Բանաձևով կոչ է արվում Եվրոպական միության անդամ երկրներին դիտարկել Ադրբեջանի ղեկավարների ակտիվների նկատմամբ սանկցիաներ կիրառելու հարցը

Ուզում եմ տեղեկացնել, որ դեռևս անցյալ տարի դեկտեմբերին` մինչև Լաչինի միջանցի փակումը, տեղի է ունեցել «Եվրոպայի ժողովրդավար ուսանողներ» (EDS) կազմակերպության խորհրդի հավաքը, որտեղ մեր գործընկեր Ֆրանսիայի հանրապետական կուսակցության հետ համագործակցության արդյունքում նախաձեռնվել ու ընդունվել է բանաձև, որով կառույցը դատապարտում է ադրբեջանական ռազմական ագրեսիան, իր աջակցությունն է հայտնում Հայաստանին ու կոչ է անում Եվրոպական Հանձնաժողովին կասեցնել 2022թ․ հուլիսին ստորագրված ԵՄ-Ադրբեջան գազի գործարքը՝ մինչև ադրբեջանական զինուժի ամբողջական դուրսբերումը ՀՀ սուվերեն տարածքից։

Բանաձևով նաև կոչ է արվում Եվրոպական միության անդամ երկրներին դիտարկել Ադրբեջանի ղեկավարների ակտիվների նկատմամբ սանկցիաներ կիրառելու հարցը։

Ինչպես նշված է ՀՀԿ վերջին հայտարարության մեջ, այժմ նույնպես շարունակում ենք աշխատել մեր բոլոր միջազգային գործընկերների հետ՝ ստեղծված իրավիճակի վերաբերյալ լիարժեք տեղեկատվություն տրամադրելու, Ադրբեջանի հակահայ քաղաքականությունը բացահայտելու և միջազգային կառույցների համատասխան մակարդակներով քննադատելու ու հատկապես հստակ գործողությունների կոչ անելու համար։

Հետագա զարգացումների մասին լրացուցիչ կտեղեկացնենք։

Պայթյուն Զովունի գյուղում՝ գազաբալոնի տեղադրման կետում. կան տուժածներ

Հունվարի 17-ին, ժամը 17:48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղում՝ գազաբալոնի տեղադրման կետում, տեղի է ունեցել պայթյուն. կան տուժածներ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից  հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:

Չեմ ուզում պատկերացնել, որ դիտավորյալ են որդուս բանակ ճանապարհելու օրը նշանակել դատական նիստը. Գարիկ Գալեյան

Ես իմ որդու տնից եմ գալիս՝ «Եռաբլուրից», եկել եմ զոհվածների ծնողական համայնքի խաթեր, անկեղծ եմ ասում՝ մինչեւ այսօր չեմ հետաքրքրվել ու անուն-ազգանունով չգիտեմ, թե իմ գործով դատավորն ով է: Այս մասին, այսօր՝ հունվարի 17-ին, վարչական դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը:

Հիշեցնենք, որ 2022-ի նոյեմբերին Վարչական դատարանի դատավոր Ռոբերտ Մաքեյանը վարույթ է ընդունել Ոստիկանության հայցն ընդդեմ 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի դեմ։ Ոստիկանությունը պահանջում է Գալեյանին ենթարկել պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով (Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը), որը պատժվում է սահմանված նվազագույն աշխատավարձի հինսապատիկի չափով։

«Ինձ այդ գործը չի հետաքրքրում: 2019 թվականի այս օրը՝ հունվարի 17-ին ես իմ տղային առողջ ճանապարհել եմ բանակ, ու մինչեւ հիմա տուն չի վերադարձել: Սպասում ենք, քանի որ չենք տեսել, փակ են բերել, դրոշն է եկել տուն: Չեմ ուզում պատկերացնել, որ դիտավորյալ են այս օրը նշանակել նիստը: Ամեն ինչ պարզ կլինի դատարանի որոշումից»,-ասաց Գալեյանը:

Նշենք, որ այս պահին վարչական դատարանի մոտ են հավաքվել զոհված զինծառայողների ծնողները՝ ի պաշտպանություն Գարիկ Գալեյանի:

Դատական նիստից հետո զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայր՝ Գայանեն լրագրողների հետ զրույցում ասաց, որ դիտավորյալ փոքր սենյակ էին ընտրել՝ շատ լավ իմանալով, որ Գարիկ Գալեյանը մենակ չի գալու. «Մենք հաջորդ նիստին էլ գալու ենք եւ ամեն ինչ անելու ենք, որ արդարության կողմը գնա: «Եռաբլուրը» մեր տունն է, եւ ոչ ոք իրավունք չունի մեզ բիրտ ուժով, քաքշելով դուրս հրավիրի, մանավանդ, որ ոստիկանների կողմից հրահանգ չի եղել, որին մենք չենթարկվենք»,-ասաց նա:

Գալեյանի փաստաբան Ներսես Հարությունյանն էլ նշեց, որ սա նախնական նիստն էր, որի ժամանակ պետք է ճշտվի հայցի առարկան, հիմքը. «Ոստիկանական կողմը չէր ներկայացել ատին, դատարանն առաջարկեց համարենք նախապատրաստված, մենք չառարկեցինք, որից հետո անցավ դատաքննության փուլ»,-ասաց նա:

Հաջորդ նիստը կկայանա փետրվարի 15-ին, ժամը 11-ին:

Եղանակը Հայաստանում

Հայաստանում հունվարի 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարեւմտյան, 2-5 մ/վ։ Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի -2-4, վաղը ցերեկը՝ +7+9։

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը՝ -6-10, ցերեկը՝ +2+5,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -7-10, ցերեկը՝ +2+4,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ -4-6, ցերեկը՝ +4 + 6,

Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ -7-12, ցերեկը՝ +2 + 5,

Լոռիում՝ գիշերը՝ -3-6, ցերեկը՝ + 7 + 10,

Տավուշում՝ գիշերը՝ -1-5, ցերեկը՝ +8 + 12,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -8-11, ցերեկը՝ +1 + 3,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ -3-6, ցերեկը՝ +4 + 8,

Արարատում՝ գիշերը՝ -3-6, ցերեկը՝ +7 + 10,

Արմավիրում՝ գիշերը՝ -4-6, ցերեկը՝ + 7 + 9,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -6-9, ցերեկը՝ +2+4,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ -1-4, ցերեկը՝ +6+9,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ -2 + 2, ցերեկը՝ + 8 + 12,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ -4-8, ցերեկը՝ +6+9,

Արցախում՝ գիշերը՝ -3 + 1, ցերեկը՝ + 7 + 11։

Շուշի իմ այցելությունը նպատակ է ունեցել զուտ տեղում ծանոթանալ ընդհանուր իրավիճակին. Յուրի Ռատաս

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Էստոնիա կատարած աշխատանքային այցի շրջանակում այցելել է Էստոնիայի խորհրդարան՝ Ռիյգիկոգու և հանդիպում ունեցել խորհրդարանի նախագահ Յուրի Ռատասի հետ։

ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ հանդիպման ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է տարածաշրջանային առկա զարգացումներին և հիմնախնդիրներին, մասնավորապես՝ Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամի վտանգներին։
Էստոնիայի խորհրդարանի խոսնակ Ռատասն անթույլատրելի է որակել հումանիտար աղետի սպառնալիքը և շեշտել, որ Լաչինի մարդասիրական միջանցքը և ընդհանրապես որևէ հումանիտար միջանցք չի կարող շրջափակված մնալ և վտանգել հազարավոր մարդկանց կյանքն ու առողջությունը։

Ռիյգիկոգուի նախագահն անդրադարձել է նաև Շուշի կատարած իր այցելությանը և նշել, որ նպատակ է ունեցել զուտ տեղում ծանոթանալ ընդհանուր իրավիճակին: Նա նշել է՝ Էստոնիան իր հնարավորությունների սահմաններում պատրաստ է նպաստել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման օրակարգին։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հայ-էստոնական համագործակցության ներուժի և հնարավորությունների կյանքի կոչմանը թվայնացման, բարձր տեխնոլոգիաների ու սահմանային անվտանգության համակարգերի ներդրման ոլորտներում։

Վահագն Խաչատուրյանը և Յուրի Ռատասն առանձնահատուկ կարևորել են երկու երկրների խորհրդարանների փոխգործակցությունն ու խորհրդարանական դիվանագիտության զարգացումը։

Android-ում ավելացվել է զարթուցիչի և թայմերի համար հատուկ ձայներ ձայնագրելու հնարավորություն

Android բջջային օպերացիոն համակարգում ավելացվել է սեփական ձայնը ձայնագրելու և զարթուցիչում և ժամանակաչափում երաժշտության փոխարեն հենց դա օգտագործելու հնարավորություն։

Իրականում, օգտատերերը նախկինում ևս կարող էին իրենց սեփական աուդիո ֆայլերն այդ նպատակով օգտագործել: Բայց դա անելն ավելի դժվար էր, քան հիմա. դրա համար անհրաժեշտ էր File Manager-ի օգնությամբ պատճենել անհրաժեշտ աուդիո ֆայլերը և ձայնի կարգավորումների մենյուի միջոցով ավելացնել դրանք և սահմանել որպես զարթուցիչի ազդանշան:

Այժմ ձայնի ձայնագրման գործառույթը հայտնվել է անմիջապես «Ժամացույց» հավելվածում, ինչը զգալիորեն կհեշտացնի զարթուցիչի և ժամանակաչափի համար հատուկ ազդանշանի տեղադրման գործընթացը. հիմա արդեն կարելի է ձայնագրիչի վրա ձայնագրել ցանկացած ձայն, այդ թվում՝ ինչ-որ հաղորդագրություն, կատվի մլավոց կամ ցանկացած այլ ձայն, որ կարող է ձեր մտքով անցնել։

Առայժմ նորամուծությունը հասանելի է միայն Google Pixel շարքի սմարթֆոններում։ Այնուամենայնիվ, փորձագետները հույս ունեն, որ այլ արտադրողների Android սարքերը նույնպես կստանան այն։

Նշենք, որ Apple-ի iPhone սմարթֆոնները դեռևս չունեն զանգի, զարթուցիչի կամ ծանուցման ձայնի համար ցանկացած ձայն օգտագործելու հնարավորություն:

Հայաստան-Մեքսիկա բարեկամական խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Այս ամենը տեսնելուց հետո կարող եմ ասել, որ ՄԱԿ-ում և այլ ատյաններում մենք շարունակելու ենք խոսել խաղաղության մասին: Պետք է անել ամեն ինչ, որպեսզի համերաշխություն լինի ամբողջ աշխարհում. ասել է Մեքսիկայի Պատգամավորների պալատի Մեքսիկա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Բերենիսե Խուարես Նավառետեն:

ԱԺ-ից հայտնում են, որ վերջինիս գլխավորած պատվիրակությունը Հայաստան-Մեքսիկա բարեկամական խմբի ղեկավար Գուրգեն Արսենյանի ուղեկցությամբ հունվարի 17-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Պատվիրակության անդամները ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում նրանք ծանոթացել են Եղեռնի մասին հավաստող փաստաթղթերին և գրառում կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

Շրջափակման մեջ մնացած օտարերկրացիները Արցախի կառավարության և ռուս խաղաղապահների միջնորդությամբ վերադարձել են հայրենիք. Վարդանյան

Շրջափակված Արցախում մնացել են նաև օտարերկրյա քաղաքացիներ, ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը :

«Ընտանիքները, այդ թվում՝ երեխաների հետ, արգելափակված էին մեկ ամսից ավելի։ Արցախի կառավարությունը, ռուս խաղաղապահների հետ միասին, երկար ժամանակ նախապատրաստում էր և այսօր կազմակերպել է նրանց մի մասի վերադարձը հայրենիք։ Սակայն Արցախի 120.000 քաղաքացիների, այդ թվում՝ 30.000 երեխաների համար անմարդկային շրջափակումը շարունակվում է», — գրել է Վարդանյանը։

Հնդկաստանը եւ Եգիպտոսը հատուկ նշանակության ուժերի առաջին զորավարժությունները կանցկացնեն

Հնդկաստանը եւ Եգիպտոսն իրենց պատմության մեջ առաջին անգամ հատուկ նշանակության ուժերի զորավարժություններ կանցկացնեն։ Այս մասին տեղեկացրել է Հնդկաստանում Եգիպտոսի դեսպան Վաել Համեդը, փոխանցել է ANI տեղեկատվական գործակալությունը։

Դեսպանի խոսքով՝ զորավարժությունները տեղի կունենան Ռաջաստան նահանգի տարածքում, Ուդայփուր, Ջայփուր եւ Ջոդփհուր քաղաքներում։
«Մենք Ուդայփուրում, Ջայփուրում եւ Ջոդփհուրում առաջին անգամ կանցկացնենք զորավարժություններ, որոնց կմասնակցեն Եգիպտոսի եւ Հնդկաստանի հատուկ նշանակության ուժերը։ Եվ մենք կընդլայնենք մեր պաշտպանական համագործակցությունը ոչ միայն ՌՕՈւ-ի եւ ՌԾՈւ-ի, այլեւ հատուկ նշանակության ուժերի համատեղ զորավարժություններով»,- պարբերականը մեջբերել է Համեդի խոսքերը։

Հնդկաստանի եւ Եգիպտոսի ռազմածովային զորավարժություններ տեղի են ունեցել 2021թ. սեպտեմբերի 5-ին Միջերկրական ծովում։ Դրանք ներառում էին ծովում նավերի զավթման, ուղղաթիռների օգնությամբ բեռների տեղափոխման, ինչպես նաեւ տեխնիկայի վերականգնման գործողություններ։

Տարածաշրջանում չի կարող հաստատվել երկարաժամկետ խաղաղություն՝ Բաքվի ցեղասպան քաղաքականության արդյունքների հիման վրա. Արցախի ԱԳՆ

Բաքվում հայկական ջարդերի 33-րդ տարելիցի կապակցությամբ Արցախի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել։

«Այս օրերին մենք ոգեկոչում ենք Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի հայ բնակչության՝ 33 տարի առաջ իրագործված զանգվածային ջարդերի անմեղ զոհերի հիշատակը։ Բացառիկ դաժանությամբ կատարված սպանությունները, կողոպուտները, բռնություններն ու վայրագությունները շարունակվել են մեկ շաբաթ՝ 1990 թվականի հունվարի 13-ից մինչև 20-ը։ Մարդիկ, ովքեր խուսափել են մահից, ենթարկվել են կազմակերպված տեղահանման։ Տարբեր աղբյուրների համաձայն՝ այս անմարդկային հանցագործության հետևանքով սպանվել է 150-300 մարդ։
Բաքվի ջարդերը, 1988 թվականին Սումգայիթում հայերի կոտորածի հետ մեկտեղ, սկիզբ են դրել հայերի նկատմամբ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության հերթական հրեշավոր փուլին։ Այդ քաղաքականության դրսևորումներն էին զանգվածային ջարդերն ու սպանությունները, նախկին Ադրբեջանական ԽՍՀ հայ բնակչության համատարած ու կազմակերպված տեղահանությունը, 1991 թվականին Արցախի սահմանամերձ գյուղերի տեղահանման «Կոլցո» («Օղակ») գործողությունը, 1991-1994 թվականներին, 2016 թվականի ապրիլին և 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին Արցախի Հանրապետության դեմ ագրեսիվ պատերազմների վարումը, որոնք ուղեկցվում էին ադրբեջանական զինված ուժերի կողմից իրագործված պատերազմական հանցագործություններով։ Այդ հանցավոր գործողությունների հետևանքով հազարավոր մարդիկ սպանվեցին, հարյուր հազարավորները դարձան էթնիկ զտումների զոհ։

Ադրբեջանի՝ հայերին սեփական պատմական հայրենիքում բնաջնջելու քաղաքականության բաղկացուցիչ մասը դարձավ հայատյացության լայնածավալ և հետևողական քարոզչությունը, որն ուղեկցվում էր հայերի ապամարդկայնացմամբ և ռազմական հանցագործությունների ու էթնիկ անհանդուրժողականության հողի վրա կատարվող հանցագործությունների խրախուսմամբ: Մասնագիտացված միջազգային կազմակերպությունները մշտապես արձանագրում էին Ադրբեջանում հայատյացության ծայրահեղ դրսևորումներ։ Ցավոք, դրանց վերացման ուղղությամբ արդյունավետ քայլեր չեն ձեռնարկվել։ Արդյունքում՝ Ադրբեջանում բարենպաստ պայմաններ են ձևավորվել մարդկության դեմ հանցագործությունների իրականացման և դրանց արդարացման համար։
Ինչպես Բաքվի ջարդերի, այնպես էլ նախորդ ու հաջորդած զանգվածային հանցագործությունների անպատժելիությունը հանգեցրել է մի իրավիճակի, երբ Ադրբեջանը Արցախի 120 հազար բնակչության շրջափակումը և հումանիտար աղետի համար պայմանների ստեղծումն օրինաչափ է համարում։

Տարածաշրջանում չի կարող հաստատվել երկարաժամկետ խաղաղություն Բաքվի ցեղասպան քաղաքականության արդյունքների հիման վրա։ Այն պետք է վճռականորեն դատապարտվի և մերժվի միջազգային հանրության կողմից, և դրա առաջին քայլը պետք է լինի Արցախի՝ մեկ ամսից ավելի շարունակվող շրջափակման անհապաղ դադարեցումը»,- ասվում է հայտարարությունում։