուծական հոդվածներ։
Ներկայացվում է, որ Ադրբեջանի հետ բանակցային գործընթացում արևմտյան միջնորդությունն ավելի ձեռնտու է ՀՀ-ին և, ըստ այդմ, տեղծվում է մտացածին մի ֆոն, թե Արևմուտքն ավելի հայանպաստ դիրքորոշում ունի, բայց ոչ ոք չի խոսում ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից կոնկրետ քայլերի մասին, որոնք կարող են դրական ազդել հակամարտության կարգավորման վրա, քանի որ դրանք ուղղակի չկան։
«Այս մանիպուլյացիաների նպատակը ղարաբաղյան կարգավորման հարցում ռուսական միջնորդության նկատմամբ հայ հասարակության բացասական վերաբերմունքի ձևավորումն է և այս գործընթացում արևմտյան միջնորդության դրական ֆոն ստեղծելը»,- շեշտեց նա։
Առանձնահատուկ մանիպուլյացիաների է ենթարկվել Հայաստանի անդամակցության հարցը ՀԱՊԿ-ին։ Սեպտեմբերին Հայաստանի հետ սահմանին Ադրբեջանի ագրեսիայից հետո տեղեկատվական դաշտը և փորձագիտական հանրությունը սկսեց քննարկել ՀԱՊԿ-ի արագ արձագանքման և գործողությունների հարցը։ Չնայած այն հանգամանքին, որ այդ սադրանքը կասեցվեց ՌԴ ջանքերով, և ՀԱՊԿ-ն ի վերջո պատրաստ էր դիտորդական խումբ ուղարկել սահման, շարունակվեցին մեղադրանքները, թե ՀԱՊԿ-ը լիակատար անգործության է մատնվել, իսկ ՀՀ իշխանությունները հրաժարվեցին ՀԱՊԿ դիտորդական խումբ ուղարկել ՀՀ և Ադրբեջանի սահման: Հանրության շրջանում փորձ արվեց ամրագրել, որ ՀԱՊԿ-ը հրաժարվում է օգնել Հայաստանին։ Այնուհետ ՀՀ իշխանություններն առանց լուրջ հիմնավորման հրաժարվեցին 2023-ին ՀՀ տարածքում ՀԱՊԿ զորավարժություններ անցկացնելուց, ինչը մի շարք հարցեր առաջացրեց հանրության մոտ։
“Այս ամենի նպատակն անվտանգության ոլորտում ՌԴ հետ փոխգործակցության բոլոր հնարավոր ձևաչափերն ամբողջությամբ վարկաբեկելն է և ՌԴ նկատմամբ հայ հասարակության թշնամական վերաբերմունք ձևավորելը»,-շեշտեց Ղուկասյանը։
Ըստ փորձագետի՝ հայաստանյան ԶԼՄ-ներում չի ներկայացվում ԵԱՏՄ-ի անդամակցության բոլոր օգուտների մասին, թեև Հայաստանը 2022 թվականին գրանցել է ՀՆԱ-ի աննախադեպ աճ (մոտ 12-13%), ինչը հենց պայմանավորված է ԵԱՏՄ-ին անդամակցությամբ: Այդպես, ՀՀ-ից ՌԴ արտահանումը 2021-ի համեմատ կրկնապատկվել է։ «Ռուսական շուկայի և ԵԱՏՄ շուկաների հետ ՀՀ փոխգործակցության վերը նշված բոլոր դրական կողմերն ակտիվորեն լռեցվում են ԶԼՄ-ներում, և ոչ ոք հայ հանրությանը չի բացատրում այն ռիսկերը, որոնք կարող են առաջանալ Հայաստանի և նրա տնտեսության համար, եթե հանրապետությունը որոշի փոխել իր արտաքին քաղաքականությունը: Նույնկերպ ՀԱՊԿ-ից դուրս գալու առաջարկողներից և ոչ մեկը հստակ չի բացատրում, թե ինչ հետևանքներ և ռիսկեր է պարունակում այս ամենը Երևանի համար, և որ ամենակարևորն է՝ ի՞նչ այլընտրանք են առաջարկում”,- շեշտեց նա։
Այսպիսով, Հայաստանում հակառուսական քարոզչության հիմնական նպատակն է վարկաբեկել ՌԴ իմիջը հայ հասարակության աչքում և իրադարձությունները ներկայացնել օտարերկրյա դոնորների շահերից բխող։
Պետք է հասկանալ, որ ՌԴ-ն միակ երկիրն է, որը դադարեցրել է արյունահեղությունը Ղարաբաղում 2020-ին, և որի խաղաղապահներն այժմ գտնվում են Արցախում և թույլ չեն տալիս նոր լայնածավալ պատերազմ։ Արտաքին խաղացողների նպատակն է վնասել Մոսկվայի միջնորդական ջանքերը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում, և բոլոր տեղեկատվական ռեսուրսները և արտաքին հովանավորության ներքո գտնվող հասարակական-քաղաքական և փորձագիտական հանրության ներկայացուցիչներն իրականացնում են այդ օրակարգը։
Արման Ղուկասյանը կանխատեսեց, որ այս բոլոր միտումները և մանիպուլյացիաները կշարունակվեն նաև այս տարի:

Ելփինում տղամարդը բռունցքով հարվածներ է հասցրել կնոջը և 17-ամյա դստեր դեմքին, հետո կրակոց արձակել

Հունվարի 24-ին, ժամը 21.15-ին, ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հաղորդում է տվել Ելփին գյուղի 36-ամյա մի բնակչուհի: Նա հայտնել է, որ ժամը 17.00-ի սահմաններում, ընտանեկան հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, ամուսինը բռունցքով հարվածներ է հասցրել իրեն, այնուհետև բռունցքով խփել է 17-ամյա դստեր դեմքին՝ պատճառելով վնասվածքներ:

Ոստիկանությունից հայտնում են, որ 39-ամյա տղամարդը նաև սպառնացել է, թե կսպանի կնոջը, ապա իր անվամբ հաշվառված որսորդական ողորկափող հրացանից ննջասենյակում մեկ անգամ կրակել է:

39-ամյա տղամարդը ժամը 22.00-ին ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Եղեգնաձորի բաժին: Նրա նկատմամբ կիրառվել է անհետաձգելի միջամտության որոշում՝ 20-օրյա ժամկետով:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վայոց ձորի մարզային քննչական վարչություն:

Հումանիտար խնդիրներին հաճախ ավելանում են նաև արտակարգ պատահարները. Արցախի ԱԻՊԾ

2022 թվականի դեկտեմբերի 12-ից բնապահպանական կեղծ պատճառաբանությամբ, Ադրբեջանն առ այսօր փակ է պահում Ստեփանակերտ-Գորիս միջպետական մայրուղին:

Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Արցախն աշխարհին կապող կյանքի ճանապարհի փակ լինելու, գազամատակարարման բացակայության և էլեկտրաէներգիայի հաճախակի տատանումների պատճառով, Արցախում անցել են հին ավանդական ջեռուցման համակարգին: Բնակարանների մեծ մասում տեղադրվել են վառաններ: Հրդեհային անվտանգության տեսանկյունից այն ռիսկային է, եթե չպահպանվի անվտանգության կանոնները:

Ադրբեջանի չդադարող ագրեսիվ գործողությունների պայմաններում հումանիտար խնդիրներին հաճախ ավելանում է նաև արտակարգ պատահարները: ԱԻ ծառայությունը հիշեցնում է՝ հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջներին չհամապատասխանող մետաղյա վառարանների տեղադրում չի թույլատրվում:

Վառարաններից մինչև գույքը և այլ սարքավորումներն ընկած հեռավորությունը պետք է լինի 0.7 մետրից ոչ պակաս, իսկ ծխատար խողովակի բարձրությունը պետք է լինի շինության տանիքից ոչ պակաս քան 0.5 մ, ինչպես նաև 2մ բարձր, 10մ շառավղով առկա ամենաբարձր շենքի տանիքից:

Փայտով ջեռուցվող վառարանի տակ պարտադիր է տեղադրել 50-ով 40 սմ մետաղյա թիթեղ: Արգելվում է դյուրավառ վառելիքով վառել փայտով ջեռուցվող վառարանը:

Ծառայությունը միաժամանակ հորդորում է Էլեկտրաջեռուցման, փայտե վառարանների կամ այլընտրանքային՝ գազի բալոնների օգտագործաման ժամանակ խստիվ պահպանել հրդեհային անվտանգության կանոնները:

Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը հետևողական աշխատանք կիրականացնի անվտանգության կանոնների պահպանման ուղղությամբ: