«5-րդ ալիքի» պարզաբանումը՝ սոցիալական ցանցերում առաջացած աղմուկի կապակցությամբ

Երեկ՝ հունվարի 20-ին, «5-րդ ալիքի» «Հայլուր» լրատվական ծրագրի հիմնական և ամփոփիչ թողարկումների ժամանակ ցուցադրվել են Ազատ գյուղի զորամասի հրդեհի կադրերը՝ համր, առանց բնական ձայնի զուգորդման: Այս մասին ասվում է «5-րդ ալիքի» պարզաբանման մեջ:

Նույն կադրերը՝ ոչ համր, տեղադրվել են նաև «5-րդ ալիքի» յութուբյան ու ֆեյսբուքյան էջերում՝ հետևյալ ուղեկցող տեքստով.
«Հարգելի՛ հետևորդներ, տեսանյութը նկարահանել է գյուղի անչափահաս բնակիչներից մեկը, նրա ավագ եղբայրը եղել է օգնության հասած տղամարդկանց շարքում: Տեսանյութը տրամադրած քաղաքացին հեղինակի ավագ եղբայրն է, նա վստահեցնում է, որ տեսանյությում լսվող ձայները ոչ թե կացարանում գտնվող տղաների ձայներն են, այլ օգնության հասած գյուղացիների խուճապահար բղավոցները»:

Բայց սոցիալական ցանցերում որոշ օգտատերեր այս հրապարակումը դարձրել են քննարկման թեմա:

Մեկնաբանությունների հեղինակների մի մասը, խիստ ազդված տեսածից ու լսածից, սրտաշարժ գրառումներ է արել, մի մասն էլ՝ իշխանության քարոզչական բրիգադից, ազգային ողբերգության այս ծանր պահին առիթն օգտագործել է «5-րդ ալիքի» դեմ մանիպուլյացիոն նոր գրոհ սադրելու և հանրային բանավեճի թիրախը փոխելու համար:

Հարկ ենք համարում շեշտել, որ եթե անգամ քննարկվող կադրերը ձայնային ուղեկցությամբ հեռարձակվեին հեռուստաեթերով, դա լրագրողական էթիկայի խախտման հիմք չէր կարող լինել:

Ռուս խաղաղապահներն ու «Հայեր միացեք» բարեգործական կազմակերպությունը մարդասիրական օգնություն են բաժանել Արցախի երեխաներին

Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները «Հայեր միացեք» հայկական միջազգային բարեգործական կազմակերպության հետ համատեղ օգնություն են բաժանել Արցախի երեխաներին։ Այս մասին հայտնում է խաղաղապահների Telegram ալիքը:

Մարդասիրական ակցիան տեղի է ունեցել Ասկերանի շրջանի դպրոցներում, 2426 երեխա ստացել է հասցեական օգնություն։

Երեխաներին հանձնվել են մթերային փաթեթներ։

Կտրոնների տրամադրման Ստեփանակերտի №1 սպասարկման կետը կսպասարկի նաև շաբաթ օրը

Սննդամթերքի վաճառքի ու ձեռքբերման համար կտրոնների տրամադրման Ստեփանակերտի №1 սպասարկման կետը, որը տեղակայված է ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեի վարչական շենքում, կսպասարկի քաղաքացիներին նաև շաբաթ օրը՝ հունվարի 21-ին, ժամը 9:00-ից մինչև 13:00-ն, ինչպես նաև այլ աշխատանքային օրերին: Այդ մասին հայտնում են ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեից։

Հայաստանը կոչ է արել ԵԽ-ին ստիպել Ադրբեջանին կատարել Լաչինի միջանցքի վերաբերյալ ՄԻԵԴ-ի որոշումները

Հայաստանը կոչ է արել Եվրոպայի խորհրդին ստիպել Ադրբեջանին կատարել Լաչինի միջանցքի վերաբերյալ ՄԻԵԴ-ի որոշումները, «Թվիթեր»-ում այս մասին հաղորդագրություն է տարածել ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը։

«ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արման Խաչատրյանը փոխնախարարների խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը բերում է ծանր հումանիտար հետևանքների Արցախի համար։ Հայաստանը կոչ է անում Նախարարների կոմիտեին վճռական քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից ՄԻԵԴ-ի նշված ժամանակավոր միջոցների կատարումն ապահովելու համար», — նշված է ԵԽ-ում Հայաստանի ներկայացուցչության հաղորդագրության մեջ:

Amb. Khachatryan at Ministers’ Deputies meeting noted that the blockade of #LachinCorridor by #Azerbaijan leads to severe humanitarian consequences for #NK.

Վանաձոր, Ստեփանավան, Տաշիր, Գորիս քաղաքներում և Ալավերդի քաղաքի բարձրադիր գոտիներում մառախուղ է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վանաձոր, Ստեփանավան, Տաշիր, Գորիս քաղաքներում և Ալավերդի քաղաքի բարձրադիր գոտիներում մառախուղ է։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

«Հրապարակ». Փաշինյանը, Պապիկյանին քավության նոխազ դարձնելով, կզոհաբերեր, եթե վտանգ չզգար

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ վարչության ընտրություններն անդառնալիորեն խզել են Սուրեն Պապիկյանի եւ Նիկոլ Փաշինյանի նախկին մտերմությունը։ Նիկոլ Փաշինյանը ոչ մի կերպ չի ներում Պապիկյանին, ով փորձել էր յուրայիններով վարչություն ձեւավորել՝ կեղծելով ընտրությունները եւ, ըստ ամենայնի, իր հետագա կարիերան ապահովելով։ Վերջին «հրեշավոր» դեպքը` Ազատի ողբերգությունն էլ, Փաշինյանն օգտագործել է իր ախոյանի դեմ:

Ըստ որոշ լուրերի՝ համացանցում իշխանամերձ շրջանակների աջակցությամբ գեներացված ֆլեշմոբը` ոչ թե իր` որպես գերագույն հրամանատարի, այլ Սուրեն Պապիկյանի հրաժարականով, նրա գաղափարն է։ Ավելին, Փաշինյանն առանց երկար-բարակ մտածելու Պապիկյանին քավության նոխազ դարձնելով կզոհաբերեր, եթե վտանգ չզգար, որ վերջինս ՔՊ-ի մի ստվար զանգվածի կհամախմբի իր դեմ: Եվ հիմա, «ի հեճուկս հանրային պահանջի», Պապիկյանին պահելով իր պաշտոնում՝ ցույց է տալիս, թե ինչքան գթասիրտ ու մեծահոգի է եւ ինչպես է անտեսում հանրային աղմուկը` ներելով պաշտպանության նախարարին, որն իր հանդեպ այնքան էլ ճիշտ չի պահել իրեն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում