Կիսաճշմարտությունը հանգեցրեց նրան, ինչին հանգեցրեց․ Ռուբեն Վարդանյան

Կիսաճշմարտությունը հանգեցրեց նրան, ինչին հանգեցրեց ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Արցախում։ Եթե մենք դա հաղթահարենք մեր ներսում, մենք կհաղթահարենք ամեն ինչ: Այս մասին այսօր՝ հունվարի 12-ին, «Արցախի շրջափակման մեկ ամիսը» թեմայով Ստեփանակերտ-Երեւան հեռուստակամուրջի ժամանակ հայտարարեց Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

Նա պարզաբանեց, որ Արցախի բնակիչների շրջանում անարդարության զգացում կա, քանի որ նույն սպառնալիքների առջեւ կանգնած տարբեր մարդիկ տարբեր կերպ են ապրում։
«Դու պայքարում ես, եթե հավատում ես, իսկ հավատում ես, երբ ազնիվ ես։ Բնակչության 1-3 տոկոսը փորձում է այլ կերպ ապրել, քան մյուսները: Եթե ես չխոսեմ այդ երեւույթների մասին, դա կնշանակի, որ կամ ես չեմ ուզում ընդունել իրականությունը կամ աջակցում եմ դրանց։ Ես դրանց չեմ աջակցում։ Ես կպայքարեմ այդ երեւույթների դեմ։ Սա դժվար ճանապարհ է, եւ պետք չէ վախենալ այդ երեւույթների մասին խոսելուց։ Եթե 1-2 ամիս հետո բենզինը չբավականացնի՝ հիվանդներին տեղափոխելու համար, քանի որ «լավ տղաներն» ավելորդ վառելիք են օգտագործել, ապա նրանք ամոթ կզգան, քանի որ շրջափակման պայմաններում դա անընդունելի է»,-հավելեց Վարդանյանը։

Իջևանում ու Բերդում ձյուն է տեղում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Իջևան և Բերդ քաղաքներում տեղում է ձյուն։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Ադրբեջանը կտրել է Արցախ մտնող ինտերնետ կապի մալուխները. Արցախի տեղեկատվական շտաբ

Ադրբեջանական կողմը կտրել է Արցախ մտնող ինտերնետ կապի մալուխները։ Այս մասին քիչ առաջ տեղեկացրին Արցախի տեղեկատվական շտաբից։

Նշենք, որ վթարվել է նաեւ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գիծը, եւ Ադրբեջանը թույլ չի տալիս վերականգնողական աշխատանքներ իրականացնել այն հատվածում։ Որոշում է կայացվել հանրապետության էլեկտրամատակարարումը իրականացնել տեղական արտադրող կայանների միջոցով՝ համապատասխան սահմանափակումներով։ Ելնելով տվյալ իրավիճակից` Հանրապետությունում հունվարի 10-ից իրականացվում են հովհարային անջատումներ։
Հիշեցնենք, որ արդեն մեկ ամիս է՝ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Արցախում հումանիտար աղետ է հասունանում։ Ադրբեջանը թույլ չի տալիս վերականգնողական աշխատանքներ իրականացնել այն հատվածում, որտեղ վթարվել է Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ էլեկտրագիծը: Ստեղծված իրավիճակում որոշվել է հոսանքի մատակարարումն իրականացնել տեղական արտադրող կայանների միջոցով: Արցախում երեկվանից հովհարային անջատումներ են կատարվում: Արցախի՝ արդեն մեկ ամսից ավելի շրջափակման պայմաններում առաջին անհրաժեշտության ապրանքների, պարենի, դեղորայքի, վառելիքի մատակարարում Ադրբեջանը թույլ չի տալիս իրականացնել: Առեւտրի կետերում սննդամթերքը կտրոններով է վաճառվելու։ Բոլոր բանկոմատներից միեւնույն վճարային քարտով կանխիկացումների համար կգործի սահմանաչափ՝ օրական մինչեւ 50 հազար դրամ:

Անձնական շահերը Լեռնային Ղարաբաղից ավելի կարեւոր համարողները դավաճան են․ Ռուբեն Վարդանյան

Մարդիկ, ովքեր իրենց անձնական շահերը կամ նեղ քաղաքական շահերն ավելի կարեւոր են համարում, քան Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումը, դավաճան են։ «Արցախի շրջափակման մեկ ամիսը» թեմայով Ստեփանակերտ-Երեւան հեռուստակամուրջի ժամանակ այս մասին ասաց Արցախի Հանրապետության պետական ​​նախարար Ռուբեն Վարդանյանը։

Լեռնային Ղարաբաղի նորանշանակ արտգործնախարար Սերգեյ Ղազարյանն ասաց, որ խնդիրների լուծման որոնումը միայն խաղաղապահների հարթությունում չէ։ «Խաղաղապահների հետ մենք քննարկում ենք խնդիրները։ Բաքվի սադրանքներն ուղղված են խաղաղապահների դեմ դժգոհության ալիք բարձրացնելուն։ Պետք չէ ջուր լցնել Ադրբեջանի ջրաղացին»,- հավելեց նա։

Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով դատական նիստը կրկին հետաձգվեց

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հունվարի 12-ին, հետաձգվեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով դատական նիստը՝ ամբաստանյալներից Գեւորգ Հարությունյանի բացակայության հիմքով։

Ամբաստանյալն առողջական խնդիրների պատճառով չէր կարող ներկայացել դատարան։
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունվարի 19-ին՝ ժամը 14։00-ին։

Նշենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ եւ Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, Սամվել Գալստյանի ու Գեւորգ Հարությունյանի օժանդակությամբ, Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամ:

Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը։ Երրորդ նախագահն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, նրա պաշտպաններն էլ այս գործընթացը որակում են որպես քաղաքական հետապնդում։

Նշենք, որ կորոնավիրուսի հետեւանքով մահացել են գործով ամբաստանյալներ Սերգո Կարապետյանը եւ Սամվել Գալստյանը։

ՀՀ կառավարությունը մոտ 115 մլն դրամ կհատկացնի Լաչինի միջանցքի փակումից հետո Հայաստանում ապաստանած արցախցիների համար

ՀՀ կառավարությունը 114 միլիոն 850 հազար 900 ՀՀ դրամ դրամ կհատկացնի 2022թ. դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Լեռնային Ղարաբաղի 506 քաղաքացիների կեցությունը և սննունդը ապահովելու նպատակով:

Ըստ հիմնավորման՝ արցախցիները հյուրընկալվել են Երևան քաղաքի և Գորիս համայնքի 17 հյուրանոցներում:
96 միլիոն դրամը կհատկացվի Սյունիքի մարզպետարանին՝ հյուրանոցների ծախսերի փոխհատուցման համար, իսկ 18 միլիոնը՝ Երևանի քաղաքապետարանին։

Իշխանությունն ամեն ինչ անում է, որ վերջին ժամանակաշրջանի իրադարձություններին լուծում տրվի. Վահագն Խաչատուրյան

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում այսօր տեղի է ունեցել խորհրդի նիստ, որին մասնակցել են Հանրապետության նախագահ, համալսարանի խորհրդի նախագահ Վահագն Խաչատուրյանը, խորհրդի անդամներ, պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության ներկայացուցիչներ:

Նիստում քննարկվել է ՀՊՏՀ-ի 2022 թվականի գործունեության տարեկան հաշվետվությունը:
Նախքան օրակարգային հարցերին անցնելը Վահագն Խաչատուրյանը իր ողջույնի խոսքում նշել է, որ մեր երկրի առջև ծառացած խնդիրները չպետք է որևէ կերպ խոչընդոտ հանդիսանան համալսարանի նորանոր հաջողություններ արձանագրելու գործընթացին, այլ պետք է անել ամեն հնարավորը՝ զարգացման բնականոն ուղով առաջ ընթանալու համար:

«Հասկանալով այն դժվարությունները, որոնց առջև մենք կանգնած ենք՝ որպես երկիր, կուզեի որ ամեն մեկս փորձենք մեր տեղում լինենք և բարեխղճորեն կատարենք մեր գործը, ուսանողներն իրենց տեղում պետք է լինեն, դասախոսներն՝ իրենց, համալսարանի ադմինիստրացիան՝ իր տեղում և մենք բոլորս մեր աշխատանքները կատարենք: Հավատացեք, որ իշխանությունը, կառավարությունը կամ մյուս մարմիններն ամեն ինչ անում են, որպեսզի վերջին ժամանակաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին, խնդիրներին լուծում տրվի: Բավականին բարդ է լուծում գտնելը, որովհետև հարևան երկիրն ուղղակի անհասկանալի, անտրամաբանական քայլեր է անում, բայց համոզված եղեք, որ այն պատասխանները, որոնք մենք պետք է տանք՝ հավասարակշռված, բազմակողմանի ուսումնասիրված են լինելու և ցանկացած քայլի դեպքում հաշվի են առնվելու բոլոր հետևանքները»,- նշել է նախագահը:

Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է օգտագործի իր առավելությունները, որոնք կայանում են նաև նրանում, որ «մենք մեր հասարակական, քաղաքական և առօրյա կյանքում մեր գործունեության մեջ ինքնուրույն որոշումներ ենք կայացնում»:

Օրակարգի հարցերի շարքում զեկուցմամբ հանդես է եկել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Դիանա Գալոյանը, որը ներկայացրել է համալսարանի 2022թ. գործունեության տարեկան հաշվետվությունը, համալսարանի 2022թ. եկամուտների և ծախսերի նախահաշվի կատարման արդյունքները, 2023 թվականի եկամուտների և ծախսերի նախահաշիվը, ինչպես նաև համալսարանի 2023-2027թթ. զարգացման ռազմավարությունը։

Խորհուրդը որոշել է հավանության արժանացնել գործունեության տարեկան հաշվետվությունը, բավարար գնահատել նախահաշվի կատարման արդյունքները, հաստատել 2023թ. եկամուտների և ծախսերի նախահաշիվը, ինչպես նաև՝ համալսարանի 2023-2027 թթ. զարգացման ռազմավարությունը:

Եղանակը Հայաստանում. գիշերային սառնամանիքները կթուլանան

Լոռու, Տավուշի եւ Սյունիքի մարզերում, ինչպես նաեւ Արցախում հունվարի 13-ին տեղ-տեղ սպասվում է թույլ ձյուն։ ՀՀ մյուս մարզերում, օդերեւութաբանների կանխատեսմամբ, սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարեւելյան, 2-5 մ/վ։ Գիշերային սառնամանիքները մի փոքր կթուլանան։ Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի -3-5, վաղը ցերեկը՝ +1+3։

Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում՝ գիշերը՝ -8-13, ցերեկը՝ -4-7,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -10-14, ցերեկը՝ -4-6,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ -5-8, ցերեկը՝ 0-2,

Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ -12-17, ցերեկը՝ -2-6,

Լոռիում՝ գիշերը՝ -6-10, ցերեկը՝ -1-5,

Տավուշում՝ գիշերը՝ -4-9, ցերեկը՝ -2 + 2,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -11-16, ցերեկը՝ -5-8,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ -4-9, ցերեկը՝ -4 + 1,

Արարատում՝ գիշերը՝ -3-6, ցերեկը՝ +2 + 5,

Արմավիրում՝ գիշերը՝ -4-6, ցերեկը՝ +2+4,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -13-17, ցերեկը՝ -3-5,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ -4-7, ցերեկը՝ +2+5,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ -3-6, ցերեկը՝ +1 + 5,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ -7-10, ցերեկը՝ -1-4,

Արցախում՝ գիշերը՝ -3-6, ցերեկը՝ +1 + 5:

Թուրքիան չունի ցանկություն կարգավորել հարաբերությունները ՀՀ-ի հետ. նա սպասում է խաղաղության համաձայնագրին. թուրքագետ

Արդեն մեկ տարուց մի փոքր ավել է, որ խոսվում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին, եւ այս գործընթացի ժամանակ մենք որեւէ նկատելի առաջընթաց չենք տեսել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը:

Անդրադառնալով Թուրքիայի հետ օդային բեռնափոխադրումների արգելքի վերացմանը, նա ասաց. ««Ո՞րն է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նպատակը՝ բացել սահմանները, ունենալ դիվանագիտական հարաբերություններ: Այս մեկ տարում այդ երկու հարցի ուղղությամբ մենք չենք տեսնում: Այսինքն թուրքական կողմն ամեն ինչ անում է բացի բուն թեմայից: Հարցի շուրջ պտտվում է, սակայն հարցի լուծում չկա: Սա ընդամենը փորձ է ինչ-որ բան ցույց տլ աշխարհին եւ ասել՝ տեսեք, մենք առաջընթաց ունենք, արդեն բեռնափոխադրում տեղի ունենալ: Բեռնափոխադրում մինչեւ հիմա էլ տեղի է ունենում, իհարկե, ոչ օդային, այլ ցամաքային: Այսինքն սա ներկայացնել Հայաստանի նկատմամբ զիջում կամ բարի կամքի դրսեւորում, այնքան էլ տեղին չէ: Բոլորս գիտենք, որ օդային բեռնափոխադրումը թանկ է, ամեն ապրանք չէ, որ կարող է փոխադրվել: Հայաստան հիմնականում գալիս են շինանյութ եւ արդյունաբերական այլ ապրանքներ, որոնք օդային ճանապարհով բավականին թանկ կստացվի եւ տնտեսական առումով ձեռնտու չի լինի: Այսինքն սա Թուրքիայի կողմից շխարհի աչքերին թոզ փչելու հերթական քայլն է: Իրականում մեկ տարում ոչինչ չի արվել: Սա քաղաքական համատեքստում զրո արժեք ունի»,-ասաց նա:
Հարցին, թե արդյոք Թուրքիան չի ուզում կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, թուրքագետը հիշեցրեց, որ Թուրքիան է փակել Հայաստանի հետ սահմանը. «Եթե ուզում է կարգավորել հարաբերությունները, կարիք չկա ամիսներով, տարիներով խոսել: Փակել ես, եղբայր, բացիր: Թուրքիան փակել է, ինքն էլ կարող է բացել: Ինչի՞ շուրջ ամիսներով խոսել»:

Նա բերեց իրար թշնամի Իսրայելի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների փորձը. «Եթե ՀՀ քաղաքացին միշտ կարողացել է գնալ Թուրքիա, ապրանքներ բերել, ԱՄԷ-ի եւ Իսրայելի միջեւ այդ կապը չի եղել: Իսրայելցի մարզիկներին անգամ թույլ չեն տվել գնալ Դուբայ մրցումների: Նրանք ամիսների ընթացքում կարողացան կարգավորել իրենց հարաբերությունները, վերականգնել ավիափոխադրումները, փոխայցելությունները, հարաբերությունները դնել լավ մակարդակի վրա: Այսինքն եթե կա ցանկություն, մնացածը ընդամենը ամսիների հարց է: Իսկ մենք տեսնում ենք, որ Թուրքիան չունի այդ ցանկությունը, ինչը պայմանավորված է Հայաստան-Ադրբեջան հարաբերություններով: Թուրքիան սպասում է խաղաղության համաձայնագրի ստորագրմանը»:

Անդրանիկ իսպարյանի խոսքով, եթե անգամ ցամաքային սահմանը բացեն երրորդ երկրների քաղաքացիների համար, դա ունի զրո նշանակություն. «Եթե Հայաստանի եւ Թուրքիայի քաղաքացիներն այդ սահմանով չեն կարողանալու անցնել, եթե հայկական բեռները չեն կարողանալու Թուրքիայով անցնել Եվրոպա, մեզ համար ի՞նչ տարբերություն, որ ֆրանսիացին Հայաստան կգա ոչ թե Վրաստանով, այլ Թուրքիայից միանգամից կմտնի Հայաստան: Դա ոչինչ է իրականում»:

Մենք չպետք է ենթարկվենք ուրիշների պայմաններին․ Արցախի պետնախարար

Սա պարզապես պայքար չէ Արցախի շրջափակման դեմ, այլ պայքար մեր սեփական հողում, մեր հայրենիքում, մեր օրենքներով, մեր արժեքներով ապրելու իրավունքի համար, եւ մենք չպետք է ենթարկվենք ուրիշների պայմաններին։ «Արցախի շրջափակման մեկ ամիսը» թեմայով Ստեփանակերտ-Երեւան հեռուստակամուրջի ժամանակ այս մասին ասաց Արցախի Հանրապետության պետական ​​նախարար Ռուբեն Վարդանյանը։

Նրա խոսքով՝ մարդիկ սա հասկանում են եւ այդ ընկալումն ավելի է ամրապնդվում։

«Չնայած ծանր վիճակին՝ մենք մարդկանց մոտ համախմբման զգացում ենք տեսնում։ Եթե ​​մենք խոսում ենք հիվանդ կամ սպանված ընտանիքների մասին, դա նշանակում է, որ խնդիրներ կան։ Բայց միեւնույն ժամանակ այս ամենն էլ ավելի համախմբեց մեզ։ Մենք տեսանք, որ եւ ժողովուրդը, եւ հասարակությունը, եւ պետությունը համախմբվեցին եւ հասկանալով իրավիճակի բարդությունը, արթնացավ դրանք հաղթահարելու ոգին։ Դեկտեմբերի 25-ի հանրահավաքը, ինչպես նաեւ շրջաններում հանդիպումները ցույց տվեցին, որ ժողովուրդը պատրաստ է կանգնել մեր կողքին եւ հաղթահարել այս ամենը», – ասաց Վարդանյանը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ, իբր բնապահպանական պատճառներով, փակել էին Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը՝ առաջ քաշելով նաեւ քաղաքական պահանջներ։ Թշնամու կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակումը շարունակվում է։