Իշխան Սաղաթելյանին ու Գեղամ Մանուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություններ կներկայացվեն. Հարցը դատախազության օրակարգում է․ «Փաստինֆո»

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ դատախազությունն առաջիկայում, ըստ ամենայնի, միջնորդություններ կներկայացնի ԱԺ՝ «Հայաստան» խմբակցության եւս երկու պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու համար։ Հերթը դաշնակցական գործիչներինն է։

Հիշեցնենք, որ այս տարի դատախազությունն արդեն միջնորդություններ ներկայացրել է ընդդիմադիր երկու պատգամավորի՝ Սեյրան Օհանյանին և Արմեն Չարչյանին անձեռնմխելիությունից զրկելու ու նրանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու վերաբերյալ ։
Հետապնդումները, սակայն, այսքանով չեն ավարտվի։ «Փաստինֆո»-ի ունեցած տեղեկություններով՝ «ցուցակում» հաջորդը Գեղամ Մանուկյանն ու Իշխան Սաղաթելյանն են, որոնց նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդագրեր ներկայացնելու հնարավորության հարցը քննարկվում է դատախազությունում։ Այս պահին միջնորդությունները, որպես այդպիսին, դեռ չեն ներկայացվել։ Համենայն դեպս, «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան դատախազությունից նշել են, որ նրանց վերաբերյալ միջնորդություններ չկան ներկայացված։

Ի դեպ, շուրջ մեկ շաբաթ առաջ «ՔՊ»-ն շրջանառության մեջ էր դրել «Հայաստան» խմբակցության 22 պատգամավորի մանդատից զրկելու համար ՍԴ դիմելու հարցը. Որոշման նախագիծը ներառված ԱԺ խորհրդի հունվարի 13-ի նիստի օրակարգում, սակայն նիստը հետաձգվել էր մեկ շաբաթով՝ ընդդիմադիր պատգամավորների՝ նիստին չմասնակցելու պատճառաբանությամբ։ Այսօր արդեն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, թե որոշել են 22 պատգամավորների մասով չդիմել ՍԴ, քանի որ նրանք արդեն մասնակցում են ԱԺ նիստերին, սակայն սա հայտնի էր նաեւ հունվարի 11-ին, երբ ԱԺ կայքում հայտնվեց պատգամավորներին մանդատից զրկելու հարցով ՍԴ դիմելու ԱԺ խորհրդի որոշման նախագիծը, հետեւաբար, Ալեն Սիմոնյանի ներկայացրած պատճառաբանությունն անլուրջ է։

Ակներեւ է, որ իշխանությունները փոխել են մարտավարությունը ու փորձում են քաղաքական հետապնդումը քողարկել քրեական վարույթներով, այսինքն՝ ընդդիմադիրներին ոչ թե մանդատից զրկել քաղաքական որոշմամբ, այլ քրեական վարույթներով մեկուսացնել քաղաքական գործընթացներից։

Չեմ ուզում խոսել ՀՀ-ի մասին, մենք առանձին երկիր ենք և Արցախը չի ուզում լինել Ադրբեջանի կազմում․ Ռուբեն Վարդանյան

Այսօր Եվրախորհրդարանը հաստատեց նախագահ Ալիևին ուղղված կոշտ ուղերձով բանաձև, որով պահանջում է ապաշրջափակել ճանապարհը. Ոչ միայն Ռուսաստանը, այլև Ֆրանսիան, Եվրախորհրդարանը և ԱՄՆ-ը զարմանալիորեն միակարծիք են այս հարցի վերաբերյալ, ինչն իսկապես շատ առանձնահատուկ է, քանի որ մենք բոլորս գիտենք, թե ինչպիսին են այսօր եվրոպական խոշոր երկրների և Ռուսաստանի հարաբերությունները: Այս մասին BBC-ի Hard Talk ծրագրին տված հարցազրույցում նշել է Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը:

Հարցին, թե եթեանգամ շրջափակումը վերացվի, ինչպես կարող է Լեռնային Ղարաբաղի համայնքը երկարաժամկետ կենսունակ լինել՝ հաշվի առնելով, որ անգամ Հայաստանի կառավարությունը այլևս Լեռնային Ղարաբաղը անկախ պետության կամ Հայաստանի մաս դարձնելու հավակնություն չեն ներկայացնում, ասում են՝ սա պարզապես իրավունքների հարց է, Վարդանյաննը պատասխանեց. «Արցախցիները դեռևս խորհրդային շրջանում՝ 1988-ին, ասացին, որ երբեք չեն լինի Ադրբեջանի կազմում։ Նրանք պայքարում են իրենց ազատության համար և արել են բոլոր անհրաժեշտ իրավական քայլերը:

Եվ այսօր մենք շատ պարզ հարց ենք ուղղում աշխարհին՝ ասելով. մենք ունե՞նք ինքնորոշման իրավունք մի պետությունում, որը խախտում է մարդու բոլոր իրավունքները սեփական ժողովրդի նկատմամբ: Ինչպե՞ս կարող ենք ապրել մի երկրում, որտեղ Ադրբեջանի գոյության 104 տարուց 44 տարին մեկ ընտանիք է ղեկավարում երկիրը (նախ՝ Խորհրդային Միության կազմում, իսկ հետո՝ որպես անկախ հանրապետություն), որտեղ ադրբեջանցին որևէ իրավունք չունի, հայերի մասին՝ չեմ էլ խոսում։ Ինչպե՞ս եք պատկերացնում ազգային փոքրամասնության համար, ինչպես նրանք են վերաբերվում մեզ, ցանկացած իրավունք ստանալու, ցանկացած պաշտպանություն ստանալու հնարավորությունը: Մեզ համար սա ուզել-չուզելու հարց չէ. մենք ոչ մի հնարավորություն չենք տեսնում:

Ի դեպ, այս շրջափակման մեջ վերջին օրինակը շատ ակնհայտ էր։ Երեխաները, որոնք բաժանված էին իրենց ընտանիքներից և արգելափակված մնացել էին Հայաստանում ՝ չկարողանալով վերադառնալ, վեց շաբաթ անց ռուս խաղաղապահների միջոցով փորձեցին վերադառնալ Արցախ, և նրանց ադրբեջանցիները կանգնեցրին, ստուգեցին, հոգեբանական ճնշման ենթարկեցին։ Այլատյացությունն այնքան բարձր է»:

Ռուբեն Վարդանյանը հայտարարեց, որ Արցախը պատրաստ է բանակցել Բաքվի հետ, եթե ադրբեջանական կողմը հասկանա, որ բանակցությունը երկու կողմի համար է. «Որովհետև այն, ինչ մենք ասել ենք անկախություն պահանջելու առաջին օրվանից, հասկանում ենք և ընդունում ենք, որ կողք կողքի ենք ապրելու, բայց մենք կլինենք առանձին տարածք, առանձին պետություն, կլինեն առանձին կարգեր և օրենքներ, քանի որ մենք ժողովրդավարական երկիր ենք, այստեղ ընտրվել է 4 նախագահ, մենք մեզ չենք տեսնում Ադրբեջանի կազմում, բայց պետք է ապրենք նույն տարածաշրջանում, մենք պետք է ճանապարհ գտնենք՝ չնայած բոլոր դժվարություններին, գտնենք այնպիսի լուծում, որն ընդունելի կլինի երկու կողմերի համար»:

Լրագրողի դիտարկմանը, թե ՀՀ կառավարությունն ասում է, թե ԼՂ հարցը իրավունքների հարց է, որ դա այլևս տարածքի կամ ինքնիշխանության հարց չէ, Արցախի պետնախարարն ասաց. «Նախ Հայաստանի կառավարությունը, Հայաստանի ղեկավարն ասել է, թե ինչպիսի որոշում էլ Արցախի ղեկավարները կայացնեն, նրանք կհետևեն մեր ընտրությանը։ Մենք արդեն հստակ ազդակներ ենք ստացել Ֆրանսիայից, Միացյալ Նահանգներից, Ռուսաստանից, նրանք նույնպես այս հարցը փակված չեն համարում։ Չնայած Ադրբեջանի ողջ հռետորաբանությանը, միջազգային հանրության, ՄԱԿ-ի քննարկումների և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շնորհիվ պարզ դարձավ, որ ամեն ինչ ավարտված չէ, քանի որ մենք ինքնորոշման իրավունք ունենք, քանի որ էթնիկ զտումներն արգելված են ՄԱԿ-ի կանոնադրությամբ։ Չնայած Ադրբեջանի բոլոր շահարկումներին, պատմությունն ավարտված չէ։ Մենք հավատում ենք, որ ունենք անկախության իրավունք, մենք ունենք սեփական հայրենիքում ապրելու մեր իրավունքը, Արցախում ապրող մարդկանց մեծ մասը հասկանում է այն դժվարությունները, որոնց բախվում ենք և պատրաստ է մնալու, պաշտպանելու սեփական տունը»:

Հարցին, թե Պուտինի ներխուժումը ՈՒկրաինա դատապարտելի համարո՞ւմ է, Ռուբեն Վարդանյանը պատասխանել է. «Տեսեք, ես հիմա մի փոքր հանրապետության պետնախարար եմ, որտեղ 120 000 մարդ տուժում է ադրբեջանական պետության աննախադեպ գործողությունների հետևանքով, և ես պատասխանատու եմ պաշտպանել երեխաներին, ովքեր ապրում են այստեղ, և իմ ազգին, և կանեմ ամեն բան նրանց պաշտպանության համար: Դրա համար այս հարցին կպատասխանեմ այսպես՝ անելու եմ ամեն բան, ինչ անհրաժեշտ է Արցախը պաշտպանելու համար։

Ես ձեզ պատասխանում եմ՝ ասելով, որ իմ ժողովրդին պաշտպանելու համար, այս իրավիճակում ճիշտ կլինի լռություն պահպանել, որովհետև կարծում եմ, որ եթե իմ պատասխանը Ռուսաստանի դիրքորոշման, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի մասին կարող է վնաս հասցնել միջազգային աջակցություն ստանալու հնարավորությանը, սխալ կլինի այն մեկնաբանել: Այդ իսկ պատճառով, ամենայն հարգանք տածելով և ցավ ապրելով այն ամենի նկատմամբ, ինչ տեղի է ունենում տարբեր հակամարտություններում, ի դեպ, ոչ միայն Ուկրաինայում, այլև Եմենում, Սիրիայում և աշխարհի շատ այլ վայրերում, ինձ այս պահին միայն հետաքրքրում է այն, թե ինչ կլինի իմ ժողովրդի հետ, ովքեր 30 օրից ավելի շրջափակման մեջ են՝ առանց էլեկտրականության, առանց գազի»:

Դիտարկմանը, որ Հայաստանում շատերը անհանգստացած են Պուտինի Ուկրաինա ներխուժման հետևանքներից, նա ընդգծեց. «Ես չեմ ուզում խոսել Հայաստանի մասին, մենք առանձին երկիր ենք: Ես խոսում եմ Արցախի մասին, Արցախը չի ուզում լինել Ադրբեջանի կազմում, սա պարզ է»:

Ինչ վերաբերում է պնդմանը, որ Ղարաբաղի միակ երաշխավորը, գոյատևման միակ հույսը Վլադիմիր Պուտինն է, Վարդանյանն առարկեց. «Դա ճիշտ չէ, նախագահ Մակրոնը հստակ հայտարարեց և մեծ ջանքեր է գործադրում Արցախին աջակցելու համար: Ի դեպ, նույն հայտարարությունն արեց նաև Ֆրանսիայի Սենատի խոսնակը։ Վերջերս ԱՄՆ դեսպանն ասաց, որ իրենք կհամագործակցեն Ռուսաստանի հետ, կփորձեն լուծում գտնել՝ օգնելու համար Արցախին դուրս գալ այս վիճակից։ Ուստի Դուք հիմա մի քիչ մանիպուլացնում եք, քանի որ արևմտյան ամենամեծ երկրները, ինչպես, օրինակ՝ Ֆրանսիան, ԱՄՆ-ը, նույնպես հստակ ուղերձ են հղում, որ իրենք մտահոգված են այստեղի իրադարձություններով»:

Նա նաեւ հավելեց. «Ես եկել եմ այստեղ 2022 թվականի սեպտեմբերի 2-ին և ասել, որ չեմ տարբերվում որևէ մեկից։ Ես ոչինչ չեմ ձևացրել՝ այս պաշտոնը ստանալու համար: Նախագահն է ինձ առաջարկել, բայց ես ուրախ եմ մնալ այստեղ առանց որևէ պաշտոնի, և մնալու եմ: Ինձ չի հետաքրքրում` ես կլինեմ պետական նախարար թե ոչ, ես այստեղ եմ այն մարդկանց հետ, ովքեր իմ աջակցության կարիքն ունեն, ոչ թե նրա համար, որ ես հարուստ եմ, այլ որովհետև ուզում ենք, որ Արցախից դուրս մարդիկ գիտակցեն, որ Արցախը ողջ հայ ժողովրդի ինքնության բանալին է, հայ ազգի ԴՆԹ-ի հազարամյա պահապանը:

Ես այստեղ եմ մնալու իմ ժողովրդի հետ, ինչի էլ որ բախվենք, միասին ենք բախվելու, այո՛»:

ԵԽԽՎ-ն քիչ առաջ որոշեց քննարկել Լաչինի միջանցքի փակման հարցը. Ադրբեջանի առարկությունը չանցավ

ԵԽԽՎ-ն րոպեներ առաջ որոշեց քննարկել Լաչինի միջանցքի շրջափակման մարդասիրական հետևանքների հարցը այս նստաշրջանի օրակարգում։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամաբ տեղեկացրել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։

Նշենք, որ ԵԽԽՎ նախագահ ընտրված նիդերլանդները ներկայացնող քաղաքական գործիչ Թինի Քոքսը իր աշխատանքային պարտականություններին անցնելուց հետո հայտնեց, որ Լաչինի փակման հետեւանքով հումանիտար ճգնաժամի հետեւանքները պետք է քննարկվեն ԵԽԽՎ-ում որպես ընթացիկ հարց: Ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովը ձայն խնդրեց եւ հայտարարեց, թե Լաչինի միջանցքը փակ չէ, եւ ինքը հուսով է՝ կկարողանա իրական վիճակը ներկայացնել ԵԽԽՎ-ին:
Նրան հակադարձեց Հայաստանյան պատվիրակության ղեկավարը: Ռուբեն Ռուբինյանը՝ շեշտելով, որ հակառակ Սեիդովի ասածի, ոչ միայն Լաչինի միջանցքը փակ է, այլեւ այնտեղ հասունացել է մարդասիրական ճգնաժամ: Հարցը դրվեց քվեարկության եւ 91 կողմ ձայնով որոշվեց, որ այն կքննարկվի:

Կառավարության շենքում նստած մարդը քաղաքական հոգեվարքի մեջ է, եւ նա դա շարունակում է  մեր ամեն մեկի հաշվին. Չալաբյան

Մեր բողոքի ակցիան զգալի ուշացած է, քանի որ պետք էր վաղուց բողոքեինք և հանգիստ չտայինք կառավարությանը, որովհետեւ այս կառավարության օրոք բանակը դարձել է երկրի խորթ զավակը, փորձում են քայլ առ քայլ բանակը ծնկի բերել, բանակը կազմաքանդել, կոտրել նրա մարտական ոգին, մարտական կարողությունը։ Այս մասին այսօր՝ հունվարի 23-ին կառավարության շենքի դիմաց «Համախմբում» շարժման անդամների «Ձեր որդին չպետք է լինի հաջորդ զոհը» կոչով բողոքի ակցիայի ժամանակ նշեց «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը:

Նրա խոսքով, 44-օրյա պատերազմի ժամանակ այս իշխանությունն իր գործողություններով բանակը մենակ թողեց թշնամական կոալիցիայի դիմաց. «Հայկական բանակը մենակ էր մնացել, քանի այս իշխանությանը ոչ մեկը չէր վստահում, դաշնակիցները երես էին թեքել, Եվրոպան, ԱՄՆ լուռ էին, Իրանն առաջարկում էր իր օգնությունը, սրանք չէին ընդունում։
Բանակի ուսերին կոտրվեց ամբողջ պատերազմի բեռը։ Այս իշխանությունը նույնիսկ պատերազմին չկարողացավ պատրաստվել, մեր երկրի ռեսուրսները մոբիլիզացնել։ Իսկ այն, ինչ մենք ունեինք, կօգներ մեզ, որպեսզի կամ հաղթեինք կամ խուսափեինք պարտությունից, մենք չկարողացանք օգտվել։ Արդյունքում ծանր պարտություն կրեցինք, և այդ ծանր պարտությունը ջարդվեց բանակի ուսերին։ Համարյա 1000 սպա է զոհվել այդ պատերազմի ժամանակ»,- ասաց Չալաբյանը։

Նա ընդգծեց, որ այսքանից հետո էլ իշխանությունը քայլ առ քայլ շարունակում է ջարդել սպայակազմը, որը բանակի ողնաշարն է. «Հարյուրավոր քրեական գործեր են հարուցված սպաների դեմ։ Փորձում են մեզ բոլորիս համոզել, որ սպաներն են պարտվել այս պատերազմում, այն դեպքում, երբ պատերազմը կռվում և պարտվում են պետություններն իրենց ամբողջ կարողությամբ։ Բանակի բազմաթիվ սպաներ ստիպված հրաժարական են տալիս, դուրս են գալիս, քանի որ հասկանում են, որ հաջորդ քրեական գործն իրենց գլխին է ջարդվելու»,- ասաց Չալաբյանը։

Անդրադառնալով Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում հունվարի 19-ին տեղի ունեցած հրդեհի դեպքին, որի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, Ավետիք Չալաբյանն ասաց. «Դեպքի մասին նոր ենք իմացել, առավոտյան արդեն 8 բարձրաստիճան սպա հեռացվում են պաշտոններից առանց ծառայողական հետաքննությամբ պարզելու այդ մարդկանց մեղքի բաժինը, կապ ունե՞ն, թե՞ ոչ, միանգամից մեղքի պատասխանատվության սլաքն ուղղում է իրենց վրա։ Առավոտ ելույթ է ունենում վարչապետի աթոռին նստածը, ասում է՝ գիտենք, ով ինչի համար է պատասխանատու, բոլորն իրենց պատիժը կստանան։ Առաջինը դու պետք է քո պատիժը ստանաս, որովհետև այն մարդկանցից շատերը, որոնց գործից հանել ես, այս գործի անմիջական պատասխանատուն չեն, իրենք մեղք էլ չունեն, որ զինվորները մնում են այդ ախոռի մեջ, քանի որ իրենք չեն այդ պատասխանատուն։ Դու ես դրա պատասխանատուն։

Դուք ամեն ինչ ձախողել եք։ Այս ջահելների արդյունը, կիսատ մնացած կյանքի, կիսատ մնացած երազանքները ձեր խղճի վրա են, դուք եք իրենց կյանքը, երազանքները ընդհատել, եթե այդպես շարունակվի, սա վերջինը չի լինի»։

Չալաբյանը հայտարարեց, որ կառավարության շենքից անընդհատ խփում են բանակին մեջքից. «Գնացեք և խոսեք սպաների հետ, իրենք այդ մասին կասեն, որ անընդհատ իրենց մեջքից են խփում։ Չգիտեն՝ ում դեմ կռվեն՝ թշնամո՞ւ, թե՞ սրանց, քանի որ վստահ չեն, որ իրենց թիկունքը պինդ է»,- ասաց նա:

Չալաբյանն ընդգծեց, որ նման դժբախտությունը չկրկնվելու, ծնկաչոք չապրելու համար պետք է հեռացնել կառավարության շենքում նստած մարդուն, ում ժամանակը վաղուց սպառվել է, ով քաղաքական հոգեվարքի մեջ է, բայց ինքն իր հոգեվարքը շարունակում է մեր ամեն մեկի հաշվին. «Ինքը մեր կյանքն է տանում, մեր երեխաների կանքն է տանում։ Ուստի քո ժաmանակը սպառվել է։ Հեռացիր։ Ինչքան շուտ հեռանաս, այնքան լավ։ Քո հետևից ավելի լավերը կգան։ Ոչ մեկին մի վախեցրու, թե քո հետևից նախկիններն են գալու։ Չեն գալու, ժողովուրդը նմակիններին չի ընտրելու։ Հեռացիր»։

Արցախում 159 երեխա է ծնվել շրջափակման մեջ

Արցախի կառավարության տեղեկագիրը ներկայացնում է շրջափակման 43-րդ օրվա վիճակագրությունը.

13 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:
10 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում են։
Արդեն 159 երեխա ծնվել է շրջափակման մեջ:
Արցախի առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով 480 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից։
Մինչ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 42 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։
Ստեղծված տնտեսական բարդ իրավիճակի պատճառով նախնականորեն առնվազն 4700 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը։
Ավելի քան 16800 տոննա կենսական նշանակության ապրանքներ կմատակարարվեին Արցախ, եթե չլիներ շրջափակումը, որի ընթացքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից մատակարարվել է դրա միայն չնչին մասը:

Լոռու մարզ տանող ճանապարհին բեռնատարները արգելափակվել են ձյան մեջ, օգնության են հասել փրկարարները

Հունվարի 23-ին, ժամը 10։40-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ բեռնատարները Մուսայելյան գյուղից Լոռու մարզ տանող ավտոճանապարհին արգելափակվել են ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ արգելափակումից դուրս են բերել 2 «Volvo» մակնիշի բեռնատար:

«Սա մանիպուլացիա է». Ռուբեն Վարդանյանը՝ Նիկոլ Փաշինյանի հետ հարաբերությունների վատացման մասին

Սա մանիպուլացիա է, որին վստահ չեմ, որ իմաստ ունի անդրադառնալ մեր զրույցի ընթացքում: Այս մասին BBC-ի Hard Talk ծրագրին տված հարցազրույցում նշել է Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ իր հարաբերությունները Հայաստանի և, մասնավորապես, վարչապետ Փաշինյանի հետ գնալով ավելի վատ են դառնում, թվում է, թե Երևանում կառավարությունն աշխատանքային հարաբերություններ չունի ձեզ հետ:

«Ես չգիտեմ այս տեղեկատվության մասին, ի դեպ մեր երկրում թիվ մեկ պաշտոնատար անձը՝ նախագահը, միշտ լավ հարաբերությունների մեջ է վարչապետի հետ, դրա համար էլ չգիտեմ, թե ինչի մասին եք խոսում»,-նշել է Վարդանյանը:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ սույն թվականի հունվարի 23-ին օրենսդրությամբ սահմանված կարգով հրաժարականի դիմում է ներկայացրել Ազգային ժողով։ Ըստ օրենսդրության՝ տվյալ դեպքում Պաշտպանի լիազորությունները դադարում են վերջինիս կողմից հրաժարականի դիմումը ներկայացնելուց ոչ ուշ, քան մեկ շաբաթվա ընթացքում կրկին հրաժարականի դիմում ներկայացվելու դեպքում։

«Տիկին Գրիգորյանը պատշաճ պահի հանրությանը կտեղեկացնի այլ աշխատանքի մասին տեղեկությունը, իսկ մինչ այդ ձեռնպահ կմնա այս թեմայով որևէ մեկնաբանությունից։

Քրիստիննե Գրիգորյանը ձգտել է Մարդու իրավունքների պաշտպանի առաքելությունն իրականացնել անաչառորեն, մեծ պատասխանատվությամբ ու նվիրումով՝ հավատարիմ մնալով Ազգային ժողովում տրված երդմանը։

Պաշտպանն առաջին հերթին շնորհակալություն է հայտնում հաստատությունում աշխատող կանանց ու տղամարդկանց՝ հաստատության առաքելության բարձր գիտակցման, անձնական մեծ նվիրումի և պաշտոնավարման ընթացքում իրեն ցուցաբերված բարձորակ մասնագիտական աջակցության համար։ Իր հերթին Պաշտպանը ներդրել է առավելագույն ջանքը հաստատության ինստիտուցիոնալ զարգացման և անցումային ու ճգնաժամային իրավիճակներում դիմակայունության բարձրացման ուղղությամբ։

Քրիստիննե Գրիգորյանը շնորհակալություն է հայտնում Ազգային ժողովի նախագահին, պատգամավորներին, խմբակցություններին ու հանձնաժողովներին բարձր մակարդակի համագործակցության համար։ Որպես խորհրդարանական պաշտպան՝ Ազգային ժողովի աջակցությունն ու զգայուն խնդիրները քննարկելու պատրաստակամությունը չափազանց մեծ նշանակություն են ունեցել հաստատության առաքելությունը պատշաճորեն իրականացնելու համար։

Պաշտպանը շնորհակալություն է հայտնում Վարչապետին, Կառավարության անդամներին, Վարչապետին ու կառավարությանը ենթակա մարմիններին, տեղական ինքնակառավարման մարմիններին ու համայնքային ծառայողներին, ինչպես նաև սահմանադրական ինքնավար մարմիններին արդյունավետ համագործակցության համար։

Պաշտպանը շնորհակալություն է հայտնում նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, իրավապաշտպաններին ու լրագրողներին, ում հետ աշխատելու պատիվ է ունեցել այս ընթացքում։ Նրանց իրավապաշտպանական գործունեությունը և այն, թե որքանով է դրա համար բարենպաստ միջավայր ստեղծված, լակմուսի նշանակություն ունեն մեր երկրի ժողովրդավարական զարգացման համար։

Քրիստիննե Գրիգորյանը շնորհակալություն է հայտնում նաև Հայաստանում հավատարմագրված միջազգային կազմակերպությունների ու դիվանագիտական առաքելությունների ղեկավարներին ու անձնակազմերին՝ գործընկերության ու վստահության, այս ընթացքում հաստատության դերի բարձր գնահատականի և քաջալերման համար։

Պաշտպանը կարևորապես իր երախտագիտությունն է հայտնում բոլոր այն անձանց, ովքեր իրավունքների պաշտպանության տարբեր հարցերով դիմել են Պաշտպանի հաստատությանը իրենց վստահության ու շատ հաճախ արտահայտած գնահատականի համար։ Եվ անկախ այդ գնահատականների բնույթից, դրանք բոլորը մեծ աջակցություն են եղել այս ընթացքում հաստատության զարգացման գործում։

Պաշտպանն, օգտվելով առիթից, հրապարակավ շնորհակալություն է հայտնում իր ընտանիքին ու ընկերներին՝ համբերության, քաջալերման ու անվերապահ աջակցության համար։

Ի գիտություն. Հրաժարականի հիմքով Պաշտպանի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում Պաշտպանը հրապարակում և Ազգային ժողով է ներկայացնում իր հերթական տարեկան հաղորդումը ներկայացվելուց հետո մինչև հրաժարականի դիմում ներկայացնելն ընկած ժամանակահատվածում իրականացված գործունեության վերաբերյալ ամփոփ հաղորդում: Հաղորդումը կներկայացվի երկրորդ դիմումի հետ» , — հայտնում են ՄԻՊ գրասենյակից։

Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 116 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 20-ից 23-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 116 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված։

Հայտնաբերվել է 9 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, և մարմնական վնասվածք պատճառելու 1 դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 27 պատահար. 3 մարդ զոհվել է, 40-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Սիգի որսի արգելքի ընթացքում առգրավվել է 1 տոննայից ավելի ապօրինի որսված ձուկ

Ավարտվել է 36 օր տևած Սևանա լճում սիգի ձվադրման ընթացքում որսի արգելքին ուղղված խստացված վերահսկողությունը։

Դեկտեմբերի 15-ից հունվարի 20-ը՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը Ոստիկանության, «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի, ՏԻՄ-ի աշխատակիցների հետ համատեղ հատուկ միջոցառումներ է իրականացրել Սևանա լճի ավազանում ու հարակից տարածքներում, բացօթյա վաճառակետերում, Երևան-Սևան մայրուղու և Գեղարքունիքի մարզից դուրս եկող ճանապարհների հենակետերում։

Շուրջօրյա հերթապահության ընթացքում ընդհանուր առգրավվել է 3877 հատ, 1345.3կգ «սիգ» տեսակի ձուկ, 10կգ ձկնկիթ, լճից դուրս են բերվել ապօրինի գործիքներ՝ 174 ձկնորսական ցանց, 95 խեցգետնաորսիչ, 3 ռետինե նավակ, լճի առափնյա հատվածից ապամոնտաժվել ու հեռացվել են ժամանակավոր կացարաններ։

Արձանագրված մի շարք դեպքերով նախապատրաստված նյութերը փոխանցվել են իրավապահ մարմիններին։