Գողը տնից էր. Տան հարսը փողն ու ոսկյա զարդերը վերցրել էր ու տվել 28-ամյա ընկերոջը, նա էլ խաղադրույք էր արել ու պարտվել

Դեկտեմբերի 8-ին ոստիկանության Արմավիրի բաժնում ստացվեց հաղորդում, որ Արմավիր քաղաքի Մաշտոցի փողոցի մի բնակարանից գողացել են խոշոր գումար և ոսկյա զարդեր:
Ոստիկանությունից հայտնում են, որ բաժնի օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր, ձեռնարկեց անհրաժեշտ միջոցառումներ: Իրավապահները, ըստ տանտերերի պատմածի, ենթադրեցին, որ տուն էին մտել ժամը 9-ից 15.20-ը, երբ տանը մարդ չէր եղել, իսկ մուտքի դուռը բացել էին հարմարեցված գործիքով: Ննջասենյակի պահարանից տարել էին մեկ միլիոն 290 հազար դրամ և ոսկյա 11 զարդ: Ոչ մի հետք, կասկածելի ոչ մի հանգամանք, ինչն ինքնին կասկածելի էր:
Արմավիրի մարզային վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ: Առաջ քաշվեցին տարբեր վարկածներ, նաև այնպիսին, որը կբացատրեր, թե բնակարանային գողության վայրում ինչու չկան այլ հետքեր ու կասկածելի հանգամանքներ:

Արմավիրի քրեական հետախույզների միջոցառումները տևական ժամանակ արդյունք չէին տալիս, և վարկածը, որ ոչ մի գողություն էլ չէր եղել, դառնում էր ավելի հավանական: Հունվարի 14-ին վերջապես պարզվեց, որ և՛ փողը, և՛ ոսկյա զարդերը վերցրել էր տան 32-ամյա հարսը և տվել 28-ամյա ընկերոջը, որն էլ կատարել էր խաղադրույք և պարտվել:

Հարսը հրավիրվեց ոստիկանության բաժին և խոստովանեց:

Նա ներկայացվել է Արմավիրի մարզային քննչական վարչություն:

Լոռիում սառույցը կոտրվել է, 4-ամյա երեխան ընկել ջուրն ու մահացել․ shamshyan.com

Լոռու մարզում, հունվարի 15-ին ողբերգական դեպքէ տեղի ունեցել. ժամը 17։30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել «Վանաձոր» շտապօգնության կայանից, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Լոռու մարզի գյուղերից մեկը, որտեղ տանը հարակից լճակից դուրս են բերել երեխայի դի։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 17։00-ի սահմաններում 4-ամյա Տ․ Մորոզովան նշված գյուղի 1-ին փողոցի 244 հասեցի դիմաց գտնվող սառցակալած ջրափոսի մակերեսի վրայով անցնելիս, սառույցը կոտրվել է, և երեխան ընկել է ջրափոսը և ջրահեղձ եղել։

Դեպքի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։

Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Արցախի «Արևիկ» բուժմիավորումում 13 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։

ԱՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ «Արևիկ» բուժմիավորումում 13 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:

«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 9 բուժառու գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 5-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Բժիշկների կողմից կատարվում է հնարավորը հիվանդների վիճակը կայունացնելու համար:

ԱՀ առողջապահության նախարարությունը ձեռնարկում է հնարավոր բոլոր միջոցները շրջափակման պատճառով ստեղծված իրավիճակը պատշաճ հաղթահարելու համար։

Շրջափակումը փոխում է պետության առաջնահերթությունները. Ռուբեն Վարդանյան

Արցախի Հանրապետության պետական նախարար, Օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ այսօր տեղի է ունեցել շտաբի հերթական նիստը:

Պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ներկայացնելով ընթացիկ իրավիճակը, նշել է, որ շրջափակումը նոր մարտահրավերներ է առաջ բերում:
«Շրջափակումը փոխում է տնտեսությունն ու պետության առաջնահերթությունները: Պետությունն արդեն ստիպված է արձագանքել շրջափակման հետևանքով տնտեսական և սոցիալական ոլորտներում առաջացող խնդիրներին՝ վերանայելով իր աշխատանքը, մոտեցումները, ուղղությունները»,- ասել է Ռուբեն Վարդանյանը:

Միաժամանակ շրջափակումն ու դրա հետևանքով ստեղծված ճգնաժամը, ըստ նրա, ստիպում են ավելի ռացիոնալ օգտագործել առկա ռեսուրսները, բացահայտել բոլոր խնդիրները, այդ թվում՝ ստվերային տնտեսության հետ կապված, ներդնել կառավարման ավելի արդյունավետ մոդելներ:

Նշվել է նաև, որ պետնախարարի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ շրջափակման տնտեսական և սոցիալական հետևանքների մեղմմանն ուղղած միջոցառումներ մշակելու նպատակով:

Նիստի ընթացքում զեկուցվել է կտրոնային համակարգի ներդրման ընթացքը, տեղեկացվել է, որ կազմակերպչական և տեխնիկական աշխատանքներն իրականացվում են սահմանված ժամանակացույցով: Համակարգի սահուն ներդրման նպատակով համապատասխան բացատրական և ուսուցողական աշխատանքներ են իրականացվելու ինչպես մատակարարների, այնպես էլ առևտրային կետերի սեփականատերերի համար: Առաջնային մի քանի խումբ ապրանքների՝ կտրոններով վաճառքն իրականացվելու է ողջ հանրապետությունում՝ Ստեփանակերտում 200, շրջաններում՝ 400 խանութների միջոցով:

Պետնախարարը կարևորել է համակարգի ներդրմանը զուգահեռ՝ բնակչության շրջանում իրազեկման աշխատանքների իրականացումը: Նա նաև անհրաժեշտ է համարել համապատասխան տեղեկատվական բազաների ստեղծումը:

Ներկայացվել է հանրապետությունում էներգամատակարարման հետ կապված իրավիճակը, որը շարունակում է լարված մնալ: Հայաստանից Արցախ էներգասնուցումը նախկինի պես խափանված է, քանի որ ադրբեջանական կողմը մասնագետներին թույլ չի տալիս այցելել իրենց վերահսկողության տակ գտնվող տարածք՝ հասկանալու խափանման պատճառները: Բնակչության նվազագույն էներգետիկ կարիքները հնարավորինս երկարաժամկետ կտրվածքով ապահովելու համար վաղվանից անցում կկատարվի հովհարային անջատումների չորսժամյա գրաֆիկի՝ ներկայիս երկու ժամվա փոխարեն:

Զեկուցվել է իրավիճակը պարենային ապրանքների, դեղորայքի, դիզվառելիքի շուկաներում: Նշվել է նաև, որ ձեռնարկված միջոցառումների արդյունքում հաջողվել է նվազեցնել լարվածությունը կանխիկի դրամաշրջանառության մասով:

Կարեն Անդրեասյանի համակուրսեցին ու սանիկը կդառնա ԲԴԽ դատավոր անդամ. 168.am

Այսօր տեղի է ունենում դատավորների ընդհանուր ժողովը: Ընտրելու են Ստեփան Միքայելյանի հրաժարականից հետո Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) հերթական դատավոր անդամին:

168.am-ի տեղեկություններով՝ այդ պաշտոնի համար կա ընդամենը մեկ թեկնածու՝ Վճռաբեկ դատարանի Վարչական պալատի դատավոր Քրիստինե Մկոյանը:

Կայքի տեղեկություններով՝ նա ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի համակուրսեցին ու սանիկն է:

Վթարից 10 օր անց հիվանդանոցում մահացել է նաեւ «ՎԱԶ 21099»-ի 41-ամյա վարորդը

Հունվարի 4-ին հաղորդվել էր, որ Նոր Գեղի-Եղվարդ ճանապարհին իրար էին բախվել «Օպել» և «ՎԱԶ-21099» մակնիշի մեքենաներ: «ՎԱԶ-21099»-ի 60-ամյա ուղևոր Մնացական Հայրապետյանը մահացել էր, իսկ վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:

Ոստիկանությունից հայտնում են, որ հունվարի 14-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «ՎԱԶ-21099»-ի վարորդը՝ 41-ամյա Հովհաննես Հայրապետյանը, մահացել է:
Նախաքննությունը շարունակվում է:

Ալեն Սիմոնյանն աշխատանքից ազատել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի աներոջը. Armlur.am

Ալեն Սիմոնյանն աշխատանքից ազատել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի աներոջը: Այս մասին գրում է ArmLur.am-ը:

Մինչ այդ կայքը գրել էր, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոր որոշում է ստորագրել եւ խորհրդարանի աշխատակազմի արարողակարգի վարչության նոր պետ է նշանակվել: Նախկինում այս պաշտոնը զբաղեցնում էր Հակոբ Հաջի-Հակոբյանը:
«Նրա անցյալին անդրադարձել էինք դեկտեմբերի 8-ին: Մենք մասնավորապես գրել էինք, որ նա դատվածություն ունի, դեռեւս 2013-ին, երբ աշխատել է ՀՀ արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչության պետ, կաշառք վերցնելու կասկածանքով (գումարի դիմաց կեզծ վիզաներ է տրամադրել) դատապարտվել է երկու տարվա ազատազրկման:

Նշենք, Հաջի-Հակոբյանի դուստրը, որ ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի նշանածն է, նույնպես խորհրդարանում է աշխատում՝ Արտաքին հարաբերությունների վարչությունում: Այսինքն, Ալեն Սիմոնյանն աշխատանքից ազատել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի աներոջը»,-նշել է կայքը:

Հայաստանն ու Արցախը այս դժվարին պատմական իրավիճակից դուրս են գալու միասին՝ խելամիտ քայլերի, սառը հաշվարկված գործողությունների ու դաշնակիցների միջոցով. Գագիկ Ծառուկյան

Վերջին օրերին մտահոգություն է առաջացնում Արցախից եկող տեղեկատվությունը, ֆեյսբուքյան իր էջում գրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը։

«Վստահ եմ, որ Արցախի պետական կառավարման համակարգի շուրջ բոլոր լուծումների հիմքում պետք է լինի Արցախի պետականության ամրապնդման, պետական ինստիտուտների պահպանման, արցախահայության խնդիրների կարգավորման և ռուս խաղաղապահների հետ սերտ համագործակցությամբ անվտանգության ապահովման հրամայականը։ Մենք այլ ճանապարհ պարզապես չունենք։

Հայաստանն ու Արցախը այս դժվարին պատմական իրավիճակից դուրս են գալու միասին՝ խելամիտ քայլերի, սառը հաշվարկված գործողությունների ու դաշնակիցների միջոցով։

Կրկին վերահաստատում եմ իմ պատրաստակամությունը՝ ուժերիս ներածին չափով օգտակար լինելու Արցախին, մեր հայրենակիցներին։ Այսօր, առավել քան երբեք, մեզ պետք է իրար լսելու ունակություն, ներքին համերաշխություն և միայն կշռադատված քայլեր», — գրել է Գագիկ Ծառուկյանը։

Բենզեման կերկարաձգի պայմանագիրը «Ռեալի» հետ

Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալն» ու 35-ամյա ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման համաձայնության են հասել պայմանագրի երկարաձգման հարցում, հաղորդում է Foot Mercato-ն։ Նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչեւ 2024թ․ հունիս։ Գործող պայմանագիրը կավարտվի հունիսին։

Բենզեման 2009թ․ հուլիսից է հանդես գալիս «Ռեալում», որի հետ 5 անգամ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը, դարձել է Իսպանիայի քառակի չեմպիոն, աշխարհի քառակի ակումբային չեմպիոն, Իսպանիայի եւ Եվրոպայի սուպերգավաթակիր, Իսպանիայի կրկնակի գավաթակիր։
2022-ին Բենզեման արժանացավ աշխարհի լավագույն ֆուտբոլիստի «Ոսկե գնդակ» մրցանակին։

Չենք կարող հեռվից դիտել, թե ինչքան կդիմանա Արցախը. Արցախը միայնակ է պայքարում, այս աննորմալ իրավիճակը մենք չենք կարող թույլ տալ. Արմեն Ռուստամյան

Արցախցիները չպետք է թույլ տան որևէ քայլ, որը կարող է խաթարել միասնականությունը, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:

Նա ասաց, թե առաջնային մանդատ ունեցող բոլոր անձինք Արցախում պետք է տեր կանգնեն իրենց լեգիտիմությանը, որովհետև լեգիտիմության շուրջ պետք է ձևավորվի միասնական մթնոլորտ:

Խոսելով Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանի հնարավոր հրաժարականի մասին՝ Ռուստամյանն ասաց, թե դրանում «խառն է Ադրբեջանի մատը»:

«Նրանք շատ ուղղակի ասել են դրա մասին տարբեր տեղերում, անգամ՝ ԵԽԽՎ-ում, նրանք ուղիղ խնդիր են դրել, որ պետք է դուրս հանել Ռուբեն Վարդանյանին, այսինքն՝ առնվազն այսքանը բավարար է, որ դա չկատարվի: Ի՞նչ է նշանակում թույլ տալ, որ Ադրբեջանը որոշի՝ ով ստանձնի այս կամ այն պաշտոնը», — ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը:

Ըստ Ռուստամյանի՝ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակում բոլորն ունեն պատասխանատվության իրենց բաժինը:
«Բոլորը հասկանում են, որ այսպես երկար ձգվել հնարավոր չէ: Այս խնդիրը պետք է լուծում ստանա: Եթե Ադրբեջանը կարծում է, որ անընդհատ, մշտական, անժամկետ ճանապարհը փակելով հասնելու է իր նպատակներին՝ տեսնելով արցախահայության անկոտրում կամքը, բնականաբար, նահանջելու է։ Պայքարով է միայն հնարավոր դրա դեմն առնել և հակակշռել», — ասաց նա:

Արմեն Ռուստամյանը նշեց, որ մեզ պակասում է արցախահայությանը պաշտպանելու համահայկական գործընթացը, որը պետք է օր առաջ ստեղծել և իրականացնել։

«Մեր բոլոր առաջարկները դրան են ուղղված։ Պետք է ստեղծվի մեկ միասնական կենտրոն՝ անունը շտաբ կամ խորհուրդ կլինի, որը պետք է առաջացնի համահայկական զորաշարժ: Մենք չենք կարող նստած սպասել և հեռվից դիտել, թե ինչքան կդիմանա Արցախը: Արցախը միայնակ է պայքարում, այս աննորմալ իրավիճակը մենք չենք կարող թույլ տալ», — հավելեց «Հայաստան» խմբակցության պատգամավորը: