Արցախից Հայաստան է տեղափոխվել 4 մարդ

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակված լինելու պայմաններում ընտանիքի վերամիավորման նպատակով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 4, իսկ Հայաստանից Արցախ՝ 1 մարդ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ադ մասին ասել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

«Ընտանիքի հետ վերամիավորվելու նպատակով այսօր Հայաստան է տեղափոխվել 4 մարդ, և մեկը՝ հակառակ ուղղությամբ»,- ասել է Ամատունին։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Արարատ Միրզոյանը կհանդիպի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ

ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում հունվարի 23-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կհանդիպի ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Այդ մասին հայտնում է ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ հանդիպումը տեղի կունենա լրատվամիջոցների համար փակ ռեժիմով:

Դիլիջանի թունելում բախվել են «Մերսեդեսն» ու «ԶԻԼ»-ը. Կան վիրավորներ 

Հունվարի 20-ին, ժամը 12:20-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի թունելում տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ բախվել են «Mercedes 124» (վարորդ՝ Ա․ Բ․, ծնված 1948 թ.) և «Zil 131» ( վարորդ՝ Ա․ Պ․, ծնված 1988 թ.) մակնիշների ավտոմեքենաները։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը տուժածներ Ա․ Բ․-ն, (ծնված 1948 թ.) և Ա. Ս.-ն (ծնված 1955 թ.) հոսպիտալացվել են Դիլիջանի հիվանդանոց, որտեղ վերջիններիս առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Փրկարարները հոսանքազրկել և փակել են ավտոմեքենաների գազաբալոնների փականները:

«Երեք-չորս օրից գալու ենք». զոհված զինծառայողների ծնողները ՔԿ-ում հանդիպումից հետո

Մեզ ասացին, որ գործը շատ ծավալուն ու բարդ է, իրենք էլ պարապուրդի մատնված չեն, վստահեցրեցին, որ առերեսումները կասեցված չեն, գործն էլ ընթացքի մեջ է։ Այս մասին, այսօր՝ հունվարի 20-ին, Քննչական կոմիտեի մոտ 44-օրյա զոհված զինծառայողների ծնողների բողոքի ակցիայի ժամանակ, ՔԿ հանցագործությունների քննության վարչության պետ Յուրա Իվանյանի հետ հանդիպումից հետո լրագրողներին հայտնեց զոհված Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղիկ Գալեյանը։

«Մենք Արգիշտի Քյարամյանի հետ հանդիպում պահանջեցինք, սակայն ասացին, որ հատուկ ընթացակարգ կա դրա համար, պետք է դիմում գրենք։ Մի խոսքով` նա շենքում է, բայց զբաղված է։ Այս անգամ էլ համաձայնեցինք, չենք հանդիպի նրա հետ, մենք 3-4 օրից կներկայանանք։ Այդ ժամանակ ընթացակարգ չպետք է լինի, հատկապես մեզ նման ծնողների համար։ Մենք չենք պատրաստվում որևէ դիմում գրել։ Մեզ նույնիսկ Վեհափառն է ընդունել առանց որևէ ընթացակարգի և դիմումի, անմիջապես»,– ասաց նա։

Զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը` Ազգուշ Մարտիրոսյանն էլ վերահաստատեց` 3-4 օրից գալու են ՔԿ` հենց Արգիշտի Քյարամյանից պատասխան ստանալու, առանց որևէ դիմում ներկայացնելու և ընթացակարգեր անցնելու։

Ծնողները դեռ չեն որոշել, թե ինչ քայլեր են ձեռնարկելու հետագայում, դա կախված կլինի թե ինչ պատասխան կտան իրենց 3-4 օրից։

Հիշեցնենք, որ 2022 թվականի սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի ունեցած միջադեպով, երբ բռնություն գործադրվեց զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ, հարուցվեց քրեական գործ: Անցել է 5 ամիս, և մինչ օրս քրեական վարույթով որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել:

Ադրբեջանական կողմը մասամբ բացել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը. ԱՀ օպերատիվ շտաբ

