Դոլարն ու եվրոն էժանացել են

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունվարի 24-ին, կազմել է 396.40 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.26 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 430.53 դրամ (նվազել է 1.91 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 488.09 դրամ (նվազել է 2.58 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 5.77 դրամ (նվազել է 0.01 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 392-397 դրամով, վաճառվում է 401-407 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 422-426 դրամով, վաճառվում է 436-442 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 5.40-5.68 դրամով, վաճառվում է 5.80-6.00 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

դոլարը գնվում է 397 դրամով, վաճառվում՝ 401 դրամով:

Եվրոն գնվում է 430-431 դրամով, վաճառվում է 436-437 դրամով:

Ռուբլին գնվում է 5.60-5.65 դրամով, վաճառվում է 5.75 դրամով:

ՍԱՊԾ ղեկավարն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին եմ ներկայացրել պաշտոնից ազատման դիմում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՍԱՊԾ ղեկավար Գեորգի Ավետիսյանը։

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոն վարչապետին՝ ինձ նման պատասխանատու պաշտոնը վստահելու և աջակցելու համար, ուզում եմ շնորհակալություն հայտնել Էդուարդ Աղաջանյանին, Արսեն Թորոսյանին և Արայիկ Հարությունյանին՝ համագործակցության համար, շնորհակալություն եմ հայտնում բոլոր տնտեսվարողներին, ում մոտ ստուգումների արդյունքում խախտումներ չեն հայտնաբերվել, բոլոր հասարակական կազմակերպություններին, որոնք քննադատել են մեզ և մեր աշխատանքը և նպաստել խնդիրների լուծմանը, շնորհակալ եմ բոլոր միջազգային կառույցներին, որոնք աջակցել, աջակցում ու աջակցելու են ոլորտի կայացմանը, շնորհակալություն լրագրողներին, որոնք սուր հարցեր են բարձրացրել և մեր ուշադրությունը սևեռել խնդիրների վրա, շնորհակալ եմ ոլորտի կրթական և գիտական կառույցներին, շնորհակալ եմ բոլոր պետական կառույցներին, ում հետ համագործակցել եմ, շնորհակալ եմ պահանջատեր սպառողներին։
Ինչ եմ արել ոլորտի համար՝ թող գնահատականը տան մասնագետներն ու հանրությունը, ինչ չեմ հասցրել անել, կարծում եմ, ինձանից հետո եկողները կանեն։

Որոշումն իմն է և ավելացնելու բան չունեմ։

Ինչով եմ զբաղվելու՝ ժամանակը ցույց կտա։

Հ.Գ. Խնդրում եմ լրագրողներին այս գրածով բավարարվել», — գրել է նա։

Հունվարի 28-ի ցերեկը, 29-ին սպասվում են տեղումներ

Հանրապետության տարածքում հունվարի 24-ի ցերեկը, 25-27-ը, 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 28-ի ցերեկը, 29-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ:

Հունվարի 26-29-ի ցերեկը օդի ջերմաստիճանը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կբարձրանա 8-10 աստիճանով:
Երևան քաղաքում հունվարի 24-ի ցերեկը, 25-27-ը, 28-ի գիշերը, սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 28-ի ցերեկը, 29-ին սպասվում են տեղումներ:

Զորամասի հրդեհի դեպքի նկարագրի պաշտոնական վարկածը հասարակության մոտ հարցերի տեղիք է տվել. ԱԱԾ պահեստազորի սպաները պատրաստ են կոնսուլտացիաներ անցկացնել զոհվածների հարազատների հետ

ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը պատրաստակամություն է հայտնում կոնսուլտացիաներ անցկացնել զոհվածների հարազատների, շահագրգիռ անձանց, կազմակերպությունների հետ դեպքի իրական հանգամանքները պարզաբանելու ու գնահատելու համար։ Այս մասին հայտնում է ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը։

«Հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի ինժեներասակրավորական վաշտի կացարանում բռնկված հրդեհը պատճառ է դարձել ժամկետային ծառայության 15 զինվորի ողբերգական մահվան:
ԱԱԾ պահեստազորի սպաների միությունն իր վշտակցությունն է հայտնում զոհվածների ընտանիքներին, արձանագրում, որ ցավը ընդհանուրինս է:

Դեպքի նկարագրի պաշտոնական վարկածը հասարակության մոտ իրավամբ հարցերի տեղիք է տվել, ավելին, կասկած հարուցել:

Հետևաբար, քննությունն առավելագույնս խորը և թափանցիկ պիտի ընթանա:

ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը պատրաստակամություն է հայտնում կոնսուլտացիաներ անցկացնել զոհվածների հարազատների, շահագրգիռ անձանց, կազմակերպությունների հետ դեպքի իրական հանգամանքները պարզաբանելու ու գնահատելու համար», — նշված է ԱԱԾ պահեստազորի սպաների միության տարածած հաղորդագրությունում:

«Արցախի գլխավոր դատախազը որևէ մեկի հետ կոալիցիա չի կազմել». Գուրգեն Ներսիսյան

Արցախի դատախազությունը պարզաբանում է տարածել past.am-ում հրապարակված «Արցախում ընդդեմ Ռուբեն Վարդանյանի ձևավորված «կոալիցիան» նաև նախագահի իր թեկնածուն ունի» հոդվածի վերաբերյալ:

Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանի տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է, որ Արցախի գլխավոր դատախազի վերաբերյալ զետեղվել են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ:

Այդ կապակցությամբ իրազեկում եմ, որ.

ա) Արցախի Հանրապետության դատախազությունն աշխատում է նախադեպը չունեցող ծանրաբեռնվածության պայմաններում, իսկ գլխավոր դատախազը իրականացնում է իր լիազորությունները.

բ) Գլխավոր դատախազը որևէ մեկի հետ կոալիցիա չի կազմել, իսկ հրապարակման մեջ նշված անձանցից որոշների հետ (Մասիս Մայիլյան, Հայկ Խանումյան) երբևէ որևէ տեսակի անձնական շփում կամ հարաբերություն չի ունեցել, իսկ պաշտոնական շփման առիթներ գրեթե չեն եղել.

գ) Հայկ Խանումյանի հետ կապված քրեական գործը բացառապես մասնագիտական դաշտում է և որևէ կերպ չի կարող հրապարակման մեջ նշված՝ չակերտավոր բարեկամության կամ անձնական այլ հենք ունենալ: Գլխավոր դատախազը ունի սկզբունքներ, որոնք ոչ մի պարագայում չեն կարող սասանվել.

դ) Գլխավոր դատախազը ապաքաղաքական պաշտոնյա է, պետական բազկաթոռ ունենալու մոլուցքով չի տառապում և անհրաժեշտության դեպքում լինելու է այնտեղ, որտեղ կարող է ավելի մեծ արդյունավետությամբ ծառայել արցախցուն:

… ինձ համար Արցախի Հանրապետության ու ժողովրդի շահը վեր է ամեն ինչից: Անկախ դիմացինի զբաղեցրած պաշտոնեական դիրքից, կապերից ու հնարավորություններից, ես չունեմ արտահայտվելու և շիտակ խոսքը դիմացինին ներկայացնելու որևէ կաշկանդվածություն, որքան էլ դա ոմանց համար ցավոտ կամ ծանր լինի: Աշխատանքային մերօրյա ծանրաբեռնվածության պայմաններում ժամանակ գտնելն ու նման հրապարակումներ նախաձեռնելը կրկին վկայում և փաստում է որոշ անձանց խիստ ցածր արդյունավետության և նպատակների ու դերակատարության, մեղմ ասած, տարակուսելի լինելու մասին:

ՄԻՊ նոր թեկնածուն հագուստի խանութների մենեջեր է եղել․ hraparak.am

Երեկ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հրաժարականի դիմում ներկայացրեց Ազգային ժողով եւ չսպասելով, որ օրենքով նախատեսված մեկ շաբաթը լրանա, որպեսզի վերահաստատի իր դիմումը՝ հապճեպ հեռացավ ՄԻՊ գրասենյակից. գրում է hraparak.am-ը։

Երեկ լուր ստացանք, որ նա մեկնել է Հայաստանից։ Մինչ այդ, հրաժեշտ տալով ՄԻՊ աշխատակազմին, նա հայտարարել է, որ նոր աշխատանքի առաջարկ է ստացել եւ ընդունել է այդ առաջարկը։ Առաջիկայում ավելի հստակ կտեղեկացնենք, թե ինչ առաջարկի մասին է խոսքը։
Ինչ վերաբերում է ՄԻՊ թափուր պաշտոնին, ապա մենք տեղեկացանք, որ իշխանությունների նոր թեկնածուն Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Տաթեւիկ Ստեփանյանն է։

Նրա կենսագրությունն ուսումնասիրելով՝ անտեղյակ անձին կթվա, թե շատ լուրջ ճանապարհ անցած 40-ամյա կին է եւ արժանի է այս բարձր պաշտոնին։ Սակայն իրականում՝ եթե կենսագրությունից հանես տարբեր դասընթացներին մասնակցությունը ( Լոնդոնի Գլոբալ Համալսարանի (UCL) Կրթության և դիսլեքսիայի միջազգային ինստիտուտի «Ընթերցանության և գրելու դժվարություններ ունեցող երեխաների աջակցության մեթոդներ» դասընթաց, Կալիֆորնիայի Դեյվիսի Համալսարանի «Աուտիստիկ սպեկտորի խանգարումներ» դասընթաց, մասնակցություն է Ասիական զարգացման բանկի / ՀԱՀ Շարունակական կրթության բաժնի Կանանց ձեռներեցության, առաջնորդության և հաղորդակցության ծրագրին՝ Հայաստանի Ամերիկյան Համալսարանում եւ այլն), ինչպես նաեւ անհայտ բնույթի հասարակական գործունեությունը, տակը մնում է մեկ աշխատանքային փաստ՝ «Մոդամոնթ» հագուստի խանութների ցանցի մենեջերի պաշտոնը, որը նա զբաղեցրել է 2004-ից մինչեւ 2020 թվականը։

2020 թ․ մայիսի 15-ին նա նշանակվել է փոխնախարար, ինչն այն ժամանակ համակարգում մեծ զարմանք առաջացրեց։ Այսօր, փաստորեն, նա կարիերային հաջորդ վերելքն է գրանցելու՝ նշանակվելով ՄԻՊ բարձր ու պատասխանատու պաշտոնին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Պուշկինի թունելի երթևեկելի հատվածում առաջացել է խոչընդոտ

Պուշկինի թունելի երթևեկելի հատվածում առաջացել է խոչընդոտ։ Այժմ թունելը սպասարկող կազմակերպության աշխատակիցների կողմից երթևեկությունը կանոնակարգվում է՝ կազմակերպելով նշված հատվածի շրջանցումը։

«Հարգելի՛ վարորդներ‚ հայցում ենք ձեր ներողամտությունը և հորդորում երթևեկել՝ պահպանելով ճանապարհային անվտանգության կանոնները», — ասված է Ճանապարհային դեպարտամենտի տարածած հաղորդագրության մեջ։

Սուրեն Պապիկյանը գնացել է ԱԺ. Փակ հանդիպում է ընթանում. Hraparak. am

Քիչ առաջ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը այցելել է Ազգային ժողով, գրում է «Հրապարակը»:

Իշխանության կայքի աղբյուրների փոխանցմամբ՝ նախարարը փակ հանդիպում է ունենում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության որոշ ներկայացուցիչների հետ

Մարդկանց և պետությունների մասին. Վահե Հովհաննիսյան

Ուկրաինայում մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաներ (գլխավոր դատախազի տեղակալ և այլն) ազատվել են աշխատանքից՝ մի քանի օր Իսպանիայում հանգստանալու համար։ Դա մարդկանց հասարակության, մարդկանց պետության խաղի կանոնն է։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտանքային նախագծեր խմբի» փորձագետ Վահե Հովհաննիսյանը:

Նա նաեւ նշել է. «Չի կարող պաշտոնյան, հանրային դեմքը պատերազմի և համատարած ողբերգության պայմաններում քեֆեր անի։ Դա և պետությունը անհամատեղելի գաղափարներ են։ Դա և մարդկանց հասարակությունը՝ ևս։
Նույնը Ռուսաստանում է. տարբեր կալիբրի պաշտոնյաներ և հանրային դեմքեր պատժվում են ցուցադրական կամ բացահայտված վայելքների համար։

Քովիդի սահմանափակումների օրերին Բորիս Ջոնսոնի երեկույթը և բրիտանական հանրային նորմերը անհամատեղելի էին, և նա հեռացվեց։ Որովհետև սրանք, իրենց տարբերություններով հանդերձ, պետություններ են՝ պետական հիշողությամբ և պետականության ավանդույթներով։

Հիմա գանք Հայաստան։ Երկրի վարչապետը իր թիմով քեֆ է անում Ջերմուկում, որտեղ 1-2 ամիս առաջ մարտեր էին ու մեծ թվով զոհեր, քեֆ է անում այն օրերին, երբ երկիրը սարսռում է 15 այրված զինծառայողների փաստից։ Ի դեպ, երեկ առաջարկել էի ընդդիմությանը՝ այս փաստով սկսել վարչապետին անվստահություն հայտնելու պրոցես։ Դեռ ձայն չկա։ Հավանորեն սա չի տեղավորվում հռչակված «Մեր օրակարգում»։

Իրականում պրոբլեմը միայն Նիկոլով չի սահմանափակվում, և եթե դա լիներ այդպես, ապա լուծումը հեշտ էր։

Մենք մի հասարակություն ենք, որտեղ

նոյեմբերի 9-ից հետո քեֆերը չեն դադարել
շրջափակված Արցախի պայմաններում ֆինանսա-տնտեսական էլիտաները տաք երկրներում քեֆեր են անում։
քաղաքական դեմքերը արտերկրից իրենց հանգստի ֆոտոներն են դնում
մեդիա դեմքերը, այսպես կոչված celebrity-ները լողափերից, ինքնաթիռներից իրենց վայելքներն են ցույց տալիս։
նոյեմբերի 9-ից ցույցերի մասնակցողները, հայրենիքի փրկության համար ոտքի կանգնածները կարող են կարճ ժամանակ հետո տեղավորվել իշխանության մեջ ու աշխատել Նիկոլի նկարի տակ։
երկրի նախագահը թափառաշրջիկ դաշնակահարի կագավիճակում է և որևէ առիթով, որևէ դեպքի շուրջ իր ժողովրդի հետ չի խոսում։
տիտղոսային ընդդիմության լիդերները ամիսներով չեն խոսում, չեն շփվում հասարակության հետ։
Հանրային անոմալիաների ցանկը կարելի է շատ երկար շարունակել՝ սկսած մտավորականության, կրթված շերտերի ամուլ լռությունից մինչև տարբեր օղակների կոնֆորմիզմ։

Ինչու՞ է սա տեղի ունենում և շարունակվում ամբողջ թափով։ Կարելի է վերագրել հասարակության ընդհանուր որակին, բայց չի բացառվում, որ այդ որակները խրախուսվում են նպատակաուղղված՝ հանրային դեգրադացիան, հասարակության կազմաքանդումը խորացնելու նպատակով։ Ու՞մ է ձեռնտու, որ մեր հանրությունը վայրենանա և վերածվի սովորական շարքային սպառողի, որը մտածում է միայն սեփական ափսեի պարունակության մասին։ Ու՞մ է ձեռնտու, որ մեր հասարակությունը դադարի ապրել իր երկրի խնդիրներով, դադարի զգալ իր հայրենակիցների ցավը։ Եվ ինչու՞ է այդ ամենը խրախուսվում իշխանությունների կողմից, որոնք նույնն անում են առաջին դեմքերի մակարդակով՝ օրինակ ծառայելով բոլորին։

Մակրոնը Արա Թորանյանի և Մուրադ Փափազյանի հետ քննարկել է Լաչինի միջանցքի փակման հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ելիսեյան պալատում ընդունել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահներ Արա Թորանյանին և Մուրադ Փափազյանին:

Էմանուել Մակրոնն ու հայ համայնքի ներկայացուցիչները քննարկել են 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքի փակման հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի տարածքային ամբողջականությանը սպառնացող սպառնալիքներին։
Արա Թորանյանն ու Մուրադ Փափազյանը ողջունել են Ֆրանսիայի նախագահի կողմից իրենց ցուցաբերած ուշադրությունը և հույս հայտնել, որ Ֆրանսիան առավել կակտիվացնի դերակատարումը Լեռնային Ղարաբաղի բնակչության պաշտպանության գործում: