ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը հետամուտ է լինելու ողբերգության իրական մեղավորներին իրավական ու քաղաքական պատասխանատվության ենթարկելու հարցում

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության հայտարարությունը` ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ․

«ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում տեղի ունեցած ողբերգությունը պետական կառավարման համակարգի փլուզման, Զինված ուժերում առկա բարձիթողի վիճակի և ռազմաքաղաքական իշխանության՝ բանակի նկատմամբ ցուցաբերած հանցավոր անտարբերության հետևանք է

Հայաստանի այս իշխանությունը մեր ժողովրդին միայն մահ ու աղետ է բերում, իսկ գլխատված բանակի պայմաններում, ցավոք, այսպիսի ողբերգությունները մեր իրականության մեջ անխուսափելի են դարձել:

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունն իր ցավակցություններն է հայտնում զոհված 15 զինծառայողների ընտանիքներին, մտերիմներին և ծառայակից ընկերներին, իսկ վնասվածքներ ստացած զինծառայողներին մաղթում շուտափույթ ապաքինում:

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը հետամուտ է լինելու ողբերգության իրական մեղավորներին իրավական ու քաղաքական պատասխանատվության ենթարկելու հարցում։

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցություն»։

Մարտի 1-ից Ռուսաստանում կթանկանան ծխախոտներն ու վեյփերի համար նախատեսված հեղուկները 

Ռուսաստանում 2023 թվականի մարտի 1-ից կթանկանան ծխախոտները, ինչպես նաեւ վեյփերի համար նախատեսված հեղուկները։ Ծխողների ծախսերը կաճեն համապատասխանաբար 5 տոկոսով եւ 11 տոկոսով։ Դա տեղի կունենա ակցիզների աճի պատճառով, գրում է «Իզվեստիա» թերթը։

Ինչպես ասվում է հոդվածում, Պետդուման փոփոխություններ է ընդունել, որոնց համաձայն՝ մարտի 1-ից ծխախոտների եւ վեյփերի հեղուկների ակցիզային հարկերը կաճեն 2-11 տոկոսով: Ծխախոտի ակցիզային հարկերը կբարձրանան 2 տոկոսով՝ հասնելով 2603 ռուբլու հազար հատի դիմաց։ Վեյփերի համար նախատեսված հեղուկների ակցիզային հարկերը կավելանան 11 տոկոսով։ Մարտ ամսից տաքացվող ծխախոտի ակցիզային հարկերը կսահմանվեն 1 կգ-ի դիմաց 8669 ռուբլի:

Ակցիզների բարձրացումը կհանգեցնի ծխողների ծախսերի աճին, թերթին պատմել են Discovery Research Group-ում։ Նրանք, ովքեր նախընտրում են ավանդական ծխախոտը, պետք է վճարեն 4-5 տոկոսով ավելի, օրինական վեյփերի հեղուկները կբարձրանան 11 տոկոսով: Ծխախոտի մեկ տուփի նվազագույն արժեքը կավելանա 4,5 տոկոսով՝ հասնելով 117 ռուբլու։

Գարնանը Ռուսաստանում յուրաքանչյուր 8-րդ (13 տոկոս) ծխողը խոստովանել է, որ սկսել է ավելի հաճախ ծխել։

Միջին հաշվով, նրանք, ովքեր նախատեսում են թողնել ծխելը, այժմ ծխում են օրական 12 ծխախոտ, մնացածը՝ 15 ծխախոտ, ինչը նախորդ տարվա ցուցանիշից բարձր է երկու ծխախոտով։ Ընդ որում, տղամարդիկ ավելի հաճախ են ծխում, քան կանայք՝ միջինը 16 ծխախոտ՝ կանանց մոտ 13-ի դիմաց։

Հակառակորդի կողմից զինծառայողի նկատմամբ սպանության փորձի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ հակառակորդի կողմից զինծառայողի նկատմամբ սպանության փորձի դեպքի առթիվ: 

Նախնական տվյալներով՝ 2023թ. հունվարի 19-ին՝ ժամը 10:50-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում պայմանագրային զինծառայող Ե. Շ.-ն հակառակորդի կողմից արձակված կրակոցից աջ ազդրի շրջանում ստացել է հրազենային վիրավորում:  

Կատարվում է նախաքննություն:

Համազգային վիշտը՝ մեկ հոգու օրինաչափություն. Րաֆֆի Հովհաննիսյան

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, Հայաստանի ԱԳ առաջին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը հանդես է եկել հայտարարությամբ:

Այն ներկայացնում ենք ստորեւ.

«Ուղիղ մեկ տարի առաջ նա ամանորյա պար բռնեց Վահանի, Ռուդիկի, Արթուրի և վերջիններիս մաքրամաքուր ծառայակիցների հետ՝ գուժելով նրանց սպասող դավադիր մահը՝ որպես հերթական ու անխուսափելի «օրինաչափություն»։

Մի կլոր տարվա ընթացքում ազգ ու պետություն վկայեցին նրա առկայությամբ բերված օրինաչափության ողբերգական շարանը։ Այսօր այստեղ չեմ թվարկի։

Վշտակցում եմ 15 ոսկեշող մեր երիտասարդների ընտանիքներին, մեր ամբողջ ժողովրդին՝ այս եղերական, ահավոր և ոչ երբեք օրինաչափ կորստի համար:

Պատասխանատուների ազատումների և պատժի այլ տեսակների շղթան՝ որպես բնազդային հակազդեցություն, արդեն իսկ սկսվել է։

Բայց հիմնականը՝ «բոլորը գիտեն», ասեն, թե ոչ, «օրինաչափ» ասողն է, ամենաթողություն ապահովողը, մեր Հայրենիքը սեփական աթոռին ենթարկողը, իր մանրիկ, խեղված արտացոլանքը Հայոց պատմության մեծերի, անգամ Բարձրյալի հղման մեջ փնտրողը։

Որ հայրենափրկաբեր ինքնաբացարկի տարրական արժանապատվություն չկա՝ ժամանակը չէ քննելու։ Որ ունակությունը չկա՝ տեսնելու ուղղակի կապն իր և այսօրվա անմեղ զոհերի միջև՝ առավել ևս։

Երկար-բարակ, ոլորապտույտ նախադասությունները, հոտնկայս կեղծավորությունները, ծնկաչոք «իմիտացիաները» ձեզ պահեք։

Քանի մնաց՝ էլի հայրենի տարածքներ, հողեր, անկլավներ, գյուղեր և հետո՝ քաղաքներ, միջանցքներ, շրջափակումներ, անջատումներ, ավերումներ, ահաբեկումներ, զինվորական և քաղաքացիական զոհեր՝ թշնամու պատճառած, ինչպես և ներքին դրվածքից, դուք ասեք։

Նշաձողն իջեցրել է ոչ թե միջազգային հանրությունը, այլ ամենայն հայոց Ոչինչը։

«Այսքան չարիք թէ մոռանան մեր որդիք, Թո՛ղ ողջ աշխարհ Հային կարդայ նախատինք»:

«Ադրբեջանի դեմ կիրառեք պատժամիջոցներ». Շուրջ երեք տասնյակ ՀԿ-ներ դիմել են ՄԱԿ-ին ու ԵԱՀԿ-ին

Մոտ երեք տասնյակ կազմակերպություններ տարածել են հայտարարություն՝ ուղղված ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին, Եվրոպայում Անվտանգության և Համագործակցության Կազմակերպությանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների համանախագահներին։

Տարածած հայտարարության մեջ ասված է.
«Ադրբեջանի Հանրապետության ռասիստական իշխանությունների կողմից վարձված շինծու «բնապահպանների» անվան տակ, որոնցից և ոչ մեկին չեն ճանաչում որպես այդպիսին անգամ Ադրբեջանի բնապահպանները, շարունակվում է հայերի ցեղասպանությունն իրենց բնօրրանում, որը սպառնալիք է Հայաստանի համար, երբ Ադրբեջանից և Թուրքիայից հնչում են նոր ռազմական ագրեսիայի բացահայտ կոչեր։

Ադրբեջանն իր կազմավորումից՝ 1920 թվականից ի վեր, մշտապես վարում է ռազմական, քաղաքական, տնտեսական և մշակութային ճնշումների, բռնության և էթնիկ զտումների քաղաքականություն՝ բոլոր ազգային փոքրամասնությունների, հատկապես հայերի նկատմամբ։ Այդ ամենը լիովին համապատասխանում է ՄԱԿ-ի 1948 թվականին ընդունած «Ցեղասպանության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» բանաձևին (United Nations General Assembly on 9 December 1948, Resolution 260 (III); “Adoption of the Conven-tion on the Prevention and Punishment of the Crime of Genocide”): Նույնը շարունակվում է այսօր՝ դաժան ցրտի պայմաններում արգելափակելով Արցախի գազամուղը, Հայաստանի հետ կապող կյանքի միակ ճանապարհը՝ նպատակ ունենալով սոցիալական, առողջապահական, պարենային և տնտեսական անտանելի իրավիճակ ստեղծել և արցախահայությանը պարտադրել զանգվածային ատագաղթ։

Մենք՝ Հայաստանի և Արցախի քաղաքացիական հանրությունը ներկայացնող կազմակերպությունների անդամներս դիմում ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և դրա մշտական անդամ երկրներին՝ ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային, Ռուսաստանին ու Չինաստանին, Եվրոպայում Անվտանգության և Համագործակցության Կազմակերպությանը, ինպես նաև Արցախի հարցով հատուկ մանդատով ներկայացող ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրներին՝ ԱՄՆ-ին, Ռուսաստանին և Ֆրանսիային։

Եթե մարդու իրավունքները, ներառյալ ինքնորոշման իրավունքը, որն այս դեպքում աղերսվում է տարրական ապրելու իրավունքի հետ, վերացական հասկացություններ չեն և չկան երկակի ստանդարտներ տարբեր երկրների ու տարածաշրջանների համար, ապա կոչ ենք անում՝

.անհապաղ հասցեականորեն դատապարտել Ադրբեջանի կողմից ցեղասպանության և էթնիկ զտման նպատակով իրականացվող Արցախի Հանրապետության շրջափակումը,

. շրջափակման վերացմանն ուղղված կոչերին և հայտարարություններին չանսալու և չարձագանքելու դեպքում Ադրբեջանի դեմ կիրառել պատժամիջոցներ, ինչպես նաև՝ համապատասխան գործիքակազմ, և կասեցնել նրա անդամությունը միջազգային կազմակերպություններին,

. ձեռնարկել միջոցներ Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության սահմանի երկայնքով ռազմական ագրեսիայի լարումը և զարգացումը կանխելու նպատակով»։

ՇՈՒՇԻ հայրենակցական միություն
«Արկադի ՏերԹադևոսյանի անվան Քաղաքացիական խորհուրդ»ՀԿ
Համահայկական ազգային համաձայնություն
«ԱԱԾ պահեստազորի սպաների միություն»ՀԿ
«Հայ ազգային ճակատ» ՀԿ
Նժդեհյան ցեղակրոն կուսակություն
«Պահեստազորի սպաներ» շարժում
Հայք-Հայկազուն կուսակցություն
Քրիստոնեա Ժողովրդական կուսակցություն
«ՎԱՀԱԳՆ» ռազմահայրենասիրական ՀԿ
«ԺՈՂՈՎՐԴԻ ՁԱՅՆ» նախաձեռնություն
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ» ՀԿ
«ԹԵԳՄ» ՀԿ (Թերապևտների երիտասարդական գիտական միություն)
«ՄԱՇՏՈՑ ՄԻԱՎՈՐՈՒՄ» ՀԿ
«Անգել» ՀԿ
«ՆՅՈՒ ԱՐՔ» ՀԿ
«ԱՊԱԴԱՆԱ» ՀԿ
«ԱՅԼԸՆՏՐԱՆՔ» հետազոտական կենտրոն
«Ֆերմերային շարժում» ՀԿ
«Քաղաքակրթությունների երկխոսություն» Ազգային կենտրոն
Համահայկական գրողների միություն
Սպառողների աջակցման կենտրոն
ՋԵՆԵՍԻՍ – ԱՐՄԵՆԻԱ ուղեղային կենտրոն հիմնադրամ
մշակույթի գործիչների «Ձայն հայրենեաց» շարժում
«Վերադարձ» հիմնադրամ
«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ
«Մարդու իրավունքների և ցեղասպանագիտության կենտրոն» ՀԿ
«ԱՐԱԲՈ» հայրենասիրական միություն» ՀԿ
«Կովկաս» հասարակագիտական հետազոտությունների կենտրոն ՀԿ։

Ռուսաստանում օրինականացրել են ինքնաթիռներից սարքին պահեստամասեր վերցնելու գործելակերպը. «Известия»

Ռուսաստանի կառավարությունը դեկտեմբերի վերջին օրինականացրել է քաղաքացիական ինքնաթիռների սարքին պահեստամասերի եւ բաղադրիչների հանման հնարավորությունը՝ դրանք պահելու կամ այլ օդանավերի վրա վերատեղակայելու համար», տեղեկացրել է «Известия»-ն՝ հղում կատարելով ավիաճյուղի իր աղբյուրներին։

Թերթի զրուցակիցները նշել են, որ այդ պահեստամասերի համար պետք է ձեւակերպվեն թույլատրող փաստաթղթեր (թռիչքի պիտանիության կտրոններ, անձնագրեր կամ ապրանքանիշներ). դրանք հանելիս պետք է կատարել եւ փաստագրել դրանց շահագործման վերլուծությունը եւ վիճակի գնահատականը։
Կառավարությունը նաեւ թույլատրել է Ռուսաստանում մնացած եւ սպասարկում պահանջող օտարերկրյա լրակազմերում տեղադրել բնօրինակ չհանդիսացող արտասահմանյան բաղադրիչներ, այսինքն՝ այնպիսի բաղադրիչներ, որոնք նախատեսված չեն արտադրող ընկերությունների (Boeing, Airbus, Embraer) շահագործման փաստաթղթերով, գրել է «Известия»-ն։ Այդ պահեստամասերը կարող են պատրաստել միայն այն ընկերությունները, որոնք ունեն վեց օտարերկրյա ավիաընկերությունների հավանությունը, եւ այն ընթացակարգերով, որոնք նման են ամերիկյան օրենսդրությամբ սահմանվածներին։

Միեւնույն ժամանակ, ինչպես նշել են «Известия»-ի զրուցակիցները, Ռուսաստանում նախորդ տարիներին նույնպես պահեստամասերը մի ինքնաթիռից մյուսին են վերատեղադրվել, ինչպես նաեւ եղել է ԱՄՆ կամ Եվրամիության իշխանությունների հավանությանն արժանացած ոչ բնօրինակ բաղադրիչների տեղադրման գործելակերպ։ «Այժմ այդ պահեստամասերը, հավանաբար, սպառվում են, եւ առաջացել է չինական, իրանական արտադրության բաղադրիչների օգտագործման անհրաժեշտություն»,- նշել է աղբյուրներից մեկը։

Այն մասին, որ ռուսական ավիաընկերությունները տրանսպորտի նախարարությանը խնդրել են օրինականացնել ինքնաթիռների «կանիբալացումը», «Известия»-ն տեղեկացրել է օգոստոսի կեսին՝ հղում կատարելով «Օդային տրանսպորտի շահագործողների ասոցիացիայի» նախագահ Վլադիմիր Տասունի նամակին։ Նա նշել է, որ բաղադրիչների վերատեղադրումն աշխարհում ընդունված գործելակերպ է եւ թույլ կտա ռուսական ընկերություններին «ճկուն պահպանել ինքնաթիռների լրակազմի սարքինությունը»։ Բաղադրիչների հանման օրինականացումն առաջարկվում էր կառավարության մարտյան «2022թ. Ռուսաստանի Դաշնությունում թույլատրող գործունեության առանձնահատկությունների մասին» № 353 որոշմամբ եւ նրա ավիացիոն մասով։

Փետրվարի վերջից Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը, ԵՄ-ը եւ այլ երկրներ սռուսական ավիաընկերությունների թռիչքների ահմանափակումներ են մտցրել։ Եվրամիությունը նաեւ մտցրել է Ռուսաստան այն ապրանքների եւ տեխնոլոգիաների արտահանման արգելք, որոնք օգտագործվում են ավիացիոն եւ տիեզերական հատվածներում, ինչպես նաեւ այդ ճյուղերի հետ կապված ապրանքների ապահովագրման եւ տեխնիկական սպասարկման արգելք։

Boeing ամերիկյան արտադրողը ժամանակավորապես դադարեցրել է ռուսական ավիաընկերությունների տեխսպասարկումը եւ պահեստամասերի մատակարարումը։ Նման միջոցներ է ձեռնարկել եվրոպական Airbus-ը։

«Коммерсантъ»-ը՝ հղում կատարելով տրանսպորտի նախարարությանը, Օդային տրանսպորտի շահագործողների ասոցիացիային եւ երկու ավիաընկերությունների, գրել է, որ մինչեւ 2030թ. Ռուսաստանի ավիատրանսպորտային ճյուղի զարգացման ծրագրի բացասական սցենարով 2022թ. երկրորդ կիսամյակից օտարերկրյա ինքնաթիռների լրակազմը կսկսի ինտենսիվորեն կրճատվել, եւ ինքնաթիռներից պահեստամասեր վերցնելը կապահովի շահագործման մեջ մնացած ավիալրակազմի թռիչքային պիտանիությունը։ Տրանսպորտի նախարարությունում թերթի ունեցած աղբյուրի խոսքով՝ ինքնաթիռների՝ պահեստամասերի վերածման սպառնալիքի տակ է օտարերկրյա ինքնաթիռների կեսից մինչեւ երկու երրորդը։

Փաշինյանի քաղաքականությունն է՝ «որ տարբերակը կստացվի». ընդդիմադիրը՝ Ալմա-Աթայի հռչակագրի մասին

Պրահայի համաձայնագրերի հիմքում ընկած Ալմա-Աթայի հռչակագիրը չի կարգավորում Լեռնային Ղարաբաղի հարցը, քանի որ անկախության հանրաքվեն այնտեղ տեղի է ունեցել դեռեւս դրա ընդունումից առաջ։ Այս մասին հունվարի 19-ին Ազգային ժողովում՝ ճեպազրույցի ժամանակ, հայտարարեց ընդդիմադիր պատգամավոր, ՀՀԿ անդամ Հայկ Մամիջանյանը։

Ըստ ընդդիմադիրի՝ Հայաստանի արտաքին քաղաքականությունն այս ուղղությամբ կարելի է բնութագրել որպես անհեթեթություն։ Նա հիշեցրեց, որ հայ-ադրբեջանական կարգավորման բանակցային գործընթացն ընթանում է երկու հարթակներում։ Ընդ որում, դրանցից մեկում Լեռնային Ղարաբաղի հարցը չի քննարկվում։
«Պրահայի համաձայնագրերը հիմնված են Ալմա-Աթայի հռչակագրի վրա, որը Ադրբեջանը բանակցությունների ընթացքում վերջին 30 տարիներին երբեք առաջ չի քաշել։ Այս թեզը առաջ են քաշել Հայաստանի իշխանությունները։ Սակայն նույնիսկ այս դեպքում պետք է հիշել, որ Հայաստանը վերապահումով է միացել հռչակագրին.

Այնտեղ առանձին նշված է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման մասին կետը։ Բացի այդ, հռչակագիրը չի վերաբերում Լեռնային Ղարաբաղին, քանի որ այնտեղ դրանից 20 օր առաջ հանրաքվե էր անցկացվել։ Երկրորդ տարբերակում կա հիշատակում։ Կա նաեւ ինքնորոշման հնարավորություն։ Այո, գուցե տարիներ անց: Ես հիմա խոսում եմ ռուսական առաջարկի մասին։ Թիվ մեկ աբսուրդն այն է, որ Հայաստանը պաշտոնապես հայտարարել է երկու տարբերակներին համաձայնելու պատրաստակամության մասին»,- ասաց Մամիջանյանը։

Պատգամավորի համար հասկանալի չէ, թե ինչպես կարելի է համաձայնել երկու փաստաթղթերին բոլորովին հակառակ մոտեցումների առկայության դեպքում։

«Փաշինյանի քաղաքականությունն է՝ «որ տարբերակը կստացվի»,- նշեց ՀՀԿ ներկայացուցիչը։

Արդբեջանը պետք է հասկանա, որ կողք կողքի ապրելու միակ ձևը հարևաններ լինելն է և ոչ թե Ադրբեջանի մաս կազմելը. Ռուբեն Վարդանյան

Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական հեղինակավոր France 24  հեռուստաընկերությանը՝ ներկայացնելով  իրավիճակը Արցախում: Ադրբեջանի կողմից  Արցախի շրջափակման ընթացքում սա Արցախի պետնախարարի երկրորդ հարցազրույցն է այս  հեռուստաընկերությանը:

Պատասխանելով հարցին, թե ի՞նչ կարող է անել և ինչպես կարող է օգնել  Եվրամիությունը՝  Ռուբեն Վարդանյանը նշել է, որ  Եվրոպան կարող  է Ալիևի ռեժիմի վրա ճնշում գործադրել, բացատրել, թե ինչ պատժամիջոցներ կարող են կիրառվել նրա դեմ և ցույց տալ, որ անընդունելի է 120 հազար մարդու, 30 հազար երեխայի ձմռան պայմաններում զրկել ջեռուցումից. «Եվրոպացիները պետք է ճնշում գործադրեին և ասեին, որ սա անընդունելի է, որ իրեն Դավոս չեն հրավիրի և ինքն այդ քաղաքակրթության մաս չի կազմի։ Կարող են օդային միջանցք ստեղծել, որպեսզի մարդասիրական ինքնաթիռները կարողանան Ստեփանակերտում վայրէջք կատարել և բերել մեզ այդքան անհրաժեշտ պարեն ու դեղորայք։ Նաև կարծում եմ, որ այս պատմությունն ավարտելու լավագույն ձևը կլինի Արցախը որպես անկախ պետություն ճանաչելը։ Որովհետև Ադրբեջանը չի կարողանում նորմալ կյանքի պայմաններ ապահովել նույնիսկ իր ժողովրդի համար։ Ներկայիս իրավիճակը ևս մեկ անգամ ապացուցում է, որ հնարավոր չէ ապրել Ադրբեջանի կազմում, որտեղ այդքան ճնշում և այդքան հարձակումներ են լինում քաղաքացիական բնակչության նկատմամբ»

Ի պատասխան հարցի,  թե ինչպես է շրջափակմանը դիմանում Արցախի ժողովուրդը՝  պետնախարարը նկատել է, որ չնայած այս բոլոր դժվարություններին, մարդիկ ամուր են. «Նրանք ասում են, որ քանի որ պայքարում են իրենց անկախության համար, պատրաստ են մնալ և ցույց տալ խիզախությունը և  տուրք չտալ ճնշումներին։ Ժողովուրդը հասկանում է իրավիճակը և ընդունում է, որ դժվար ժամանակաշրջան է, որը շարունակությունն է այն պատերազմի, որ 2020թ․ նոյեմբերի 9-ին չէր ավարտվել։ Ուստի մարդիկ այստեղ պատրաստ են պայքարել՝ չնայած այս բոլոր ճնշումներին»։

France 24-ի այն հարցին, թե  ու՞մ ձեռքում է լուծման և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի տառապանքներին վերջ դնելու բանալին, Ռուբեն Վարդանյանն ասել է, որ  այս ամենի հիմնական «շահառուն»  Ալիևի ռեժիմն է, որովհետև արտաքին թշնամի ունենալն թույլ է տալիս պահել իր ռեժիմը. «Չմոռանանք, որ տասնամյակներ շարունակ երկիրը ղեկավարում է մեկ ընտանիք։ Ուստի երկրի ներսում միասնականություն պահելու համար միակ միջոցը արտաքին թշնամի ունենալն է, ում միշտ կարելի է օգտագործել սեփական ժողովրդին կոնսոլիդացնելու համար։ Այդ իսկ պատճառով՝ բանալին Ադրբեջանի ժողովրդի ձեռքում է, որովհետև նրանց երեխաներն են մահանում պատերազմի ժամանակ, իրենք աղքատ են՝ չնայած որ այդքան նավթ և գազ ունեն։  Իսկ միջազգային քաղաքակիրթ հանրությունը պետք է բացատրի, որ սա անընդունելի է։ Ֆրանսիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Իրանը, Թուրքիան  մեծ խաղացողներ են, սակայն, վերջ ի վերջո, մեր նպատակն ու պատասխանատվությունն է ցույց տալ նպատակասլացություն և խիզախություն՝ պաշտպանելու մեր անկախությունը։ Մի օր Արդբեջանը պետք է հասկանա, որ կողք կողքի ապրելու միակ ձևը հարևաններ լինելն է և ոչ թե Ադրբեջանի մաս կազմելը»։

Արցախի պետնախարարը նկատել է նաև, որ Եվրոպան շարունակում է Ադրբեջանի հետ առևտրային գործունեությունը՝ ընդունելով ավտորիտար ռեժիմը, որը փորձում է քանդել Արցախի պես ժողովրդավարական երկիրը։ Նա դա համարել է «մեծ խաղացողներից շատերի երկակի ստանդարտների օրինակ»: 

«Ռուսաստանը, Եվրոպան, ԱՄՆ-ը կարող են մեծ դերակատարում ունենալ։ Ֆրանսիան այն բացառիկ երկրներից մեկն է, որ շրջափակման առաջին իսկ օրից սատար է կանգնել Արցախի հայերին։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել դրա համար։ Կարծում եմ, որ Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ը պետք է վերադառնան Մինսկի խմբի սեղանի շուրջ և փորձեն երեք կողմից ճնշում գործադրել Ադրբեջանի վրա»,-ասել է Ռուբեն Վարդանյանը:

Հարցազրույցն ամբողջությամբ  հասանելի է այստեղ:

Աղոթում եմ նրանց հոգիների խաղաղության, ընտանիքների մխիթարության եւ վիրավորների շուտափույթ ապաքինման համար. Արամ Ա

Խոր ցավով իմացա Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության N զորամասի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով 15 երիտասարդ հայորդիների մահվան գույժը։ Այս մասին հայտարարություն է տարածել Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը:

«Աղոթում եմ նրանց հոգիների խաղաղության, ընտանիքների Սուրբ Հոգու մխիթարության եւ վիրավորների շուտափույթ ապաքինման համար։
Թող Աստված անսասան պահի մեր Հայրենիքն ու հայոց բանակը»,-նշել է նա:

Ավելի վաղ Imedia-ը հայտնել էր, որ այսօր՝ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռեւս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Նախնական տվյալներով ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 զինծառայող, վիրավորում է ստացել 3 զինծառայող։

Դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն ազգուշությամբ առաջացրել է երկու եւ ավելի անձի մահ)։

Նշենք, որ Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է այդ դեպքին եւ մանրամասներ հայտնել. «Ոչ միայն բենզին է օգտագործվել, այլեւ նախնական տվյալներով, նախարարը զեկուցեց, որ վառարանները վառելու համար հատուկ այրիչներ են բաժանված, որպեսզի լրացուցիչ ուրիշ բաների կարիք չլինի: 5 լիտրանոց տարայով փորձ է արվել լցնել վառարանի մեջ: Բնականաբար, երբ բաց կրակ է եղել, այրվել է ոչ միայն վառարանը, այլեւ բենզինը, հրդեհն անցել է վառարանը վառել փորձող սպային, որից հետո ինքնապաշտպանական բնազդից ելնելով այդ 5-լիտրանոց բենզինը շպրտվել է զորամասի կացարանի ուղղությամբ: Ենթադրում եմ, ոչ դիտավորյալ: Դրանից հետո արդեն պարզ է՝ ինչ է տեղի ունեցել»։

Ժամը 15։00-ի դրությամբ Սուրեն Պապիկյանը չի գնացել ողբերգական դեպքի վայր

Ժամը 15։00-ի դրությամբ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի գնացել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված N զորամաս, որտեղ այսօր տեղի է ունեցել 15 պարտադիր ժամկետային զինծառայողի կյանք խլած ողբերգական հրդեհը։ Այս մասին NEWS.am-ի հարցին ի պատասխան՝ հայտնել են ՊՆ-ից։

«Դեպքից հետո ՊՆ բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ եւ բարձրաստիճան սպաներ են գնացել դեպքի վայր եւ այժմ էլ այնտեղ են։ Պաշտպանության նախարարը դեռ դեպքի վայր չի գնացել»,- հայտնել են ՊՆ-ից։