Ադրբեջանական կողմը մասամբ բացել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը, սակայն թույլ ճնշման պատճառով գազամատակարարումը Հանրապետությունում կվերականգնվի որոշակի սահմանափակումներով։ Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի օպերատիվ շտաբը։

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Կենսական նշանակության ենթակառուցվածքների անխափան գործունեությունը և բնակչության նվազագույն կարիքները ապահովելու նպատակով սահմանափակ ծավալով մատակարավող գազը հասանելի կլինի Ստեփանակերտ քաղաքի բնակելի տների, շրջանային գազալցակայանների, ինչպես նաև ռազմավարական նշանակության որոշ օբյեկտների համար:
Բնակչությանը հորդորում ենք լինել ուշադիր և պահպանել գազից անվտանգ օգտվելու կանոնները։

Առանց ադրբեջանական իշխանությունների հատուկ թույլտվության «էկոակտիվիստները» չէին կարող հասնել Լաչինի միջանցք. Թաթոյան

44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներ քաղաքացիների մուտքը և ելքը կանոնակարգված է ադրբեջանական օրենսդրությամբ, հետևաբար Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհն ապօրինի արգելափակած «ակտիվիստների» տեղաշարժը չէր կարող լինել առանց ադրբեջանական իշխանությունների թույլտվության։ Այս մասին են վկայում Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի ուսումնասիրությունները, որոնք հիմնված են Ադրբեջանի նախագահի 2020 թ․ հոկտեմբերի 29-ին ստորագրած հրամանագրի վրա։

Հատկանշական է, որ համաձայն ադրբեջանական օրենսդրության՝ Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող  տարածքներ մուտքի թույլտվություն տալիս է Ներքին գործերի նախարարությունը՝ քաղաքացու գրավոր կամ էլեկտրոնային դիմումի հիման վրա:

Ուսումնասիրությունները վկայում են, որ համապատասխան թույլտվություն ստանալու համար քաղաքացիները կարող են դիմել միայն պետականորեն կազմակերպված կոնկրետ այցերի շրջանակներում և հիմնականում այն քաղաքացիները (մեծ մասամբ պետական և մշակույթի գործիչներ, լրագրողներ), որոնց նախապես տեղեկացվում է տվյալ այցի կազմի մեջ ընդգրկվելու մասին:

Այլ կերպ ասած, ոչ պաշտոնյան կամ ոչ հանրային գործիչ  քաղաքացին իր հայեցողությամբ չի կարող ազատ մուտք գործել կամ հանգիստ տեղաշարժվել նշված տարածքներով:

Ի դեպ, ադրբեջանական մամուլի և սոցիալական ցանցերի ուսումնասիրությունը հաստատում է, որ Ադրբեջանում ներկայում առկա է թույլտվություններ ընտրովի տալու պրակտիկա, և այդ քաղաքականությունը դժգոհություններ է առաջացրել հենց Ադրբեջանում։

Ադրբեջանի քաղաքացիներից շատերը, ըստ որոշ լրատվամիջոցների և ադրբեջանական սոցիալական մեդիայի, դժգոհում են, որ թույլտվություն ստանում են բացառապես պետության կողմից կազմակերպված միջոցառումների մասնակիցները, իսկ մասնավոր այցերի համար մուտքը թույլատրվում է միայն մերձիշխանական շրջանակներին:

Օրինակ` 2021 թ. փետրվարին Ադրբեջանի Հանրապետության Աղջաբադի շրջանի 6 բնակիչ գնացել են Ֆիզուլի և Հադրութ, որից հետո կանգնեցվել են ոստիկանության կողմից:  Ինչպես նշում է BBC News-ի ադրբեջաներեն բաժինը, Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունն  իրենց հայտնել է, որ այդ մարդկանց արարքներին իրավական գնահատական տալու համար ուսումնասիրություններ են կատարվում կամ տարվում է քննություն:

«Սա ևս մեկ անգամ հիմնավորում է, որ Արցախը Հայաստանի և աշխարհի հետ կապող միակ ճանապարհը 2022թ. դեկտեմբերի 12-ից ապօրինի փակած, իրենց «էկո-ակտիվիստներ» հռչակած, բայց իրականում ապացույցներով (Տե՛ս նաև այս փաստերը՝ https://tatoyanfoundation.org/ovkher-en-irakanum-arcax…/) հաստատված են, որ Ադրբեջանի կառավարության գործակալներ են, ադրբեջանական իշխանությունների էթնիկ զտումների քաղաքականության գործիք»,-նշում են հիմնադրամից։

Աննա Վարդապետյանը Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին երեք միջնորդագիր է ներկայացրել Ալեն Սիմոնյանին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածի 1-ին կետի, հունվարի 20-ին ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին է ներկայացրել ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարարի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին երեք միջնորդագիր:

«Ըստ նույն կետի պահանջի՝ միջնորդագրին կցվել է նաև պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը:

• Առաջին քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարարը, օգտագործելով պաշտոնեական դիրքը կատարել է առանձնապես խոշոր չափերով վատնում (երկու դրվագ), ինչպես նաև՝ անձնական այլ շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ (երկու դրվագ)։

• Երկրորդ քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարարը, հանդիսանալով պաշտոնատար անձ, խմբային շահերից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, նաև չի կատարել ծառայողական պարտականությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև՝ վատնելու եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գույք:

• Երրորդ քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարարը վատնելու եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գույք:

ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածի համաձայն՝ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ»,- ասվում է դատախազության հաղորդագրությունում։

Արցախում իրավիճակը վատթարացման նոր դրսևորումներ է ստանում. Տիգրան Աբրահամյան

Արցախում իրավիճակը վատթարացման նոր դրսևորումներ է ստանում, նման դիտարկում է արել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Ադրբեջանի միջամտությամբ Հայաստանից Արցախ մտնող գազատարի աշխատանքի խափանումը գրեթե անլուծելի խնդիրներ է առաջացրել

Շատ խնդիրներ անլուծելի են, որովհետև մինչ այդ Ադրբեջանը վնասել էր ՀՀ-ից Արցախ մտնող միակ էլեկտրագիծը, իսկ Արցախի ներքին ռեսուրսները ողջ Արցախը շուրջօրյա էլեկտրաէներգիայով ապահովելու հնարավորություն չեն ապահովում։

Եթե գազի առկայության պայմաններում հովհարային անջատումները տեղի էին ունենում օրվա ընթացքում 4 ժամ, ապա գազի բացակայության պայմաններում բնակչությանը տրվող էլեկտրաէներգիայի ծավալը էական կրճատվելու է։

Եթե նույնիսկ գազատարի աշխատանքը վերականգնվի, իսկ էլեկտրագծինը՝ ոչ, այդ դեպքում ևս աստիճանաբար բնակչությանը տրվող էլեկտրաէներգիայի ծավալը նվազելու է, բայց ոչ այն դինամիկայով, ինչը նկատելի է գազի բացակայության դեպքում։

Դե պատկերացրեք արցախցիների վիճակը՝ բնակարանների ջեռուցման անմարդկային վիճակից, շարժի հնարավորությունների սահմանափակումից՝ մինչև Արցախի տնտեսության գրեթե կանգառ՝ իր հնարավոր բոլոր ծանր հետևանքներով։
Արցախում գազի, բենզինի, այլ վառելանյութերի ճգնաժամի պատճառով մեքենաների, տարբեր միջոցների շարժը կանգնել է։

Չափազանց ծանր վիճակ է շտապօգնության, հրշեջ ծառայության և այլ կարևոր ծառայությունների համար։

Երբ այս ամենին էլ գումարում ենք սննդի, դեղորայքի ու մյուս խնդիրները, աղետալի վիճակն ամբողջական է դառնում։

Առկա են մեծ թվով այլ խնդիրներ, որոնք որպես հետևանք առաջ են եկել, սակայն դրսից դրանք տեսանելի չեն՝ հազարավոր աշխատատեղերի կրճատումից մինչև հոգեբանական լուրջ խնդիրներ։

Առանց Ադրբեջանի նկատմամբ լուրջ ճնշման՝ այս խնդիրը կա՛մ չի լուծվի, կա՛մ այն կլուծվի ադրբեջանական նախապայմանների բավարարման դեպքում։

Չնայած միջազգային դերակատարների ճնշումների որոշակի չափաբաժնի մեծացմանը՝ խնդիրը դեռևս չի հանգուցալուծվում, սա նշանակում է, որ այդ ճնշումները դեռևս բավարար արդյունք չեն ապահովում», — Facebook-ում գրել է Աբրահամյանը։

«Սա կարևոր քայլ է». Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել ԵԽ պատգամավորներին

Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է  հայտնել Եվրոպական խորհրդարանի բոլոր պատգամավորներին Արցախի հայերին նրանց աջակցության համար։

«Սա կարևոր քայլ է՝ ստիպելու Ադրբեջանին վերջ դնել Արցախում՝ Լեռնային Ղարաբաղում շարունակվող հումանիտար ճգնաժամին։ Ես իմ սրտանց շնորհակալությունն եմ հայտնում խորհրդարանի բոլոր պատգամավորներին Արցախի հայությանը ցուցաբերած աջակցության համար»,-Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Ռուբեն Վարդանյանը՝ անդրադառնալով Եվրոպական Խորհրդարանի կողմից Արցախի բնակիչների իրավունքների վերաբերյալ քննարկումներին ու դրա արդյունքում ընդունված բանաձևին։

Հիշեցնենք, որ Եվրոպական խորհրդարանը քննարկել է Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների վերաբերյալ հարցն ու ափսոսանք հայտնել Ադրբեջանի ինքնահռչակ բնապահպանների կողմից Լաչինի միջանցքի ներկայիս շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում առաջացած ծանր հումանիտար ճգնաժամի կապակցությամբ։

Քննարկումների արդյունքում ընդունվել է բանաձև, որն ընդգծում է Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի անհրաժեշտությունը, որը երաշխավորում է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը։

Այն կոչ է անում թույլ տալ միջազգային կազմակերպություններին մուտք գործել տարածք՝ անհրաժեշտ մարդասիրական օգնություն տրամադրելու համար, ինչպես նաև ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ փաստահավաք առաքելությանը մեկնել Լաչինի միջանցք՝ տեղում հումանիտար իրավիճակը գնահատելու համար:

«Հրապարակ». Փոխանակ գնա հիվանդանոց, գործուղման է մեկնել

«Հրապարակ» թերթը գրում է. «Վարդենիսի զորամասում տեղի ունեցած ողբերգության հետեւանքով, որը նվազագույնը այս իշխանությունների թույլ տված հանցավոր անփութության հետեւանք է, եթե չասենք՝ դիտավորության, երեկ ունեցանք 15 զոհ ու երեք ծանր վիրավոր։ Այդ զոհերի հարազատներին ու վիրավորներին ո՛չ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն էր երեկվա դրությամբ այցելել, ո՛չ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Եթե Պապիկյանը, կարող ենք ասել, երես չուներ այցելելու, ապա Ավանեսյանը գոնե կարող էր այցելել Այրվածքաբանության կենտրոն ու անձամբ ծանոթանալ վիրավորների վիճակին։ Բայց չի արել, որովհետեւ տիկին նախարարը երեկ անմիջապես կառավարության նիստից հետո Փաշինյանի հրամանով մեկնել է Թեհրան՝  հունվարի 19-21-ը մասնակցելու Ազդեցիկ կանանց միջազգային ֆորումին։ Արդեն իրեն ազդեցիկ կին համարող Ավանեսյանը կարող էր գոնե նիստից առաջ՝ առավոտ վաղ կամ նույնիսկ գիշերը մի քանի րոպեով այցելել վիրավորներին, բայց «լայաղ չի արել»։ Ի դեպ, Ավանեսյանը «Սուրմալուի» դեպքից հետո էլ օրեր անց միայն գնաց տուժածներին տեսակցելու: Արսեն Թորոսյանը, օրինակ, նման առիթը կօգտագործեր հիմնովին փիառվելու համար»։