«Բարձրաձայնեք Արցախի խնդրի մասին, խոսեք, մի լռեք»․ Անդրե

Երգիչ Անդրեն ֆեսյբուքյան իր էջում հանրությանը հայտնի անձանց կոչ է արել բարձրաձայնել Արցախի խնդրի մասին․

«Հենրիխ Մխիթարյան, Արթուր Աբրահամ, Լեւոն Արոնյան, Ռազմիկ Ամյան,

Տղերք ջան, բարձրաձայնեք Արցախի խնդրի մասին, տարածեք ձեր էջերում, խնդրում եմ, խոսեք, մի լռեք:

Սիրելի հետևորդներ, մեկնաբանություններում նշեք բոլոր հայ հայտիներին, թող միանան»,-սոցցանցի իր էջում գրել է Անդրեն:

Ոստիկանները տարել են «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի մեքենան

Այսօր մեր երկրում ամենամեծ խնդիրը անօրինական կերպով ճանապարհը փակած Աննա Մկրտչյանն է: Այն Նիկոլը, որ ասում էր՝ էս ձեր դարպասն է, ձեր դուռն է, եկեք ինչ ուզում եք արեք, ուզում եք, քացով խփեք, կառավարության դուռը ջարդեք, ինքը պետք է կարմիր լույսի տակ կանգներ, պետք է ամեն ինչ աներ, որ քաղաքացիներն անհարմարություն չզգան, հիմա ամեն ինչ հակառակն է դարձել: Անհասկանալի դեմքերով մարդիկ, որոնց իրավապահ ասելն էլ դժվար է, Նիկոլի կամակատարներն են, Նիկոլի ստրուկների տրամաբանության մեջ եկել են եւ որոշել են, որ իմ մեքենան պետք է տանեն:

Պարզվում է, որ ոչ միայն իմ ծննդյան փաստն է այս երկրում ամենամեծ ահաբեկչությունը, որ ԱԱԾ-ն զբաղվում է բացառապես դրանով, պարզվում է ոստիկանության Երեւանի քննչկան վարչությանն էլ են գործ տվել: Էսօր Նիկոլը զանգել, ասել է՝ էսօր ձեր գործը սա է:

Ասել, որ այս ամենը այսպես չի մնալու, նշանակում է ոչինչ չասել: Անցեք բոլոր մարդկային գծերը, որովհետեւ ձեր վրայով անցնելուց մեզ ոչ ոք չի մեղադրի»,-ասել է նա:

ՄԻՊ-ի աջակցությամբ մանկատան նախկին սանը ձեռք է բերել բնակարան

Քաղաքացին 2022թ.-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ մուտքագրված բողոքով տեղեկացրել է, որ ինքը մանկատան նախկին սան է և չունի որևէ սեփականություն:

ՄԻՊ-ից հայտնում են, որ անձի տեղեկացմամբ ինքը եղել է մանկատան սան, որից հետո իր կամքին հակառակ, տեղափոխվել է հատուկ դաստիարակչական դպրոց: Կրթություն ստանալուց հետո աշխատելիս անձն ապրել է վարձակալությամբ։

Նրա պնդմամբ՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մերժել է բնակարանի գնման վկայագիր տրամադրելու վերաբերյալ իր դիմումներն այն պատճառաբանությամբ, որ վերջինս չի հանդիսանում Կառավարության 2019թ.-ի նոյեմբերի 7-ի N 1555-Ն որոշմամբ հաստատված մանկատան շրջանավարտ:

Քաղաքացին դիմել է Պաշտպանին իր իրավունքների պաշտպանության ապահովման և իրեն բնակարան տրամադրելու հարցում աջակցություն ստանալու խնդրանքով։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը պարզաբանումներ է պահանջել նախարարությունից, որին ի պատասխան մի քանի անգամ տրվել են տարբեր պատասխաններ։ Նշվել է, որ տվյալ անձը չի հանդիսանում հայաստանյան մանկատան շրջանավարտ կամ ՀՀ մանկատանն առնվազն 7 տարի խնամք և դաստիարակություն չի ստացել, հետևաբար վերը նշված ծրագրով սահմանված կարգով բնակարանի գնման վկայագիր ստանալ չի կարող։ Բողոքի ուսումնասիրության ընթացքում նախարարության կողմից բարձրացվել է հարցը, որ անձի՝ մանկատանը մնալու ընթացքում դեռևս ՀՀ-ն որպես պետություն չի եղել, եղել է ՀԽՍՀՄ:

Բողոքի քննարկման ընթացքում՝ աշխատանքային կարգով պարբերաբար քննարկումներ են տեղի ունեցել Պաշտպանի ներկայացուցչի և նախարարության ներկայացուցիչների միջև, որի արդյունքում անձին տրամադրվել է բնակարանի գնման վկայագրի միջոցով ֆինանսական աջակցություն ստանալու իրավունք։ Անձը որոշ ժամանակ անց կարողացել է գնել բնակարան։

Տիկին գլխավոր դատախազ, իրավաբանությունը, այդ թվում դատախազական վերահսկողությունը ունեն որոշակի տարբերություն. փաստաբան

Իմ գործերից մեկով պաշտպանյալիս մեղադրանք է առաջադրվել դեռևս 2022 թվականի հունիսին՝ մինչև նոր քրեական դատավարության օրենսգրքի ուժի մեջ մտնելը: Գործով նախաքննությունը ավարտվել է դեկտեմբերին և այն ուղարկվել է դատարան, որը գործը պետք է քննի արդեն նոր օրենսգրքով սահմանված կարգով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քրեական գործերով փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

Նա նաեւ նշել է. «Պաշտպանյալիս առաջադրված մեղադրանքը չի փոխվել, այսինքն՝ մեղադրանք նոր օրենսգրքի համաձայն, այն է՝ հսկող դատախազի որոշման հիման վրա, չի առաջադրվել: Փաստացի ստացվում է, որ դատարանը գործը քննելու է նոր օրենսգրքով, սակայն իմ պաշտպանյալը, ըստ նոր օրենսգրքի, չի հանդիսանում մեղադրյալ, քանի որ այդ նոր օրենսգրքով մեղադրյալ է համարվում այն անձը, ում նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, այսինքն՝ կայացվել է դատախազի որոշում: Այս տարօրինակ վիճակը շտկելու նպատակով միջնորդել եմ դատարանին իմ պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել, սակայն դատարանը տեխնիկական պատճառներով դատական նիստը հետաձգեց մինչև ապրիլ ամիս:
«Նորմատիվ իրավական ակտերի մասին> օրենքը թույլ է տալիս դիմել օրենքի պարզաբանման համար այդ օրենքը կիրառող սահմանադրական մարմնին: Համապատասխան դիմում ներկայացրեցի գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանին, խնդրելով պարզաբանել, թե արդյոք պարտադիր չէ, որ նոր օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո բոլոր մեղադրյալներին առաջադրվի նոր մեղադրանք, այն է՝ դատախազի կողմից կայացվի որոշում քրեական հետապնդում հարուցելու մասին, որպեսզի դատարանը իրավասու լինի քննել նման անձի վերաբերյալ քրեական գործը: Ի զարմանս ինձ, դատախազությունը պատասխանեց և հստակ դիրքորոշում արտահայտեց, որ իմ կողմից նկարագրած դեպքերում, այսինքն, երբ անձը որպես մեղադրյալ է ներգրավվել մինչև 01.07.2022թ,՝ նոր օրենսգրքի ուժի մեջ մտնելու օրը, և դրանից հետո նրա մեղսագրված արարքում ծավալի փոփոխություն չի եղել կամ հանցավոր արարքի սանկցիան չի մեղմացվել, ապա դատախազի կողմից քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման կայացման անհրաժեշտությունը բացակայում է: Այստեղ ուշադիր՝ սա ՀՀ դատախազության պաշտոնական դիրքորոշումն է, որը պարտադիր է այդ գերատեսչության համար, քանի որ այն հանդիսանում է միասնական համակարգ: Դիրքորոշման հետ ես համաձայն չեմ, բայց հիմա դա արդեն էական չէ: Եվս մեկ կարևոր դրվագ՝ եթե գլխավոր դատախազությունը պաշտոնապես գտնում է, որ նմանատիպ որոշումներ կայացնելու անհրաժեշտություն չկա, ուրեմն նման որոշումներ չեն կարող կայացվել և վերջ:

Ինչ՞ու եմ սրա մասին գրում: Բանը նրանում է, որ իմ մեկ այլ գործով դատախազը գործել է այդ պաշտոնական դիրքորոշմանը ուղիղ հակառակ և 01.07.2022թ. հետո իմ պաշտպանյալի նկատմամբ, ում քննիչը որպես մեղադրյալ էր ներգրավել ապրիլ ամսին, կայացրել է որոշում՝ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին և այդ որոշումը տառացի կրկնում է քննիչի որոշումը՝ նույն ենթադրյալ արարքները ՝ նույն որակումներով:

Հիմք ընդունելով դատախազության պաշտոնական դիրքորոշումը, միջնորդություն ներկայացրեցի գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանին ՝ արդեն մյուս գործով դատախազի կայացրած որոշումը վերացնելու մասին: Այդ միջնորդության պատասխանը ևս ստացա: Եվ գիտեք ի՞նչ են մոգոնել:

Դատախազության բարձրաստիճան մի պաշտոնյա, ամբողջությամբ անտեսելով իմ միջնորդության բովանդակությունը, գրել է, որ իմ միջնորդությունը դիտարկում է բողոք և այն չի քննարկում, քանի որ դատախազի խնդրո առարկա որոշումը ես հուլիս ամսին արդեն բողոքարկել եմ և բողոքս մերժվել է:

Ճիշտ է, ես այդ որոշումը իրոք բողոքարկել եմ, բայց լրիվ այլ հիմքերով և այն իրոք մերժվել է, իսկ դատարանը հրաժարվել է քննել համապատասխան բողոքը: Բայց այդ ամենը որևէ կապ չունի այն հանգամանքի հետ, որ ըստ գլխավոր դատախազության հսկող դատախազը նկարագրված իրավիճակում չի կարող կայացնել քրեական հետապնդում հարուցելու մասին որոշում: Իրավիճակից հասկանալի է, որ գլխավոր դատախազությունը պարզապես խուսափում է պատասխանելուց և սեփական սխալն ընդունելուց: Կգա ժամանակը և այս դեպքը կդառնա առանձին քրեական վարույթ, սակայն դա ապագայում, իսկ հիմա ընդամենը մեկ նկատառում:

Տիկին գլխավոր դատախազ, Դուք կզարմանաք, բայց իրավաբանությունը, այդ թվում և դատախազական վերահսկողությունը ունեն որոշակի տարբերություն, օրինակ , «Մայրաքաղաքային» աղցանից: Աղցանի մեջ ըստ ճաշակի կարելի է, օրինակ, ավելացնել աղացած խնձոր կամ չավելացնել, իսկ իրավաբանությունը, մանավանդ դատախազական հսկողությունը, ի տարբերություն աղցանի, ուղիղ կապ ունեն մարդկանց ճակատագրերի հետ և պետք է գործել հստակ և չդավաճանել սեփական դիրքորոշումներին»։

Բաքվի ջարդերից ուղիղ 33 տարի անց Ադրբեջանը կրկին ամեն ինչ անում են անհնար դարձնելու հայերի կյանքը Արցախում. Վարդանյան

Այսօր լրանում է Բաքվում հայերի դեմ իրականացված ջարդերի 33-րդ տարելիցը: 1990 թ. հունվարին Բաքվի հայ բնակչության դեմ իրականցված ջարդերի հետևանքով Բաքվում հայ չմնաց: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը:

Նա նաեւ նշել է. «Սումգայիթում, Գանձակում և Բաքվում իրագորված ոճրագործությունների և դրանց անպատժելիության հետևանքով Ադրբեջանական ԽՍՀ–ում հայերի կյանքը դարձավ անհնար: Հատկանշական է, որ ջարդերից փրկված բազմաթիվ հայ փախստականներ տեղափոխվեցին և իրենց կյանքը շարունակեցին Արցախում:

Խորհրդանշական է և ցավալի, որ ուղիղ 33 տարի անց Ադրբեջանի իշխանությունները կրկին ամեն ինչ անում են անհնար դարձնելու հայերի կյանքը Արցախում: Տասնամյակներ շարունակվող պատերազմներ, մարդկային կորուստներ, այժմ էլ պարտադրված շրջափակում և չդադարող հոգեբանական ճնշում Արցախում ապրող հայերի դեմ: Մեթոդները կարող են փոխվել, սակայն նպատակը պարզ է և հստակ՝ հարկադրել հայերին լքել իրենց հայրենիքը: Այդուհանդերձ, մենք այդ ընտրությունը չունենք: Մենք մեր տնից դուրս չենք գալու, որքան էլ բարդ լինի իրավիճակը: Դա ծանր որոշում է, բայց դա նաև պատմական անհրաժեշտություն է՝ փրկելու Արցախը ոչնչացումից: Դա նաև հայկական աշխարհի պահպանման երաշխիք է:

Այսօր ես իմ հարգանքի տուրքն եմ մատուցում 1990 թ. Բաքվի ջարդերի հետևանքով զոհ գնացած մեր հայրենակիցների հիշատակին: Նաև ուզում եմ կրկնել, որ եթե Ադրբեջանին թվում է հայերից ազատվելով պետք է հասնել խաղաղության, ապա դա շատ սխալ և վտանգավոր պատկերացում է: Ադրբեջանը պետք է գտնի ուղիներ հայերի հետ խաղաղության հաստատման հարցում: Մենք մշտապես բաց ենք եղել կառուցողական քաղաքական երկխոսության առջև: Բայց մենք երբեք չենք հրաժարվի մեր հայրենիքում արժանապատիվ, ազատ ու անվտանգ կյանքով ապրելու իրավունքից»:

Բայդենի տան գաղտնի փաստաթղթերի գործի հետաքննության համար նշանակվել է հատուկ դատախազ

Արդարադատության նախարար Մերիկ Գարլանդը նշանակել է հատուկ դատախազ՝ հետաքննելու համար նախագահ Ջո Բայդենի գաղտնի փաստաթղթերի հետ հնարավոր սխալ վարվելու գործը։ Բայդենի փոխնախագահ եղած ժամանակվա գաղտնի մակագրությամբ փաստաթղթերը հայտնվել էին Դելավերի նրա տանը, ինչպես նաեւ Փեն-Բայդեն վերլուծաբանական կենտրոնի նրա աշխատասենյակում, տեղեկացրել է «Голос Америки»-ն։

Հատուկ դատախազ է դարձել Մերիլենդի նահանգի նախկին դաշնային դատախազ Ռոբերտ Հուրը, որն այդ պաշտոնին նշանակվել էր Թրամփի վարչակազմի կողմից։ 2021-ից Ռոբերտ Հուրը զբաղվում է մասնավոր իրավաբանական գործունեությամբ Վաշինգտոնում։

Հայտարարելով այս նշանակման մասին՝ Գարլանդն ասել է, որ արդարադատության նախարարությունը կարող էր ինքնուրույն իրականացնել այդ հետաքննությունը, բայց «արտակարգ հանգամանքները պահանջում են հատուկ դատախազի նշանակում այս հարցում»։

«Այս նշանակումը հասարակության համար ընդգծում է արդարադատության նախարարության հավատարմությունը հաշվետվողականությանն առանձնակի նուրբ հարցերում, եւ այն, որ նա ընդունում է որոշումներ՝ առաջնորդվելով միայն փաստերով եւ օրենքով»,- ասել է Գարլանդը։

Նա ընդգծել է, որ վստահ է, որ պարոն Հուրը անաչառ կկատարի իր պարտականությունները», եւ խոստացել է նշանակված հատուկ դատախազին լիակատար աջակցություն արդարադատության նախարարության կողմից։

Սպիտակ տունը հայտարարել է, որ պատրաստ է համակողմանիորեն համագործակցել հատուկ դատախազի գրասենյակի հետ։

Մամուլի ասուլիսում Սպիտակ տան մամուլի քարտուղար Քարին Ժան-Պիեռը տեղեկացրել է, որ նախագահը չի իմացել, որ փաստաթղթերը, որոնց մասին խոսվում է, հայտնվել են նրա թղթերի մեջ, եւ հենց որ դրանք հայտնաբերվել են, Բայդենի մասնավոր իրավաբաններն անհապաղ տեղեկացրել են այդ մասին Ազգային արխիվին եւ արդարադատության նախարարությանը։

Եթե համարեինք՝ Բաքվի հետ երկխոսելու ճանապարհը սին ու անարդյունք է, այդ ճանապարհով չէինք գնա. Ֆրանսիայի ԱԺ նախգահ

Այսօր եկխոսություն գոյություն ունի Ադրբեջանի հետ, դա պետք է շարունակել ու ամրապնդել: Այս մասին այսօր՝ հունվարի 13-ին, Երեւանում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ համատեղ ասուլիսում ասաց Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեն:

«Պետք է նախեւռաջ պետք է ողջունել, որ երկխոսությունը շարունակվում է՝ ինչպիսին էլ լինի իրավիճակը: Երկխոսության խզում չկա, մենք պետք է շարունակենք եւ շարունակում ենք ամրապնդել ջանքերը, որ երկխոսություն արդյունքներ տա»,-ասաց նա:

Հարցին, թե արդյոք տեսնո՞ւմ է Ադրբեջանի կողմից երկխոսելու պատրաստակամություն, նա պատասխանեց. «Եթե մենք համարեինք, որ այս ճանապարհը սինու անարդյունք է, այս ճանապարհով չէինք գնա: Մենք շարունակում ենք հավատալ, որ կարող ենք որոշակի խաղաղ լուծում գտնել բոլորս միասին, կառուցել լուծում բոլորս միասին: Ֆրանսիան շարունակում է այդ դերն ունենալ, որովհետեւ մենք Հայաստանի կողքին ենք»:

Ֆրանսիան միջնորդ է, ակտիվ է և չի սահմանափակվում միայն հայտարարություններով. Յաել Բրաուն-Պիվե

Ֆրանսիան միջնորդի դեր է խաղում այս հակամարտությունում, Ֆրանսիան ծայրահեղ ակտիվ է, երկու անգամ դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ հարցը քննարկելու համար, Պրահայում հանդիպման նախաձեռնողն է եղել, մի շարք նախաձեռնություններ է իրականացնում, որպեսզի ԵՄ-ն եւս մեծ դեր խաղա այս  հակամարտությունում: Այս մասին այսօր՝ հունվարի 13-ին, Երեւանում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ համատեղ ասուլիսում ասաց Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեն՝ անդրադառնալով հարցին, թե էլ ինչ պետք է անի ալիեւը, որպեսզի Արեւմուտքը, Ֆրանսիան հստակ գործողությունների դիմեն, մասնավորապես, պատժամիջոցների:

«Ֆրանսիան ակտիվ է, չի սահմանափակվում միայն հայտարարություններով: Կարծում եմ՝ սա ճիշտ ճանապարհ է: Ակտիվ միջնորդության եւ աներկբա աջակցության ճանապարհը, որն արտահայտվում է նաեւ այսօր իմ ներկայությամբ Հայաստանում»,-ասաց նա:

Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ հավելեց. «Հայաստանը Ֆրանսիայի գործողություններից ավելի քան գոհ ու շնորհակալ է»:

Հարցին, թե եթե այնուամենայնիվ, Ալիեւը գնա ռազմական գործողությունների, արդյոք Ֆրանսիան միջնորդից կվերածվի Հայաստանին աջակցող կողմի, Յաել Բրաուն-Պիվեն արձագանքեց. «Ես չեմ պատասխանում հարցերի, որոնք ենթադրական են: Այսօր առկա փաստերի հետ կապված բավական բան կա անելու, անիմաստ է հիպոթետիկ իրավիճակներ պատկերացնել»:

Անհրաժեշտ է Ադրբեջանի վրա հստակ ճնշում գործադրել. Արարատ Միրզոյանը՝ «Հարավի ձայն վիրտուալ գագաթաժողովին»

Հունվարի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթով է հանդես եկել G-20-ում Հնդկաստանի նախագահության շրջանակներում անցկացվող «Հարավի ձայն վիրտուալ գագաթաժողովին»: Նախարար Միրզոյանն իր ելույթում, մասնավորապես, նշել է.

«Ձերդ գերազանցություն նախարար Ջայշանկար,

Հարգելի գործընկերներ,

Նախ, ես կցանկանայի շնորհավորել Հնդկաստանին G-20-ի նախագահությունը ստանձնելու կապակցությամբ և հայտնել մեր երախտագիտությունը «Հարավի ձայն վիրտուալ գագաթաժողովին» մասնակցության հրավերի համար:

Անցյալ ամիս Նյու Յորքում ես ականատես եղա ՄԱԿ անդամ-պետությունների շրջանում միասնության և առաջընթացի խթանմանն ուղղված Հնդկաստանի դերակատարությանը՝ միտված մեր բոլոր ժողովուրդների առջև ծառացած մարտահրավերները համատեղ ուժերով հասցեագրելու անհրաժեշտությանը, ինչպես նաև ՄԱԿ կանոնադրությունը և դրա հիմնական սկզբունքները պահպանելուն: Ուրախալի է տեսնել, որ Հնդկաստանն իր կենսունակ ժողովրդավարությամբ և դինամիկ տնտեսությամբ արագ առաջընթաց է գրանցում շատ ոլորտներում, և գլոբալ ցնցումների այս ժամանակաշրջանում մենք գնահատում ենք Հնդկաստանի կայունացնող գործունեությունը:

Աշխարհում, որտեղ սպառնալիքներն ու մարտահրավերները շարունակում են ավելանալ, իսկ բացառման երևույթները շարունակում են աճել, մենք պետք է ներառական գործընկերության համար նոր ուղիներ բացահայտենք՝ մեղմելու բացասական միտումները և օգտվելու Գլոբալ հյարավի հսկայական ներուժից: Այդ առումով, G-20-ում Հնդկաստանի նախագահության առաջնահերթությունները՝ կանաչ զարգացումից մինչև տեխնոլոգիական փոխակերպում, ներառական և կայուն աճից մինչև կանանց կողմից առաջնորդվող զարգացում և այլն, նախապայման են հանդիսանում ազատ և բաց աշխարհի համար, որը փոխկապակցված է, բարեկեցիկ և ապահով:

Գլոբալ հարավի երկրների և ժողովուրդների զարգացման համար բարենպաստ միջավայր ստեղծելու առաջնահերթություններից պետք է լինի հաղորդակցությունը։ Որպես դեպի ծով ելք չունեցող զարգացող երկիր՝ Հայաստանը մեր տարածաշրջանում և նրա սահմաններից դուրս ներառական և անաչառ տարածաշրջանային ու անդրսահմանային կապի խրախուսման վաղեմի ջատագովն է, ինչը կբացահայտի Հարավային Կովկասի առևտրային և տարանցիկ ներուժը: Դեպի ծով ելք չունեցող և տարանցիկ երկրների միջև արդյունավետ համագործակցությունը և բոլոր տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումն առանցքային են մարդկանց, ապրանքների և ծառայությունների ազատ տեղաշարժի քաղաքական խոչընդոտները վերացնելու համար, հատկապես գլոբալ տնտեսական անկման ժամանակաշրջանում և բոլոր ժողովուրդների տնտեսական ու սոցիալական իրավունքների իրացման տեսանկյունից:

Այս առումով մենք շահագրգռված ենք զարգացնել համագործակցությունը Հյուսիս-Հարավ կապի, ինչպես նաև Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային միջանցքի շրջանակներում։ Հայաստանը նշանակալի է համարում Հնդկաստանի ներուժն ու հեռանկարային դերն այս նախագծերում։

Հարգելի գործընկերներ,

Մինչ մենք խոսում ենք հաղորդակցության և մարդկանց ազատ տեղաշարժի մասին, արդեն մեկ ամսից ավելի է, ինչ ամբողջ աշխարհն ականատես է լինում այս սկզբունքների կոպտագույն խախտման. շինծու բնապահպանական մտահոգությունների պարտրվակով Ադրբեջանի կառավարության մի խումբ գործակալներ արգելափակել են Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և աշխարհին կապող միակ կյանքի ճանապարհը: Վարկաբեկելով համաշխարհային բնապահպանական օրակարգը և ոտնահարելով ազատ տեղաշարժի իրավունքը՝ Ադրբեջանը պատանդառության մեջ է պահում Լեռնային Ղարաբաղի 120 հազար հայերի, այդ թվում` 30 հազար երեխաների և մի քանի հազար հաշմանդամների։ Ադրբեջանական ապօրինի շրջափակման պատճառով Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն այսօր առերեսվում է հումանիտար աղետի: Առկա է առաջին անհրաժեշտության ապրանքների, սննդի և դեղորայքի սուր պակաս։ Զգալի է թերսնման, հատկապես` երեխաների թերսնման վտանգը։ Ադրբեջանական շրջափակման տարբեր կողմերում հայտնված հարյուրավոր ընտանիքներ մնում են բաժանված։

Ստեղծված իրավիճակում մենք բարձր ենք գնահատում միջազգային հանրության և, մասնավորապես, 2022 թվականի դեկտեմբերի 20-ին ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստի ժամանակ ՄԱԿ ԱԽ անդամների մեծամասնության միանշանակ կոչերը՝ շրջափակումը դադարեցնելու և միջազգային կազմակերպությունների` Լեռնային Ղարաբաղ մուտքն ապահովելու վերաբերյալ։

Այնուամենայնիվ, Ադրբեջանի շարունակական սադրանքներն ու ագրեսիվ գործողությունները ցույց են տալիս, որ պատասխանատվության համարժեք մեխանիզմների բացակայությունը միայն խրախուսում է Ադրբեջանին` կասկածի տակ դնել միջազգային հանրության գործողություններ ձեռնարկելու վճռականությունն ու պատրաստակամությունը։ Ներկայումս մեր միջազգային գործընկերների, այդ թվում` G-20 անդամների կողմից անհրաժեշտ է Ադրբեջանի վրա հստակ ճնշում գործադրել` դադարեցնելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անմարդկային շրջափակումը և բանակցությունների սեղան վերադառնալու նպատակով։

Մենք նաև անհրաժեշտ ենք համարում տեղում հումանիտար իրավիճակը գնահատելու համար Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը, ինչպես նաև ՄԱԿ-ի համապատասխան մարմինների համար Լեռնային Ղարաբաղ անարգել մարդասիրական մուտքի ապահովումը։

Շնորհակալություն:

Շտապ ապահովել հայկական կողմի մուտքը վթարի գոտի․ Թագուհի Թովմասյանը դիմել է միջազգային հանրությանը

Շտապ ապահովել հայկական կողմի մուտքը վթարի գոտի՝ վերականգնելու

հոսանքի մատակարարումը Արցախ․ հրատապ պահանջ-գրություններ եմ հասցեագրել միջազգային հանրությանը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը:

նա նաեւ նշել է. «Մեկ ամսից ավելի է՝ թուրք-ադրբեջանական տանդեմը շարունակում է իր էթնիկ զտման և ցեղասպան քաղաքականությունն Արցախում՝ փաստացի պատանդ պահելով 120 000 մարդու, որից 30 000-ը՝ երեխա, 20 000-ը՝ ծեր, 9000-ը՝ հաշմանդամություն ունեցող։

Ադրբեջանն Արցախում ստեղծել է հումանիտար արտակարգ իրավիճակ, որի հետևանքով՝

Ձմեռային ցուրտ պայմաններում Արցախը հոսանքազրկված է. Հայաստանից սնուցվող միակ բարձրավոլտ գծի Աղավնո-Բերձոր հատվածում արձանագրվել է վթար: Ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով այդ հատվածում հնարավոր չէ կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ,

Ադրբեջանական կողմը կտրել է Արցախ մտնող ինտերնետ կապի մալուխները և խոչընդոտում է նորոգման աշխատանքները,

Ադրբեջանը արգելափակել է սննդամթերքի, դեղորայքի և առհասարակ բոլոր մատակարարումներն Արցախ,

Հազարավոր երեխաներ զրկված են կրթության իրավունքից, սննդի պակասի պատճառով փակվել են ավելի, քան 100 կրթական հաստատություններ,

Հազարավոր ընտանիքներ բաժանված են, երեխաները գտնվում են ծնողներից հարյուրավոր կիլոմետրեր հեռու։

Ադրբեջանին անպատժելի թողնելու պայմաններում Արցախում խնդիրներն օրեցօր ավելանում են: Ադրբեջանի այս հանցավոր քաղաքականության նպատակն է հայաթափել Արցախը։ Դրա վկայությունն է նաև Ալիևի վերջին հայտարարությունը, որ եթե հայերը Արցախում չեն ցանկանա Ադրբեջանի քաղաքացի լինել՝ միջանցքը բաց է, կարող են գնալ»: