Դավաճան իշխանության կողմից սա հերթական սուտն է

Այս իշխանության լկտիությանը չափ ու սահման չկա։ 2018 թվականից մինչև այսօր Նիկոլը իր իշխանությունը պահում է ստի ու կեղծիքի վրա հիմնվելով։
Չկա սուտ, չկա իշխանություն, բայց քանի դեռ սուտը կա, նա իր իշխանությունը կարողանում է պահել։
Ստի իշխանությունը հիմա էլ թիրախավորել է իմ ընկեր Աննա Մկրտչյանին։
Բանն այն է, որ Աննա Մկրտչյանի մեքենան ապօրինի առգրավել են ու կեղծ մեղադրանք են փորձում առաջ քաշել։
Նիկոլի ենթակայության տակ գտնվող <<Քննչական կոմիտե>>֊ից պարզաբանել են, որ սույն թվականի հունվարի 10֊ին Աննա Մկրտչյանին պատկանող մեքենան վրաերթի է ենթարկել մի կնոջ և դիմել փախուստի։
Դավաճան իշխանության կողմից սա հերթական սուտն է, որը կրկին անպատիժ է մնալու, քանի դեռ իրենք են իշխանության։
Նրանք հիմա ստում են այնպես, ինչպես ստում էին 44֊օրյա պատերազմի ժամանակ, երբ ասում էին, թե հաղթելու ենք։ Ստում են այնպես, ինչպես ստեցին այն ժամանակ, երբ ասում էին, որ առանց Արցախի մասնակցության Ալիևի հետ բանակցություն չի լինելու, ստում են այնպես, ինչպես ստում էին, երբ ասում էին, որ գերիները մեզ կներեն 1֊2 ամիս ավել մնալու համար, բայց արդեն 2 տարուց ավելի է գերիները անճակատագիր գտնվում են Բաքվի բանտերում։
Ստերի շարանը կարելի է անվերջ շարունակել, որովհետև, ինչպես վերը նշեցի, այս իշխանությունը հիմնված է ստի ու կեղծիքի վրա։
Ինչ վերաբերում է Աննա Մկրտչյանի դեմ կեղծ մեղադրանքներին, ապա սա Նիկոլի ու իր մանկլավիկների հերթական շոուն է։ Այս իշխանության որդեգրած կեղծ քաղաքականությամբ տուժում են նրանք, ովքեր դեմ են իրենց։
Վստահ եմ շուտով ամեն բան ջրի երես դուրս կգա, և Աննային մեղադրողները ներողություն կխնդրեն նրանից։

3,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանի սահմանին

Այսօր՝ հունվարի 14-ին, Թբիլիսիի ժամանակով 12:36-ին Դաղստանում, Վրաստանի պետական ​​սահմանից 5 կմ հեռավորության վրա 3,8 մագնիտուդով (ML) երկրաշարժ է տեղի ունեցել։

Aliq Media-ի հաղորդմամբ՝ տեղեկությունը տարածում է Վրաստանի սեյսմիկ մոնիթորինգի կենտրոնը:

Նշվում է, որ ցնցումները զգացվել են Վրաստանի տարածքում, այդ թվում՝ մայրաքաղաք Թբիլիսիում։

Վրաստանը միջին սեյսմիկ ակտիվության երկիր է։ Վերջին շրջանում պարբերաբար երկրաշարժեր են տեղի ունենում Դմանիսիի շրջանում, նաև Նինոծմինդայի շրջանի Սամեբա գյուղին հարող տարածքում։

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Քննչական կոմիտեն մանրամասներ է ներկայացրել երեք ՀՅԴ-ականների գործից

ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում շարունակվում է ՀՀ-ում գործող կուսակցություններից մեկի հավաքին մասնակցելու նպատակով առերևույթ անձանց նյութապես շահագրգռելու դեպքի նախաքննությունը, հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:

«Ինչպես արդեն տեղեկացվել է, լրատվամիջոցի կողմից սոցիալական ցանցում հրապարակված  «ՀՅԴ-ականները շարունակում են փողով մարդ բերել» վերտառությամբ ձայնագրության առթիվ 2022թ․օգոստոսի 25-ին ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի  236-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի  շրջանակում կատարված մեծածավալ ապացուցողական և վարութային գործողությունների, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքին առնչվող մի շարք հանգամանքներ

Մասնավորապես, տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ Արարատի մարզի Փոքր Վեդի համայնքի 67-ամյա բնակիչ Գ․ Մ․-ի և նույն մարզի Բարձրաշեն համայնքի 56-ամյա բնակիչ, Արտաշատ խոշորացված համայնքի ավագանու անդամ Ա․Մ․-ի միջև հեռախոսային խոսակցությունը վերաբերել է ՀՀ-ում գրանցված կուսակցություններից մեկի կողմից կազմակերպված հավաքներին մասնակցելու գործընթացը կազմակերպելուն և նշված միջոցառմանը մասնակցելու նպատակով մի քանի անձանց միջոցով այլ քաղաքացիների նյութապես շահագրգռելուն։ Քննությամբ պարզվել էին ձայնագրության մեջ նշվող, այդ գործընթացի հնարավոր կազմակերպմանը հնարավոր առնչություն ունեցող  այլ անձանց տվյալները։

Վարույթի շրջանակներում իրականացված խուզարկությունների արդյունքում ձեռք է բերվել և առգրավվել «Հայաստան Դաշինք»  գրառմամբ թվով 2 թղթապանակ՝ 100-ից ավելի թղթերով, որոնց վրա  ցուցակի տեսքով,  մեծամասամբ ձեռագիր, ինչպես նաև տպագիր  գրառված են անձանց անուն, ազգանուն, հայրանուններ, որոնց կողքին առկա  են  սև և կարմիր գույներով  ձեռագիր գրառումներ  «+», «-», «բացակա», և այլ նշումներով գրառումներ,  անձնագրի սերիաներ՝ դրանց կողքին առկա ստորագրություններով,  հեռախոսահամարներով,  եռանիշ և քառանիշ թվեր,  «Բարգավաճ»,  «Չեն ընտրելու»,  «Հանված է», «Չգրել», «Չզանգել»,  «Մտնել», «Չմտնել», ինչպես նաև  գումար վերցնելու, չվերցնելու վերաբերյալ նշումներ։

Թղթապանակներում առկա են եղել նաև 2022թ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին 2 ընտրատեղամասերում քվեարկության ընթացքում տեխնիկական սարքով գրանցված ընտրողների անդորրագրերի տեղեկանքների գրառմամբ թղթեր, ինչպես նաև տպագիր աղյուսակներ, որոնց մեջ առկա են անձանց անուն, ազգանուն, հայրանուններ, ծննդյան օրեր, ամիս, ամսաթվեր, ընտրատեղամասի համար, հաշվառման հասցեներ: Նշված աղյուսակների անունների դիմաց, առկա են «+», «-», «Գ+», և այլ նշումներ։
Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա, 2023թ․ հունվարի 12-ին միջնորդություններ են ներկայացվել վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՝ երեք անձանց՝ Գ․ Մ․-ի, Ա․Մ․-ի և Հ․Մ․-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որոնք բավարարվել են։

Նշված անձանց ներկայացվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով այն բանի համար, որ Գ․Մ․-ն և Ա․Մ․-ն 2022 թվականի հունիս ամսին կուսակցության կողմից կազմակերպված հավաքներին նյութապես շահագրգռելու եղանակով մի շարք քաղաքացիների մասնակից դարձնելու նպատակով գումարներ են տրամադրել տարբեր անձանց, այդ թվում՝ Հ․Մ․-ին, ով իր հերթին, նույն նպատակով գումար է տրամադրել մտերիմներին։ Արդյունքում խախտվել է քաղաքացիների խաղաղ հավաքների ազատ կամահայտնությամբ մասնակցելու սահմանադրական իրավունքը:

2023 թվականի հունվարի 13-ին միջնորդություններ են ներկայացնել Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան 3 մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու վերաբերյալ։

Դատարանը բավարարել է Գ․ Մ․-ի վերաբերյալ ներկայացված միջնորդությունը և նրա նկատմամբ 2 ամիս ժամկետով որպես խափանման միջոց է ընտրել կալանքը։ Մյուս երկու մեղադրյալների վերաբերյալ ներկայացված միջնորդությունները չեն բավարարվել:
Նախաքննությունը շարունակվում է։

Ձեռնարկվելու են բոլոր անհրաժեշտ միջոցները առերևույթ հանցագործության բոլոր հանգամանքները, դրան առնչություն ունեցող բոլոր անձանց շրջանակը պարզելու, նմանատիպ հնարավոր այլ դրսևորումները բացահայտելու նպատակով»,- նշվում է հաղորդագրությունում:

Տաթև համայնքի նախկին ղեկավարի կալանքի հարցը վերստին քննարկելու միջնորդություն է ներկայացվել դատարան. ՔԿ

Հայտնաբերվել և նախաքննական մարմնին է ներկայացվել 2021թ. հուլիսի 28-ին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով քրեական հետապնդման ենթարկվող անձը։ Այս մասին հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից:

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզի քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակում իրականացված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում ստացված փաստական տվյալներով 2016թ-ից մինչև 2021թ. Փետրվար ամիսն ընկած ժամանակահատվածում Սյունիքի մարզի Տաթև համայնքի ղեկավար հանդիսացած Մ․Ս․ն, պաշտոնեական դիրքն օգտագործելով, չարաշահել է պաշտոնեական լիազորությունները և կատարել խոշոր չափերի դիզվառելիքի վատնում։

Մասնավորապես, անձնական շահագրգռվածությունից ելնելով, համայնքապետարանի հաշվեկշռին առկա էքսկավատորը, առանց ծառայությունների մատուցման պայմանագրեր կնքելու, 2018-ից 2020թթ ընկած ժամանակահատվածում, տարբեր բազմաթիվ օրերի, օրական 8 ժամով՝1 ժամը 15.000-ից 20.000 ՀՀ դրամով,տրամադրել է մի ՍՊ ընկերության, որի ներկայացուցչից ստացված ընդհանուր 13.600.000 ՀՀ դրամ գումարը չի մուտքագրել համայնքապետարանի բյուջե՝ համայնքի համար անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ։ Իսկ այդ ժամանակահատվածներում տեխնիկայի շահագործման դիմաց հատկացված, համայնքապետարանին պատկանող խոշոր չափերով՝ շուրջ 2.560.000 ՀՀ դրամի 6400 լիտր դիզելային վառելիքը, վատնելու եղանակով հափշտակել է։ Բացի այդ, համայնքի նախկին ղեկավարը 2020թ․ամռանը, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, անձնական շահագրգռվածությունից ելնելով, վերոնշյալ տեխնիկան շուրջ 40 ժամ շահագործել է իրեն պատկանող անասնագոմի կառուցման աշխատանքների ժամանակ, որի նպատակով համայնքից դուրս է գրվել և ծախսվել շուրջ 320 լիտր դիզելային վառելիք։ Իսկ էքսկավատորը շահագործելու համար ավագանու որոշմամբ սահմանված շուրջ 400.000 ՀՀ դրամ գումարը համայնքապետարանի բյուջե չի վճարել՝ համայնքի օրինական շահերին պատճառելով էական վնաս: Ձեռք բերված փաստերի հիման վրա 2021թ. օգոստոսի 6-ին որոշում է կայացվել Մ․Ս․-ին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի1-ին և 3-րդ կետերով /համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերին/, 308-րդ հոդվածի 1- ին մասով /համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասին/,և 308- րդ հոդվածի 2-րդ մասով/համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին/,մեղադրյալ ներգրավելու մասին:

Նկատի ունենալով, որ մեղադրյալի գտնվելու վայրը պարզ չէ, նույն օրը որոշում է կայացվել վերջինիս նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

2023թ. հունվարի 14-ին ՀՀ ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում հետախուզվող Մ․Ս․-ն հայտնաբերվել և ներկայացվել է նախաքննությունն իրականացնող մարմնին: Նույն օրը մեղադրյալ Մ․ Ս․-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին որոշումը վերստին քննարկելու նպատակով միջնորդություն է ներկայացվել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում.Ենթադրյալ հանցանքի մեջ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հարկավոր է կոնսոլիդացնել Հայաստանի, Սփյուռքի, Արցախի ռեսուրսները, բացառել ցանկացած թեզ, թե Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում․ Վահե Հակոբյան

Ակնհայտ է՝ ՀՀ իշխանությունները շարունակում են ամրապնդել իրենց որդեգրած քաղաքականությունը, ըստ որի, իրենք ոչ մի գործ չունեն Արցախի հետ, «Շրջափակված Արցախ. Ադրբեջանի ահաբեկչության և հանցավոր անտարբերության ճիրաններում» խորագրով քննարկմանն ասաց «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը:

 Քաղաքական գործիչն այս համատեքստում հիշեցրեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից օրերս հնչեցված հայտարարությունն, ըստ որի 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթի 6-րդ կետի առնչությամբ (վերաբերում է Լաչինի միջանցքին-խմբ․) Հայաստանն անելիք չունի

«Սա շատ էժան սուտ է և մանիպուլյացիա, քանի որ նույն այդ անձնավորության ստորագրությունն է դրված այդ փաստաթղթի տակ, և նա ուզի, թե չուզի, կրում է այդ պատասխանատվությունը թե΄ վերցրած, թե΄ չկատարված պարտավորությունների նկատմամբ»,- ընդգծեց Վահե Հակոբյանը։

Նրա խոսքով՝  աշխարհաքաղաքական բախումների, զարգացումների շրջանակում Փաշինյանն ու իր խմբակը փորձում են իրենց մանր խաղերն առաջ տանել։

«Փոխանակ հարցեր ուղղեն նույն Ռուսաստանի խաղաղապահ առաքելությանը, իսկ այդ հարցերը կան և  օբյեկտիվ են և պետք է ստանան պատասխանենր, նրանք անում են ուրիշ բան` շարունում են փնովել խաղաղապահ առաքելության հեղինակությունը, ինչը հող է նախապատրաստում  ներգրավելու Արեւմուտքին»,- ասաց Վահե Հակոբյանը:

«Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահի կարծիքով՝  ստեղծված իրավիճակում ամենակարևոր դերակատարն Արցախն է, որը պետք է իր ձայնը բարձրացնի: Հարկավոր է նաև կոնսոլիդացնել Հայաստանի, Սփյուռքի, Արցախի ռեսուրսները, նաև Ռուսաստանին ու բարեկամական երկրներին ամենաբարձր մակարդակով մեսիջ փոխանցել։

«Շատ  պարզ մեսիջ է պետք փոխանցել, որ այլընտրանք չկա այսօր, քան կիրառել բանաձև` անջատում հանուն փրկության, այսինքն, Արցախի ճանաչման հարցն այսօր պետք է սարքել օրակարգում համար մեկը: Միաժամանակ, մենք պետք է բացառենք և հանենք ցանկացած օրակարգերը, որտեղ  անգամ թեթև հնչում է թեզ, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում։ Դա պետք է  բացառենք»,- ասաց նա:

Վահե Հակոբյանն ընդգծեց, որ  կարևոր է նաև եկեղեցու դերն ու առաքելությունը, սակայն, նրա կարծիքով, այսօր Հայ Առաքելական եկեղեցու կիրառած ջանքերը բավարար չեն։  

«Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահը ևս մեկ անգամ ընդգծեց Արցախի անվտանգության ապահովման հարցում ռուս խաղաղապահների դերակատարումը՝ նշելով՝ այդ խաղաղապահ առաքելությանն այլընտրանք չկա։

 «Պետք է բարձրացնել նրանց քանակն ավելացնելու հարցը, քանի որ, ակնհայտ է, որ այսօր 1980 հոգին բավարար չեն լուծելու այն հարցերը, որոնք դրված են առաքելության վրա։ Պետք է բարձրացնել ժամկետների վերաբերյալ հարց, որ առաքելությունն անժամկետ լինի»,- նշեց նա։

Վահե Հակոբյանը նշեց նաև՝ Ստեփանակերտի և արտաքին աշխարհի միջև պետք է օդային կապ լինի, ինչը կլինի այլընտրանք․ Ադրբեջանը վերջապես կհասկանա, որ ճանապարհը փակելով հարց չի լուծվում։

«Սրանք այն կիրառելի քայլերն են, որոնք մենք այսօր պետք է անենք, ինչը հնարավոր է Հայաստան, Սփյուռք, Արցախ լիարժեք կոնսոլիդացիայի դեպքում»,- ասաց «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահը։

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը հումանիտար ճգնաժամ է ստեղծում Լեռնային Ղարաբաղում․ «Freedom House» 

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի մեկամսյա շրջափակումը հումանիտար ճգնաժամ է ստեղծում Լեռնային Ղարաբաղում, քանի որ կենսական նշանակության պաշարները կրճատվում են։ Այս մասին ասվում է «Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպության՝ Twitter-ում հրապարակված հայտարարության մեջ։

«Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի մեկամսյա շրջափակումը հումանիտար ճգնաժամ է ստեղծում Լեռնային Ղարաբաղում, քանի որ կենսական նշանակության պաշարները կրճատվում են։ Մենք կրկին կոչ ենք անում Ադրբեջանին անհապաղ դադարեցնել շրջափակումը։ Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը աջակցել շրջափակման վերացմանը եւ առանց հարկադրանքի բանակցություններին վերադառնալուն։ Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքները, անվտանգությունն ու բարեկեցությունը պետք է ապահովվեն»,-ասվում է կազմակերպության հայտարարության մեջ։

Մենք չենք լքի մեր հայրենիքը, որքան էլ դժվար լինի իրավիճակը. Ռուբեն Վարդանյան

Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը (Ruben Vardanyan) հայտարարել է՝ չեն լքի Արցախը, որքան էլ դժվար լինի իրավիճակը:

«Մենք չենք լքի մեր հայրենիքը, որքան էլ դժվար լինի իրավիճակը։ Ամեն օր մենք դժվար, բայց անհրաժեշտ ընտրություն ենք կատարում՝ մնալու և պաշտպանելու մեր հողը։ Սա միակ ճանապարհն է, որով կարող ենք կանխել Արցախը կորցնելու գործընթացը», — «Թվիթեր»-ում գրել է Վարդանյանը:

Արցախից հինգ հիվանդ այսօր տեղափոխվել է Հայաստան

Արցախից հինգ հիվանդ այսօր տեղափոխվել է Հայաստան, այս մասին հաղորդում են Արցախի առողջապահության նախարարությունից:

«Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հինգ հիվանդներ՝ « Վիճակ երիկամի փոխպատվաստումից հետո, ձախակողմյան փոքր երիկամ, պարբերական հիվանդություն», «Հղիություն VII, 19-20 շաբաթ, պտղի մոտ 21, 18, 13 քրոմոսոմային տրիսոմիաների բարձր ռիսկ», «Ձախ կրծքագեղձի քաղցկեղ», «Ձախ թոքի քաղցկեղ», և «Վիճակ ականապայթյունային վիրավորումից հետո, հետվիրահատական անօֆթալմ, ինտեգրացված իմպլանտի ինֆեկցում, մերժում» ախտորոշումներով, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ հինգ հիվանդներն այսօր տեղափոխվել են ՀՀ տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ։
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհն Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։

«Արևիկ» բուժմիավորումում 12 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:

«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 11 բուժառու գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 5-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Բժիշկների կողմից կատարվում է հնարավորը հիվանդների վիճակը կայունացնելու համար:

Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան են տեղափոխվել ընդհանուր 24 հիվանդ», — նշվում է հաղորդագրությունում:

Դմիտրի Նազարովին հեռացրել են Չեխովի անվան Մոսկվայի գեղարվեստական ​​թատրոնից

Չեխովի անվան Մոսկվայի գեղարվեստական ​​թատրոնի գեղարվեստական ​​ղեկավար Կոնստանտին Խաբենսկին թատրոնից հեռացրել է Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ Դմիտրի Նազարովին եւ նրա կնոջը՝ Օլգա Վասիլեւային։ Այս մասին հաղորդում է «Московский комсомолец» թերթի կայքը։

Ըստ հրապարակման՝ Նազարովի հեռացման պատճառը Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության թեմայով նրա քննադատական ​​հայտարարություններն են։

Ավելի վաղ Նիժնի Տագիլի թատրոնը չեղարկել էր «Корень любви» ներկայացման պրեմիերան, որում գլխավոր դերը պետք է կատարեր Դմիտրի Նազարովը։ Կազմակերպիչները հաստատել են, որ բեմադրության չեղարկման պատճառը քաղաքի բնակիչների դժգոհությունն է՝ կապված Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողությունների եւ մոբիլիզացիայի մասին դերասանի հայտարարությունների հետ։

Դմիտրի Նազարովը թատրոնի եւ կինոյի ռուս դերասան է, Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ (2000 թ.): Նրա ամենահայտնի դերը «Кухня» (2012-2016) հեռուստասերիալում խոհարար Վիկտոր Բարինովի կերպարն է։ Ընդհանուր առմամբ, դերասանը նկարահանվել է ավելի քան 40 ֆիլմերում եւ հեռուստաշոուներում։