Կյանքից հեռացել է Վախթանգ Կիկաբիձեն

Վրաստանում 84 տարեկան հասակում մահացել է դերասան Վախթանգ Կիկաբիձեն։
Այս մասին հայտնել է վրացական «Մտավարի արխի» հեռուստաընկերությունը։

Վրացի դերասան, երգիչ, սցենարիստ, պրոդյուսեր և կոմպոզիտոր, Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ Վախթանգ Կիկաբիձեն ծնվել է 1938 թվականի հուլիսի 19-ին Թբիլիսիում։ Մանուկ հասակում ապրել է Վերե շրջանում` Փարաջանովի հարևանությամբ։

1966 թվականին առաջին անգամ հանդես է եկել կինոյում՝ ռեժիսոր Նիկոլայ Սանիշվիլիի «Հանդիպում լեռներում» ֆիլմում։ 1969 թվականին առաջին անգամ նկարահանվել է Գեորգի Դանելիայի «Մի՛ վշտանա» ֆիլմում։ Հաջորդ նշանակալի ֆիլմը 1973 թվականին ռեժիսոր Գեորգի Շենգելայայի «Վերիյսկի թաղամասի մեղեդին» էր։

1977 թվականին էկրան բարձրացավ Դանելիայի «Միմինո» ֆիլմը, որը 1978 թվականին արժանացավ ԽՍՀՄ պետական մրցանակի։

1981 թվականին Կիկաբիձեն իր սցենարի հիման վրա նկարահանեց 4 մասանոց կատակերգություն՝ «Լա՛վ եղիր, բարեկամս» (Գաբրովո-83 Գրան պրի), իսկ 1985 թվականին՝ «Տղամարդիկ և այլք» ֆիլմը։ 1984 թվականին նկարահանվել է «ՏԱՍՍ-ը իրավասու է հայտարարել» հեռուստասերիալում (մրցանակ է ստացել ԽՍՀՄ Անվտանգության կոմիտեի կողմից)։

1999 թվականին Մոսկվայի «Աստղերի հրապարակ»-ում դրվեց նրա աստղը, իսկ 2006 թվականին Թբիլիսիի ֆիլհարմոնիայի շենքի առջևի հրապարակում՝ նրա «Վրացական աստղը»։ Մի շարք մրցանակների ու շքանշանների դափնեկիր է։

Օդի ջերմաստիճանը հունվարի 15-19-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով. եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում` հունվարի 15-ի ցերեկը, 16-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունվարի 15-19-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 6-8, Արարատյան դաշտում և նրա նախալեռնային շրջաններում՝ 4-5 աստիճանով:

 Երեւանում հունվարի 15-ի ցերեկը, 16-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Այսօր գիշերը մայրաքաղաքում կլինի -4- 6, վաղը ցերեկը՝ +4+6։

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը՝ -6 -10, ցերեկը՝  -1 +2,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -8 -10 ցերեկը՝ -1 +2,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ -4-7, ցերեկը՝ +2+ 4,

Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ -8 -13,  ցերեկը՝ -2 +3,

Լոռիում՝ գիշերը՝ -5 -10, ցերեկը՝ +4 +8,

Տավուշում՝ գիշերը՝ -4 -8, ցերեկը՝ +6 + 10,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -8 -12, ցերեկը` -1 +2,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ -4 -7, ցերեկը՝ +1 +4,

Արարատում՝ գիշերը՝ -2 -6, ցերեկը՝ + 4 + 7,

Արմավիրում՝ գիշերը՝ -4 -7, ցերեկը՝ +4 + 7,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -7 -12, ցերեկը՝ -1 +2,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ -3-6, ցերեկը՝ +4 +6,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ -3 +1,  ցերեկը՝ 10+ 13,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ -6 -10, ցերեկը՝ +3 +7,

Արցախում՝ գիշերը՝ 0 -3, ցերեկը՝ +7+ 10։

Ականատեսը պատմել է Նեպալում ավիաաղետի մանրամասները

Նեպալում վթարից առաջ կործանված ինքնաթիռը կորցրել է արագությունը և ընկել թեւին, վթարից առաջ կրակ ու ծուխ չի եղել, ՌԻԱ Նովոստիին հայտնել է արտակարգ դրության ականատես Ալեքսանդր Կովալևը։

«Ինքնաթիռը վայրէջք էր կատարում և շատ ցածր էր գնում։ Այդ ժամանակ մենք երկրորդ ռուս օդաչուի հետ Նեպալի ավիացիոն ակումբում թև էինք հավաքում։ Տեսնում ենք՝ հին օդանավակայանի տարածքում այն ​​շատ ցածր է իջնում։ Նա ուղղակիորեն շրջվեց դեպի օդանավակայան, բարձրացավ սահելու ճանապարհին և մի կերպ կախվեց»,- պատմել է ականատեսը։

Նրա խոսքով՝ ինքնաթիռը կորցրել է արագությունը եւ ընկել ձախ թեւին։

«Այն բանից հետո, երբ մենք պայթյուն ենք տեսել, երկու շարժիչներն էլ աշխատել են, հրդեհ չի եղել, ամեն ինչ աշխատել է»,- պատմել է Ալեքսանդրը։

Նա հավելել է, որ ինքնաթիռն ընկել է հին և նոր օդանավակայանի միջև ընկած գետը, բոլոր բեկորներն այնտեղ են։

«Հասանք, այնտեղ արդեն ամեն ինչ վառվում էր, շատ մարդ կար, չկարողացանք անցնել»,- պատմել է ականատեսը։

Yeti Airlines ավիաընկերության ATR 72 տուրբոպրոպ մարդատար ինքնաթիռը, որը թռչում էր Կատմանդուից, կիրակի օրը վթարի է ենթարկվել հին և նոր Պոխարա օդանավակայանների միջև։ Ավիաընկերության ներկայացուցչի խոսքով՝ ինքնաթիռում եղել է 68 ուղևոր և անձնակազմի չորս անդամ։ Արտակարգ պատահարի պատճառները պարզվում են։ Նեպալում Ռուսաստանի դեսպանատան տվյալներով՝ ինքնաթիռում չորս ռուս է եղել։ Հնդկական News18 հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ինքնաթիռի բոլոր ուղեւորներն ու անձնակազմի անդամները զոհվել են։

Երևանի Մոնթե Մելքոնյան պողոտայում ավտոմեքենան շրջվել է․ կան արգելափակված քաղաքացիներ

Հունվարի 15-ին, ժամը 10։37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոնթե Մելքոնյան պողոտայում ավտոմեքենան շրջվել է․ կան արգելափակված քաղաքացիներ։ Այս մասին հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Opel» և «VAZ-2106» մակնիշների ավտոմեքենաները․ վերջինս շրջվել է։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ երկու տուժած ուղևոր հոսպիտալացվել են։

Փրկարարները «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս են բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Այս վիճակը բխում է ՀՀ իշխանության՝ Արցախի որդեգրած քաղաքական կուրսից, որովհետև կհեշտացնի Արցախի հանձնումը. պատգամավոր

Ո՞ր դեպքում կամ ինչ հանգամանքներ կարող են բարենպաստ դաշտ ստեղծել նոր ընտրությունների անցկացման համար այն դեպքում, երբ 1-2 ամիս առաջ, անհրաժեշտ երաշխիքների դիֆիցիտի պատճառով նույնիսկ առավել անշառ համարվող սահմանադրական հանրաքվեի գործընթացը կանգնեցվեց։ Այս մասին գրառում է կատարել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը` անդրադառնալով Արցախում տեղի ունեցող քաղաքական գործընթացներին:

«Արցախում ստեղծված քաղաքական ճգնաժամը փորձենք դիտարկել ընտրական գործընթացների տեսանկյունից։
Պայմանականորեն ընդունենք, որ Արցախի Արայիկ Հարությունյանը զբաղեցրած պաշտոնից, իր կամքին հակառակ, հեռացնում է պետնախարար Ռուբեն Վարդանյանին, ապա ինչպես ինքն է պնդում՝ հրաժարական տալիս։ Ցրվում է նաև խորհրդարանը։

2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, երբ Արցախում այլ բնույթի ճգնաժամ էր և առաջին հերթին նախագահի հրաժարականի պահանջ կար, քննարկվում էր նոր իրողությունների պայմաններում խորհրդարանի վերաձևավորելու հարցը, խոչընդոտող հիմնական հանգամանքն Ադրբեջանն էր, որի սպառնալիքի պայմաններում այդպես էլ նոր ընտրություն չնշանակվեց։

Ընդ որում՝ և՛ նախագահի հրաժարականի պահանջ կար, և՛ ինքը՝ Հարությունյանը նման ցանկություն ուներ, սակայն ներքին և արտաքին երաշխիքների բացակայության պայմաններում այդպես էլ ընտրություն չեղավ։

Հիմա։ Ո՞ր դեպքում կամ ինչ հանգամանքներ կարող են բարենպաստ դաշտ ստեղծել նոր ընտրությունների անցկացման համար այն դեպքում, երբ 1-2 ամիս առաջ, անհրաժեշտ երաշխիքների դիֆիցիտի պատճառով նույնիսկ առավել անշառ համարվող սահմանադրական հանրաքվեի գործընթացը կանգնեցվեց։

Առաջին, Ադրբեջանը տվել է երաշխիք, որ ընտրությունների գործընթացին չի խոչընդոտի, այսինքն՝ խոշոր սադրանքի կամ ռազմական գործողության չի գնա։

Արցախի ու Ադրբեջանի ծայրահեղ լարված հարաբերությունների ֆոնին նման երաշխիքը կամ բացակայում է կամ դա ունի իր ծանր գինը։ Առհասարակ Ադրբեջանի հետ գործարքի մտնելն արդեն տապալում է։

Երկրորդ, Արայիկ Հարությունյանը ՀՀ իշխանության ճնշմամբ, իր ու Ռուբեն Վարդանյանի լարված հարաբերությունների լիցքաթափման միակ հնարավորություն տեսնում է նոր նախագահական ու խորհրդարանական ընտրությունների անցկացումը՝ անկախ նրանից, թե դա ինչ հնարավոր հետևանքների կհանգեցնի Արցախում։

Եթե տեսականորեն առաջիկա շաբաթ Արցախում Հարությունյանը հրաժարական տա, խորհրդարանը ցրվի, ապա սա առաջին հերթին պետական կառավարման համակարգի գլխատում կդիտվի 2 պատճառով։ 

Առաջին, Ադրբեջանի հարուցած խոշոր քաղաքական ու դրանից բխող հումանիտար ճգնաժամի պայմաններում երկիրն «անգլուխ» թողելն ինքնին ծանր սպառնալիք է։

Երկրորդ, եթե նույնիսկ Ադրբեջանի հետ գործարքի են գնացել, սակայն իր վարքագծի համաձայն Ադրբեջանը խախտի պայմանավորվածությունը, ապա Արցախի առանց այդ էլ խախուդ սուբյեկտայնությունը կվախճանվի։

Այս վիճակը բխում է ՀՀ իշխանության՝ Արցախի որդեգրած քաղաքական կուրսից, որովհետև կհեշտացնի Արցախի հանձնումը։ 

Ընդ որում՝ նիկոլական ռեժիմը այս խնդիրը փորձում է լուծել հենց արցախցիների ձեռքերով, որպեսզի հետո ասի՝ ես ինչ անեմ, արցախցիներն իրենց ձեռքով իրենց գերեզմանաքարը դրին։

Սա բնականաբար բխում է Ադրբեջանի առաջնային շահից և սրան հասնելու համար Ադրբեջանը պատրաստ կլինի և՛ միջանցքը ժամանակավոր բացել, և՛ այլ կարճաժամկետ բնույթի «խրախուսանքներ» մատուցել։

Այնպես որ, Արցախը ևս մեկ լուրջ սպառնալիքի առաջ է կանգնում՝ մինչև այս պահը կուտակած ծանր ռիսկերը չհաղթահարած, սակայն սա կարող է լինել վերջին հնարավորությունը»,,- գրել է նա։

 Հիշեցնենք, որ նախօրեին լրատվամիջոցներում տեղեկություններ էին շրջանառվում Ռուբեն Վարդանյանի հնարավոր պաշտոնանկության մասին, ինչը սակայն հերքեց անձամբ Վարդանյանը` հայտնելով, որ չի պատրաստվում հրաժարական տալ, միեւնույն ժամանակ անթույլատրելի համարելով նախագահի եւ ԱԺ նախագահի հրաժարականը ստեղծված իրավիճակում: